ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ՝ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԶԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔԻ՞Ն

12.10-15.10.2012, Իրավունք

Ս.թ. հոկտեմբերի 5-7-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Նստաշրջանի օրակարգը սկզբից ևեթ պատվիրակներին տրամադրեց լուրջ խոսակցության ԵԱՀԿ անդամ պետությունների հրատապ խնդիրների վերաբերյալ։ Առաջին նիստին նախատեսվում էր քննարկել «Աջակցություն և պաշտպանություն ԵԱՀԿ տարածաշրջանի բազմազգ և բազմամշակութային հանրություններին» հարցը։ Թե որքանով է այս թեման արդիական հայ ժողովրդի համար, կարծում եմ, բացատրելու հարկ չկա։ Բավական է նշել, որ ութմիլիոնանոց հայ սփյուռքը կենտրոնացած է հիմնականում ԵԱՀԿ տարածաշրջանում։ Օգտվելով ելույթ ունենալու ինձ ընձեռված հնարավորությունից՝ ես, բնականաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երախտագիտությունը հայտնեցի Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Լիբանանի, Իրանի, Կանադայի, Հորդանանի, Եգիպտոսի, Լեհաստանի, Բուլղարիայի և շատ այլ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին, որոնք ոչ միայն ապաստանել են 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին, այլև նրանց շրջապատել են ուշադրությամբ և հոգատարությամբ, ստեղծել բոլոր պայմանները՝ իրենց լեզուն, մշակույթը, ինքնատիպությունն ու ազգային ավանդույթները պահպանելու համար։ Այս ֆոնին մեջս անհաղթահարելի պահանջ առաջացավ մեկ անգամ ևս խորհելու հայերի ճակատագրի մասին, որոնք հազարամյակների ընթացքում հոծ կերպով բնակվել են իրենց պատմական հողերում։ Հետո՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Օսմանյան կայսրությունում իշխանության եկած երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրականացնել հայերի պլանաչափ ֆիզիկական բնաջնջումը, զանգվածային բռնագաղթն իրենց պատմական Հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից այնպիսի պայմաններում, որոնք վերջին հաշվով հանգեցնում էին նրանց անխուսափելի ոչնչացմանը։

 

Երիտթուրքերի չարագործությունների հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան կես միլիոն իր որդիներին ու դուստերրին և իր պատմական Հայրենիքի տարածքի ինը տասներորդ մասը։ Եվ իրենց պատմական Հայրենիքից մնացած մի բուռ հողի վրա 1918թ. մայիսին հիմնվեց և հռչակվեց անկախ Հայաստանի առաջին Հանրապետությունը, որի իրավահաջորդը 1920թ. դարձավ Խորհրդային Հայաստանը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Երևանում խորհրդային իշխանության հռչակման հենց հաջորդ օրն իսկ Ադրբեջանի հեղափոխական կոմիտեն (Ադրհեղկոմ) այսպես կոչված վիճելի (իրականում՝ անվիճելիորեն հայկական) տարածքները հռչակեց Խորհրդային Հայաստանի անքակտելի մաս։ Թվում էր, թե Լեռնային Ղարաբաղի հանդեպ  ադրբեջանցիների հավակնություններին վերջ է դրվել։ Մանավանդ որ 1921թ. հունիսի 12-ին այդ մարզի բնակչության կամարտահայտման հռչակագրի և բազմաթիվ ակտերի հիման վրա Լեռնային Ղարաբաղը հայտարարվել էր Խորհրդային Հայաստանի անքակտելի մաս։ Բայց, ավաղ, Ստալինի ճնշմամբ 1921թ. հուլիսի 5-ին ՀամԿ(բ)Կ Կովկասի բյուրոն որոշեց դե-յուրե Խորհրդային Հայաստանին պատկանող տարածքը թողնել Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Եվ այդ չարաբաստիկ օրվանից Լեռնային Ղարաբաղի մարզում ապրող հայերի համար սկսվեցին իրենց ֆիզիկական գոյատևման համար պայքարի դաժան տարիները։ Դեռ իրենց պատմության խորհրդային շրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները քանիցս դիմել են խորհրդային ղեկավարությանը պատմական արդարությունը վերականգնելու՝ Լենային Ղարաբաղը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, այդ բուն պատմական հայկական տարածքները Հայաստանին վերամիավորելու խնդրանքով։ Ասվածը բազմաթիվ վավերագիր վկայություններ ունի, որոնք հաստատում են այս պնդման իրավացիությունը, այդ թվում և համաշխարհային հռչակ ունեցող գիտնական-պատմաբանների աշխատություններում։ Այս հարցը, թվում է, մտել էր դրական լուծման փուլ։ Մասնավորապես, 1966թ. սեպտեմբերի 30-ին խորհրդային ղեկավարությունը (ԽՄԿԿ Կենտկոմը և ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը), ամենամանրակրկիտ ձևով դիտարկելով Հայաստանի ղեկավարների՝ իրենց հասցեագրված նամակը, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին հանձնարարեցին համատեղ պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը։ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի միավորման անհրաժեշտության մասին հայկական կողմի փաստարկներն այնքան համոզիչ էին, որ խորհրդային ղեկավարությունը, ինչպես վկայում են բազմաթիվ փաստագրական աղբյուրները, հակված էր բավարարելու մեր հանրապետության միջնորդությունը։ Մարդիկ այն ժամանակ հավատացին, որ վերջապես պատմական արդարությունը կհաղթանակի։ Սակայն ԽՄԿԿ Կենտկոմում և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդում հարցի քննարկման օրերին էլ հենց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի Կուրոպատկինո գյուղում անասելի ողբերգություն կատարվեց, որը երկար տարիների համար պռնկեպռունկ լցրեց հայ-ադրբեջանական հարաբերությունների դառը բաժակը։ Ազգությամբ ադրբեջանցի Արշադ Մամեդովը, որն այդ գյուղի դպրոցի տնօրենն էր, իր ազգականների՝ Ա.Խ. Մամեդովի և Զ.Ս. Մամեդովի հետ կազմակերպում են ութամյա հայ տղայի՝ Նելսոն Մովսիսյանի սպանությունը՝ կատարված առանձնակի դաժանությամբ։ Հանել էին երեխայի աչքերը, գլխին էլ մեխեր էին խփել։ Այս հրեշավոր հանցագործությունը մանրակրկիտ նախապատրաստված գործողություն էր։ Հարկավոր էր ինչ գնով էլ լինի շիկացնել հայ-ադրբեջանական դիմակայությունը, ընդ որում՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում և Նախիջևանում, այլև Ադրբեջանի ողջ տարածքում։ Չէ՞ որ այդ տարիներին այդ երկրում հայերը հոծ բնակություն ունեին նաև այլ վայրերում. օրինակ, Բաքվում ապրում էր 150-200 հազար հայ, տասնյակ հազարավոր հայեր ապրում էին Կիրովաբադում, Սումգաիթում, Շամխորում, Չարդախլուում... Ադրբեջանի ողջ տարածքում ադրբեջանական ազգայնամոլների և ծայրահեղականների կողմից հայերի զանգվածային ջարդերի հրահրման վախից պաշտոնական Մոսկվան այն ժամանակ ձեռնպահ մնաց Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցը լուծելուց։ Մանավանդ որ Կրեմլը տեղեկացված էր այն մասին, որ ազգայնական և ծայրահեղական տրամադրություններ ունեցող ադրբեջանցի ջահելները գործում են այդ երկրի հատուկ ծառայությունների անմիջական ուղղորդմամբ։ Սույն ողբերգական իրադարձությունից հետո, որը ցնցեց ողջ երկրի (նկատի ունենք ԽՍՀՄ-ը) հանրությանը, ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը հայերի հանդեպ դարձավ ավելի նենգ ու «ճարտար»։ Այն մասին, թե ինչ մեթոդներով էին գործում ադրբեջանական իշխանությունները հայերի հանդեպ, անկեղծացել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը։ Ահա թե ինչ է ասել նա 2002թ. հունիսի 25-ին «Բակինսկի ռաբոչի» թերթին տված հարցազրույցում. «Ես խոսում եմ այն ժամանակաշրջանի մասին, երբ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարն էի (1969-1982թթ. Հ.Ալիևը Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարն էր) և շատ եմ օգնել Լեռնային Ղարաբաղի զարգացմանը։ Միաժամանակ ես փորձել եմ փոխել այնտեղի ժողովրդագրությունը։ Օրինակ,  Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց այնտեղ ինստիտուտ, բուհ բացելու հարցը, մեզ մոտ բոլորը դեմ էին դրան։ Ես մտածեցի և որոշեցի բացել։ Արդյունքում՝ հարակից շրջանների ադրբեջանցիներին մենք ուղարկում էինք սովորելու ոչ թե Բաքու, այլ այնտեղ... (նկատի ունի Լեռնային Ղարաբաղը- Ա.Գ.)։ Կամ՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում կոշիկի մեծ ֆաբրիկա բացելով, այնտեղ մարզի շրջակա վայրերի ադրբեջանցիներին ուղարկելով։ Այս և այլ միջոցներով ես ջանում էի, որ Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը կրճատվի»։ Հեյդար Ալիևը հարցազրույցում ազնվորեն խոստովանել է այն քաղաքականության մասին, որը տասնամյակներ շարունակ վարում էին ադրբեջանական իշխանությունները հայ բնակչության հանդեպ։ Ադրբեջանական ղեկավարության նման քաղաքականության հետևանքը դարձավ հազարավոր հայ ընտանիքների տարագրությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի, այլև ողջ Ադրբեջանի հայաբնակ քաղաքներից ու գյուղերից։ Ադրբեջանի հայ բնակչության ազգային շահերի ոտնահարումը կենսագործունեության բոլոր ոլորտներում ադրբեջանական ղեկավարության ազգային քաղաքականության գերիշխող ուղղությունն էր։ Այդ պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն իր ֆիզիկական գոյատևման միակ հնարավորությունը տեսնում էր Հայաստանի հետ վերամիավորման մեջ։ Այն ժամանակ, 1988թ. փետրվարի 20-ին, ԽՍՀՄ Սահմանադրությանը լրիվ համապատասխան, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների Մարզային խորհրդի նստաշրջանը Ստեփանակերտում ընդունեց դիմում՝ ուղղված Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների, ինչպես նաև ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով թույլ տալ դուրս գալ Ադրբեջանի կազմից և միանալ Հայաստանին։ Այս դիմումի ընդունումից հետո ադրբեջանական իշխանությունները սկսեցին նպատակաուղղված կերպով սրել իրադրությունը հայաբնակ քաղաքներում և գյուղերում Ադրբեջանի ողջ տարածքում։ Դա չէր կարող արյունահեղության չհանգեցնել։

Ադրբեջանցի ոչ անհայտ քաղաքագետ Զարդուշտ Ալի Զադեն պնդում էր, որ «ջարդերից մեկ օր առաջ» (նկատի ունի 1988թ. փետրվարի 27-29-ի սումգաիթյան հայկական ջարդերը- Ա.Գ.) 1988թ. փետրվարի 27-ին Սումգաիթ էին այցելել Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովը և կառավարության նախագահ Հասան Սեիդովը. «Երեկոյան նրանք քիմիկոսների մեծ ակումբում հանդիպեցին քաղաքի բնակիչների հետ։ Դահլիճը երկրի առաջին դեմքերին ողողեց հարցերով ու մեղադրանքներով։ Իրադրությունն այնքան էր շիկացել, որ հանրապետության ղեկավարները ստիպված եղան ծլկել հետևի մուտքով և հեռանալ Բաքու» (Զարդուշտ Ալի Զադե, «Ադրբեջանական էլիտան և զանգվածները ԽՍՀՄ փլուզման շրջանում», հոդված-հուշեր բուռն ժամանակների մասին)։ Ահա թե ինչպես է նկարագրում հետագա իրադարձությունները ռուս ազնիվ պատվո սպա, 1990-1991թթ. Լեռնային Ղարաբաղի Մարզում ԽՍՀՄ ՆԳՆ քննչական-օպերատիվ խմբի պետ Վլադիմիր Վլադիմիրի Կրիվոպուսկովը, որը հիմա էլ դիվանագիտական բարձր պաշտոնում, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Եվգենիի Կովալենկոյի հետ համատեղ շարունակում է ազնվաբար ծառայել իր հայրենիքին՝ Ռուսաստանին։ Իր «Խռովահույզ Ղարաբաղ.  ԽՍՀՄ ՆԳՆ սպայի օրագրից» վավերագրական գրքում նա փաստում է. «Փետրվարի 27-ի երեկոյան ամբիոններից հնչող ելույթները վերաճեցին բռնարարքների։ Հարյուրավոր սումգաիթցի ադրբեջանցիներ, բորբոքված հանրահավաքային կոչերով (սումգաիթյան հանրահավաքներում յուրաքանչյուր ելույթ այդ օրն անպայման ավարտվում էր «Մա՛հ հայերին» կոչով- Ա.Գ.), ոգելից խմիչքների ազդեցության տակ, որոնք անվճար բաժանվում էին բեռնատարների վրայից (հետաքննությունը հաստատել է այդ փաստերը), անարգել ձեռնամուխ եղան հայերի բնակարանները ջարդուփշուր անելուն, նրանց զանգվածային ծեծի ենթարկելուն, սպանություններին, ինչը տևեց մինչև ուշ գիշեր։ Քաղաքի և հանրապետության պետական, կուսակցական և իրավապահ մարմինները քաղաքում տեղի ունեցող աննախադեպ անկարգությանը չէին արձագանքում։ Սումգաիթն ամբողջովին անցավ ջարդարարների իշխանության տակ»։ Անկարգությունների ընթացքում այդ ժամանակ տարածվող պաշտոնական վարկածով զոհվեց ազգությամբ հայ 26 քաղաքացի, ավելի քան հարյուր մարդ վիրավորվեց։ Այնինչ, հարազատների ու մերձավորների հարցումները վկայում են Սումգաիթում բնակվող ավելի քան 150 հայ խաղաղ բնակիչների մահվան մասին։ Կարգուկանոն մտցնելու ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 276 զինծառայողներ։ Սումգաիթյան ջարդերից հետո մեծ մարդասեր և գիտնական Անդրեյ Դմիտրիի Սախարովը 1988թ. նոյեմբերի 26-ին “New York Times” թերթում կգրի, որ այդ ջարդերը «բնաջնջվելու իրական սպառնալիք են ներկայացնում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ բնակչության համար, որի բնակչության 80%-ը կազմում են հայերը»։ Ադրբեջանական իշխանությունների՝ հայկական ջարդերի հրահրման քաղաքականությունը սումգաիթյան ողբերգությամբ չավարտվեց։ Այսպես, Կովկասի առավել հայտնի հետազոտողներից մեկի՝ Թոմաս դե Վաալի (Լեռնային Ղարաբաղի մասին «Սև այգի» գրքի հեղինակն է) վկայությամբ, 1990թ. հունվարի 12-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատի արմատական թևի ներկայացուցիչներ Նեյմաթ Փանահովը և Ռասիմ Ղազիևը ելույթ ունեցան Բաքվի հեռուստատեսությամբ և հայտարարեցին, որ Բաքուն լեփլեցուն է անօթևան փախստականներով, իսկ հազարավոր հայեր ցայսօր ապրում են հարմարավետության մեջ՝ դրանով իսկ մարդկանց բռնության հրահրելով հայերի դեմ»։ Ըստ Կովկասն ուսումնասիրած լրագրող Թոմ դե Վաալի՝ «մոտ երկու հարյուր հայեր զոհվեցին Բաքվի ջարդերի ժամանակ։ Դժվար է ճշտել զոհերի թիվը, քանի որ հաջորդող օրերին Բաքվում դեռ մեծ քաոս էր տիրում, իսկ պաշտոնական հետաքննություն այդպես էլ երբեք չանցկացվեց»։ Ադրբեջանցի պատմաբան Արիֆ Յունուսովն այդ իրադարձություններին այսպիսի գնահատականներ է տալիս. «Հունվարի 13-15-ին (1990թ.- Ա.Գ.) տեղի ունեցան հայերի ջարդերը Բաքվում, որոնց արդյունքում զոհվեցին 66 հայ և 2 ադրբեջանցի։ Եվս 20 հայ, ըստ հայկական մամուլի, ավելի ուշ ստացած վերքերից մահացել են երևանյան հիվանդանոցներում։ Վիրավորվել էր մոտ 300 հայ» («Էթնիկ և միգրացիոն գործընթացները հետխորհրդային Ադրբեջանում», Ա.Ս. Յունուսով, Ադրբեջան, Բաքու)։ Միջազգային հանրության արձագանքը երկար սպասել չտվեց։ 1990թ. հունվարի 18-ին Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանի իրավիճակի մասին» բանաձևը, որը Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարներին և Եվրոպայի խորհրդին կոչ էր անում պաշտպանել հայերին խորհրդային կառավարության առջև և պահանջում էր անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։ Այն իրադարձությունների մեջ, որոնց առնչությամբ ընդունվեց այդ բանաձևը, առաջինը նշված էին Բաքվի և ԼՂԻՄ-ից հյուսիս ընկած տարածքների (նկատի ունեն Ադրբեջանի Շահումյանի և Խանլարի շրջանների հայաբնակ գյուղերը, Գետաշենը, Մարտունաշենը և այլն) հայկական ջարդերը։ Այնուհետև, 1990թ. հունվարի 18-ին ամերիկյան սենատորների մի խումբ նամակ հղեց Միխայիլ Գորբաչովին, որում լուրջ անհանգստություն էր հայտնվում Բաքվի ջարդերի հետ կապված և Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին վերամիավորման կոչ էր արվում։ Բաքվում հայկական ջարդերից մի քանի ամիս անց՝ 1990թ. հունիսի 27-ին, “New York Times” թերթում հրապարակվում է համաշխարհային հանրությանն ուղղված բաց նամակ։ Նամակում մտավորականության ականավոր ներկայացուցիչները, աշխարհահռչակ գիտնականներն ու մշակույթի գործիչները զուգահեռ էին անցկացնում տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև։ Նրանք իրենց վճռական բողոքն էին հայտնում հայկական ջարդերը նախաձեռնողների և Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների դեմ։ Բաց նամակի տակ ստորագրել էին 133 հայտնի իրավապաշտպաններ, ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի, կանադացի, ռուս աշխարհահռչակ գիտնականներ։ Բաց նամակում, մասնավորապես, ասվում էր. «Մեր հատուկ վրդովմունքն է առաջացնում այն հանգամանքը, որ սպառնալիքն ուղղված է ընդդեմ հայ ժողովրդի, որը 1915թ. շատ թանկ է վճարել Օսմանյան կայսրությունում ինքնահաստատվելու իրավունքի համար։ Այնտեղ հայ բնակչության կեսը դարձել է Ցեղասպանության՝ ռասիզմի վատթարագույն դրսևորման զոհը։ Բայց եթե վերջին ժամանակների ջարդերը գիտակցության մեջ արթնացրել են այն կոտորածի անմոռանալի մղձավանջները, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայիս շրջափակումը, որը շարունակվում է 1989թ. օգոստոսից, ցեղասպանության այլ միջոցի հեռանկարներ է գծել»։

Ես միտումնավոր կերպով այսքան մանրամասն կանգ առա արյունալի այն իրադարձությունների վրա, որոնք նախորդել էին Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակմանը։ Անգամ քաղաքականությամբ չգայթակղված մարդիկ, որոնք գոնե փոքր-ինչ ծանոթ են ԼՂԻՄ պատմությանը, գալիս են միակ հնարավոր եզրահանգմանը. Ադրբեջանի իշխանությունները վարում էին մի քաղաքականություն, որն անխուսափելիորեն կհրահրեր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն։ Այնինչ, 1991թ. օգոստոսին, հույս ունենալով վերջնականապես ազատագրվել լայնամասշտաբ հայկական ջարդեր իրականացնելու կաշկանդիչ կապանքներից, Ադրբեջանական ԽՍՀ-ն միակողմանի կարգով դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, միևնույն ժամանակ ընդունեց որոշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի «լուծարման» մասին՝ շրջանցելով ԽՍՀՄ գործող Սահմանադրությունը։ Ադրբեջանի նման չմտածված հակասահմանադրական գործողությունները Լեռնային Ղարաբաղին թույլ տվեցին օգտվել «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքից, որն ընդունվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից 1990թ. ապրիլին։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ օրենքի 3-րդ հոդվածով՝ եթե միութենական հանրապետությունն իր կազմում ինքնավար կազմավորում ուներ (հանրապետություն, մարզ կամ օկրուգ) և ցանկանում էր դուրս գալ ԽՍՀՄ-ից, հանրաքվեն պետք է անցկացվեր առանձին այդ կազմավորումներից յուրաքանչյուրում։ Դրանց բնակիչներն իրավունք ունեին որոշելու՝ կամ մնալ ԽՍՀՄ կազմում, կամ դուրս գալ ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության հետ միասին, կամ իրենք պետք է վճռեին իրենց պետական կարգավիճակը։ Ցավոք, կանխակալ շատ քաղաքական գործիչներ, այդ թվում և ԵԱՀԿ ԽՎ-ից, մշտապես ճամարտակելով վիճելի հարցերում և հակամարտային իրավիճակներում Միջազգային իրավունքի սկզբունքներին խստորեն հետևելու անհրաժեշտության մասին, իրենց գործողություններով, ըստ էության, անտեսում են Միջազգային իրավունքը՝ դրանով իսկ ներկա պարագայում Ադրբեջանի իշխանություններին հրահրելով տարբեր տեսակի սադրանքների դիմելու։ Վերադառնալով ԽՍՀՄ կազմից Ադրբեջանի դուրս գալու որոշմանը հետևած իրադարձություններին՝ նշենք, որ հենվելով 1990թ. ապրիլի ԽՍՀՄ օրենքի վրա՝ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների Մարզային խորհրդի և Շահումյանի շրջխորհրդի համատեղ նստաշրջանը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու և ԽՍՀՄ կազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ստեղծման մասին։ Իսկ երբ 1991թ. դեկտեմբերին ԽՍՀՄ-ը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանրաքվե անցկացրեց և հայտարարեց իր անկախության մասին։ Հարկ է նշել, որ հանրաքվեն անցավ բազմաթիվ միջազգային դիտորդների ներկայությամբ։ Դրանից հետո Ադրբեջանը, որևէ իրավաբանական հիմք չունենալով վիճարկելու այս որոշումը, լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծեց դե-յուրե և դե-ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։ 1992-1994թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պարտադրված պատերազմում Ադրբեջանը պարտություն կրեց և ստիպված եղավ խաղաղություն խնդրել հայկական կողմից։ 1994թ. մայիսին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվեց Հրադադարի համաձայնագիր, որը հետաձգեց ռազմական գործողությունները։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմանը նախորդած պատմության հակիրճ շարադրանքից հետո նշենք, որ ԼՂՀ անկախության անցած 21 տարիներին հենց որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման մասին հարցը մոտ է եղել հանգուցալուծմանը, ափշերոնյան քաղաքական գործիչները, իրենց տխրահռչակ գործելակերպին համապատասխան, միշտ դիմել են փորձված եղանակին՝ հերթական չարագործությանը։ Նրանք այդպես վարվեցին նաև 2004թ., երբ Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը գազանաբար կացնահարեց քնած հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին։ Երկու սպաներն էլ Հունգարիայի մայրաքաղաքում անգլերենի դասընթացներ էին անցնում ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Հունգարական դատարանը Ռ.Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։ Սակայն ս.թ. օգոստոսի 31-ին Հունգարիայում դատապարտված Ռ.Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին։ Այդ նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրամանագրով ներում շնորհեց նրան, իսկ այդ երկրի պաշպանության նախարարը նրան ավելի բարձր զինվորական կոչման արժանացրեց, բնակարան նվիրեց և հունգարական բանտում նստած բոլոր տարիների համար աշխատավարձ վճարեց։ Նման սրբապղծության մասին խոսելով՝ կուզենայի այլ բան նշել. Սաֆարովի կատարած սպանությունից հետո առաջին իսկ օրերից ադրբեջանական էլիտան սկսեց հերոսացնել այդ բացահայտ չարագործին։ Հայ սպա Գուրգեն Մարգարյանի զոհվելուց մի քանի օր հետո՝ 2004թ. փետրվարի 28-ին, «Զերկալո» թերթը հրապարակեց Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի հարցազրույցը՝ «Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ լինի ադրբեջանական երիտասարդության համար» վերնագրով։ Մեկ շաբաթ անց նույն թերթը 2004թ. մարտի 6-ին հրապարակեց այդ երկրի Միլի մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովի հարցազրույցը, որտեղ այդ գռեհիկ խորհրդարանականը ճամարտակում էր. «Ես միշտ ասել եմ մեր սպաներին, որոնք ծառայել են Թուրքիայում, դուք մեզ պետք եք Ղարաբաղում։ Նրանք՝ հայերը, պետք է սպանվեն Ղարաբաղում, ոչ թե ուրիշ երկրներում»։ Եվ այս բացահայտ ռասիստական հակահայկական քարոզչությունը շարունակվում է ընդհուպ մինչև մեր օրերը։ Նրանց վերջնական նպատակն այն է, որ արդի պայմաններում խափանեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ընդ որում՝ նրանց գործողություններն այս ուղղությամբ ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված իսկական տեղեկատվական պատերազմով, որի նպատակն է համաշխարհային հանրության մեջ այն կեղծ պատկերացումը ձևավորելը, թե, իբր, հայկական կողմը փորձում է խափանել բանակցությունները։ Այս հնարքը նոր չէ. գողն ինքն է գոռում «բռնե՛ք գողին»։ Բայց այստեղ այլ բան է զարմացնում։ Պահ է լինում, երբ ԵԱՀԿ ԽՎ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների ելույթների ժամանակ նայում ես դրանց դեմքերին և նկատում մի ինչ-որ վերացածություն և մոլեգին ցանկություն՝ ինչ գնով էլ լինի արդարացնել բացահայտ մարդասպաններին։ Ի՞նչ է դա։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը բացարձակապես տեղյակ չլինելու, դրա էությունը չհասկանալու հետևա՞նք։ Իսկ գուցե ամեն բան շատ ավելի տափակ է ու լպիրշ. գուցե ափշերոնյան քաղաքական գործիչները պատրանքներ ունեն, թե ադրբեջանական նավթը, ոսկով լի պարկերով բեռնավորված ավանակի նման, ի վիճակի է գրավելու ցանկացած ամրոց, էլ չեմ ասում հալեցնելու մարդու իրավունքների անդրդվելի ու հետն էլ պոլիտկոռեկտ պահապանների «սառը սրտերը»։ Մանավանդ եթե այդ մարդը նավթով հարուստ երկրի քաղաքացի է։

Կարծում եմ, որ ասվածից հետո ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի հետ կապված այնպիսի կենսական հարցի քննարկումը, ինչպիսին է «ԵԱՀԿ տարածաշրջանում բազմազգ և բազմամշակութային հանրությունների աջակցությունն ու պաշտպանությունը», առնվազն անլուրջ կլիներ։ Եվ այս հարցի քննարկման ընթացքում ես ակամա ինձ մի ինչ-որ վիրտուալ տարածքում էի զգում, որտեղ հավաքվել էին մեծահասակ քեռիներ ու մորաքույրներ, որոնք, խելացի դեմքերով ելույթ ունենալով, իրենց հոգու և գիտակցության խորքում հիմնականում լավ էլ գիտեն, որ նման բանավեճերը բանի պետք չեն։ Հավանաբար, սահմանափակելով հռետորների ժամանակը (3 րոպեից ոչ ավելի)՝ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարները մտածում էին, թե քննարկվող հարցի հետ կապված ամեն ինչ առանց այդ էլ հասկանալի է։ Ակամա հիշում եմ խորհրդային դարաշրջանի մի անեկդոտ, երբ այլախոհը թռուցիկներ է ցրում, իսկ երբ հաշված րոպեների ընթացքում նրան բռնում են, պարզվում է՝ թռուցիկները դատարկ են լինում։ Բարոյականության ու կարգի պահապանների այն հարցին, թե ինչու թռուցիկների վրա ոչինչ գրված չէ, այլախոհն անվրդով պատասխանում է. դե, առանց այդ էլ ամեն բան բոլորին պարզ է։ Իսկապես դեժավյու վիճակ է, պարզվում է՝ ԵԱՀԿ ԽՎ-ում բոլորին վաղուց ամեն բան պարզ է։ Այնինչ, չէր խանգարի, որ ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանականներն իմանային, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծվածությունը, ահա արդեն երկար ժամանակ հակամարտող կողմերի՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի մեջ գտնվելը (ճիշտ այնպես, ինչպես Լև Դավիդովիչ Բրոնշտեյնը Բրեստ-լիտովսկյան բանակցություններից հետո) հանգեցնում են այն բանին, որ ամեն տարի տասնյակ զինվորներ ու սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներ են զոհվում։ Բավական է հիշատակել, որ 2012թ. սկզբից Ադրբեջանն ավելի քան 13 հազար 780 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ Եվ դա հնարավոր է դարձել, որովհետև միջազգային կազմակերպությունները, համաշխարհային հանրությունն առայսօր այդպես էլ համարժեք գնահատական չեն տվել ադրբեջանական իշխանությունների սադրանքով սանձազերծված հայատյաց բազմաթիվ գործողություններին, էթնիկ զտումներին և հայկական ջարդերին, որոնց հետևանքով հայ հարյուրավոր անմեղ քաղաքացիներ են զոհվել։ Որպեսզի ընթերցողն այնպիսի տպավորություն չստանա, թե այս ամենի մասին ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը խոսում է նստաշրջանի ավարտից հետո, նշեմ, որ ես ստիպված եմ եղել հինգ անգամ հանդես գալ և ԵԱՀԿ 55 անդամ երկրների ներկայացուցիչներին տեղեկացնել ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների հանդեպ ԵԱՀԿ ԽՎ հայեցողական վերաբերմունքի վտանգավորության մասին։ Արդեն ակնհայտ է, որ հայ սպային սպանողին հերոսացնելով, որն այդ հանցագործությունը կատարել է միայն այն բանի համար, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր, պաշտոնական Բաքուն, ըստ էության, իր բնակչությանը պատրաստում է պատերազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։ Այս մասին 2012թ. հոկտեմբերի 5-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքին։ «Հրադադարի համաձայնագրի կնքումից 18 տարի անց Ադրբեջանը մեզ սպառնում է նոր պատերազմով։ Երբ ես ասում եմ Ադրբեջանում հայատյացություն կա, երբ ասում եմ, որ Ադրբեջանը վտանգավոր ծավալի զինամթերք է հավաքում և պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն ու հակամարտությունը լուծել այդ ճանապարհով, դա չի նշանակում, որ կարիք չկա բանակցությունները շարունակելու»,- հայտարարել է Ս.Սարգսյանը։

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար Տիրանա ժամանելով՝ ես, որ արդեն երիտասարդ չեմ, այնուամենայնիվ, լավատեսորեն էի տրամադրված, անգամ հրաշքի հույս ունեի։ Շատ էի ուզում հավատալ, որ ԵԱՀԿ ԽՎ բարձր ամբիոնից ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայկական կողմից ներողություն կխնդրի ադրբեջանցի դիպուկահարների փամփուշտներից զոհված հայ շատ ու շատ զինվորների սպանության համար։  Եվ դա՝ այն պայմաններում, երբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունները 1994թ. մայիսին անսացին նախագահ Հեյդար Ալիևի խնդրանքներին և հրադադար կնքեցին։ Հույս ունեի, թե Ադրբեջանի պատվիրակությունը ներողություն կխնդրի 1992թ. փետրվարին Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների մասին ադրբեջանական կողմի տարածած սատանայական ստի համար, երբ Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված կազմավորումները դիմահար գնդակահարում, իսկ հետո անարգում էին Խոջալուի բնակիչների մարմիններն այն բանի համար, որ նրանք օգտվել էին հայ երկրապահների տրամադրած խաղաղ միջանցքից և անվնաս դուրս էին եկել Խոջալուից։ Կատարելով այս հրեշավոր գործողությունը՝ ադրբեջանցի գրոհայիններն ու նրանց «ճամփա ցույց տվողները» նպատակ ունեին այս ողբերգության համար մեղքը գցել հայկական կողմի վրա։ Նրանք այնքան էին կուրացել ատելությամբ, այնքան ծարավի էին արյան, որ նրանց կողմից սպանված ու խոշտանգված ադրբեջանցի խաղաղ քաղաքացիների մարմինները հանգամանքների տարօրինակ բերումով հայտնվեցին Ադրբեջանի ժողովրդական ճակատի վերահսկած տարածքում... Ես հույս ունեի նաև զղջման խոսքեր լսել հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և հերոսացնելու համար։ Վստահ եմ, որ շատերը, կարդալով իմ այսքան միամիտ երազանքների մասին, կվրդովվեն։ Եվ ես դա լրիվ հասկանում եմ, որովհետև շատերը չեն հասկանա, որ Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը շարունակում է հավատալ բարու հաղթանակին յուրաքանչյուր մարդու մեջ։ Մեզ համար ամեն մարդ, անկախ ազգային պատկանելությունից, մաշկի գույնից ու հավատքից, մեր ընդհանուր վիթխարի ձեռքբերումն է։ Մեզ՝ հայերիս անսահամանորեն հարազատ ու թանկ են անգլիացի մեծ բանաստեղծ ու XVI դարավերջի – XVII դարի առաջին կեսի քարոզիչ, Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարի վանահայր Ջոն Դոնի խոսքերը. «Ոչ մի մարդ Կղզի չէ՝ իրենով ամբողջական: Ամեն մարդ նշխար է Մայրցամաքի և մասնիկ է երկրի: Եթե Ցամաքից ծովը մի բուռ հող է տանում, Եվրոպան նվազում է, նմանապես Հրվանդանը, նմանապես քո Բարեկամի կամ Քո սեփական կալվածքը: Յուրաքանչյուր մարդու մահ նաև նվազեցնում է ինձ, քանզի ես մարդկության մասնիկն եմ: Հետևաբար, բնավ ոչ մեկին մի ուղարկիր իմանալու, թե ում համար է ղողանջում Զանգը: Այն Քեզ համար է ղողանջում»։ Կարծում եմ, որ ԵԱՀԿ տարածաշրջանում բազմազգ, բազմամշակութային հանրությունները կպաշտպանվեն, եթե ԵԱՀԿ ԽՎ-ն իր կարգախոսը դարձնի այս հավերժական, բայց, ավաղ, լավ մոռացված ճշմարտությունները։

P.S. Երբ ԵԱՀԿ ԽՎ ծրագրով պատվիրակներին բանավեճի համար հատկացված ժամանակը մոտ էր սպառվելուն, Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորին առաջարկեց քվեարկության դնել «Թուրք-սիրիական սահմանին իրավիճակի զարգացման մասին» բանաձևի նախագիծը, որը ներկայացրել էր թուրքական պատվիրակության ղեկավար Էմին Օնենը, և որում միանգամայն արդարացված ձևով քննարկվում էին սիրիական կառավարական զինված ուժերի գործողությունները, որոնց հետևանքով հինգ մարդ էր զոհվել։ Այդ փաստն աննկատ չմնաց նաև հարգարժան Ռիկարդո Միլյորիի կողմից, որը ԵԱՀԿ ԽՎ բացման իր խոսքում ցավակցություն և համերաշխություն հայտնեց թուրքական պատվիրակությանը, Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչը՝ Ձեր խոնարհ ծառան, իրավունք չուներ չարտահայտվել այս հարցի վերաբերյալ։ Չէ՞ որ Սիրիան ավելի քան 85 հազար հայ քաղաքացի ունի, որոնք բնակվում են այդ թվում և Հալեպում (մոտ 60 հազար)։ Ես իմ պարտքը համարեցի նշել, որ ՀՀ նախագահը քանիցս հայտարարել է ներսիրիական հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ հայկական ղեկավարության սկզբունքային դիրքորոշման մասին՝ լիովին համապատասխան Միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին։ Հայաստանի պատվիրակության անունից ես հաստատեցի այդ դիրքորոշման անփոփոխությունը։ Ես նաև խոր ցավակցություն հայտնեցի սիրիական կառավարական զորքերի կողմից թուրքական գյուղի գնդակոծման հետևանքով զոհված թուրք խաղաղ բնակիչների ընտանիքներին։ Ես ցավակցություն հայտնեցի նաև զոհված 10 սիրիացի քաղաքացիների ընտանիքներին, ովքեր հոկտեմբերի 5-ին դարձել էին թուրքական զինված ուժերի պատասխան գնդակոծության զոհերը։ Ես լուրջ մտահոգություն հայտնեցի նաև Սիրիայի հայ չորս քաղաքացիների զոհվելու առնչությամբ, որոնք սպանվել էին Սիրիական ազատ բանակի կողմից վերահսկվող տարածքից արձակված գնդակներից։ Մեր հայրենակիցները Հայաստանից տուն՝ Հալեպ էին վերադառնում այն բանից հետո, երբ իրենց երեխաներին տեղավորել էին Հայաստանի առողջարաններում և երիտասարդական ճամբարներում, որտեղ Հայաստանի նախագահի և ՀՀ կառավարության հովանու ներքո հայազգի հարյուրավոր սիրիացի երեխաներ շրջապատվել են մեծ հոգատարությամբ և ուշադրությամբ ինչպես պետության, այնպես էլ իրենց հայ հասակակիցների կողմից։ Իմ ելույթում խոր մտահոգություն արտահայտեցի այն բանից, որ կառավարական զորքերի և ընդդիմադիրների` այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի միջև մարտական գործողությունների հետևանքով զոհվում են հարյուրավոր և հազարավոր սիրիացի քաղաքացիներ, այդ թվում և հայազգի։ Ցեղասպանություն ապրած մեր ժոովուրդը յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր խաղաղ մարդու կորուստն ու մահն ընկալում է առանձնակի ցավով։ Եվ քանի որ վստահ չէի, թե թուրքական բանաձևի ընդունումը կօգնի դադարեցնել արյունահեղությունը, ավելին՝ ներքին տագնապ ունեի, թե դա կարող է թուրքական իշխանություններին դրդել լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ, ես հայտարարեցի, որ Հայաստանի պատվիրակությունը դեմ է այդ բանաձևի ընդունմանը։ Ինձնից հետո ելույթ ունեցողները՝ Իտալիայի, Հունաստանի, Ավստրիայի ներկայացուցիչները, խնդրեցին գոնե ձեռնպահ մնալ քվեարկության ժամանակ, բայց որևէ համոզիչ փաստարկ, որը կարողանար ցրել տագնապներս, թե իրավիճակն ավելի կբարդանա, այդպես էլ չհնչեց։ Բանաձևի հեղինակ Էմին Օնենը ելույթ ունեցավ միանգամայն բարեհաճ հայտարարությամբ և բանաձևի բացառապես խաղաղ բնույթի մասին հավաստիացումներով։ ԵԱՀԿ ԽՎ-ում ՌԴ մշտական պատվիրակության ղեկավար, բանակի գեներալ Նիկոլայ Կովալյովն իր ելույթում նկատեց, որ այսօրինակ լուրջ հարցը չպետք է ընդունել այդքան հապճեպ, մանավանդ որ չկան այդ փաստաթղթի ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն թարգմանությունները։ Դրանից ելնելով՝ Ն.Կովալյովը հայտարարեց, որ ՌԴ պատվիրակությունը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնալու։ Ն.Կովալյովի հայտարարությունից հետո խոսք խնդրեց ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղարը, որն արդարանում էր իր աշխատանքում թույլ տված այդ խոտանի համար՝ հղում անելով այն բանին, որ բանաձևի ընդունումը խիստ հրատապ էր։ Ավելին, նա հղումներ կատարեց ոչ թե ԵԱՀԿ ԽՎ կանոնակարգին, այլ կանոնակարգի խախտումներին, որոնք տեղի են ունեցել երկու-երեք նման դեպքերում։ Ես ստիպված էի ելույթ ունենալ երկրորդ անգամ՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Ավստրիայի, Իտալիայի, Հունաստանի, Թուրքիայի իմ գործընկերներին՝ հայկական պատվիրակության դիրքորոշման հանդեպ նրանց խիստ հարգալիր վերաբերմունքի համար։ Դրա հետ մեկտեղ, ես հարցով դիմեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ, հարգելի Ռիկարդո Միլյորիին, բոլոր պատվիրակներին. երաշխավորո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ ԽՎ-ն, որ այդ բանաձևի ընդունումը չի դրդի թուրքական իշխանություններին լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի խաղաղ քաղաքացիների, այդ թվում և հայազգի, մահվանը։ Ես կրկին հարց տվեցի. երաշխավորո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ ԽՎ-ն 85 հազարանոց հայ սփյուռքի անվտանգությունը։ Նիստերի դահլիճում մեռելային լռություն տիրեց։ «Թուրք-սիրիական սահմանին իրավիճակի զարգացման մասին» բանաձևը, որն առաջարկվել էր թուրքական պատվիրակության կողմից, ընդունվեց «կոնսենսուս՝ հանած մեկ երկիր» ձևաչափով և մեկ ձեռնպահով, որն էր Ռուսաստանը։

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի փակվելուց հետո թուրքական պատվիրակության ղեկավարը խնդրեց իմ բարեխիղճ գործընկեր-պրոֆեսիոնալներին՝ պատվիրակության քարտուղար Անահիտ Գասպարյանին և ԵԱՀԿ-ում հայկական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչ Վահե Գևորգյանին հանդիպել ինձ հետ։ Հանդիպումը հենց այդ պահին էլ տեղի ունեցավ և տևեց տառացիորեն 4-5 րոպե։ Կուզենայի հավատալ, որ պարոն Էմին Օնենն անկեղծ էր խոսում, երբ նշում էր այն մասին, որ ըմբռնումով է վերաբերվում հայկական պատվիրակության դիրքորոշմանը և հույս ունի թուրք-հայկական բեղմնավոր համագործակցության ԵԱՀԿ ԽՎ շրջանակում։ Հարգարժան ընթերցողներին տեղեկացնեմ, որ ԵԱՀԿ ԽՎ բացման ժամանակ ելույթ ունեցավ Թուրքիայի վարչապետի խորհրդական, պրոֆեսոր Բեքիր Քարլիգան (Bekir Carliga), որն ուղիղ 20 րոպե գովաբանեց վերջին 8 հարյուրամյակների թուրք սուլթանների գործունեությունը, նշեց նրանց կրոնական հանդուրժողականությունը և որպես օրինակ բերեց սուլթան Բայազեդին և սուլթան Մեհմեթ II-ին։ Հավանաբար, այն հանգամանքը, որ օսմանյան սուլթան Բայազեդը XIV դարավերջին շարունակում էր թուրքական նվաճումները Բալկանյան թերակղզում՝ կրկնակի ընդարձակելով Օսմանյան կայսրության տարածքը և Բյուզանդիան իրեն հնազանդեցնելով, թուրքական պատմագիտությունը մեկնաբանում է որպես կրոնական հանդուրժողականության դրսևորում։ Գուցե մեզ առաջարկում են կրոնական հանդուրժողականության դրսևորում համարել նաև այն, որ սուլթան Բայազեդը նվաճումների արանքում սովորաբար իր արքունիքը տեղակայում էր Եվրոպայում, որտեղ տրվում էր վայելքներին. որկրամոլության, հարբեցողության, իր հարեմի կանանց ու տղաների հետ այլասերվելուն...

Իմ առաջին ելույթում (ԵԱՀԿ ԽՎ-ում ստիպված եղա 5 անգամ հանդես գալ և մեկ անգամ ճշտում մտցնել թարգմանության մեջ) ես դիմեցի պրոֆեսոր Բեքիր Քարլիգային՝ առաջարկությամբ, որ նա իր եզրափակիչ ելույթում, պատկերն ամբողջացնելու համար, մի քանի նախադասություն ասի հայերի, ասորիների, հույների... հանդեպ իր չարագործությունների համար Արյունալի մականունն ստացած սուլթան Համիդ II-ի մասին։ Իմ կողմից անթույլատրելի կլիներ չասել դա, քանի որ մինչև նստաշրջանի բացումը ճեմասրահում բաժանում էին «Թուրքիա» գիրքը (Թուրքիան 2011թ.։ Պատրաստված է թուրքական տեղեկատվական գործակալությունների կողմից Թուրքիայի վարչապետին առընթեր մամուլի և տեղեկատվության գլխավոր վարչության պատվերով)՝ տպագրված ԵԱՀԿ ԽՎ հինգ աշխատանքային լեզուներով, որտեղ «Անհիմն հայկական հայտարարություններ» հատուկ գլխում բերվում էին «փաստեր», որոնք միակողմանիորեն աղավաղում էին պատմական ճշմարտությունը՝ կեղծ տեղեկատվություն տարածելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին։ Եվ զղջման ոչ մի խոսք։ ԵԱՀԿ ԽՎ պատգամավորների շրջանում տարածվող նման ապատեղեկատվությունը մեն-մի նպատակ է հետապնդում. թաքցնել եվրոպական քաղաքական էլիտայից պատմական ճշմարտությունն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իսկական իրադարձությունների մասին։ Եվ միանգամայն օրինաչափ էր, որ Հայաստանի պատվիրակությունն այդ «տեղեկատվական գրոհը» գնահատեց ոչ այլ կերպ, քան ճնշում մեզ վրա, որի նպատակն էր անհնար դարձնել Հայաստանի մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ ամենամյա՝ 22-րդ նստաշրջանին, որը կայանալու է 2013թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը Ստամբուլում։ Ամփոփելով խորհրդածություններս ս.թ. հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում անցկացված ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի մասին՝ ես հարց եմ տալիս. մի՞թե ԵԱՀԿ ԽՎ-ն գաղափարախոսական զենք կդառնա Թուրքիայի ձեռքին։

 

Արտաշես Գեղամյան, Ագային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ Խոհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ (www.amiab.am)

Տիրանա-Երևան, 9 հոկտեմբերի 2012թ.

Последние видеоматериалы

Новые книги