Արտաշես Գեղամյան. Մարդասպանների հերոսացումը, Արևմուտքի լռությունը, Իրանը և Ալիևին խամաճիկի տեղ դնողները. պատերազմը հայոց շեմին

04.09.2012, Իրավունք

Հունգարացի՛ եմ ես։ Բայց ամոթը դեմքս է այրում։

Ծանր ու ամոթ է ինձ համար հունգարացի լինելը։

Բոլորի համար փայլում է երկնակամարը։

Եվ միայն մեզ դեռ չի երևում արշալույսը։

(XIX դարի հունգարացի մեծ բանաստեղծ Շանդոր Պետեֆիի «Հունգարացի՛ եմ ես» բանաստեղծությունից)

 

2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին մասնակցելու համար, քնած ժամանակ կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել հայ սպայի դեմքին՝ գլուխը գրեթե անջատելով մարմնից։ Այնուհետև Սաֆարովը փորձել էր սպանել երկրորդ հայ սպային՝ Հայկ Մակուչյանին, բայց հանցագործությունը կանխվել էր։ Մարդասպանը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ առանց 30 տարի ներման իրավունքի, սակայն, Բուդապեշտի դատարանի կայացրած վճռից 6 տարի չանցած, Հունգարիայի իշխանությունները Ռամիլ Սաֆարովին  Ադրբեջանին արտահանձնեցին, որտեղ նա անհապաղ ներման արժանացավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Ավելին, Ալիևը Սաֆարովին ադրբեջանական զինված ուժերի մայորի կոչում շնորհեց, հունգարական բանտում նստած 8 տարիների համար միանվագ աշխատավարձ տվեցին, տուն նվիրեցին... Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարն ադրբեջանական բանակի զինվորներին դաս տվեց, թե ինչպես է երախտապարտ լինում այն սպաներին, որոնք կատարում են զինվորական ղեկավարության հրամանը՝ սպանել քնած հայ սպային։ Ադրբեջանի իշխանությունների լկտիությունը, նենգությունն ու երկերեսանիությունը մեզ համար նորություն չեն, բայց այս զազրելի պատմության մեջ ապշեցնում է այլ բան՝ մարդու արդար դատի իրավունքի մոլի պաշտպանների լռությունը Եվրամիության երկրներում, որի անդամն է Հունգարիան։ Մեզ համար անհասկանալի է նաև ՆԱՏՕ-ի և նրա գլխավոր քարտուղարի՝ հարգարժան Անդերս ֆոգ Ռասմուսենի լռությունը. չէ՞ որ սպանությունը կատարվել է ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ, իսկ Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Լռում են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ-ն։ Եվ այնուամենայնիվ, բազմափորձ դիվանագետ, Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտն արտահայտվել է այս մասին, բայց չափից ավելի պոլիտկոռեկտ ձևով։ Նա իր Թվիթերում այսպես է մեկնաբանել հայ սպային սպանողին ներում շնորհելու որոշումը. «Տարօրինակ որոշում են կայացրել Ադրբեջանում մի մարդու ներում շնորհելով, որը հայի է սպանել Հունգարիայում։ Օրենքի գերակայությունը պետք է պաշտպանվի»։ Ուստի, շատ տեղին ու ժամանակին այս մասին արտահայտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվա  առիթով իր շնորհավորական ուղերձում. «Վերջին օրերին մենք վկան եղանք սահմռկեցուցիչ իրադարձության: Քնած վիճակում հայ սպային կացնահարողը ազատ արձակվեց: Այս առթիվ մենք ակնկալում ենք միջազգային կառույցների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների արձագանքը»:

 

Հարցեր է առաջացնում նաև Հայաստանի բարեկամական տերության՝ ԱՄՆ պաշտոնական արձագանքը. ս.թ. օգոստոսի 31-ին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմի Վիետորը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահի՝ ադրբեջանական բանակի սպային ներում շնորհելու որոշումը հակասում է տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին։ Նա նաև նշել է Բարաք Օբամայի խոր մտահոգությունն Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ։ «Սաֆարովը խոստովանել էր, որ 2004 թվականին Բուդապեշտում սպանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին և այդ դաժան հանցագործության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման պատիժ էր կրում: Մենք ադրբեջանական իշխանություններին ենք փոխանցում մեր հիասթափությունը՝ կապված Սաֆարովին ներում շնորհելու հետ: Այս իրողությունը հակասում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և հաշտեցմանը նպաստելու ուղղությամբ գործադրվող ջանքերին: Միացյալ Նահանգները նաև բացատրություններ է պահանջում Հունգարիայից՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու իր որոշման առնչությամբ»,- ասվում է ամերիկյան ղեկավարության անունից արված հայտարարությունում։ Անհասկանալի է, թե ինչու լկտի մարդասպանի ներումն ու հերոսացումը ոչ թե ցասում ու դատապարտում են առաջ բերում ԱՄՆ-ում, այլ ընդամենը «հիասթափեցնում» են, էլ չենք խոսում այն մասին, որ ոտնահարվում է սպանված Գուրգեն Մարգարյանի հարազատների ու մերձավորների արդար դատի իրավունքն իրենց որդուն, ամուսնուն, հորը սպանողի հանդեպ։ Գուցե Իլհամ Ալիևի այսքան անհարգալից վերաբերմունքը հետևանքն էր այն բանի, որ լավ չի հասկացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորանքի բովանդակությունը։ Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 16-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ռամազանի տոնի առիթով։ «Ռամազանը տոն է, երբ ընտանիքները և համայնքները նշում են բարի նպատակների, բարի գործերի և մարդասեր արարքների ավանդույթը...»,- ասված է եղել Բարաք Օբամայի շնորհավորանքում։ Ադրբեջանի նախագահը, հավանաբար, «բարի գործերի ու մարդասիրական արարքների» տակ հասկանում է մարդասպանին հերոսացնելը, իսկ գուցե Ալիևը ԱՄՆ նախագահի ուղերձում Հարավկովկասյան տարածաշրջանում Արևմուտքի ռազմավարության իրականացման գործում սեփական նշանակալիության և բացառիկության դրսևորում է տեսել... Բայց դա առանձին վերլուծության թեմա է։

Մեզ համար միանգամայն անհասկանալի է բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների կողմից լայնորեն գովազդվող իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես՝ «Transparency International»-ի, «Human Rights Watch»-ի և այլոց լռությունը։ Ինչո՞վ է պայմանավորված լռության այս դավադրությունը։ Մտորելով այս հարցի պատասխանի շուրջ՝ ակամա հիշեցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որը տեղի էր ունենում Մոնակոյում 2012թ. հուլիսի 4-9-ը։ Հիշում եմ՝ նիստերից մեկի ժամանակ, ս.թ. հուլիսի 8-ին, ԵԱՀԿ ԽՎ-ում բուռն քննարկվում էր «Օրինականությունը Ռուսաստանում. Սերգեյ Մագնիտսկու գործը» բանաձևի նախագիծը, որը քննարկման էր ներկայացրել վեհաժողովի նախկին նախագահ Ժոաո Սոարեշը։ Հատկանշական է, որ բանաձևի համահեղինակ էին դարձել ԵԱՀԿ 20 անդամ երկրների 63 խորհրդարանականներ։ Ընդունված բանաձևում, մասնավորապես, նշված էր. «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պաշտպանում է Մագնիտսկու գործով օրենսդրական նախաձեռնությունները Եվրոպայի խորհրդում, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Լեհաստանի ազգային խորհրդարաններում և Եվրոպական խորհրդարանում և... ազգային խորհրդարաններին (ԵԱՀԿ անդամ երկրների) հորդորում է քայլեր ձեռնարկել վիզային պատժամիջոցներ մտցնելու և այն անձանց ակտիվները սառեցնելու ուղղությամբ, … ովքեր մասնակցում են մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներին Ռուսաստանի Դաշնությունում»։ Ընդ որում՝ նման կարծր ձևակերպումները, չնայած բանաձևում տեղ գտած առանձին գնահատականների չհիմնավորված և ոչ օբյեկտիվ լինելու մասին համոզիչ փաստարկներին, որոնք ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից ներկայացրին ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը, պատվիրակության անդամ Լյուդմիլա Նարուսովան և այլք, մարդու իրավունքների, արդար դատի իրավունքի եվրոպական մոլեռանդ պաշտպանների կողմից պարզապես անտեսվեցին։ Հուսանք, որ ԵԱՀԿ ԽՎ առաջիկա  նստաշրջանում, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-7-ը Տիրանայում, մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ Հունգարիայի և Ադրբեջանի ընդունած որոշումների քննարկման ժամանակ վկան կդառնանք ԵԱՀԿ ԽՎ այդ նույն եվրոպական խորհրդարանականների նույնպիսի ակտիվության։ Հիշեցի նաև ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչ՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի ելույթը։ Այս հարցի վերաբերյալ իր ելույթում նա հայտարարեց. «Կարծում եմ, որ այս բանաձևը ռուսամետ է, այն ներկայացնում է Ռուսաստանի ապագան և այն մարդկանց շահերը, ովքեր այնտեղ ապրում են»։ Կուզենայի վստահ լինել, որ հարգարժան ամերիկացի սենատորը հոգատարություն և մարդասիրություն կցուցաբերի ադրբեջանական ժողովրդի հանդեպ, ԱՄՆ Կոնգրեսում իր հեղինակավոր խոսքով ու համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ իսկական հոգատարություն կցուցաբերի Ադրբեջանի ապագայի ու այնտեղ ապրող մարդկանց շահերի հանդեպ։

Չեմ թաքցնի, նախքան հոդվածը գրելն ինձ տագնապեցնում էր այն միտքը, թե գուցե՞ իմ հայրենակիցները, ովքեր մոտ 1000 տարի ապրում են Հունգարիայում, ինչ-որ բանում արժանապատվորեն չեն պահել իրենց ընդունած այդ հյուրընկալ երկրում, և հիմա հունգարական իշխանությունները Ռամիլ Սաֆարովին հանձնելով վերականգնել են պատմական արդարությունը։ Ի մեծ գոհունակություն ինձ՝ փաստերը հակառակն են ապացուցում։ Հայերը դեռ XVII դարում օգնել են հունգարացիներին օսմանյան լծի դեմ ազատագրական պայքարում։ Այսպես, 1686թ. թուրքերից Բուդա քաղաքն ազատագրելու գործում մեծ ավանդ է ունեցել հայտնի եկեղեցական գործիչ Ներսես Երևանցին (1655-1705թթ.)։ Նա գաղտնազերծել և հայերենից հունգարերեն է թարգմանել ու հունգարական բանակին փոխանցել գաղտնի տեղեկություններ, որոնք պաշարված քաղաքից նրան էր ուղարկում հայ քահանան։ Ներսես Երևանցին Հունգարիայում բնակություն է հաստատել 1680թ., հետագայում ստացել կոմսի տիտղոս՝ սեփական զինանշան ունենալու իրավունքով։ Պատմությունը նաև փաստում է, որ հրապարակախոս Իշտվան Գորովեն (Գորովյան) երկու հունգարացու հետ կազմել է Հունգարիայի անկախության Հռչակագիրը։ Հայերն օգնել են հունգարացիներին Ավստրիայի դեմ 1848-1849թթ. պատերազմում։ Այդ պատերազմում աչքի են ընկել զորահրամանատար-գեներալներ Վիլմոշ Լազարը (Լազարյան), Էրնե Կիշը (Կիշյան) և Յանոշ Ցեցը (Ցեցյան)։ Ազգային-ազատագրական պայքարին մասնակցել են նաև 1200 հայ զինվոր ու 70 սպա։ Հայերը նյութական մեծ աջակցություն են ցուցաբերել հունգարական բանակին։ Հայերն իրենց կյանքն են տվել հանուն ազատ Հունգարիայի, և ազատագրական պատերազմի 13 հերոսների մեջ, որոնց կախաղան են բարձրացրել ավստրիացիները, երկուսը հայ են։ 1867թ. Հունգարիան Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ մտավ արդեն որպես հավասար միավոր, ինչը 1848-1849թթ. ազատագրական հեղափոխության արդյունքն էր։ Հարկ է նշել, որ Հունգարիայում առայսօր հիշում են Արա Երեցյանին, որը 1944թ., նացիստական ռեժիմի օրոք, ղեկավարում էր այն հիվանդանոցը, որտեղ մոտ 350 հրեա կար և, վտանգելով իր կյանքը, փրկել է նրանց։ Նորագույն պատմության մեջ հայկական իշխանությունների և հունգարական կողմի շփումները նույնպես բավական ջերմ էին։ Ասածս հաստատող բազմաթիվ փաստերից միայն մեկը նշեմ. 2007թ. հուլիսին Հայաստանի և Հունգարիայի գլխավոր դատախազների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ «Երկու երկրների գլխավոր դատախազները (Աղվան Հովսեփյանը և Թոմաս Կովաչը) նշել են, որ հուշագիրը, որի ստորագրման նախապատրաստական աշխատանքները տարվել են յոթ տարի, թույլ կտա ակտիվացնել փոխգործակցությունը դատախազության գործունեության բոլոր ոլորտներում»,- հայտարարվել է Հունգարիայի գլխավոր դատախազի աշխատանքային այցից հետո։ Հատկանշական է, որ Հայաստանում Թոմաս Կովաչն ասել է, թե Հունգարիան 2004 թվականից Եվրամիության անդամ է և կարող է փոխանցել այն փորձը, որ ձեռք է բերել ԵՄ-ում գտնվելու տարիներին։ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ մեծ իմաստուն Գառնիկ Հովսեփյանի արժանավոր զավակը, իրեն հատուկ ներողամիտ ժպիտով ու աչքերում հազիվ նկատելի տագնապով, հիշում եմ, շնորհակալություն հայտնեց իր հունգար գործընկերոջը։ Հավանաբար դեռ այն ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազը կանխազգացել էր հունգար գործընկերների խարդավանքը և գիտեր, թե ինչպիսին կարող է լինել եվրոպական այդ փորձը...

Կուզենայի նաև երկու մեջբերում անել հայագետ-լեզվաբան, բազում լեզուների հայտնի գիտակ Բենեդեկ Ժիգմոնդի հարցազրույցից ու ելույթից։ «Նոյան Տապան» թերթի 2010թ. օգոստոսյան համարում, ի պատասխան թղթակցի «Հունգարիայում հայերի հանդեպ վերաբերմունքին մենք ականատես եղանք ադրբեջանցի սադիստ Ռամիլ Սաֆարովի դատավարության ժամանակ։ Մեզ մոտ շատերին թվում էր, թե ադրբեջանական նավթադոլարների հնարավորություններն անսահման են և հունգարական Թեմիսը տեղի կտա նրանց հմայքի առջև» հարցին, Բ.Ժիգմոնդը հատկանշական հայտարարություն է արել։ Նրա պատասխանը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների. «Գուցե ադրբեջանցիները կարողանային մի ինչ-որ կառավարություն գնել, բայց Հունգարիայում դա բացառվում է։ Մենք իրավական պետություն ենք կառուցում և շատ ամուր ենք մեր որոշման մեջ»։ Երկու տարի անց Բենեդեկ Ժիգմոնդը հայտարարություն տարածեց մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին, որում, մասնավորապես, ասվում է. «2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների որոշումը, որ Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնում է Ադրբեջանին, ինձ համար անբացատրելի, անընդունելի և անբարոյական քայլ է: Ես լուրը լսելիս ցնցվել ու հայտնվել եմ իմ կյանքի ամենադժվար պահերից մեկում: Իմ անունից, ինչպես նաև ամբողջ հունգար ժողովրդի անունից ներողություն եմ խնդրում հայ ազգից: Ինձ համար, ու ինչպես հակազդումները ցույց են տալիս, մյուս հունգարացիների համար ևս երկրի իշխանության այդ որոշումը հանդիսանում է անընդունելի արարք, որի հետ ոչ մեկս չենք կարող համաձայն լինել: Վստահեցնում եմ ամբողջ հայ ազգին, որ Հունգարիայի ժողովուրդը կտրուկ դեմ է այսպիսի անբարոյական վարմունքին...»:

Եվ վերջապես, արտաքին քաղաքականության գծով հունգարացի փորձագետ Անդրաշ Ռացը հայտարարել է. «Հունգարիան անդրդվելիորեն մերժում էր Ռամիլ Սաֆարովին հանձնելու խնդրանքները հենց այն պատճառով, որ նա ներման կարժանանար Ադրբեջանում, և անհավանական է, որ Հունգարիայի Արդարադատության նախարարությունն այդ մասին տեղեկացված չլիներ։ Մենք ազատ ենք արձակել մարդասպանին, որն իր զոհին կացնահարել է, արտահանձնել ենք ավտորիտար Ադրբեջանին, որտեղ նա ազգային հերոս էր հռչակված։ Սա դժվար է բացատրել Արևմուտքի հանրային կարծիքին»։ Ուրեմն, ի՞նչն է դրդել հունգարական իշխանություններին հրաժարվել արդարադատությունից։ Գաղտնիքը մասամբ քողազերծեց Հունգարիայի պետական պարտքի կառավարման կառավարական գործակալության գործադիր տնօրեն Լասլո Անդրաս Բորբելին, որը ս.թ. օգոստոսի 24-ին բացահայտ խոսեց այն մասին, որ ադրբեջանական կողմը կարող է ձեռք բերել 3 մլրդ եվրո գումարի հունգարական պետական փոխառություններ, ինչը թույլ կտա նվազեցնել հունգարական իշխանությունների կախվածությունը Արժույթի միջազգային հիմնադրամից։

Վերլուծելով վերը նշված փաստերը և ամենատարբեր ինտերնետ-պարբերականներում հարցի քննարկմանը նվիրված բազմաթիվ հրապարակումները՝ միանգամայն որոշակի եզրահանգումներ են առաջանում։

Առաջին. հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշումն ընդունվել է, առնվազն, Եվրամիության Եվրահանձնաժողովի համապատասխան կառույցների լռելյայն համաձայնությամբ։ Չէ՞ որ բանակցություններն այս թեմայի շուրջ վարվում էին ավելի քան մեկ տարի։

Երկրորդ. Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին անմիջապես ներում շնորհելը և հերոսացնելը, ցինիզմը և այն ինքնավստահությունը, թե բացարձակապես անպատժելի է մարդու իրավունքների և արդար դատի իրավունքի մոլի պաշտպանների (որոնք գործում են ուժի հայտնի համաշխարհային կենտրոնների թելադրանքով) կողմից, հանգեցնում են այն մտքին, որ Հարավկովկասյան տարածաշրջանում կարող է ծավալվել խիստ վտանգավոր բազմաքայլ գործողություն՝ Իլհամ Ալիևի միջոցով ու նրան օգտագործելով։ Արևմտյան տիկնիկ խաղացնողները հիանալի հաշվարկել են, որ ազգային հողի վրա զազրելի այս հանցագործությունը կատարած մարդասպանի հերոսացմամբ Հայաստանի իշխանություններին դնում են միակ ընտրության առջև՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Երբ ադրբեջանցին սպանում է քնած մարդուն միայն այն բանի համար, որ սպանվողը հայ է, իսկ հետո հերոսացվում է մի երկրում, որի ղեկավարությունը միջազգային կազմակերպությունների բարձր ամբիոններից հայտարարում է Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ամենալայն ինքնավարություն տալու պարտավորության մասին, դա թույլ է տալիս որոշակի եզրահանգումներ անել։ Մանավանդ որ ադրբեջանական իշխանությունների նման դիրքորոշումն աջակցություն է ստանում շատ երկրների կողմից, ինչը վկայում է այն վտանգավոր միտումների մասին, որոնք ստեղծվում են Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս առնչությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ուղղված վերոնշյալ ուղերձում հայտարարել է. «...Արցախի ժողովրդի և ողջ հայության անունից ես ուզում եմ հարց տալ. արդյո՞ք, այսքանից հետո մոլորակի վրա կգտնվի մեկ մարդ, ով կառաջարկի Արցախի ժողովրդին մտնել Ադրբեջանի կազմի մեջ, մի երկրի, որտեղ ապօրինի հրամանագրերով ազատվում ու հասարակայնորեն հերոսացվում է միայն հայ լինելու համար մարդուն սպանող յուրաքանչյուր տականք»:

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը Ադրբեջանը կփորձի այնպես ներկայացնել համաշխարհային հանրությանը, թե ղարաբաղյան հակամարտության լուծման դիվանագիտական բոլոր միջոցներն սպառվել են, իսկ հետո ռազմական գործողություններ կսադրի ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության շրջանում՝ իրանա-ադրբեջանական և իրանա-ղարաբաղյան սահմանի անմիջական հարևանությամբ։

Սրանից ելնելով՝ միանգամայն նոր իմաստ է ձեռք բերում Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան կարգավորման բանակցությունները Ստամբուլում անցկացնելու՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի առաջարկությունը։ Սա չպետք է ընկալել որպես Թուրքիայի աճող ինքնագնահատականի դրսևորում, թեև դա ակնհայտ է նրա արտաքին քաղաքական նախաձեռնությունների մեծամասնությունում։ Թուրքիայի ղեկավարությունը Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության թեժացման հարցերում թե՛ ճարտարապետ, թե՛ իրականացնող և թե՛ ուժի համաշխարհային կենտրոնների կողմից առաջնորդվող լինելով, իմանալով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման պլանների մասին՝ միջազգային հանրության աչքին ուզում է իբր խաղաղարար, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մոլի կողմնակից ներկայանալ։ Դա չի խանգարում նրան զօրուգիշեր զինել ադրբեջանական բանակը, պատրաստել այն լիածավալ պատերազմի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։ Հետո պետք է սպասել, որ ՆԱՏՕ-ն կհայտարարի, թե պատասխանատու է հակամարտող կողմերին հանդարտեցնելու համար և ՆԱՏՕ-ում Ադրբեջանի սրտցավ լոբբիստների խնդրանքով հնարավոր ամեն բան կանի մեր տարածաշրջան խաղաղարար ուժեր մտցնելու նպատակով։ Եվ դա կմատուցվի ոչ թե որպես մի ինչ-որ չարամիտ բան հայերի հանդեպ, այլ խաղաղությունը պահպանելու միակ հնարավորություն։ Այնինչ ողջ հարցը մեր հարևան ու բարեկամ Իրանն է։ Այնքան էլ դժվար չէ կռահել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները տարածաշրջանում։ Նման սցենարի իրագործման պայմաններում Ռուսաստանն, իհարկե, չի կարող անտարբեր մնալ, երբ անմիջական սպառնալիք կա, որ իր ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ անդամ Հայաստանը հարկադրված կլինի ներգրավվել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Թուրքիան նույնպես ռազմավարական դաշնակիցներ են և այդ երկրների միջև ստորագրված պայմանագրի համապատասխան Թուրքիան հանդես է գալիս որպես Ադրբեջանի անվտանգության երաշխավոր։ Հարավային Կովկասը կմխրճվի դրսից կառավարվող քաոսի ու արյունահեղության հորձանուտ։

Երրորդ. վերջին իրադարձությունների համատեքստում հայկական հանրությունը պետք է ուշադիր լինի ապագայում Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցիացիայի մասին համաձայնագիր ստորագրելու հեռանկարների մասին բարեհունչ հռչակագրերի իսկական արժեքն իմաստավորելիս։ Պետք է մտածի, թե որքանով են «Ճանապարհային քարտեզում» (որը Եվրամիության և «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ պետությունների համար մինչև 2013թ. աշնանային գագաթաժողովը գործողությունների պլան է լինելու) նշված միջոցառումների իրականացման քայլերը նպաստում «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցների միջև լարվածության թուլացմանը։ Չի խանգարի, որ մտածենք նաև այն մասին, թե ինչպես է ՆԱՏՕ-ն արձագանքել իր հյուրի սպանությանը, որին հրավիրել էր մասնակցելու «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իր իսկ կազմակերպած միջոցառմանը։ Ավելին, թե ինչ վերաբերմունք դրսևորեց ՆԱՏՕ-ն Ադրբեջանի կողմից ստոր մարդասպանին հերոսացնելու փաստի հանդեպ։ Այս հարցերին պատասխանելուց հետո, կարծում եմ, չի խանգարի եվրոպացի մեր ընկերներին հորդորել, որ քիչ խրատներ կարդան մեզ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների, բարոյականության մասին, որի իրական գինը Ադրբեջանի նավթադոլարներն են... Չի խանգարի նաև, որ նրանք մտորեն Հայաստանի նախագահի հետևյալ խոսքերի շուրջ. «Սա պարզ մարդասպանություն չէ, մարդասպանություն է էթնիկ հողի վրա և արդարացվում է Եվրոպական միության անդամ երկրի իշխանությունների կողմից: Սա շատ վատ հանգամանք է» (մեջբերում Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ս.թ. օգոստոսի 31-ին կայացած արտակարգ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի արտասանած բացման խոսքից):

Այս օրերին Ադրբեջանում ծավալվող հակահայկական հիստերիան, հայ սպային սպանողին հերոսացնելը, միջազգային կազմակերպությունների լռությունն այս իրադարձության առիթով հանգեցնում են այն մտքին, որ Ադրբեջանի իշխանությունները համաշխարհային քաղաքականության ուժի որոշակի կենտրոններից ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու օրհնություն են ստացել։ Ուստի, ամենևին էլ պատահական չէ, որ Արցախի հերոս, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյանը, որը միայն լսելով չէ, որ ծանոթ է ադրբեջանական իշխանությունների երեսպաշտությանն ու նենգությանը, ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց. «Առաջինը, որ միանշանակ է և արդեն արված է՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը: Դա անհրաժեշտ պայման է»:

Հոդվածիս ավարտին կուզենայի հորդորել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հանդես գան անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի գլխին կախված իրական արտաքին սպառնալիքին համախմբված դիմակայելու վճռականության մասին հայտարարությամբ։ Անվիճելի է, որ նման կոչը կհամախմբի համայն հայությանը։ Այս արարքով մենք աշխարհին ցույց կտանք, որ ողջ հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքական էլիտայի, արտասահմանի հայ ավանդական կուսակցությունների ղեկավարների համար կան սրբություններ, որոնք քաղաքական որևէ կոնյունկտուրայի հետ չեն համեմատվի։ Միայն այդ դեպքում մեր խիզախ զինված ուժերը հերթական անգամ ջախջախիչ հարված կհասցնեն ագրեսորին։ Չէ՞ որ Դուք, անկախ Հայաստանի մեծարգո նախագահներ, համատեղ պայքարի այդ փորձն ունեք, որը ձեռք եք բերել մեր ժողովրդին 1992-94թթ. Ադրբեջանի պարտադրած պատերազմում։ Հայ ժողովուրդն իր հինգհազարամյա պատմության ընթացքում քանիցս ապացուցել է, որ անպարտ է, երբ միասնական է։

P.S.

Հոդվածը գրելու ընթացքում, անկախ ինձնից, մտովի անընդհատ վերադառնում էի մեր ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերին՝ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությանը։ Հիշեցի այսպես կոչված «Թալեաթ փաշայի դատավարության» պատմությունը, որը տեղի է ունեցել 1921թ. հուլիսի 2-ին և 3-ին Բեռլինում, հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանի գործը։ Դա խոշոր պատմական քաղաքական դատավարություն է համարվում, որովհետև սոսկ հայի կողմից Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարին սպանելու հանգամանքները բացահայտելու դատավարություն չէր։ Այսպես, 1921թ. մարտի 15-ին Շառլոտենբուրգ շրջանում, բազմաթիվ վկաների աչքերի առջև, հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց հայ ժողովրդի գլխավոր դահիճներից մեկին՝ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշային։ Թեհլերյանի ամբողջ ընտանիքը Հայոց ցեղասպանության ժամանակ բնաջնջվել էր։ Նա ինքն ականատեսն էր դարձել իր երկու քույրերի բռնաբարությանն ու եղբոր սպանությանը։ Թեհլերյանը հրաշքով էր ողջ մնացել. թուրք զինվորները նրան թողել էին դիակների կույտի մեջ։ Թեհլերյանի դատավարությունն ավարտվեց մեղադրյալի արդարացմամբ՝ «դահլիճը հուզված էր և ծափահարում էր»։

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմությունը հերոսության դրսևորման բազմաթիվ փայլուն օրինակներ ունի, որոնց թվում է, անշուշտ, «Նեմեսիս» գործողությունը։ Դա Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորներին վերացնելու գործողությունն էր։ Ավելի քան 40 ռազմական հանցագործ, Ցեղասպանության կազմակերպիչներ և իրականացնողներ հանձնվեցին ժողովրդի դատին, ժողովրդական վրիժառությանը։ Հատուցումից չխուսափեց Հայոց ցեղասպանությունը կազմակերպած պարագլուխներից և ոչ մեկը. Ջեմալ Ազմին ու Բեհաետդին Շաքիրը ժողովրդական վրիժառուների կողմից վերացվեցին Բեռլինում, Սաիդ Հալիլը սպանվեց Հռոմում, Բեհբութ խան Ջիվանշիրը մահապատժի ենթարկվեց Կոստանդնուպոլսում, Էնվեր փաշան վերացվեց Միջին Ասիայում, Ֆաթալի խան Խոյսկին և Ջեմալ փաշան մահապատժի ենթարկվեցին Թիֆլիսում… Ձևական առումով դրանք ահաբեկչություններ էին, բայց բովանդակությամբ, էությամբ՝ վրեժի, հատուցման գործողություններ հայ ժողովրդի դահիճների հանդեպ։ Չէր խանգարի, որ պատմական այս փաստերից դասեր քաղեին մարդասպաններին հերոսացնող ապշերոնյան քաղաքական գործիչները, ինչպես նաև նրանց թիկունքին կանգնած հրահրիչները...

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги