«ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱՐՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊՈՒԹՅՈՒՆԸ»
27.07.2012, Իրավունք
Վերջին օրերի քաղաքական, հասարակական քննարկումների առարկա է դարձել Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցը: Բացի այն, որ այդ նպատակով ստորագրահավաք է կազմակերպվել, օրերս էլ այդ թեմայի, այսպես ասած, կրակի վրա յուղ լցրեց Հայաստանի ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ ՍՈՒՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ, ով մասնավորապես նշեց, որ Վանո Սիրադեղյանը Հայաստան կվերադառնա, երբ լինեն նպաստավոր պայմաններ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատական համակարգը այնպես բարելավվի, որ քաղաքացին կարողանա ապացուցել իր անմեղությունը: Նա նաեւ մի բացահայտում արեց, ըստ որի` վերջին անգամ` 2000թ. ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ինքն է Վանո Սիրադեղյանին տանից տարել. «Ես նրան թողել եմ Սունդուկայն թատրոնի մոտ, դրանից հետո տեղյակ չեմ` Վանո Սիրադեղյանը երկրից գնացել է, թե ոչ»: Իսկ ինքն ապահովել է միայն այն գործընթացը, որ Սիրադեղյանը տանից դուրս գա, բայց բոլորի մոտ ստեղծվի այն տպավորությունը, թե նա տանն է: Դրանից հետո Սիրադեղյանից ոչ մի լուր չի ստացվել: Ընդ որում, Վանո Սիրադեղյանն իր գլխարկը մոռացել է մեքենայում: Սուրեն Սիրունյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀՇ վարչության ներկայիս նախագահ Արամ Մանուկյանը ժամանակին կողմ է եղել, որպեսզի Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեն եւ ձերբակալեն: Բայց Արամ Մանուկյանը դա անմիջապես հերքեց
Սուրեն Սիրունյանը վստահ է, որ Վանո Սիրադեղյանը ողջ է եւ շարունակում է ստեղծագործել: Սիրունյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը, որպես Սիրադեղյանի թիկնազորի պետ, երբեք չի հարցաքննվել Սիրադեղյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում:
ԳՈՐԾՈՒՄ Է ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Շատերի կարծիքով` գոնե այս հայտարարություններից հետո Ս. Սիրունյանին պետք է կանչեին հարցաքննության, քանի որ նա իմացել է Վանո Սիրադեղյանի փախուստի մասին, բայց չի հայտնել: Իրավապահ մարմիններում աշխատող մեր աղբյուրներից մեկը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, գործում է վաղեմության ժամկետը, որի մասին իմացել է թիկնազորի պետը, հակառակ պարագայում նա նման հայտարարություններ չէր անի: Բայց մեկ ուրիշ իրավաբան նշեց, որ այդ հայտարարությունից անմիջապես հետո պարտավոր էին հարցաքննության կանչել Ս. Սիրունյանին:
Քանի որ Վանո Սիրադեղյանի գործի քննությամբ զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը, մենք զանգահարեցինք ծառայություն, որտեղից խնդրեցին պատասխանն ուղարկել գրավոր: Ամենայն հավանականությամբ, պատասխանն արդեն կստանանք եկող շաբաթ:
ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՅՔԱՐԵԼ
Իսկ մինչ այդ ցանկացանք իմանալ քաղաքական գործիչների կարծիքը Վանո Սիրադեղյանի անվան շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Մեր առաջին զրուցակիցը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ է:
- Ըստ իս, հարցը պետք է տարանջատել երկու հարթությունների վրա: Մի հարթությունը Վանո Սիրադեղյան մտավորականն է, Հայաստանի գրողների միության անդամը, ես կասեի` օժտված հրապարակախոսը եւ գրողը: Իսկ մյուս կողմից` պետական պաշտոնյան, ով իր պաշտոնավարման տարիներին, համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների, քրեորեն ամենածանր հոդվածներով մեղադրվում է: Ես չեմ հասկանում ստորագրահավաքի նախաձեռնողներին` չնայած մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց նախաձեռնությանը եւ չեմ կասկածում, որ նրանց նպատակները նվիրական են, ազնիվ: Բայց մենք ի՞նչ ենք ուզում. անպայմանորեն ստիպենք ու պարտադրենք ՀՀ գործող, ես կասեի` շատ մարդասիրաբար տրամադրված իշխանություններին` ամեն գնով հետ բերեն Վանո Սիրադեղյանին եւ, համաձայն այդ հոդվածների, դատե՞ն: Մեր նպատակը ո՞րն է. չէ՞ որ հակառակ պարագայում իրենց կասեն, որ ժամանակին այդ որոշումները քաղաքականացված են եղել: Լուրջ կասկածներ ունեմ, որ ծանրակշիռ կերպով մտածել-վերլուծել են այդ նախաձեռնության հեղինակները: Այո°, բոլորիս ցավ է պատճառում, որ ոչ սովորական եւ ոչ շարքային գրողը, մտավորականը մեղադրվում է նման վտանգավոր հանցանքների մեջ` չնայած մենք իրեն հանցանքներ վերագրելու բացարձակ իրավունք չունենք, որովհետեւ դատարանի վճիռ չկա: Դրա հետ մեկտեղ` հետեւյալ տպավորությունն է ինձ մոտ ստեղծվում, որ մարդիկ մինչեւ վերջ չեն հասկանում իրենց բարձրացրած հարցերի ժամանակավրեպությունը: Հա, միգուցե օգտվում են հանրապետության նախագահի անսահման լայնախոհ լինելու բնավորությունից, միգուցե օգտվում են ՀՀ նախագահի այն հայտարարություններից, որոնք իրականություն են դառնում. առ այն, որ ինքն ուզում է անպայման համախմբել, կոնսոլիդացնել ազգը: Բայց չէ՞ որ երբեք ու երբեք չի հնչել այն թեզը, որ դա արվելու է օրենքը շրջանցելու ճանապարհով: Մտածելու բաներ շատ կան: Մի բանում համոզված կարող ենք լինել, որ եթե Վանիկ Սմբատովիչը վերադառնա, ապա ամենաազնիվ, ամենաանկաշառ բաց դատավարությունը կլինի: Եվ եթե համոզմունք կա, որ նման դատավարության արդյունքում Վանո Սիրադեղյանը կարդարացվի, առաջինը ես կողջունեմ այդ վճիռը: Ուզում եմ ընդգծել, որ սա ասում է այն մարդը, ով ի սկզբանե ԱԺ-ի ամբիոնից խստագույնս դատապարտել է այն իրավիճակը եւ այն մթնոլորտը, որը տիրում էր ՀՀ-ում այն ժամանակ, երբ Վանո Սիրադեղյանը ՆԳ նախարար էր: Ասեմ ավելին. խնդիրն այն է, որ օրինախախտումների դեմ պայքարն արդյունավետ է միայն այն պարագայում, եթե այդ պայքարը իրականացվում է օրենքի շրջանակում: Այնպես որ` ես չեմ կարծում, որ հիմա էլ լավի քողի ներքո պետք է քաղաքականացնել Վանո Սիրադեղյանի վերադարձը: Ես ինքս ինձ որպես մարդ շատ լավ կզգամ, եթե արդարագույն դատավարության արդյունքում այն սահմռկեցուցիչ մեղադրանքները, որոնցով Ինտերպոլի հետախուզություն է հայտարարվել Վ. Սիրադեղյանի նկատմամբ, հանվեն վրայից: Այստեղ մտածելու լուրջ խնդիրներ կան, ամենակարեւորը, երբ խոսքը վերաբերում է մարդու ճակատագրին, իսկ խոսքս միայն Վանո Սիրադեղյանի ճակատագրի մասին չէ, այլ նաեւ Համբարձում Ղանդիլյանի ժառանգների ճակատագրի մասին է, Մարիուս Յուզբաշյանի հարազատների ճակատագրի մասին է: Իսկ Մարիուս Յուզբաշյանը կամ Համբարձում Ղանդիլյանը մեծագույն դրական դերակատարություն են ունեցել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ, եւ այստեղ լուրջ հարցեր կան: Չմոռանանք նաեւ Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահի եւ նրա վարորդի հարազատներին... Ուրեմն այստեղ մենք պետք է զգուշավորություն դրսեւորենք եւ «ուռա պատրիոտիզմի» գերին չդառնանք... Համաձայն եմ, որ սա համազգային հնչեղություն ունեցող հարց է, որովհետեւ խոսքը հայ ժողովրդի զարթոնքի ակունքներում կանգնած «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանի մասին է: Բայց նաեւ այստեղ հսկայական փիլիսոփայական հարց կա. դա այն է, որ ամեն մարդ չի կարող իշխանության բեռին դիմանալ, եւ այստեղ, հավանաբար, եղել է այն ծանր երեւույթը, որը պատմության տեսանկյունից սովորական է, երբ իշխանության լծի տակ չեն դիմացել եւ իշխանությունը ծառայեցրել են հանուն սեփական փառասիրական նպատակների կենսագործման: Ավարտելով խոսքս` նշեմ, որ ոչ մի պարագայում օրենքը շրջանցելով չի կարելի պայքարել:
Պատրաստեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ