Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երկակի ստանդարտները՝ պատերազմի սադրանք

06.07.2012, Իրավունք

2012թ. հուլիսի 4-9-ը Մոնակոյում տեղի է ունենալու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը, որը, կարծում եմ, նստաշրջանի յուրաքանչյուր մասնակցի խորհել է տալու արդի աշխարհակարգի, իր երկրի օրախնդիր հարցերի մասին, որոնց լուծումը ԵԱՀԿ շրջանակում՝ ժամանակի հրամայականն է։ Հայաստանի համար, անշուշտ, նման հարց է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որի ընթացքն, ըստ իս, վտանգավոր փուլ է մտել։ Այսպես, ս.թ. հունիսի 4-ին Ադրբեջանն ակտիվ դիվերսիոն պատերազմը ղարաբաղյան ճակատից տեղափոխեց Հայաստանի Հանրապետության պետական սահման, միևնույն ժամանակ չեն դադարում դիպուկահարների կրակոցներն ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի հետ ողջ սահմանի երկայնքով։ Ադրբեջանական ճուռակներին չեն կանգնեցնում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների միահամուռ պահանջն ու նախազգուշացումը, որոնք 2012թ. հունիսի 19-ին Լոս Կաբոսում հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հերթական՝ չորրորդ համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «Ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնի հակամարտության կարգավորման, այլ միայն կերկարացնի տառապանքներն ու արհավիրքները, որոնց տասնամյակներ շարունակ ենթարկվում են ժողովուրդները, որ ապրում են այդ տարածաշրջանում։ Միայն խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով թույլ կտա դուրս գալ ստեղծված վիճակից ու անվտանգ ապագա ու բարգավաճում ապահովել տարածաշրջանի համար»։

Շարունակելով զինված դիվերսիան՝ Ադրբեջանն ըստ էության անտեսում է նաև այն անհանգստությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության առիթով հայտնել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտ Զանյերը ս.թ. հունիսի 26-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ «Անվտանգության օրեր» (“Security Days”) կոնֆերանսում։ Ադրբեջանի իշխանություններն անպատասխան են թողել նաև Քեթրին Էշթոնի 2012թ. հունիսի 9-ի հայտարարությունը, որում ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը խիստ անհանգստություն էր հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հունիսի 4-ին, 5-ին և 6-ին տեղի ունեցած միջադեպերի առիթով» և խորին ափսոսանք՝ «մարդկային կորուստների առնչությամբ»։ Ապշերոնյան քաղաքական գործիչներն ականջ չդրեցին նաև Քեթրին Էշթոնի վճռական հորդորին. «(ԵՄ) բարձր ներկայացուցիչը կոչ է անում երկու կողմերին խստորեն հարգել հրադադարի ռեժիմը և զսպվածություն ցուցաբերել թե՛ տեղերում, թե՛ հնչող հայտարարություններում` կանխելու համար իրավիճակի հետագա լարումը, որը բավականին վատթարացել է վերջին ամիսների ընթացքում: Ուժի և դրա սպառնալիքի կիրառումը, ինչպես նաև ստատուս-քվոն չեն նպաստում գոյություն ունեցող հակամարտության կարգավորմանը»։ Նշված հայտարարությունների և Ադրբեջանի իշխանությունների կողմից դրանց լիակատար անտեսման համատեքստում ակամա հարցեր են ծագում. ինչի՞ վրա է հիմնվում Իլհամ Ալիևի՝ չդադարող արյունահեղության համար սեփական անպատժելիության վստահությունը, ինչպես նաև՝ ինչո՞վ է պայմանավորված նրա ռազմատենչ հռետորաբանությունը։

 

Մի՞թե Բաքվի քաղաքական գործիչներին թվում է, թե 2011թ. բյուջեում 89%-ով ավելացնելով իրենց ռազմական ծախսերը, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է ռազմական ծախսերի աճի գծով (ինչի մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտության ինստիտուտի [SIRPI] հրապարակած սպառազինության մասին զեկույցում), իսկ 2012թ. ծրագրելով դրանք հասցնել մինչև 4 մլրդ դոլարի (ինչը 1,9%-ով ավելին է, քան 2011թ.), նրանք կարող են այդքան անպատկառորեն անտեսել համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների հորդորները։ Ավելին, նրանց չսթափեցրեց նաև այն, որ ս.թ. հունիսի վերջին ԱՄՆ Պետդեպարտամենտը Ադրբեջանը հանեց այն երկրների ցանկից, որոնց մոտ ապագայում ամերիկյան ռազմատեխնիկա է վաճառվելու։ Նման որոշում ընդունվեց ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչներչի պալատի Արտաքին կապերի կոմիտեի անդամ Հովարդ Բերմանի՝ ս.թ. մայիսի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին գրած նամակի։ Հարգարժան կոնգրեսականն իր նամակում հավաստիացնում էր, որ Ադրբեջանը կարող է ԱՄՆ-ից ստացած ռազմատեխնիկան օգտագործել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու համար։ Իր նամակի վերջում Հովարդ Բերմանը ԱՄՆ պետքարտուղարին կոչ էր անում կասեցնել Ադրբեջանին ռազմատեխնիկա վաճառելու ակնկալվող գործարքը, ինչն էլ տեղի ունեցավ։ Մի՞թե ադրբեջանական ղեկավարությունն այնքան միամիտ է, որ կարծում է, թե նավթադոլարներով տարեցտարի ավելացնելով իր ռազմական ծախսերը՝ կարող է ահուսարսափի մատնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ռազմիկներին կամ Հայաստանի զինված ուժերին։ Իսկ գուցե նրանց թվում է, թե ի զորու են վախեցնե՞լ Հայաստանի ղեկավարությանը։

Եթե այդպես է, ուրեմն դա նրանց կողմից չափազանց մեծ անխոհեմություն է։ Եթե նրանց հիշողության հետ ինչ-որ բան է պատահել, կարող ենք հիշեցնել, որ Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարը, Հայաստանի Հանրապետության ընտրյալ նախագահ Սերժ Ազատի Սագսյանը 1989-1995թթ. ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնապաշտպանության կոմիտեն և Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, ունի Արցախի հերոսի կոչում, միևնույն ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման երդվյալ կողմնակիցն է, հենց դրա համար էլ չափազանց բարձր է գնահատում յուրաքանչյուր ռազմիկի կյանքը, որ ազգության էլ որ նա պատկանի։ Մի՞թե ադրբեջանցի քաղաքական գործիչները մոռացել են ոչ վաղ անցյալի իրադարձությունները, երբ հայկական զինված ուժերը, քանիցս զիջելով ադրբեջանականին, այնուամենայնիվ ջախջախիչ պարտության մատնեցին նրանց և հարկադրեցին Ադրբեջանին խաղաղություն խնդրել։ Այդ դեպքում ինչի՞ն կամ ո՞ւմ են ապավինում ադրբեջանական իշխանությունները, որոնք օր օրի էլ ավելի մեծ ագրեսիվությամբ են զինված դիվերսիոն գրոհներ կազմակերպում հայկական երկու պետությունների սահմանների ողջ պարագծով, էլ ավելի մեծ թափով դիպուկահար կրակի տակ առնում մեր տարածքները։ Նրանց չի կանգնեցնում անգամ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի զինված ուժերի անհապաղ համարժեք պատասխանը։ Բայց հայկական կողմը՝ խորապես հավատարիմ քրիստոնեական արժեքներին, բարոյական բավարարվածություն չի զգում արդարացված հատուցումից, քանզի ադրբեջանական ռազմիկների մահը պակաս ցավ չի պատճառում 1992-1994թթ. Արցախյան ազատագրական պատերազմում որդիներին ու ամուսիններին կորցրած մայրերի ու կանանց սրտերին...

Հայ և ադրբեջանցի զինվորների հեղված անմեղ արյան համար ադրբեջանական իշխանությունների անպատժելիության վստահությունը, հավանաբար, գլխավորապես հիմնված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում երկակի ստանդարտների կիրառման վրա։ Այն շատ բանով սնունդ է առնում նաև համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների՝ ադրբեջանական կողմի զինված սադրանքների վերաբերյալ հայտարարությունների անհասցեականությունից, երբ ռազմական դիվերսիաներ և դիպուկահար կրակոցներ սադրող ադրբեջանցիների հանցավոր գործողությունները խստորեն դատապարտելու փոխարեն նրանց դնում են պաշտպանվող հայկական կողմի հետ հավասար հարթության վրա։ Միանգամայն անհասկանալի է նաև այն, որ համաշխարհային հանրությունը, թվում է, չի նկատում և չի արձագանքում ադրբեջանական ղեկավարության խիստ ռազմաշունչ և հայատյաց հայտարարություններին։ Որպեսզի ասվածն անհիմն չթվա, հարյուրավոր օրինակներից բերեմ ընդամենը երկուսը։ Այսպես, ս.թ. ապրիլի 3-ին Բաքվում, «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, պատվիրակությունների անդամներին դիմելով՝ Ադրբեջանի նախագահը հայերին «ֆաշիստներ» է անվանել։ Կուզենայի նախագահ Ալիևի այդ խոսքերը հնչեցնել հայ սրբակյացների հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Այն արարողության, որը նվիրված է Յադ վա-Շեմի հայ սրբերին, և որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 5-ին Ֆրանսիայում, ֆրանսիական «Բանակի իսրայելական կապելաններ» և Դիմադրության շարժման հայ վետերանների և մասնակիցների ազգային ասոցիացիա կազմակերպության հովանու ներքո, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ Ակնկալվում է, որ արարողությանը կմասնակցի Ալֆրեդ-Ֆրանսուա Բերկջյանը՝ Էլիս և Երվանդ Բերկջյանների որդին, որոնք սրբագույն ընտանիք էին համարվել Գոլդհամեր ընտանիքին (Կոլոմբ քաղաքից) պատսպարելու համար: Լավ կլիներ, որ Ադրբեջանի նախագահը մտածեր այն մասին, որ Ալֆրեդ-Ֆրանսուան հիշատակվում է նաև Ֆրանսիայի սրբերի գրքում իր հերոսության համար, թեև այն ժամանակ նա ընդամենը 10 տարեկան է եղել։ Թող մտածի նաև այն մասին, որ արարողության ժամանակ տրվելու են 25 սրբակյաց սփյուռքահայերի անուններ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իրենց և իրենց ընտանիքներին մահացու վտանգի ենթարկելով, փրկել են հրեական ազգության մի քանի հարյուր ֆրանսիացի քաղաքացիների։ Չէր խանգարի, որ Ադրբեջանի նախագահի խոսքերի շուրջ խորհեին նաև իսրայելական իշխանությունները, որոնք ս.թ. հունվարի կեսին Ադրբեջանի հետ պայմանավորվել են, որ Իսրայելի պաշտպանական Ավիացիոն արդյունաբերության կոնցեռնը (TAA) 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն է վաճառելու  ադրբեջանցիներին, ինչն ամենախոշոր գործարքն է այդ կոնցեռնի պատմության մեջ։

Կարծում եմ, որ Ալիևի կողմից հայերին այդքան անպատկառորեն վիրավորելը հայ ժողովրդի դեմ նրա նախորդ հարձակումների տրամաբանական շարունակությունն է, ինչն անվայել է ԵԱՀԿ անդամ պետության ղեկավարին։ Հարձակումներ, որոնք, ավաղ, նորից ու նորից չդատապարտվեցին պոլիտկոռեկտ Եվրոպայի, ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից։ Խոսքը, մասնավորապես, Ալիևի այն ելույթի մասին է, որը նա ունեցել է «2009-2013թթ. Ադրբեջանի Հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» իրագործման երրորդ տարվա արդյունքներին նվիրված կոնֆերանսում, որում հայտարարել է. «Նրանք, ովքեր ուրախանում են մեր հաջողություններով, բավական շատ են։ Բայց կան նաև ուժեր, որոնք մեզ չեն սիրում՝ չարակամները... Մեր հիմնական թշնամիներն առաջին հերթին՝ համաշխարհային հայությունն է...»։ Ալիևի խոսքերից ստացվում է, որ Ադրբեջանի հիմնական թշնամիների ցանկում է հայկական ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, օսկարակիր, Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» մրցանակակիր, լուսահոգի Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան), որը Հայոց ցեղասպանությունից հետո, 1924թ., ընտանիքով փախել էր Ռոդոսթոյից։ Ալիևի «սև ցուցակում» կհայտնվեր նաև հայկական ծագմամբ ամերիկյան տաղանդավոր նկարիչ, աբստրակտ սյուռեալիզմի հիմնադիրներից Արշիլ Գորկին (Ոստանիկ Մանուկ Ադոյան)։ Հիմնական թշնամիների ցանկում կդասվեր համակարգչային տեխնիկայի վերջերս վախճանված հանճար Սթիվ Ջոբսի հոգեմայրը՝ հայկական ծագմամբ ամերիկուհի Կլարա Ջոբս-Հագոբյանը, որը նրան դաստիարակել է մանուկ հասակից, որին մշտապես ջերմորեն է հիշել գիտնականը։ Ալիևն ադրբեջանական ժողովրդի թշնամիների մեջ է գրանցել նաև հայկական ծագմամբ ամերիկյան միլիարդատեր Քըրք Քըրքորյանին, որը, մասնավորապես, 2010թ. 200 մլն դոլար է նվիրաբերել Կալիֆորնիայի համալսարանին (UCLA), որտեղ անհոգ ուսանում են տարբեր ազգությունների երիտասարդներ, այդ թվում և թուրք ու ադրբեջանցի ուսանողներ։

Իլհամ Ալիևի թշնամի է հայտարարվել նաև հայկական ծագմամբ հանրահռչակ ֆրանսիական շանսոնիեն ու դերասանը՝ Հայաստանի Ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), որին Ֆրանսիայի մեծ նախագահ Շառլ դը Գոլն ասել է. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև հուզել գիտեք»։ Վա՜յն եկել-տարել է նաև հայկական ծագմամբ ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Ժորժ Գարվարենցին։ Հաստատ Ադրբեջանի թշնամիների մեջ կլիներ նաև հայկական ծագմամբ ամերիկյան հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանը, որի ընտանիքը XIX դարի վերջին հրաշքով էր փրկվել իր հրեշագործությունների համար Արյունոտ մականունն ստացած սուլթան Աբդուլ Համիդի թուրքական յաթաղանից։ Կարելի էր երկար շարունակել համաշխարհային հռչակ ունեցող հայերին հիշատակելը, որոնք սեր ու բարություն, քրիստոնեական ամենագթություն ու սրտակցություն են ճառագել ու ճառագում, բայց, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա։ Իլհամ Ալիևն անդրդվելի է, և չէ՞ որ համաշխարհային հայությանն է հիմնական թշնամի հայտարարել։ Այստեղ մեզ չի կարող չտագնապեցնել բավական էական մի հանգամանք, այն է. Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ անդամ պետության նախագահը հայ ժողովրդին և Հայաստանը (որը նույնպես այդ միջազգային կազմակերպությունների անդամ է) անվանում է «ֆաշիստներ» և նրանց հայտարարում իր պետության հիմնական թշնամին։ Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովները, չգիտես ինչու, ոչ մի կերպ չեն արձագանքում Ադրբեջանի ղեկավարի այս բացահայտ մարդատյաց հայտարարություններին։ Ուղեղիդ մեջ չի տեղավորվում, որ այդքան հարգարժան միջազգային կազմակերպություններն, ավաղ, չարձագանքեցին նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայող Գուրգեն Մարգարյանի գազանային սպանությանը, որը 2009թ. հունվարի 19-ին քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Այս ստոր սպանությունը տեղի ունեցավ Բուդապեշտում, որտեղ երկու սպաները ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի ուսուցման դասընթաց էին անցնում։ Այս զազրելի հանցագործության պատճառը միայն այն էր, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր։ 2006թ. ապրիլի 3-ին  Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։

Սակայն դա չխանգարեց, որ 2011թ. օգոստոսի 25-ին, ելույթ ունենալով ASAIF-ի միջազգային համաժողովում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը սխրանք համարի Սաֆարովի արարքը և հայտարարի, որ նա զոհաբերեց իր ազատությունը հանուն Ադրբեջանի բարգավաճման. «Եվրատեսիլ-2011-ը, մեր մարզիկների հաջողությունները միջազգային մրցաշարերում, այնպիսիների սխրագործությունը, ինչպիսին են Մուբարիզ Իբրահիմովը (դիվերսանտ, որը վնասազերծվել էր Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից տարածքում- Ա.Գ.) և Ռամիլ Սաֆարովը, երկրորդ շնչառություն հաղորդեցին ադրբեջանական հանրությանն ու ժողովրդին»։ Ստիպված ես ապշել, որ համաշխարհային հանրությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ ԽՎ-ն, որն այդքան զգայուն է արձագանքում Սերգեյ Մագնիտսկու մահվանը, հավուր պատշաճի գնահատական չտվեց ադրբեջանական իշխանությունների ըստ էության մարդասպաններին հերոսացնող նման հայտարարությանը։ Արդյո՞ք սա երկակի ստանդարտների դրսևորման հերթական վկայությունը չէ, ստանդարտներ, որոնք էլ, ըստ իս, հիմնականում մղում են ադրբեջանական առաջնորդներին՝ իրենց գործողություններով արյունահեղություն սադրել հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին։

Լուրջ անհանգստության և վրդովմունքի զգացողություն է առաջանում նաև այն ժամանակ, երբ, գնահատելով ադրբեջանական ընտրանու՝ խրախուսանքի արժանի առանձին գործողությունները, ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ հարգանքի արժանի քաղաքական և կրոնական գործիչները, չգիտես ինչու, աչք են փակում ադրբեջանական իշխանությունների ակնհայտորեն վտանգավոր, պատերազմի վերաճել սպառնացող գործողությունները, ավելին՝ իրենց անհիմն հայտարարություններով ու գնահատականներով մոլորության մեջ են գցում համաշխարհային հանրային կարծիքն ադրբեջանական իշխանությունների բուն էության մասին։ Այսպես, ս.թ. հունիսի 22-ին Հռոմում Սուրբ աթոռի և Հեյդար Ալիևի հիմնադրամի միջև ստորագրվեց «Երկկողմ համաձայնագիր Հռոմի Սուրբ Մարչելինո և Պիետրո կատակոմբների վերականգնման մասին»։ Համաձայնագրի ստորագրման արարողությունից առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ իտալական “Repubblica” թերթի թղթակիցը հարց ուղղեց Վատիկանի մշակույթի նախարարին՝ Սրբազան հնագիտության պապական հանձնաժողովի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին. «Հաշվի առնելով մահմեդական աշխարհի և քրիստոնեության միջև ներկայիս հարաբերությունները՝ կուզենայի իմանալ. կարելի՞ է արդյոք, ըստ ձեզ, մահմեդական այլ երկրներից նույնպիսի աջակցություն, օգնություն սպասել»։ Նորին սրբություն կարդինալ Ռավազին պատասխանել է. «Ձեր հարցի կապակցությամբ ուզում եմ նշել, որ Սուրբ գրքում ևս ազնիվ արարքները միշտ շատ կարևոր են համարվել, և ինչ վերաբերում է կաթոլիկ աշխարհին, ապա ես կասեի, որ եթե վերցնենք տասը մարդ մեր կրոնից և այլ կրոնի մեկ ներկայացուցիչ, ապա կտեսնենք, որ հենց նա է ավելի խնամքով վերաբերվում մեր ժառանգությանը, քան մեր հավատակիցները։ Ուստի, մենք այս վարմունքի համար խորին երախտագիտություն ենք հայտնում ադրբեջանական կողմին։ Որովհետև տեսնում ենք, որ ձեր ձեռնարկած (նկատի ունի Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային- Ա.Գ.) այս քայլը խորհրդանշական մեծ նշանակություն ունի։ Այս տարվա վերջին Սուրբ աթոռում ծրագրվում է կազմակերպել Ադրբեջանի հերթական ցուցահանդեսը։ Ինչ վերաբերում է ցուցահանդեսի անցկացման վայրին, ապա դա կլինի կամ Վատիկանի թանգարանը, կամ մեկ այլ նման տեղ»։ Կարդալով Նորին սրբազանության այս պատասխանը՝ ես մտովի ակամա տեղափոխվեցի 2005թ. դեկտեմբեր, երբ Քրիստոսի Սուրբ ծննդյան նախօրեին մոտ 100 ադրբեջանցի զինվոր, խուժելով Արաքսի ափին գտնվող Հին Ջուղայի (Ջուլֆա) հայկական գերեզմանատուն, ծանր տեխնիկա և մուրճեր կիրառելով ավերեցին ու փոշու կույտի վերածեցին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հայկական հանրահայտ խաչքարերը։ Հետագայում ադրբեջանցի քաջարի զինվորները մեքենաներով տեղափոխեցին երբեմնի այդ ուրույն քարե սիմֆոնիայի մնացորդները և լցրին Իրանին սահմանակից Արաքս գետը։ Այս բարբարոսությունը նկարահանվել է գետի հակառակ ափից՝ մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից և տարածվել ողջ աշխարհում։ Հետագայում Հին Ջուղայի գերեզմանատունը և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող խաչքարերն ամբողջովին հավասարեցվեցին հողին, իսկ այդ տարածքը վերածվեց հրաձգարանի։ Մինչ այդ ուխտադրժությունը և դրան նախորդած 2002թ. բարբարոսական ավերածությունը, 9-17-րդ դդ. մոտավորապես 10 հազար հայկական խաչքարեր կային Հին Ջուղա բնակավայրի մոտ։ Խաչի տեսքով այդ տապանաքարերն ու հյուսկեն զարդանախշերով խաչքարերը եզակի էին, դրանցից ոչ մեկն իր կրկնօրինակը չուներ։ Եվ այս համատեքստում պատվարժան կարդինալի երախտագիտության խոսքերն՝ ուղղված ադրբեջանական կողմին, ինձ հիշեցրին նաև ողջ հայության սրտին առանձնապես մոտ Նարեկավանքի՝ X դարի հսկայական եկեղեցական համալիրի ավերակների (Նարեկ գյուղի մոտ, Արևմտյան Հայաստանի Վանա լճի մերձակայքում) ճակատագրի մասին, որը XX դարի 60-ականներին պայթեցվեց Ադրբեջանի մերձավորագույն դաշնակցի ու միջազգային կազմակերպություններում նրա դատապաշտպանի՝ թուրքերի կողմից։

Այդ ժամանակ էլ պղծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու՝ Աստծոն և ողջ մարդկությանն ուղղված «Մատյան ողբերգության» անմահ պոեմն ստեղծողի գերեզմանը։ Գրիգոր Նարեկացին հայերի համար նույնն է, ինչ Սերաֆիմ Սարովսկին կամ Սերգեյ Ռադոնեժսկին՝ ռուսների, սուրբ Մարչելինոն կամ Պիետրոն՝ իտալացիների համար։ Հիշեցի նաև Առաքելոց վանքի (Սուրբ Առաքյալների վանքը Մուշում, Արևմտյան Հայաստան) ողբերգական ճակատագրի մասին, որի խորանում պահվում էին 12 առաքյալների մասունքները, ինչպես նաև այն գամերը, որոնցով գամվել էր Փրկիչը Խաչին, գեղարդը, որով խոցել էին Տիրոջը։ Բարբարոսները չէին խնայել նույնիսկ 1141թ. Սուրբ Առաքյալների վանքի տարածքում տեղադրված անասելի գեղեցիկ հուշ-խաչքարը՝ նվիրված V դարի հայ նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթին։ Նույն ճակատագրին է արժանացել նաև այն գերեզմանատունը, որտեղ թաղվել են հայ ժողովրդի անվանի զավակները՝ Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին և այլք։ Այսօր Նարեկավանքի երբեմնի եկեղեցական մեծ համալիրի փոխարեն կարելի է տեսնել վերջերս կառուցված մզկիթ, իսկ Գրիգոր Նարեկացու գերեզմանի տեղում փարախ է, որի ներսում էլ, փաստորեն, մնացել է նրա տապանաքարը։

Ամենևին էլ պատահական չէ, որ բերեցի այս փաստերը, քանի որ դրանք կօգնեն ԵԱՀԿ անդամ պետություններին, այդ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովին հասկանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատասեր հայ ժողովրդի կեցության քաղաքակրթական անհամատեղելիությունն Ադրբեջանի հետ մեկ պետության ներսում, որն իր հիմնական թշնամի է հայտարարել համաշխարհային հայությանը։ Կարծում եմ, եթե ԵԱՀԿ ԽՎ գալիք նստաշրջանում վերադառնան ղարաբաղյան կարգավորմանը, ապա միայն այն սկզբունքների պարտադիր հիշեցմամբ, որոնք դրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջերս Լոս Կաբոսում արված համատեղ Հայտարարության հիմքում, որտեղ հստակ արձանագրված է. «Մենք կոչ ենք անում նախագահներին՝ ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սզկբունքներով՝ մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքներով, ինչպես նաև 2009թ. Աքվիլայում և 2010թ. Մուսկոկում արված հայտարարություններում սահմանված կարգավորման տարրերով»: Կարծում եմ՝ ժամանակն է հասկանալ. միջազգային կազմակերպությունների (մանավանդ այնպիսի հեղինակավոր կազմակերպության, ինչպիսին է ԵԱՀԿ ԽՎ-ն) փաստաթղթերում այդ սկզբունքներից միայն մեկի, այն է՝ տարածքային ամբողջականության սկզբունքի  ցանկացած հիշատակում անպայման Ադրբեջանին մղում է հերթական արյունահեղության սանձազերծման Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմաններին։ Ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարության դիրքորոշմանը սույն հակամարտության հարցում, ապա այն հերթական անգամ հնչեցվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցների և սփյուռքահայ ներկայացուցիչների առջև 2011թ. օգոստոսին ունեցած ելույթում։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն ինքնորոշվել է ու ինքն է հիմա տնօրինում իր ճակատագիրը: Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինելու խնդիր ունի, ինչը վաղ թե ուշ, միևնույն է, լուծվելու է: Այլ հարց է, թե երբ, որովհետև ինչքան շուտ, այնքան ավելի լավ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի համար»,- հայտարարել է Հայաստանի նախագահը։

Եվ նորից ամենևին էլ պատահական չէ, որ անդրադարձա առանձին փաստերի, որոնք, իմ կարծիքով, բացահայտում են հայ-թուրքական հարաբերությունների առանձնահատկությունները, քանի որ դրանք անխզելիորեն կապված են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների հետ։ Վերցնենք թեկուզ Ալիևի այն հայտնությունը, թե (Ադրբեջանի) «հիմնական թշնամին համաշխարհային հայությունն է»։ Չէ՞ որ այն լիովին համահունչ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որն արել է 2010թ. մարտի 6-ին բրիտանական BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը պաշտոնական Անկարայի հակազդեցության մասին հարցին՝ նա հայտարարել է. «Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներն առաջանում են ոչ թե մեր, այլ հայկական կողմից։ Հայաստանը պետք է ընդունի կարևոր որոշում։ Արժե, որ Հայաստանն ազատվի սփյուռքի խնամակալությունից։ Եթե կան երկրներ, որոնք համակրում են Հայաստանին՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գլխավորությամբ, ապա նրանց անհրաժեշտ է ազատվել դրանից»։ «Իմ երկրում ապրում է 170 հազար հայ, նրանցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են,- շարունակել է Էրդողանը։- Վաղը, եթե հարկ լինի, այդ հարյուր հազարին, որոնց հիմա մենք տեղ ենք տալիս, ես կասեմ, որ լքեն մեր երկիրը։ Ես դա կանեմ, որովհետև նրանք մեր քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ նրանց պահել մեր երկրում»։ Եվ սա ասում է մի երկրի վարչապետը, որը ցանկանում է ներկայանալ որպես ժողովրդավարական փոփոխությունների ջատագով Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Մինչդեռ մենք գործ ունենք XX հարյուրամյակի սկզբի երիտթուրքերի քաղաքականության խնամքով քողարկված ռեցիդիվի հետ՝ դրա ժամանակակից մեկնաբանությամբ։ Կարելի է թուրքական ներկայիս իշխանությունների հայատյաց քաղաքականության այլ համոզիչ փաստեր էլ բերել։ Սակայն հույս ունեմ, որ ասվածը համաշխարհային հանրությանը պետք է վերստին ցույց տա հայ ժողովրդի և նախագահ Սերժ Սարգսյանի բարի կամքի խիստ բարձր աստիճանը, որը 2009թ. հոկտեմբերին ստորագրեց Ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին՝ առանց որևէ նախապայմանի, որոնք այդպես էլ չգիտակցվեցին պաշտոնական Անկարայի կողմից, որն այդ հարցերը շաղկապեց ադրբեջանա-թուրքական դեղատոմսերով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հետ, որոնց հիմքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է։ Արդյունքում՝ ունենք ամեն օր զոհվող երիտասարդներ՝ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի, որոնք դառնում են Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ քաղաքականության զոհը։ Իսկ այդ քաղաքականությունը սնվում է, կրկնում եմ, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների կողմից երկակի ստանդարտների կիրառումից։ Իսկ երկակի ստանդարտները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում պատերազմի սադրանք են նշանակում։

Последние видеоматериалы

Новые книги