«ՈՐՈՇ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆ ՀԱՐԹՈՒՄ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

26.09.2003

Հետևում մնացին ԱԺ առաջին երկու եռօրյաները: Հակառակ քաղաքական գործիչների կանխատեսումների, գործընթացները խորհրդարանում շատ խաղաղ էին: Լրատվամիջոցներն ու հանրությունն էլ կատակեցին, թե սկսվել է ընդդիմության և կոալիցիայի մեղրամիսը: Որքա՞ն կտևի այն:

- Սկզբից ևեթ ասեմ, որ «քաղաքական թեժ աշնան» գաղափարն ասպարեզ է իջեցրել հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը,- ասում է ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

- Նպատա՞կը:

- Դրանից ժողովուրդը ոգևորվում է, սին հույսեր փայփայում, իսկ քաղաքական աշունը «թեժ»  չլինելու պարագայում ընդդիմությունը վարկաբեկվում է: Եզրակացությունը լինում է այն, որ սրանց դեմ խաղ չկա, պետք է համակերպվենք (ինչպես տարածում են որոշ լրատվամիջոցներ՝ թերթերի խմբագիրներ ու հեռուստալրագրողներ): Իսկ ընդհանրապես ամեն ինչ շատ պրիմիտիվ է (ինչպես հեղինակները): ԱԺ-ում վարչակազմն ունի 106 ձայն, ընդդիմությունը լավագույն դեպքում՝ 25: Վերջիններս խոսում են հիմնավոր, թեժացնում իրավիճակը, իսկ քվեարկությամբ ոչ մի որոշում չի անցնում, ինչպես դա եղավ ԶԼՄ-ների, ավանդների վերադարձման և մի շարք այլ օրենքների հետ: Միայն ձայների մեծամասնությունը չի կարող արդարության չափանիշ դառնալ: Իսկ Քոչարյան-Սարգսյան քաղաքական զույգն ասում է, թե մեզ մոտ դեմոկրատիա է, թե ընդդիմությունն ինչ ուզում ասում է, բայց ժողովուրդը՝ ի դեմս ԱԺ-ում ներկայացված պատգամավորների մեծամասնության, դեմ է այդ հարցադրումներին և օրենքների նախագծերին: Ահա այդպես, վերջ կոմեդիային... Ժողովուրդը հիասթափվում է հերթական անգամ:

- Եվ էլի որքա՞ն է շարունակվելու հիասթափությունների շղթան, ի վերջո, ո՞րն է լինելու մեր երկրի, մեր ժողովրդի ճակատագիրը:

- Պետությունը, որը մի հոգու վրա է հենված, դատապարտված է կործանման: Իհարկե, օրենքի իշխանությունը գերադասելի է ցանկացած անհատի իշխանությունից: Մեզ մոտ, սակայն, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը փոխարինում է իշխանության թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե՛ դատական թևերին: Հայտնի ասացվածքը՝ «Ավելի լավ է գործ ունենալ մի այլ Աստված ունեցող անձի հետ, քան այնպիսի մարդու, որն ընդհանրապես Աստված չունի», վերաբերում է հիշատակածս անձանց: Այդ զույգը նման է այն «ճարպիկ գողին», որին հաջողվում է կախել տալ իր իսկ կողմից կողոպտվածին:

- Որքան կռահում եմ, ակնարկում եք պերմանենտ ընտրությունների շղթան:

- Այո՛, որովհետև ժողովրդավարության ողջ հանդիսակարգը, նրա թագն ու պսակն ընտրություններն են: Վախի, շանտաժի, սնանկացման վտանգի և ահաբեկչության շնորհիվ Քոչարյանին ու Սարգսյանին հաջողվեց 2003թ. փետրվարի 19-ին բոլոր բիզնեսմեններին, պետական ապարատի, ոստիկանության, դատախազության, հարկային, ազգային անվտանգության և այլ ոլորտների աշխատողներին ստիպել՝ իրենց խղճին և համոզմունքներին հակառակ զանգվածային ընտրախախտումներ կատարել և Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ոչ լեգիտիմ նախագահ դարձնել: Ժողովրդական իմաստնությունն ասում է՝ լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել: Անկասկած է, մարդիկ, ովքեր ստիպված են եղել ապօրինություններ կատարել, երբեք չեն ներելու Ռոբերտ Քոչարյանին: Նրանք իրենց հոգու հանգստության, հարազատների, զավակների ապագայի համար կըմբոստանան իրենք իրենց ու այն մարդկանց դեմ, ում դրդմամբ կատարել են այդ քայլը:

- Նաև ա՞յդ իրողությամբ բացատրենք ընտրություններից անմիջապես հետո թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս սկիզբ առած սպանությունների շղթան:

- Սենեկայի՝ «որոշ հանցագործություններ ճանապարհ են հարթում այլ հանցագործությունների համար», եզրահանգմամբ նաև կարելի է մեկնաբանել կատարված սպանություններն ու սպանության փորձերը: Նման իրավիճակը երկրում դեռ կպահպանվի, որովհետև, այսպես կոչված, «հաղթող»  կողմում տիրում է անբավարարվածության ու անվստահության մթնոլորտ՝ առաջին հերթին միմյանց նկատմամբ: Ժողովրդի ճակատագրի առնչությամբ տված Ձեր հարցին կպատասխանեմ Նժդեհի հետևյալ խոսքերով. «Զինակցում են միայն քաջարի և արժանապատվության մեծ զգացում ունեցող ժողովուրդների հետ, այլ ո՛չ մուրացկանների, ո՛չ վախկոտների»:

- Հետևապես մեզ համար, որ դարձել ենք մուրացկանների ու վախկոտների հոծ զանգված, ո՞րն է լինելու ելքը:

- Եթե հիշում եք, 98-ին դեռևս Քոչարյանի նախագահի թեկնածու առաջադրվելու հիմնական կարգախոսն այն էր, թե միայն ինքը կարող է հայանպաստ լուծում տալ Արցախի հիմնախնդրին և պատասխանատվություն վերցնել այդ հարցում: Հիշեցնեմ, որ հենց այդ կարգախոսով էլ գահընկեց արվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Ուրեմն, հարկ է դիմել պարոն Քոչարյանին ու ասել՝ Ձեր խոստման համաձայն լուծեք այդ հարցն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում և հեռացեք նախագահ-բռնապետի պաշտոնից, առանց մտքով իսկ անցկացնելու, որ կարող եք այդ պաշտոնը հանձնել Սերժ Սարգսյանին, քանի որ, պարոն Քոչարյան, նույն սցենարով ժողովրդին երկրորդ անգամ խաբել չի հաջողվի, չենք թողնի: Հիշենք Չերչիլի խոսքերը. «Բռնապետներն ընթանում են վագրերի վրա նստած՝ վախենալով իջնել նրանց վրայից: Իսկ վագրերն այդ ժամանակ սկսում են սովածանալ»...

- Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ԱՄ-ն հայտարարեց, թե նախաձեռնում է ստորագրահավաք՝ Քոչարյանի վստահության քվե անցկացնելու նկատառումով: Ուժի մե՞ջ է Ձեր այդ նախաձեռնությունը:

- Եթե հիշում եք, ՍԴ որոշումը հանրաքվեի առնչությամբ պետք է դրվեր ԱԺ քննարկմանը, որից հետո երկրի օրենսդիր մարմինը որոշում պետք է ընդուներ: Մենք դյուրահավատ չենք, չենք կարծում, թե այդ որոշումը կանցնի (ինչի մասին հայտարարել ենք ՍԴ որոշումից անմիջապես հետո): Այժմ էլ այդ կարծիքին ենք: Բայց մինչև օրենսդրորեն սահմանված վերջակետը չդրվի, ստորագրահավաքը դառնում է անիմաստ:

- Ըստ Ձեզ, այդ խնդիրը ԱԺ-ն ո՞ր ժամանակահատվածում քննարկման նյութ կդարձնի:

- Մեզնից որ կախված լինի, որքան շուտ, այնքան լավ: Բայց լավ պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը կանի ամեն ինչ, որպեսզի կա՛մ չքննարկվի հարցը, կա՛մ էլ ձայների մեծամասնությամբ տապալվի: Երկու դեպքում էլ մենք գիտենք մեր հետագա անելիքները:

- Դուք հանդես գալո՞ւ եք համապատասխան նախաձեռնությամբ:

- Նախաձեռնությունը վերցրել է «Արդարություն»  դաշինքը, իսկ մենք ողջ կազմով պաշտպանելու ենք, մեզ համար կարևորը վերջնական արդյունքն է:

- Ի դեպ, ճի՞շտ են առաջին եռօրյայից հետո ասպարեզ իջած այն պնդումները, թե սեպ է խրվել ընդդիմադիր երկու հատվածների միջև, ու խորացել են հակասությունները:

- Ոչ մի սեպ էլ չի խրվել: Իսկ ո՞վ է ասել, թե ընդդիմադիր կամ իշխանամետ դաշտում գտնվող ուժերը միակարծիք պետք է լինեն տարբեր հարցերի վերաբերյալ: Ըստ իս, ամենակարևոր՝ իշխանափոխության հարցում մենք նույն հարթության վրա ենք, իսկ ինչ վերաբերում է տարբեր հարցերի նկատմամբ մոտեցումներին, ապա կարող ենք ունենալ տարբեր դիրքորոշումներ:

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ չի միավորվում ընդդիմադիր դաշտը:

- Համախմբում կամ միավորում լինում է միայն գաղափարների և կայացած լիդերների շուրջ: Այնպիսի մարդկանց շուրջ, ովքեր ունեն անցած ուղի, գիտելիքներ, աշխատանքային փորձ, ժողովրդականություն, ազնվություն, անձնական ծրագիր, վերջապես, համապատասխան տարիք, որովհետև կան ճշմարտություններ, որոնց հասու են դառնում որոշակի տարիքում միայն:

- Չե՞ք կարծում, որ կան նաև այլ չափանիշեր ու որակներ:

- Համամիտ եմ, կան նաև այլ «գրավիչ»  որակներ ու չափանիշեր, բայց դրանք բավարար չեն երկրի ապագա ղեկավար ընտրվելու համար: Ոչ ոք ատամը բուժելու համար պրոկտոլոգի մոտ չի գնում: Հին հույն մտածողը ճիշտ է նկատել. «Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի մեծ բարեկամ է»: Չի կարելի մի ամբողջ ժողովրդի բախտ տնօրինել, այսինքն՝ մեծ քաղաքականություն վարել «փոքր»  մարդկանց միջոցով: Ի վերջո, քաղաքական-պետական գործչի ուղեղը, պատկերավոր ասած, պետք է գտնվի սեփական գլխում: Կրկին ուզում եմ հիշեցնել բոլորին. մեր ժողովուրդն արդեն ընտրել է իր ապագա նախագահին՝ Արտաշես Գեղամյանին: Ուղղակի հարկավոր է թողնել բոլոր ամբիցիաները, միաբանվել Գեղամյանի շուրջ և որքան շուտ, այնքան լավ, քանի որ երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվության գործում ընդունելի չեն անձնական համակրանքներն ու հակակրանքները:

- Հետևապես, ի՞նչ եք առաջարկում:

- Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օր առաջ ձերբազատվենք այս իշխանություններից:

- Կներեք, բայց ընդդիմությունը տևական ժամանակահատված է խոսում է այդ մասին, սակայն չի ուղենշում հարցը լուծելու հիմնական մեխանիզմները:

- Առայժմ մենք շարժվում ենք սահմանադրական ճանապարհով: Նրանք մեր դեմ գործում են հակաօրինական միջոցներով՝ ցանկանալով մեզ քաշել այդ դաշտ, որովհետև նախապատրաստվել են տարբեր ծուղակներ: Մենք շատ լավ ենք հասկանում մեր դեմ ծառացած խնդիրների դժվարությունները, բայց նաև լավ ենք գիտակցում, որ չպայքարելը նշանակում է ոչնչանալ բարոյապես: Ինչը հետագայում վերականգնելը շատ ավելի դժվար կլինի: Եթե մեր յուրաքանչյուր ակցիան անհաջողության մատնվի, միևնույն է, հաջորդ օրը մենք վեր կկենանք ու նորից կսկսենք պայքարը... Մինչև այդ ապազգային իշխանություններին հեռացնելը:

- Ըստ իս, ընդդիմադիր հատվածի «աքիլլեսյան գարշապարը» հենց այն է, որ փորձում է պայքարել սահմանադրական ճանապարհով՝ իմանալով հանդերձ, որ հակառակորդն իր դեմ գործում է հակաօրինական բոլոր միջոցներով:

- Հասկանում եմ, բայց նկատի ունենանք, որ նրանք իրենց անօրինական պայքարում օգտագործում են օրենքը: Երկրի պետական և դատաիրավական ողջ համակարգը պայքարում է մեր դեմ: Մեր անօրինական դաշտ մտնելը նրանք կշահարկեն օրենքի անունից: Պայքարի ուղիներ շատ կան՝ և՛ օրինական, և՛... Եվ մենք դրանց պատրաստվում ենք: Ուղղակի ամեն ինչ պետք է անել իր ժամանակին և հակառակորդի համար անսպասելի ձևով: Կարևորն այն է, որ ժողովուրդը մեզ հետ է, իսկ մենք՝ ժողովրդի:

Զրուցեց ՓԻՐՈՒԶԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Последние видеоматериалы

Новые книги