«ԻՐԱՔՈՒՄ ՄԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ Է ՏԵՂԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»,- ՎՍՏԱՀ Է ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

21.01.2005

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը օրերս կատարած իր աղմկալի հայտարարությամբ «օգնեց» հայաստանյան քաղաքական դաշտին դուրս գալու ամանորյա տրամադրություններից և խումհարից: Այս օրերին գրեթե բոլորն ակտիվորեն քննարկում ու դատապարտում են այդ հայտարարությունը: «Իրավունքի» հերթական զրուցակիցը՝ ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, ևս կարծիք է հայտնում Էլիզաբեթ Ջոնսի արտահայտությունների վերաբերյալ:

- Ի տարբերություն Հայաստանում արմատավորված արատավոր ավանդույթի, ըստ որի, երբ տեղի է ունենում իշխանափոխություն, նորելուկ իշխանավորները անմիջապես հայտարարում են արտաքին քաղաքականության արմատական փոփոխության մասին (հիշենք ԼՂՀ-ի հիմնահարցի փուլային և փաթեթային հնարավոր լուծումների հարցը), ամերիկյան վարչակազմում, անկախ նրանից՝ հանրապետականներն են իշխանության, թե ժողովրդավարականները, արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունը մնում է անփոփոխ: Առավել ևս այժմ, երբ ԱՄՆ նախագահական ընտրություննրի արդյունքում վերընտրվել է Ջորջ Բուշ կրտսերը, ավելին՝ իր գլխավորած Հանրապետական կուսակցությունը վերջին ընտրությունների արդյունքում թե՛ ներկայացուցիչների պալատում և թե՛ սենատում ապահովել է իր մեծամասնությունը: Ուստի, Էլիզաբեթ Ջոնսի մեկնաբանությունները տրված «Moskow Taimes»  թերթին պետք է միայն և միայն վերլուծել նախկին խորհրդային տարածաշրջանում չկարգավորված հակամարտություններին ԱՄՆ-ի դիրքորոշումների տեսանկյունից:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Դա հեռու գնացող, չափազանց լուրջ հայտարարություն է, որը մտածելու տեղիք պետք է տա բոլորիս: Ամենևին էլ պատահական չէ, որ այդ հայտարարությունն արվեց ճիշտ այն ժամանակ, երբ նախագահ Բուշը ամերիկյան հայտնի հեռուստակայանին տված իր վերջին հարցազրույցում չբացառեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ կարելի է կիրառել նաև ոչ դիվանագիտական գործողություններ, եթե Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրերից: Ինչո՞ւ հիշատակեցի Իրանը:

- Ինչո՞ւ:

- Եթե մենք ուշադիր վերլուծենք հնարավոր զարգացումները, ակնհայտ է դառնում, որ 21-րդ դարում աշխարհում իշխող դերակատարում կունենան այն երկրներն ու պետությունները, որոնք տիրում են էներգակիրներին, այսինքն՝ նավթային պաշարներին: Իրաքում ժողովրդավարություն իրականացնելուց հետո ԱՄՆ-ն փաստացի իր դաշնակիցների հետ վերահսկելու են Պարսից ծոցի նավթային հարստությունները, դրանով իսկ բացառելով նավթի վաճառքից ստացվելիք եկամուտների արտահոսքը դեպի միջազգային ահաբեկչության կենտրոնները: Եվ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար հրապարակում են, թե ահաբեկիչների որոշակի խմբավորումներ աջակցություն են ստանում Իրանից, պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ողջ ներուժն ուղղված է Իրանի սահմանների տրամագծով անվտանգության գոտի ստեղծելուն: Եթե արևմտյան սահմանը Թուրքիան և Իրաքն են, իսկ արևելյանը՝ Աֆղանստանը և Պակիստանը, ապա մնում է միայն հյուսիսային սահմանը, որը չի վերահսկվում ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ ճիշտ այն սահմանը, որը Իրանն ունի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի հետ: Այդ սահմանագծի որոշ մասում այսօր գտնվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության հայկական զորամիավորումները: Այնպես որ, այդ սահմանը ևս վերահսկելի դարձնելու նպատակով, ԱՄՆ-ը, բնականաբար, կձեռնարկի համապատասխան գործողություններ: Նման եզրակացության ենք հանգում, երբ համակողմանի վերլուծության ենք ենթարկում հեղինակավոր աշխարհաքաղաքագետների հրապարակումները:

- Գործողություններ ասելով նկատի ունեք այնպիսիք, ինչպիսիք տեղի ունեցան Իրաքո՞ւմ:

- Կարծում եմ, պարզապես իրենք խնդիր են դրել հայ-իրանական և ադրբեջանա-իրանական սահմանների վերահսկելիությունը ամրապնդել: Իսկ թե ի՞նչ եղանակով, ահա այստեղ է հարցի մեխը: Հետևաբար, Էլիզաբեթ Ջոնսի մեկնաբանությունները պետք է գնահատենք տարածաշրջանային խնդիրներին ԱՄՆ-ի որդեգրած մոտեցումներով: Ըստ որի, Իրանի հյուսիսային սահմաններում պետք է ստեղծվի վերահսկելիության գոտի, որն այսօր, ըստ ամերիկյան արտաքին գերատեսչության, այնտեղ բացակայում է: Այսինքն՝ Զանգելանում, Ֆիզուլիում, Ջեբրաիլում պետք է համապատասխանաբար լինեն այնպիսի երաշխիքներ, որոնք անհնար կդարձնեն տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման պայմաններում ռազմական գործողությունների ծավալումը այդ հատվածում: Հիշենք նաև, որ հյուսիսային Իրանում իրանական Ադրբեջանն է, որը հայկական պատմական Ատրպատականն է, ուր տարբեր տվյալների համաձայն բնակվում են 17-25 մլն էթնիկ ադրբեջանցիներ, որոնց շրջանում պարբերաբար անջատողական նկրտումներ են հասունանում, որոնք խստագույնս ճնշվում են Իրանի իշխանությունների կողմից: Չմոռանանք նաև նշել, որ Քոլին Փաուելի Իլհամ Ալիևին ուղղված նամակում վերահաստատվեց, որ ԱՄՆ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եթե այս ամենը զուգակցում ենք, չի բացառվում, որ իրանական սահմանում կայուն գոտի ստեղծելու համար ԱՄՆ-ը Ադրբեջանի կառավարության խնդրանքով որոշ զորամիավորումներ կարող է տեղակայել այնտեղ: Այդ պարագայում արդեն ՀՀ-ն ոչ մի լծակ չի ունենա իր բարեկամ, արդեն իսկ հակաահաբեկչական դաշինքով դաշնակից ԱՄՆ-ին հանդիմանելու: Ինձ ցավ է պատճառում այն, որ փոխանակ այս խորքային զարգացումները կանխագուշակելուն՝ իշխանությունները Հայաստանի և Արցախի անվտանգությանը նպաստող նախաձեռնություններով հանդես գալու փոխարեն՝ ուղղորդում են մանկամիտ, զգացմունքային հայտարարությունների ընդունումը:

- Հայաստանի իշխանություններն այսօր իրենց, ինչպես ասում են, «քցված» են զգում: Եվ հաշվի առնելով քաղաքական այն վերլուծությունները, թե «Ազգային Միաբանությունը» պրոամերիկյան ուղղվածություն ունի, հետաքրքիր է, դուք և՞ս նման զգացում ունեք:

- Խորապես ափսոսում եմ, որ քաղաքական վերլուծությունների շրջանակներում օգտագործվում են այնպիսի բառեր, որոնք ներհատուկ են բազարին, երբ դրամաշորթությամբ զբաղվող անձինք միմյանց հետ հաշիվներ են պարզում «քցված» լինելու առումով: Խնդիրը հետևյալն է. տեղի՞ն էր Իրաք զորախումբ ուղարկելը, թե ոչ: Իհարկե, տեղին էր: Իհարկե, դա հնարավորություն ընձեռեց արդեն նույն ԱՄՆ-ի հետ քննարկումներ կատարել որպես գործընկեր երկիր և ոչ թե երկիր, որը խուսափում է իր թեկուզ փոքր լուման ներդնել հակաահաբեկչության պայքարի շնորհակալ, բայց դժվարին գործում: Դեռևս 4 ամիս առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը, երբ հանդիպեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ, ասաց, որ Ռուսաստանը մտահոգվելու առիթ չունի առ այն, որ մերձբալթյան հանրապետությունները անդամակցեցին ՆԱՏՕ-ին: Քանի որ հետխորհրդային տարածաշրջանում ԱՄՆ-ի համար առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում հնարավոր զարգացումները մասնավորապես Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ավելին, ասվել է նաև, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով Ադրբեջանում տեղակայվելու են ՆԱՏՕ-ի մոբիլ արձագանքման ստորաբաժանումներ: Բնականաբար, երբ այս ամենի մասին դեռ ամիսներ առաջ ասում էի իմ հրապարակային ելույթներում, որոնք, բարեբախտաբար, տպագրվել են հենց Ձեր թերթում, փոխանակ իշխանությունները լրջորեն մտածեին, որ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ դրսևորելու է այս հարցերում հետևողականություն, չգիտես ինչու, ինձ անգամ զրկեցին այդ կարևոր հարցի շուրջ հեռուստատեսային ելույթից: Ինչ վերաբերում է «Ազգային Միաբանություն կուսակցության»  ամերիկամետությանը, ռուսամետությանը կամ եվրոպակենտրոնամետությանը, ապա նման գնահատական տվողները աշխարհաքաղաքականությունից այնքան հեռու են, որքան, ինչպես կասեին երևանցիները, «խոզը տուռնիկից»: Իսկ լրջմիտ քաղաքական վերլուծաբանները կարող են ընդամենն արձանագրել, որ մեր կուսակցությունը ընդգծված հայամետ քաղաքական կուսակցություն է, որը ճշգրիտ տալիս է հնարավոր զարգացումների հետևանքները, ինչի ականատեսն ենք թեկուզ այս հարցում:

- Դուք քննադատեցիք ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Հետաքրքիր է, ինչպիսի՞ վերաբերմունք ունեք ներքաղաքական, մասնավորապես կադրային հարցերի և հայտարարված ստվերի դեմ պայքարի տարվա առնչությամբ:

- Քաղաքագիտության մեջ կա ընդունված տեսակետ, ըստ որի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Ինչպիսի իրավիճակային լուծումներ են իրականացնում արտաքին քաղաքականության ոլորտում, այդպիսիք էլ փորձում են, որպես մեծագույն նորամուծություն, իրականացնել ներքին քաղաքականության մեջ: Այդ մոտեցումը արմատապես պիտի փոխվի: Այն է՝ պիտի ձևակերպվեն երկրի առջև ծառացած ներքին և արտաքին գերխնդիրները, այնուհետև առաջարկվեն դրանց լուծման ալտերնատիվ ճանապարհները, հասնեն այն բանին, որ վերջիններիս լուծումը դառնա հանրության կողմից ընդունելի, իր սեփական խնդիրը: Որից հետո պարզ կդառնա, թե ինչ գիտելիքների, կենսափորձի և բարոյական նկարագիր ունեցող մարդիկ են ի զորու այդ խնդիրները կյանքի կոչել անկախ կուսակցական պատկանելիությունից: Եթե սա չի արվում, ապա երկրի առաջ ծառացած ցանկացած հարցի առկայության պայմաններում կհայտնվենք այն իրավիճակում, որը բնութագրվում է հայտնի կատակերգության վերնագրով՝ «Մեծ աղմուկ՝ ոչնչից»:

-Պրն Գեղամյան, քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում, որ ընդդիմությունն ամեն կերպ ջանում է վերդառնալ խորհրդարան ու դրա համար առիթներ է փնտրում:

- Հարցի մեջ կա ապատեղեկատվություն: Խնդիրներ կան, որոնք վերաբերում են երկրի բախտին, ճակատագրին և ունեն շրջադարձային նշանակություն հեռանկարային զարգացումների համար: Առնվազն անսկզբունքայնության դրսևորում կլինի այդօրինակ օրենքների նախագծերի քննարկման ժամանակ բարձրաձայն տեսակետ չհայտնելը:

- Այդ դեպքում, ի՞նչ իմաստ ունի մյուս նիստերի բոյկոտը:

- Քանիցս անդրադարձել ենք այդ հարցին. բոյկոտը մեզ համար երբևէ ինքնանպատակ չի եղել: Այդ մասին բազմիցս ասվել է նաև Ձեր թերթում:

- Աչքի առաջ ունենալով Իրաքի հարցի շուրջ ընդդիմության իրար չհամընկնող տեսակետները, կարո՞ղ ենք արձանագրել, որ սկզբունքային հարցերում ընդդիմությունը դեռևս չի կարող միասնական տեսակետ հայտնել:

- Հարցերը բազմերանգ են և բազմահնչյուն: Իրաքի հարցում մեր տեսակետները արտահատվել են իմ ելույթներում: Համոզիչ հակափաստարկներ իմ կողմից բարձրացված հարցադրումների նկատմամբ մենք դեռ չենք արձանագրել: Այո՛, եղել են հասկանալի զգացմունքային գնահատականներ:

- Ո՞ւմ կողմից:

- Քաղաքական տարբեր ուժերի, ինչը միանգամայն ընդունելի է, քանի որ բոլորս՝ թե՛ իշխանությունները և թե՛ ընդդիմությունը միասնական են, որպեսզի ապահովվի թե մեր զորախմբի և թե սփյուռքահայության (լինի դա Իրաքում, Մերձավոր Արևելքում, թե այլուր) անվտանգությունը: Եթե հայության անվտանգության երաշխիքները ոմանք տեսնում են Իրաք զորախումբ չուղարկելու մեջ, մենք ճիշտ հակառակ կարծիքն ունենք: Այնտեղ մեր ռազմական թեկուզ սահմանափակ առկայությունը մեծ անվտանգության երաշխիքներ է ապահովում տեղի հայության համար: Պատահական չէր, որ ԱԺ-ում իմ ելույթում ասացի, որ եթե Իրաքում այսօր, երբ դեռ հայկական զորախումբ չկա այնտեղ, Աստված մի արասցե որևէ հայի մի բան պատահի, ինչպես ենք սատարելու նրանց՝ «Հայլուրի»  բողոքներո՞վ, թե՞ թերթերի հրապարակումներով: Իսկ եթե այնտեղ զորախումբ կա, բնականաբար, ընկալումներն այլ են լինելու՝ հօգուտ հայերիս անվտանգության:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

Последние видеоматериалы

Новые книги