ՑԵՂԻ ՍԻՐՏԸ

22-28.04.2005

ՁԵՐ ԽՈՆԱՐՀԱԲԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆՆ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԴՈՒՔ … ՉԵՔ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային Միաբանություն կուսակցությունը», ընդառաջ գնալով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի իր տասնյակ հազարավոր համակիրների խնդրանքներին, ձեռնամուխ էր եղել Եղեռնի 90-ամյա տարելիցին նվիրված «Ցեղի սիրտը»  վավերագրական ֆիլմի ստեղծմանը: Օրերս մեր հայրենակիցները ԱՄՆ-ում հնարավորություն կունենան դիտելու այն: Ցավոք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն չեն ունենա դիտելու այն, քանի որ «Ազգային Միաբանություն կուսակցության»  ցանկացած միջոցառման, կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի ելույթների հեռարձակման վրա իշխանությունների կողմից արգելանք է դրված:

Ձեզ ենք ներկայացնում ֆիլմում հնչած Արտաշես Գեղամյանի խոսքի շարադրանքը:

Սիրելի հարազատներ, բարեկամներ, հեռավոր օվկիանոսի ափին ինձ ունկնդրողներ. մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց եղեռնի 90-ամյակը: Այս օրերին, բնականաբար, յուրաքանչյուրս փորձում է վերհիշել այն տառապանքները, տանջանքները, մեծագույն այն ողբերգությունը, որը բաժին ընկավ մեր ժողովրդին: Այդ ամենն առանց սահմռկեցուցիչ զգացմունքի վերապրել հնարավոր չէ, եթե սիրտ ունես և դրա փոխարեն քար ու ապառաժ չէ:

Բայց նաև մտածում ես՝ 21-րդ դարում ի՞նչ քաղաքականություն որդեգրես, ի՞նչ արժեքներ դավանես, որ քո ցավը, քո հոգու ճիչը, վիշտը հասկանալի լինի աշխարհին, նրա հզորներին, և ոչ թե փորձես խղճահարություն առաջացնել նրանց մոտ, այլ ցասում՝ արդարություն հաստատելու գործում: Ակամայից այդ մտորումներն ինձ տարան, հասցրեցին Վատիկան, ուր Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդի հուղարկավորության արարողություններն էին: Ասես, համայն մարդկությունն էր սգում այդ կորուստը: Հրեաները ցավակցում էին կաթոլիկ Հռոմին, ցավակցում էին, որովհետև Հռոմի պապը համարձակություն և լայնախոհություն ունեցավ Երուսաղեմում ներողամտություն հայցել հրեաներից ֆաշիստական Գերմանիայի իրականացրած ջարդերի համար, հոլոքոստի համար, որի հեղինակները նաև կաթոլիցիզմ դավանողներ էին՝ կաթոլիկներ: Սգում էր Պաղեստինը, արաբական, իսլամական աշխարհը, որովհետև Պապը համարձակություն, քաղաքացիական արիություն և վիթխարի հեռատեսություն դրսևորեց՝ այցելելով Դամասկոսի Օմեյադների մզկիթը, իսլամական սրբավայրերը, դասախոսությամբ հանդես գալով Կահիրեի Ալ-Ազխար իսլամական համալսարանում: Սգում էր ուղղափառ աշխարհը, հունական և ռուսական ուղղափառ եկեղեցիները, որովհետև 2004թ. Հռոմի պապը հայցեց հունական ուղղափառ եկեղեցու պատրիարքի ներողամտությունն այն բանի համար, որ սրանից 802 տարի առաջ՝ 1203թ., կաթոլիկ- խաչակիրները ավերածություններ էին արել ուղղափառ եկեղեցու սրբավայրերում՝ Կոստանդնուպոլսում: Իր կարեկցանքն արտահայտեց նաև հայ առաքելական եկեղեցին: Որովհետև բոլորիս հիշողության մեջ վառ էր, երբ Շառլ Ազնավուրի աստվածային «Ավե Մարիայի»  հնչյունների ներքո Հովհաննես Պողոս երկրորդը Ծիծեռնակաբերդում ծնկի եկած աղոթեց 1915թ. Եղեռնի անմեղ զոհերի համար:

Ի վերջո, այս մեծ մարդու արածն ի՞նչ էր: Մեր Արարչին հետևելու իր անձնազոհ պատրաստակամությամբ, իր հայտնի «Mea Culpa»-«Իմ մեղքը»  ինքնախոստովանություն- ապաշխարանքով, ասես թե, համայն աշխարհի մեծերին բարոյականության դասեր տվեց:

Միթե՞ այս մոտեցումները չեն այն բանալին, որով պետք է բացվեն աշխարհի մարդկանց հոգիները Հայոց եղեռնի ճանաչման դժվարին ճանապարհին: Մեր քաղաքականության առանցքը, իմաստը պետք է պայմանավորված լինի համամարդկային հենց այս մոտեցումները դավանելով, և ոչ թե անվերջ անպտուղ բանավեճերի կազմակերպմամբ: Ոչ, մենք պետք է կարողանանք, Հռոմի պապի օրինակով, աշխարհին հասկացնել և նրան լսելի դարձնել հետևյալը. եթե Դուք, իրոք, ուզում եք Տիրոջ կողմից կանչված լինել, կանչված լինել ոչ թե դժոխք, այլ դրախտ, ապա պետք է մեղքերի թողություն աղերսեք: Եվ դա պետք է անի ոչ թե Թուրքիան, ոչ, այլ աշխարհի այն մեծ տերությունները, որոնց անտարբեր պահվածքի պայմաններում հնարավոր դարձավ իրագործել մարդկության պատմության մեջ ամենամեծ ու սոսկալի ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը: Ահա թե ինչու մեր խոսքն առաջին հերթին պետք է ուղղված լինի աշխարհիս հզոր պետություններին: Նրանց պետք է ասենք, որ Ձեր խոնարհաբար մասնակցությունը Հռոմի պապի հուղարկավորությանն ոչ այլ ինչ էր, քան երեսպաշտություն, եթե Դուք այդպես էլ չեք ամոքել մի ամբողջ ազգի վիշտ՝ Ձեր ձեռքին ունենալով բոլոր հնարավորությունները չեք պարտադրել Թուրքիային ճանաչելու 20-րդ դարի մեծագույն ողբերգությունը: Մինչդեռ Եվրոպան և, համոզված եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում են ցեղասպանությունը: Վերջինիս վկայությունն է, որ ԱՄՆ-ի 37 նահանգ պաշտոնապես ճանաչել է Հայոց եղեռնը:

Ակամայից միտքս եկավ ուշագրավ մի դեպք. հանգամանքի բերումով անցյալ տարի մասնակցեցի հարսանյաց արարողության: Ամուսնացողը հարազատներիցս էր՝ հայ, մեր առաքելական եկեղեցու դավանանքը կրող մի սքանչելի երիտասարդ՝ Մյունխենում պաշտպանած գիտությունների դոկտոր: Աղջիկը կաթոլիկ իսպանուհի էր: Երբ գնացել էինք խոսք ուզելու, իսկ Դուք գիտեք, որ Իսպանիան կաթոլիկ երկրներից ամենաաչքի ընկնողներից է, մեղավոր հայացքով ալեհեր տարեց մի մարդ, որը, ինչպես պարզվեց, ճանաչված և հարգված մեծահարուստ անձ էր, բնականաբար, իսպանացի, ասաց՝ ես չեմ կարողանում նայել Ձեր աչքերին, հայերիդ աչքերի մեջ: Բոլորս զարմացած հարցական հայացքներ ուղղեցինք այդ համակրելի մարդուն: Եվ, ասես, լուսավորվեց նա, ասաց՝ ես առիթ էի փնտրում հայերից ներողություն խնդրելու, հայերի ներողամտությունը հայցելու: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ և ո՞րն է պատճառը. դեռ 115թ., այո, ես չսխալվեցի, 1900 տարի առաջ իսպանական ծագում ունեցող հռոմեական հայտնի կայսր Նեռվա Տրայանը պատերազմել էր Հայաստանում և արշավանքների ժամանակ թափվել էր անմեղ հայերի արյուն: 19 դար անց, իսպանացի այդ կաբալեռոն ներողություն էր հայցում, իսպանացի այդ տարեց մարդը, ասես, իր ապաշխարանքով հավասարվեց Հռոմի պապին, որովհետև դարեր առաջ իր ցեղակցի կատարած, հանցանք էլ ասել չի կարելի, արշավանքի համար էր ներողամտություն հայցում: Դա էլ այն դեպքում, երբ հենց այդ նույն կայսր Տրայանը պատերազմական այդ նույն գործողություններից հետո շինարարական ծավալուն աշխատանքներ էր կատարել հին Հայաստանում: Այդ մասին սեպագիր արձանագրությունը, որպես պատմական վկայագիր, մինչ օրս խնամքով պահպանվում է Հայաստանում: Քրիստոնյա իսպանացու մեղանչում, քրիստոնյա հայոց երկրի խոհեմության ահա այսպիսի դրսևորում…

Միտքս հետևյալն է, սիրելի ժողովուրդ, մեր ուժը, բարոյական մեր արժեքները տարածելու մեջ է, մեր ուժը ազգային միաբանության մեջ է, մեր ուժը սեփական սխալներից, իսկ ավելի շատ ուրիշի գործած սխալներից մեր ազգի բարեկեցության համար դասեր քաղելու մեջ է: Այս հարցերը ինձ ընձեռված հնարավորության սահմաններում հնչեցնում, լսելի եմ դարձնում, մասնավորապես Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ունեցածս ելույթների ժամանակ: Հոգ չէ, որ հայաստանյան և ոչ մի հեռուստաալիք այդպես էլ չհեռարձակեց ելույթս, որը մեղադրական էր, ասես, Նյուրնբերգյան դատավարություն էր թուրքական այսօրվա իշխանությունների համար: Այո, ճշմարիտ խոսքը, որքան թուրքի, ավա՜ղ, այնքան էլ մերօրյա հայ իշխանավորների համար է վախենալու: Լավագույն դեպքում իրենք կարող են սեփական ժողովրդի հանդեպ ջարդ իրականացնել, որը, անշուշտ, մեր վաղեմի հակառակորդները, օգտագործում են իրենց քարոզչության մեջ, ասելով՝ ի՞նչ ցեղասպանության մասին է խոսքը և ովքե՞ր են դատապարտում այն, եթե հենց իրենք Երևանի կենտրոնում են ծեծուջարդի ենթարկում անզեն, խաղաղ ցուցարարներին…

Օրը խորհրդավոր է, և մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք. թույլ մարդու դարդը ոչ ոք չի լացում, թույլին, լավագույն դեպքում, ողորմության են արժանացում: Մինչդեռ Սասունցի Դավթի ազգը հաղթանակող ազգ է, մինչդեռ մենք այսօր էլ մեր ձեռքերում ենք պահում թուր Կեծակին, մեր տակն է Քուռկիկ Ջալալին: Նժույգը հեծած՝ թուր Կեծակին բռնած, 21-րդ դարը կդարձնենք մերը, այն կվերածենք Հայոց միաբանության, Հայոց պետականության զարգացման և բարգավաճման դարի:

Ես սրտանց ցանկանում եմ, որ բոլորս մեզ համարենք մի ընտանիք, որին Արարիչը հնարավորություն է տվել Դեր Զորի անապատներից համայն աշխարհով սփռել մեր քաղաքակրթության ամենանվիրական իղձերը, որով Արարիչը հնարավորություն է ընձեռել մեզ գիտակցել, որ այն քաղաքակրթությունը, որը վերապրեց Բաբելոնին, Ասորեստանին, Միդիային և հին աշխարհի ամենախոշոր ու ամենազորեղ կայսրությունները, ունի լուսավոր տաճարը տանող ճանապարհ: Այդ ուղու վրա մենք մի ազգ ենք, մի մշակույթ ենք, մի ժողովուրդ ենք: Ես խոնարհվում եմ Ձեր առաջ և համբուրում բոլորիդ:

Ամենայն հավանականությամբ, հունիսի 30-ից հուլիսի 5-ը հյուրընկալվելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում, որն անց է կացվելու Վաշինգտոնում: Հնարավորության դեպքում անպայմանորեն կուզենամ լինել Կալիֆորնիայում, հանդիպել իմ հարյուր հազարավոր ընկերների, հարազատների, բարեկամների, ծանոթ-անծանոթների հետ: Ձեզ հետ նստել Խաղաղ օվկիանոսի ափին, նայել հեռուները և այնտեղ տեսնել մի լուսավոր աշխարհ՝ Հայաստան աշխարհը:

Последние видеоматериалы

Новые книги