ՈՒՐԵՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓԱ՞Յ ՈՒՆԵՆ . . .

03-09.11.2009

Հարգելի ընթերցող, Ձեր դատին ենք ներկայացնում ս/թ հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի նիստում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի բանավոր խոսքի շարադրանքը:

Հարգելի գործընկերներ, հոգեբանների շրջանում կա ընդունված մի տեսակետ: Եթե երկրում կատարվել է շատ ծանր հանցագործություն, որն իշխանություններն ուզում են քողարկել, ապա դրան որպես կանոն հաջորդում է մեծ հնչեղություն ունեցող որևէ ուրիշ գործ, ցանկալի է, որ վերջինս առնչվի կատարված այդ ծանր հանցագործության հետ: Խնդիրը մեկն է. մարդկանց ուշադրությունը շեղել այլ ուղղությամբ: Երբ ուշադիր հետևում ենք այն իրարանցմանը, որը պայմանավորված է այս օրինագծի («Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին») անընդմեջ քննարկումն Ազգային ժողովի վզով փաթաթելու հանգամանքով, ճիշտ և ճիշտ հիշում ու մտովի համաձայնվում ես հոգեբանների վերը նշված հայտնի տեսակետին:

Այժմ անդրադառնանք քննարկվող բուն հարցին: Ի՞նչ ի նկատի ունեմ՝ ասելով տեղի է ունենում ծանր հանցագործություն: Ի նկատի ունեմ այն, որ ճիշտ այս ամբիոնից էլ քանիցս թմբկահարվել է, թե Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՀՆԱ-ի աննախադեպ աճ և դրա առանցքը կազմում է շինարարության ոլորտը, ուր, մասնավորապես, 2005 թ. 2004 թ. նկատմամբ արձանագրվել է 134,2% աճի տեմպ: Սակայն գրանցված աճի տեմպը չէ, որ մտահոգիչ է, այլ դրա հետևում թաքնված անօրինակությունների շարքը: Բնականաբար, հետաքրքվում ես՝ այդ ինչի՞ արդյունքում և ինչպե՞ս է գրանցվել այդ աճը: Եվ երբ խորանում ես այդ հարցում, ապա հանդիպում ես զավեշտալի մեկ այլ փաստի, ըստ որի վնասով աշխատող կամ եկամուտ չունեցող շինարարական կազմակերպությունների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ 2005 թ. ամփոփ տվյալների համաձայն կազմել է 34,5%: Կրկնում եմ, խոսքը տեսակարար կշռի մասին է:

Այսինքն՝ ստացվում է, որ շինարարական կազմակերպությունների միայն 65,5%-ն են ցույց տալիս, որ աշխատում են շահույթով: Մասնավորապես, 2005 թ. Ազգային վիճակագրական ծառայության՝ շինարարությունում գործող կազմակերպությունների ամփոփ ֆինանսական արդյունքների վերլուծության համաձայն տարեկան շահույթը կազմել է ընդամենը 2 մլրդ 206 մլն դրամ, իսկ ուղղակի վնասով աշխատող շինարարական կազմակերպությունների կրած վնասն էլ 587,7 մլն դրամ է եղել: Եվ ակամայից մտածում ես, թե մեր շինարարներին ֆինանսավորողներն ինչքան անձնազոհ ու հայրենասեր են, որ ավելի քան 425 մլրդ դրամի կատարած շինարարական ծավալների պայմաններում բավարարվել են ընդամենը 2 մլրդ 206 մլն դրամ շահույթով: Նկատենք, որ շինարարական այդ ծավալների 81,16%-ը բաժին է ընկնում Երևան քաղաքին, իսկ մենք Ձեզ հետ քաջ գիտակցում և տեսնում ենք, որ Երևան քաղաքում էլ այդ ամենը, փաստորեն, պայմանավորված է, այսպես կոչված, էլիտար շենքերի կառուցմամբ: Ցանկացած շինարարի եթե հարցնես, ապա կասի (բարեբախտաբար, մեր խմբակցությունում կա այդպիսինը՝ Ալեքսան Կարապետյանը), որ մասնագիտական վերլուծություններն վկայում են, որ Երևան քաղաքում մեկ քառակուսի մետր բնակարանային մակերեսի կառուցումը շինարարի վրա անգամ իսկ շուկայական ամենաթանկ գներով նստում է 250-ից 300 դոլար: Մինչդեռ դրանց վաճառքի շուկայական գները կազմում են ոչ ավել, ոչ պակաս նվազագույնը 750-ից 1500 դոլար: Այսինքն՝ մեկ քառակուսի մետր բնակելի մակերեսից ամենաքիչը ունեն 500-ից 1200 դոլար մաքուր շահույթ: Հիմա անցնենք պարզ թվաբանությանը:

Այսպես, 2005 թ. Երևան քաղաքում շահագործման է հանձնվել 252923 քառակուսի մետր բնակմակերես: Բազմապատկեք դա նվազագույն շահույթի հետ, այն է՝ 500 դոլար շահույթ ստացված մեկ քառակուսի մետր վաճառված բնակմակերեսից և կստանաք էլիտար բնակարային շինարարություն իրականացնողների կողմից 57 մլրդ դրամ չհայտարարագրված հավելյալ շահույթ: Սակայն, ինչպես վերը նշեցի, վիճակագրական ծառայության պաշտոնագրքում գրանցվել է ընդամենը 2 մլրդ 206 մլն դրամի շահույթ և 134,2% շինարարության աճի տեմպ: Հարգելի պարոն նախարար (դիմում է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին), ճիշտ է, այս փաստն անուղղակիորեն է առնչվում ձեր ղեկավարած բնագավառի հետ, բայց միթե՞ Դուք շահագրգիռ չեք, որ այս հանցագործությունը կատարողներն օր առաջ նստեն դատարանում՝ մեղադրյալի աթոռին և պատասխան տան, թե ինչպե՞ս է ստացվել, որ 2005 թ. շինարարական ոլորտում ցույց է տրվել ընդամենը 2 մլրդ 206 մլն դրամի շահույթ՝ թաքցնելով հարկային մարմիններից առնվազն 55 մլդ դրամի փաստացի առկա շահույթ: Եվ այս պարագայում այդ անօրեններն այն աստիճան են լկտիացել, որ անգամ իսկ հրաժարվում են բնակիչներից օտարված սեփականության դիմաց մինիմալ գումարները փոխհատուցել՝ լինեն դա Բուզանդի փողոցի, Հյուսիսային պողոտայի, թե քաղաքի իրացվող մյուս տարածքների բնակիչները: Փոխարենը խղճուկ գումարներ են տալիս մարդկանց: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ այս թվերը, որոնք գրանցված են պաշտոնական վիճակագրական տեղեկագրքերում և բնութագրում են շինարարության ոլորտում թաքնված մեծածավալ շահույթները, հանկարծ շրջանցել են մեր կառավարությանը, շրջանցել են դատախազությանը: Դա տեղի է ունեցել այն պարզ պատճառով, քանի որ էլիտար բնակելի շենքերի շինարարության հովանավորներն են պարոններ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ իրենց յուրայիններով հանդերձ: Ասեմ ավելին. շինարարական ինդուստրիան սեփականաշնորհված է նրանց ամենամտերիմ մարդկանց կողմից: Այսինքն, կարելի է ենթադրել, որ կատարվում է կրկնակի հանցագործություն և այդ ոլորտում առկա հավելյալ շահույթները նույնպես դուրս են մնում հարկումից: Այստեղ թող հանկարծ որևէ մեկին չթվա, որ փորձառու իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանը քննարկվող օրինագիծը ներկայացնելիս լեզվի սայթաքում թույլ տվեց, երբ ի միջիայլոց ասաց, որ հնարավոր է վարչապետն անգամ իսկ այս օրինագիծը կարդացած չլինի: Պարզապես նա բոլորիս գլխի գցեց, որ իր կուսակից Անդրանիկ Մարգարյանն այս մեծածավալ կողոպուտի հետ և ոչ մի առնչություն չունի: Իշխանափոխությունից հետո լավագույն դեպքում նա անփութություն դրսևորելու, հարցերի մեջ չխորանալու համար թեթև պատասխանատվության կենթարկվի: Հիմա այս բոլոր հարցերը դրել են մի կողմ, քննարկում են օրինագծի այս կամ այն հոդվածի խմբագրական հարցերը: Ինչ խոսք, դա էլ է հրատապ, քանզի ցանկացած խնդիր, որն առնչվում է անգամ իսկ մեկ մարդու հետ մեզ համար նույնպես շատ կարևոր է: Սակայն, ակնհայտ է, որ այս բոլոր հարցերն ընդհանրապես քննարկման առարկա չէին դառնա, եթե մենք կարողանայինք ստվերից հարկային դաշտ դուրս բերել 57 մլրդ դրամի հասնող գումարները և այդ 57 մլրդ դրամից ընդամենը 10 մլրդ դրամը որպես փոխհատուցում տայինք բնակիչներին՝ իրենց կրած կորուստներին համարժեք: Մեր ժողովուրդը, հատկապես կենտրոնաբնակ երևանցիները, այս քաղաքի թշնամիները չեն, ընդհակառակը, նրանք առաջին հերթին կուզենային, որ բարեկեցիկ տեսք ունենար Երևան քաղաքը:

Սիրելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, ասածս այն է, որ տղերքը խոշորածավալ թալանը քողարկելու շատ հետաքրքիր հնարք են գտել՝ մարդկանց ուշադրությունը շեղելով քննարկվող այս օրինագծի վրա: Օրենքի քննարկվող նախագիծը, ինչ խոսք, իր բնույթով, կրկին ու կրկին նշեմ, հակաժողովրդական է, ինչպես ցանկացած գործառույթ, որն իրականացվում է այս անօրեն իշխանությունների կողմից:

«Ազգային Միաբանություն կուսակցությունը», վերստին դիմելով Արդարադատության նախարարին, հայտարարում է, որ եթե այս բոլոր հարցերը մանրակրկիտ քննարկման, վերլուծության առարկա չդառնան, միջոցներ չձեռնարկվեն պետության կրած վնասները վերականգնելու և այդ գումարներով Բուզանդի, Հյուսիսային պողոտայի ու մյուս իրացվող տարածքների բնակիչների կրած կորուստները փոխհատուցելու համար, ապա, ուրեմն, կնշանակի Կառավարությունը դատախազության հետ փայ ունեն նշված ալան-թալանի մեջ: Շնորհակալություն:

Последние видеоматериалы

Новые книги