ՀՅԴ շարքերում չկայացած Ալվրցյանը կողմնակիորեն փորձում է հայրենասիրական ուժերի մեջ սեպ խրել. Գեղամյան

14.06.2023, Իրավունք

https://iravunk.com/?p=258046&l=am

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ երեկ կայացած իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է նույն մամուլի հարթակում Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, ՀՅԴ-ական Հայկազուն Ալվրցյանի օրեր առաջ հնչեցրած արտահայտություններին:

 

— Ցավով եմ ասում, որ մարդիկ կան, որոնք, ցանկանալով ընդգծել իրենց «համարձակությունը»` փորձում են ասել, որ այսօրվա դրությամբ` ՌԴ-ն Հայաստանում բացարձակապես ոչ մի դերակատարում չունի, ավելին` չի սատարում եւ որեւէ ուժի: Եվ երբ հարգարժան հարցազրույցավարը հիշատակեց մի քանի քաղաքական գործիչների` այն է` «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ` ձեր խոնարհ ծառայի` Արտաշես Գեղամյանի, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի անունները, դեմքի ծամածռություն կատարելով` ասել է, թե մենք չենք խոսում առանձին մարդ-կուսակցությունների մասին:

Այ միամիտ թվացող քաղաքացի Ալվրցյան, գոնե այդ բոլորից հետո, երբ քո մասին խոսում ես, տակը մի գրի` ՀՅԴ, որովհետեւ ձեր խոնարհ ծառան, երբ դիտեց այդ հաղորդումը, ասաց` ՀՅԴ-ում իմ իմացած մարդիկ հայրենասեր են, որոշ մարդկանց անուններ թվարկեմ, որոնց շատ բարձր եմ դասում` Արմեն Ռուստամյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը, բոլորին չթվարկեմ: Եվ իրենց անունից խոսում է մարդ, որը, փաստորեն, եթե երկու նախադասությամբ ասեմ, իր ելույթի առանցքը մի կողմից հակառուսական տրամադրությունների սերմանումն էր, մյուս կողմից այն, թե ՌԴ-ն  բացարձակապես անտեղյակ է, թե այստեղ ինչ է կատարվում: Ինչեւէ, բնականաբար, ասացի հետաքրքրվեմ, թե ով է այս մարդը: Առաջին հերթին բացեցի 2021 թվականի ԱԺ ընտրություններում «Հայաստան» խմբակցության ընտրական ցուցակը, որտեղ 135-140 մարդ էր: Ինչքան փնտրեցի, չգտա նրա ազգանունը, ասացի` կարո՞ղ է նախքան այդ է եղել:  Նախորդած ընտրությունների ժամանակ ընտրացուցակում 49-րդ էր: Այսինքն` ՀՅԴ շարքերում չկայացած մարդը  հիմա կողմնակիորեն փորձում է հայրենասիրական ուժերի մեջ սեպ խրել: Եթե միամտորեն չխորանայի այս հարցերի մեջ, կկարծեի, որ սա ՀՅԴ քաղաքական գիծն է: Ես պատրաստ եմ բանավիճել ցանկացած սկզբունքային քաղաքական գործչի հետ, անգամ, որի հետ ունեմ արմատական հակասություններ, իսկ տվյալ անձը բացարձակապես քաղաքական գործիչ չէ: Պարզապես ցավով եմ ասում` մարդ է, որը ներդրված է, հավանաբար, նույն Դաշնակցության մեջ, չնայած` ՀՅԴ ղեկավարները հեռատես լինելով` հասկացել էին եւ իրենց ընտրացուցակում ընդհանրապես տվյալ տարրին չէին ներգրավել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги