«Հանուն նոր միության» շարժման օրըստօրե հզորացումն անշուշտ կխառնի Փաշինյանի տերերի ծրագրերը. Գեղամյան
24.12.2021, Իրավունք
https://iravunk.com/?p=221142&l=am
«Ազգային անվտանգություն» կուսակցության քաղխորհուրդի արտահերթ նիստում հաստատված հայտարարությունից հետո, որում հստակ գրված է, որ անհրաժեշտ են համարում ստեղծել համապատասխան նախապայմաններ ՌԴ-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության համար, հենց հաջորդ օրը ձերբակալվեց, ապա կալանավորվեց վերոնշյալ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ, ով ՌԴ-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության անայլընտրանքայնության համոզված կողմնակից է, ընդ որում` սկսած 1997 թվականից:
– Հիշեցնեմ, որ դեռեւս 2021 թվականի փետրվարին «Սահմանադրական իրավունք միությունը»` ի դեմս Հայկ Բաբուխանյանի, «Ազգային միաբանությունը»` ի դեմս Արտաշես Գեղամյանի, Ռեֆորմիստների կուսակցությունը` ի դեմս Վահան Բաբայանի, «Ալյանս» կուսակցությունը` ի դեմս Տիգրան Ուրիխանյանի, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը` ի դեմս Վահրամ Մկրտչյանի հատուկ հայտարությամբ ենք հանդես եկել եւ հայտարարել, որ շարժում ենք հիմնում, որի վերջնական նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը բոլոր ճյուղերում էլ ավելի խորացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ անդամակցի Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը: Օգտվելով առիթից` սրտանց ողջունում եմ Գառնիկ Իսագուլյանի կուսակցության քաղխորհրդի նիստում ընդունված հայտարարությունը եւ կոչ եմ անում հիշատակածս կուսակցությունների եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության համակիրներին օր առաջ ամենն անել, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեն համապատասխան իրավական պայմաններ` անդամակցելու Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը: Ինչ վերաբերում է Գառնիկ Իսագուլյանի կալանավորմանը, հիմքեր ունեմ ասելու, որ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության գաղափարը եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման օրըստօրե հզորացումն անշուշտ կխառնի Նիկոլ Փաշինյանի տերերի ծրագրերը` կապված Հայաստանի հետ: Պոտոմակի եւ մառախլապատ Ալբիոնի ափերի ստրատեգներն իրենց թուրք-ազերիական խամաճիկների միջոցով ծրագրել են օտարել Հայաստանը Ռուսաստանից, ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս մղել մեր երկրից: Սակայն այդ ծրագիրը լուրջ հարված է ստանում հիշատակածս կուսակցությունների կողմից: Եվ Գառնիկ Իսագուլյանի դեմ շինծու, արհեստական մեղադրանքներով, երկու ամսով մեկուսացնելով` նպատակ են հետապնդում սաստել այն կուսակցություններին, որոնք համոզված եւ շարունակ գործնական քայլեր են անում Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության համար: Իսագուլյանի կալանավորման հիմնական պատճառներից մեկը սա է եղել, եւ այս կարծիքն իրավունք ունի անպայմանորեն գոյություն ունենալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ