ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵԿԵԼ Է ՆՈՐ ԲԵԼՈՎԵԺՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՈՐԸ ԿԼԻՆԻ ՆԱԽՈՐԴԻ ՈՒՂՒՂ ՀԱԿԱՌԱԿԸ
27.11.2018, Իրավունք
Լուսանկարում՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Մոսկվա, Պետական Դումա, 22 նոյեմբերի 2018 թ.
2018թ. նոյեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Իվանովիչ Կալաշնիկովի նախաձեռնությամբ Պետական դումայում տեղի ունեցավ «Քաղաքական կուսակցությունների խմբակցությունների և դաշինքների փոխգործակցության դերը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցությունում» միջազգային գիտաժողովը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության խմբակցությունը ինձ՝ Արտաշես Գեղամյանիս վստահեց գիտաժողովին մասնակցելու և օրակարգի համապատասխան ելույթ ունենալու աշխատանքը, որն էլ ես կատարեցի մեծ պատասխանատվությամբ։
Անդրադառնալով գիտաժողովի արդյունքներին՝ նշեմ, որ դրա գումարումն ու անցկացումը, անշուշտ, պահանջված էին։ Կանգ չեմ առնի Պետական դումայի բոլոր խմբակցությունների ղեկավարների բավական բովանդակալից ելույթների վրա, դա առանձին վերլուծության թեմա է, բայց, կասկածից վեր է, որ դրանք իրենց ամբողջության մեջ վեր հանեցին միջազգային կյանքի առկա իրողությունների ողջ բազմազանությունն ու բարդությունը, և որ գլխավորն է՝ համոզիչ կերպով ցույց տվեցին, որ ռուսաստանցի խորհրդարանականների գործողություններն արարման, նոր, արդարացի աշխարհակարգի հաստատման գործում երկրի քաղաքական ղեկավարությանը համակողմանի օգնության ցուցաբերման ուղղվածություն ունեն՝ լիովին գիտակցելով սպառնալիքների ողջ լրջությունը, որոնք բխում են ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից և խոչընդոտում են բազմաբևեռ աշխարհակարգի հաստատմանը։ Սակայն սույն հոդվածում կուզենայի ներկայացնել իմ տեսլականը Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և ընդհանրապես Հարավկովկասյան տարածաշրջանում իրադարձությունների զարգացման դինամիկայի մասին, ինչն էլ գիտաժողովում իմ ելույթի առանցքն էր կազմում։ Հարավկովկասյան տարածաշրջանում, Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի շուրջ ստեղծված դրության օբյեկտիվ վերլուծության համար միանգամայն օրինաչափ կլինի սկզբից ևեթ ընդգծել, որ Ռուսաստանին և նրա ռազմավարական դաշնակից Հայաստանին ահա արդեն ո՛չ մեկ տարի հայտարարված է հիբրիդային պատերազմ։ Ընդ որում՝ ընդգծեմ, որ Պետական դումայի մեր ռուսաստանցի գործընկերները հիանալի տեղեկացված են այդ մասին, ավելին՝ ամենօրյա ռեժիմով մերկացնում և հակազդում են տարատեսակ սադրանքներին և քաղաքական դիվերսիաներին, որոնց դասական օրինակներն են՝ ԳՀՎ նախկին գնդապետ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ կապված մտացածին պատմությունը, իսկ իրականում՝ կատարյալ սադրանքը; 2015-ից՝ Ղրիմում համաժողովրդական հանրաքվեի անցկացումից հետո Ռուսաստանին պարտադրված պատժամիջոցների տնտեսական պատերազմը; ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից։ Ընդ որում՝ նշենք, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից հիբրիդային պատերազմ սանձազերծելու իսկական պատճառների մասին բավական մատչելի (առաջին հերթին հենց իրենց՝ կազմակերպիչների համար) բացատրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը 2017թ. օգոստոսի 11-ին Կլյազմայում «Իմաստների տարածք» համառուսական կրթական երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում։ «Որպեսզի հիմնավորեն այն աշխարհակարգը պահպանելու իրենց ցանկությունը, որը կլիներ արևմտակենտրոն, նաև այնպիսի տեսություններ են առաջ քաշում, ինչպիսին է «բազմաբևեռությունը դեպի քաոս տանող ճանապարհ է», իբր շատ դերակատարները երբեք չեն կարողանա պայմանավորվել միմյանց հետ,- համաժողովում ունեցած իր ելույթում նշեց Սերգեյ Լավրովը,- երբ ինչ-որ տեղ՝ հեռու տարածաշրջաններում տեղի է ունենում մշտական տուրբուլենտություն, հավանաբար՝ այն երկրները, որոնք գտնվում են ճգնաժամային շրջանների հարևանությամբ, ավելի շատ զբաղվում են այդ իրավիճակը հանդարտեցնելով և ավելի քիչ են զբաղվում սեփական տնտեսության և միջազգային ասպարեզում իրենց հնարավորությունների ամրապնդմամբ»։ Եվ եթե, ըստ իս՝ բավական հիմնավորված այս դիրքերից վերլուծելու լինենք Հայաստանի Հանրապետությունում և Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ապա արդեն այս փուլում կարելի է եզրակացնել, որ եթե չձեռնարկենք հայոց պետականության խարխլմանն ուղղված, հստակ մտածված և արդեն իրականացվող ռազմավարության, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծվող նորանոր դիվերսիաների կասեցման գործուն միջոցներ, ապա մեզ չի հաջողվի այնպես անել, որպեսզի հիբրիդային պատերազմը չվերածվի լայնածավալ թեժ պատերազմի։ Ավաղ, ասվածը չափազանցություն չէ։ Բայց այս ամենի մասին՝ հերթով։
Լուսանկարում՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Եգիպտոս, Գիզա, 17 նոյեմբերի 2018 թ.
Եվ այսպես, 2015թ. հունվարի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ։ Նշենք, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. հոկտեմբերին։ Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ եթե 2013թ. ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրված հատկացումների (օգնության) ընդհանուր գումարը կազմում էր $35,7 մլն, ապա արդեն 2016 ֆինանսական տարում (սկսվում է 2015թ. հոկտեմբերի 1-ին) ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ԱՄՆ բյուջեում Հայաստանին օգնության տրամադրման համար նախատեսեց գումար $18,36 մլն-ի չափով։ Սա մեր ամերիկյան գործընկերների առաջին ռեակցիան էր Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ այսպես կոչված պատիժը դոլարով։ Սակայն հետագայում ՀՀ իշխանությունների հայտարարությունները Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր կնքելու մտադրության մասին որոշակի շտկումներ մտցրին Հայաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունում։ Այսպես, 2016թ. հունիսին ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով օգնական Թոմաս Մելիան հայտարարեց. «Մեր օգնությունը Հայաստանին երկրին հնարավորություն կտա նվազեցնել կախվածությունը (նկատի ունի Հայաստանի կախվածությունը- Ա.Գ.) Ռուսաստանից։ Օգնության մի մասը կուղղվի տեղական ինքնակառավարման ամրապնդմանը»,- ԱՄՆ պետքարտուղարի օգնականին մեջբերել է «Ամերիկայի ձայնը» (2016թ. հունիսի 11)։ ԱՄՆ 2017թ. պետբյուջեի նախագծի համաձայն՝ ենթադրվում էր Հայաստանին ԱՄՆ օգնությունն ավելացնել 22%-ով՝ 2015թ. համեմատ, և այն հասցնել $22 մլն-ի։ Հատկանշական է, որ տնտեսական օգնության տրամադրման փաստը բացահայտ շաղկապվում է «Ռուսաստանից տնտեսական կախվածության նվազեցման հետ», և դա, կրկնում եմ, հնչեցնում է ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով օգնականը։ Կարելի է բազմաթիվ այլ օրինակներ էլ բերել, որոնք հաստատում են Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ ֆինանսական օգնության բացահայտ քաղաքական ուղղվածությունը։ Ընդ որում՝ նշենք, որ ամերիկացիները չեն էլ թաքցնում դա, այսինքն՝ իրենց իսկական մտադրությունները։
Մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր օրինակ էլ ներկայացնենք։ Այսպես, 2017թ. հունիսին (Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներում) ԱՄՆ-ը հավանություն տվեց 2018թ. Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը կրճատելուն, որը պետք է կազմեր ընդամենը $6,8 մլն 2016-ի $20,4 մլն-ի դիմաց։ Մի՞թե այս թվերի հետևում իմաստ չունի տեսնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ղեկավարության գործողությունների ուղղակի գնահատականը, գործողություններ, որոնք, անշուշտ, վկայում են մեր երկրի հավատարմությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ Սակայն արդեն 2018թ. հոկտեմբերին (Հայաստանում 2018թ. մայիսյան պետական հեղաշրջումից հետո) ի հայտ եկավ տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ պետդեպարտամենտը 2019 ֆինանսական տարում, որն սկսվում է 2018թ. հոկտեմբերի 1-ին, Հայաստանին կտրամադրի $26 մլն-ի կարգի ֆինանսական օգնություն, ինչը $20 մլն-ով ավելի է սկզբում նախատեսվածից։ Ընդ որում՝ հայտարարվել է, որ միջոցների մի մասը կուղղվի այն ծրագրերի իրագործմանը, որոնք խթանում են քաղաքացիական հասարակության և անկախ մեդիաների կայացումը։ Հավանաբար, հենց այս գործոններն են ամերիկյան ստրատեգների պատկերացմամբ ի վիճակի էապես կրճատելու Հայաստանի բնակչության աղքատության մակարդակը, որը կազմում է 29,2%։ Էլ չեմ ասում այսպես կոչված անկախ մաս-մեդիաների մասին, որոնց միավորում է բնավ ո՛չ խոսքի ազատությունն ապահովելու ձգտումը, նրանց առաջ է մղում միայն մի ցանկություն՝ դեմոնիզացնել Ռուսաստանը և մարգինալացնել քաղաքական այն գործիչներին, ովքեր համոզված են, որ Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքն այլընտրանք չունի։ Ընդ որում՝ նրանց հնարավորություն չտալով իրենց դիրքորոշումը պաշտպանել այդ նույն «անկախ» մաս-մեդիաների էջերում։ Այնուհետև, հավելյալ միլիոն դոլարների տրամադրման անհրաժեշտության հիմնավորման մեջ ասվում էր այն մասին, որ այդ ծրագրերն օժանդակելու են երկրի նոր քաղաքական ղեկավարությանը անցումային փուլում, բազմակուսակցական համակարգի կայացմանը։ Այս ձևակերպման ներքո հարկ է հասկանալ հակառուսական ուղղվածության տարատեսակ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման շարունակումը՝ դրանց հիման վրա քաղաքական կուսակցություններ կազմավորելու հեռանկարով։ Ընդ որում՝ էլ չենք ասում Հայաստանում ներկայում գործող արևմտամետ ուղղվածության կուսակցություններին տրամադրվող ֆինանսական զգալի ներարկումների մասին։
Եվս մեկ հատկանշական փաստ։ 2018թ. մայիսի 22-ին ՏԱՍՍ-ը հանդես եկավ հետևյալ հաղորդմամբ. «Միացյալ Նահանգները պատրաստ է վերանայել Հայաստանին $140 մլն-ի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը (Հայաստանում պետական հեղաշրջումից ընդամենը 20 օր անց)՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր կառավարության բարեփոխումներն իրականացնելու համար։ «Մենք պատրաստ ենք վերանայել Հայաստանին դրամաշնորհ հատկացնելու հարցը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գծով, բայց Հայաստանը պետք է տեղեկատվություն ներկայացնի դրական փոփոխությունների մասին (նկատի ունեն երկրում տեղի ունեցած փոփոխությունները- Ա.Գ.) նախագծին մասնակցության հայտում»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Ամերիկայի Հայ ազգային կոնգրեսին հղած նամակում։ Ի՞նչ պետք է հասկանալ «դրական փոփոխությունների» տակ, որոնց մասին ասում է ԱՄՆ պետքարտուղարը։ Բնավ կասկած չի հարուցում, որ նկատի ունի Եվրասիական տնտեսական միությունից և ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալների ստեղծումը, ընդ որում՝ այդ կազմակերպությունը վարկաբեկող պատճառաբանումներով։ «Դրական փոփոխությունների» ուղղությամբ արվելիք հաջորդ քայլը, ամերիկյան գործընկերների պատկերացմամբ, լինելու է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու պայմանների ստեղծումը։ Դրան հետևելու է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Սահմանապահ վարչության ռուսաստանցի սահմանապահների զորակազմի դուրսբերումը, սահմանապահներ, որոնք պահպանում են Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, և վերջապես, Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային կայանի դուրսմղումը «Էրեբունի» օդանավակայանից։
Լուսանկարում՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Մոսկվա, Պետական Դումա, 22 նոյեմբերի 2018 թ.
Բնականաբար, Հայաստանի ազգային անվտանգությունը խափանող նման նպատակներին հասնելու գործում հատուկ տեղ է հատկացվում տեղեկատվական պատերազմին, որն ուղղվում է հայ ավանդական արժեքների՝ ընտանիքի ինստիտուտի, հավատքի, ավագ սերնդի հանդեպ հարգանքի անսասանության խարխլմանը։ Իսկ արտաքին քաղաքականության առումով՝ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության խափանմանը, Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև սրբազան եղբայրական հարաբերությունների ստոր նսեմացմանը՝ կեղծիքի և զրպարտության զանգվածային տարածման միջոցով, ինչը շփոթմունք է առաջացնում Հայաստանի քաղաքացիների, հատկապես նրանց մտքերում ու սրտերում, ովքեր անփորձ են քաղաքականության մեջ կամ էլ մարդիկ են, որոնց կամազուրկ է դարձրել կարիքը։ Հարկ է տագնապով արձանագրել, որ այս հարցում Հայաստանի բարին չկամեցողներն արդեն հասել են որոշ հաջողությունների։ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈւՀԿ, ВЦИОМ) 2008թ. նոյեմբերի 25-ի տվյալներով՝ Հայաստանում քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 86%-ը, Ռուսաստանը համարում էր բարեկամ երկիր։ Սակայն Զարգացման Եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի «ԶԵԱԲ ինտեգրացիոն բարոմետր» ամենամյա հետազոտությունում կարդում ենք, որ դիտարկումների հինգ տարվա ընթացքում (2011-2016թթ.) Ռուսաստանը որպես բարեկամ երկիր ընկալելու ցուցիչը Հայաստանի համար իջել է՝ 86-ից հասնելով 69%-ի։ Այստեղ կուզենայի հիշատակել նաև մեկ այլ հետազոտության մասին։ Այսպես, ինչպես «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները փոխանցում է «Ինտերֆաքսը» (2018թ. հունիսի 16), «առավել բարեկամական երկրների հնգյակում են (նկատի է առնվում Ռուսաստանի հանդեպ- Ա.Գ.), հարցման տվյալներով, Չինաստանը (հարցվողների 40%), Ղազախստանը (32%), Սիրիան (21%) և Հնդկաստանը (19%)։ Հարցման մասնակիցների ևս 11%-ը ՌԴ-ի համար առավել բարեկամական պետություն է նշել Հայաստանը, նույնքան էլ՝ Կուբան և Ուզբեկստանը»։ Թե ինչով է պայմանավորված փոխադարձ բարեկամական հարաբերությունների ընկալման այսքան մեծ տարբերությունը՝ 69% և 11%, առանձին վերլուծության թեմա է, որն, ի դեպ, շատ անհրաժեշտ է։ Այնուհետև հետազոտողները եզրակացնում են, որ «նման արդյունքն, ըստ երևույթին, կապված է այն բանի հետ, որ Հայաստանի բնակիչները հիասթափվել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի (և առաջին հերթին՝ Ռուսաստանի) դիրքորոշումից՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ դիմակայության նոր պտույտի առիթով» (նկատի ունեն 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմը, որը սանձազերծեց Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ- Ա.Գ.),- նշվում է հետազոտությունում։ Այս առնչությամբ կարելի է վստահաբար ասել, որ արևմտյան ստրատեգները, ծանոթանալով այս հետազոտությանը, իրենց համար բավական կարևոր եզրահանգումներ կանեն, այն է՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիայի դրդելը «պատշաճ» ուղղորդման դեպքում կարող է լուրջ հարված հասցնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերություններին։ Չէ՞ որ նրանց վերջնանպատակը հայ հանրության մեջ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության անսասանության հավատի փլուզումն է։ Էլ չեմ ասում այն մասին, որ նոր պատերազմը Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև կհանգեցնի անդառնալի մարդկային կորուստների երկու կողմից էլ։ Մեզ բնավ չի հանգստացնում հնարավոր պատերազմի նախապես կանխորոշված ելքը՝ Ադրբեջանի ջախջախիչ պարտությունը։ Պատերազմի ելքը կկանխորոշվի այն պատճառով, որ պատերազմն Ադրբեջանի կողմից վարվելու է այն տարածքները վերադարձնելու համար, որոնք պատմականորեն երբեք չէին էլ կարող պատկանել այդ երկրին, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի համար դա կլինի պատերազմ հանուն Հայրենիքի՝ մայր հողի, Արցախի անկախ Հանրապետության պաշտպանության, որն ինքնորոշվել է լիովին ՄԱԿ Կանոնադրությանը համապատասխան։
Բնականաբար, այսքան բարդ իրավիճակում, երբ մի կողմից՝ Ադրբեջանի և մյուս կողմից՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցների՝ Ղազախստանի և Բելառուսի միջև հաստատվել են ռազմավարական գործընկերային հարաբերություններ, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը դյուրիններից չի լինելու։ Բայց այն, իհարկե, կա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն իր հրապարակային ելույթներում հետևում է բլիթի և մահակի պարզունակ, վաղուց իրեն սպառած բանաձևին և անընդհատ խոսում է ադրբեջանական բանակի անպարտելիության մասին (հանուն արդարության նշենք, որ դրա վերազինման համար վերջին 7-8 տարիներին ծախսվել է ավելի քան $8 մլրդ), պետք է լրջորեն մտածի պատերազմի հետևանքների մասին։ Վերլուծելով նրա ելույթները՝ տպավորություն ես ստանում, թե Ի.Ալիևը ինքն իրեն համոզում է, որ Ղարաբաղյան հակամարտության՝ խաղաղ չլուծվելու պարագայում Ադրբեջանը դա կանի ռազմական ճանապարհով։ Այս առնչությամբ կուզենայի ընդգծել, որ ներկայում նրան հնարավորություն է ընձեռվում ապացուցել իր անկեղծությունը խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու ցանկության հարցում։ Դրա համար Ի.Ալիևը պետք է օգտվի փակուղուց (որտեղ հայտնվել է սեփական կամքով) դուրս գալու միակ ճիշտ ելքից։ Ուրեմն, ո՞րն է այդ ելքը։
Լուսանկարում՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Մոսկվա, Պետական Դումա, 22 նոյեմբերի 2018 թ.
Կարծում եմ, որ եթե անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միաժամանակ ընդունվեն ԵԱՏՄ և ՀԱՊԿ՝ որպես միջազգային իրավունքի երկու ինքնուրույն սուբյեկտներ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մնացած բոլոր վիճելի հարցերը կարելի կլինի լուծել ԵԱՏՄ և ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի շրջանակներում։ Այս մոտեցման այլընտրանքը պատերազմն է։ Ընդ որում՝ պատերազմ, որում, կասկած չի հարուցում, կներքաշվեն ոչ միայն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, այլ նաև, անկասկած, ԱՄՆ-ը, և միջնորդավորված ձևով՝ Իսրայելը։ Չէ՞ որ Արցախի Հանրապետության անվտանգության գոտին Իրանի հետ մոտ 100 կմ երկարությամբ սահման ունի։ Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների ծայրահեղ բևեռացման պայմաններում դժվար չի լինի պատկերացնել, թե ինչ աղետի կենթարկվի մեր տարածաշրջանը Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ղեկավարության կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծման պարագայում։ Ընդ որում՝ կարելի է վստահ լինել, որ այդ երկրի վրա կգործադրվի ինչպես անթաքույց, այնպես էլ «նուրբ» ճնշում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմ սկսելու համար։ Իսկ սադրիչների գլխավոր նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության մասնատումն է, ինչն անպայման զգալիորեն կսրի իրավիճակը նաև Սիրիայում։ Բայց սա այլ վերլուծության թեմա է։
Հ.Գ. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի Լիբերալ-դեմոկրատական քաղաքական կուսակցության խմբակցության հիրավի տաղանդավոր ղեկավար Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին արդեն ոչ պաշտոնական միջավայրում բավական պատկերավոր ամփոփեց նախօրեին Պետական դումայում տեղի ունեցած «Քաղաքական կուսակցությունների խմբակցությունների և դաշինքների փոխգործակցության դերը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցությունում» միջազգային գիտաժողովը։ Նա հիշեց 27-ամյա վաղեմության՝ 1991թ. դեկտեմբերի 8-ի դրամատիկ իրադարձությունները, երբ Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի (որպես ԽՍՀ Միության հիմնադիր պետություններ, որոնք ստորագրել են ԽՍՀՄ կազմավորման պայմանագիրը) նախագահները 1992թ. Բելովեժյան թավուտում ստորագրեցին «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը», որում փաստվում էր ԽՍՀՄ գոյության դադարեցումը՝ որպես «միջազգային իրավունքի սուբյեկտի և աշխարհաքաղաքական իրողության» և հայտարարվում էր Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին։ Եվ ահա, միջազգային գիտաժողովի մասնակիցների ելույթները, քաղաքական մարգարե Վլադիմիր Վոլֆովիչի միանգամայն օբյեկտիվ դիտարկումներով, որը երբեք հենց այնպես որևէ բան չի պնդում, նրան հանգեցրին այն մտքին, որ անհրաժեշտ է կնքել նոր Բելովեժյան համաձայնագիր, որի համաձայն՝ կձևավորվի նոր Միություն։ Միություն, որն իր կազմավորման ընթացքում ճիշտ դասեր կքաղի 20-րդ դարավերջի աշխարհաքաղաքական աղետից՝ ԽՍՀ Միության գոյության դադարեցումից, ուշադրության կառնի նաև Եվրամիության կայացման պատմության դասերը, ինչը թույլ կտա անկախ, ինքնիշխան պետությունների նոր միջպետական միավորմանը դառնալ հզոր, գործունակ, ինքնաբավ միություն, ձևավորվող բազմաբևեռ աշխարհի նոր բևեռ։ Պետությունների միավորում, որն ի զորու կլինի հաղթահարել յուրաքանչյուր առանձին երկրի ազգային անվտանգության սպառնալիքները։ Մի խոսքով՝ եկել է նոր Բելովեժյան համաձայնագիր ընդունելու ժամանակը, որը կլինի նախորդի ուղիղ հակառակը։
Վերաձևակերպելով դասականին՝ հոդվածս ավարտեմ իշխան Պյոտր Իվանովիչ Բագրատիոնի և Դենիս Դավիդովի երկխոսությամբ։ «Բագրատիոն. «Այսօր մարտ է լինելու, կարծում եմ, Դենիս։ Դենիս Դավիդով. «Իշխան, բերան չէ՝ տաճար է։ Բոլորս ենք հոգնել մարտին սպասելուց...»։
Մի խոսքով՝ Վլադիմիր Վոլֆովիչ, բերան չէ՝ տաճար է։
Արտաշես Գեղամյան
Խորհրդարանի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ