ԱՅՈ, Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՄԵՋ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ
21.09.2018, Իրավունք
Ս.թ. սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնային REGNUM տեղեկատվական գործակալությունը «Ն.Փաշինյանի հակապետական հեղաշրջումը դատապարտված է ձախողման» վերնագրի ներքո հրապարակել էր հոդվածս (https://regnum.ru/news/polit/2483595.html): Եվ ահա հաջորդ օրը «ժողովրդական» վարչապետի համախոհները Facebook-ում բարձրացրին վայնասուն` ի վկայություն, որ հոդվածի մեջ արծարծված քննադատության թիրախներն ընտրված են ճիշտ եւ անվրեպ:
Հայհոյախառն տգետին ներհատուկ արձագանքները, որն իմ մտորումների ու տագնապների հետ եւ ոչ մի աղերս չունեին, արթնացրին թե՛ դրական, թե՛ բացասական զգացումներ: Արձագանքներից ստացած դրական տպավորությունս պայմանավորված էր այն իրողությամբ, որ հոդվածիս «հերոսները» ակնհայտորեն տագնապում են` գիտակցելով իրենց գոյության վտանգավորությունը մեր երկրի ու հասարակության համար: Իսկ նրանցից շատերի խուճապահար, սարսափած լինելու փաստը վկայում է, որ հոդվածիս վերնագիրը արդեն իսկ մոտ ապագայում կդառնա իրականություն: Զգացի նաեւ, որ հոդվածում բերված եւ ոչ մի քննադատական գնահատական ու եզրակացություն ո՛չ հերքվել էր, ո՛չ էլ վիճարկվել, այն է` բովանդակային առումով անխոցելի էր: Իսկ բացասականն էլ այն էր, որ վերստին համոզվեցի. ԼԳԲՏ ընկերակցության անդամները, ագրեսիվ տոտալիտար կրոնական աղանդների հետեւորդները, կարիքից կամազուրկ դարձած մեր դյուրահավատ քաղաքացիները համախմբված են եւ, ցավոք, դեռ քիչ չեն: Այս իրողությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս, առավել եւս, որ «ժողվարչապետի» բոցաշունչ ելույթներից մոլորյալների թվում կան լուսավոր դեմքերով եւ փայլող աչքերով, ակնհայտորեն, ազնվաբարո երիտասարդներ:
Ինչեւէ, ընթերցողի դատին եմ հանձնում հոդվածիս վերջաբանը:
ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ - Չէի ցանկանա տխուր նոտայով ավարտել հոդվածս: Չգիտես ինչու, երբ հոգիս տագնապում է, մտաբերում եմ նրբաճաշակության արբիտր Գայոս Պետրոնիուսի նամակը կայսր Ներոնին: Մի փոքրիկ մեջբերում կատարեմ դրանից. «...Տանջի՛ր հպատակներիդ, եթե այդպես ես ուզում, բայց աղաչում եմ քեզ` մի՛ այլանդակիր եւ մի՛ հաշմիր Արվեստները: Թախանձագին խնդրում եմ քեզ. ողջ եղի՛ր, բայց մի՛ երգիր, սպանի՛ր, բայց ոտանավորներ մի՛ գրիր, թունավորի՛ր, բայց մի՛ պարիր»:
Ահա, հիմա էլ կուզենայի գրել Ն.Փաշինյանին. «...Տանջի՛ր քո մոլեռանդ-երկրպագուներին, որոնց մեթոդաբար ներշնչում ես, թե հայ ժողովրդի մեջ կան «սեւեր» եւ «սպիտակներ», եթե այդպես ես ուզում, բայց խնդրում եմ քեզ` մի՛ այլանդակիր եւ մի՛ հաշմիր մեր ավանդական ընտանեկան արժեքները` ակնհայտորեն եւ ծածուկ հովանավորելով ԼԳԲՏ ընկերակցությանը, որն անպատիժ, անպատկառ ձեւով եւ ցինիկաբար գրոհում է Երեւանի ոստիկանական բաժանմունքները:
Մի՛ հովանավորիր ագրեսիվ կրոնական աղանդներին, որոնք գրոհում են Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:
Մի՛ հովանավորիր Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների տարատեսակ հերձվածողներին, որոնք մտադիր են ս.թ. նոյեմբերի 15-18-ը Գրիգոր Լուսավորչի եւ Գրիգոր Նարեկացու սրբազան հողում Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի «ԼԳԲՏ-քրիստոնյաների համաժողով» անվանմամբ հերթական խառնաժողովն անցկացնել:
Խնդրում եմ քեզ` հեղափոխության եւ հակահեղափոխության մասին քո սրտաճմլիկ ճառերով էլ մի՛ տանջիր կարիքից կամազուրկ դարձած մարդկանց: Գուցե դու չես էլ հասկանում, որ արդեն սպառնալիք ես դարձել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար»:
Որպեսզի ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, թե մտքերս «ձայն բարբառոյ յանապատի» են, վստահաբար հայտարարում եմ, որ հայ ժողովրդի հավաքական իմաստնությունը կհաղթանակի եւ Նիկոլ Փաշինյանի հակապետական հեղաշրջումը, ինչ բարեհունչ կարգախոսներով էլ որ քողարկվի, դատապարտված է ձախողման: Սրանում է, անշուշտ, Հայոց պետականության եւ Արցախի Հանրապետության փրկությունը: Ով որքան ավելի շուտ գիտակցի այս ճշմարտությունը, այնքան ավելի քիչ կլինեն մեր ազգային անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության պետականության սպառնալիքները:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,
ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում
ՀՀ խորհրդարանի
պատվիրակության ղեկավար,
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ
www.amiab.am