ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

11.09.2018, Իրավունք

Եվ այսպես, հարգելի ընթերցող, 2018թ. սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հանդիպումը: Նշենք, որ հանդիպման նախօրեին Կրեմլում ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը շատ լակոնիկ հայտարարել էր նրա թեմատիկան. «Շատ հարցեր են կուտակվել, ինչպես մեր, այնպես էլհայկական կողմում, ուստի մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ խոսակցություն բոլորհարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպեսէլ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին, նկատի ունենք ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը»:

Չեմ թաքցնի, որ այդ հանդիպման նախօրեին ինձ համակել էին հակասական զգացողություններ: Չէ՞ որ անկախ այն բանից, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին, եթե անկեղծ սիրում ես Հայրենիքդ, ապա կամա-ակամա խիստ շահագրգռված ես Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության միջև բանակցությունների հաջողությամբ: Անգամ այն դեպքում, երբ Հայաստանի իշխանության ղեկին է «ժողովրդի» վարչապետը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` ՀՀ ԱԺ) կողմից սորոսյան տարատեսակ ֆոնդերի ու կրոնական աղանդների գրանտակերների ագրեսիվ ճնշմամբ հաստատված, որոնք հաճախ, իրենք էլ չգիտակցելով դա, իրենց գործողություններով խարխլում են պետության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հիմքերը: Նրանց գործունեության զինանոցում ճիշտ նույնությամբ գործի է դրվում ոչ միայն գունավոր հեղափոխությունների և պետական հեղաշրջումների տեխնոլոգիաների հայտնի գիտակ Ջին Շարփի «Բռնապետությունից ժողովրդավարություն» գրքի «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» հավելվածում ներկայացված գործիքակազմը, այլև մի ինչ-որ նոր բան: Վերցնենք թեկուզ այն ժամանակ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարների և պատգամավորների մահապաստառները կախելու զզվելի ակցիաները:

Ընդ որում` այդ պաստառները կախվում էին այն փողոցներում ու տների ճակատամասերին, որտեղ ապրում էին պատգամավորների ընտանիքները, հավանաբար այն հաշվարկով, որ նրանց ծնողները, երեխաներն ու թոռները աշխատանքի կամ դպրոց գնալիս խոր տրավմա ստանան մնացած ողջ կյանքի համար և հոգեբանական ճնշում գործադրեն իրենց մերձավորների` ՀՀ ԱԺ պատգամավորների վրա, որպեսզի նրանք քվեարկեն «ժողովրդի» վարչապետի, «նոր Հայաստանի» ` հանձինս այդ անկարգությունները հրահրողների, օգտին: Նշենք, որ պատգամավորներին «ահաբեկելուն» միտված բողոքի շարժման առաջին շարքերում, որպես կանոն, անխնամ հագնված, փնթի «կանայք» էին, որոնք, նրանց քըս-քըս տվող ուսանողների, հավանաբար` վատ սովորողների ու արտասահմանյան այլևայլ գրանտակերների ուղեկցությամբ, խմբային երթեր էին կազմակերպում դեպի խորհրդարանականների տները` հասցեատերերին կամ նրանց ընտանիքների անդամներին հանձնելով անգրագետ կազմված (ամենայն հավանականությամբ, օտար` գրանտատուի մայրենի լեզվից անվարժ թարգմանության պատճառով) հանրագրեր` վիրավորական բովանդակությամբ: Այլ գռեհիկ դրսևորումներ էլ եղան, որոնք առնվազն վկայում էին դրանք նախաձեռնողների տարրական անդաստիարակության մասին: Զարմանալին այլ բան է. այն, որ ատելության այս ողջ բաքոսատոնը, որն ուղեկցվում էր Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի քրեորեն պատժելի մի շարք խախտումներով, քաղաքական և իրավաբանական անգրագիտության պատճառո՞վ, թե՞ Ջին Շարփի (որը կյանքին հրաժեշտ տվեց այս «հեղափոխական» օրերից ընդամենը մի 5-6 ամիս առաջ) հիշատակն անտաշ ձևով մոռացության չմատնելու ցուցադրման նպատակով, դրա կազմակերպիչները սրբապղծորեն անվանեցին ոչ այլ կերպ, քան «թավշյա հեղափոխություն»: Միևնույն ժամանակ, հանուն արդարության նշենք, որ իշխանության բռնի տապալումը, այո, ես չսխալվեցի` բռնի տապալումը, ասել է թե` պետական հեղաշրջումը, տեղի ունեցավ մեր միանգամայն մեղսունակ զգալի թվով քաղաքացիների լուռ հավանությամբ, ովքեր իրենց անձնական համոզմունքներից ելնելով, որոնք շատ բանով համընկնում էին մերձավոր ու հեռավոր արտասահմանի իրենց գործատուների մտահղացումների հետ, նույնպես մասնակցում էին բողոքի շարժմանը: Ավաղ, նրանք մի փոքր համբերություն չցուցաբերեցին, որպեսզի իրենք էլ դառնան Հայաստանի Հանրապետության ներառական տնտեսական զարգացման վկաներն ու արարողները, որի անայլընտրանքայնության և պահանջվածության մասին համոզիչ կերպով հայտարարվել էր ՀՀ նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Ազատի Սարգսյանի ծրագրային ելույթում` ընթացիկ տարվա ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ հատուկ նիստի ժամանակ: Բայց սա առանձին վերլուծության թեմա է: Հարգելի ընթերցող, մինչ Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքների մասին առաջին տպավորությունս արտահայտելը` ուզում եմ ներկայացնել բանակցային գործընթացներում հաջողությունների հասնելու անհրաժեշտ պայմանների իմ տեսլականը, իմ ըմբռնումը, անգամ մեր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի Դաշնության հետ: Այս առումով խիղճս մաքուր է. վերջին 3 ամիսներին ես քանիցս հանդես եմ եկել քննադատական հոդվածներով Ն.Փաշինյանի կառավարության հասցեին` հատկապես շեշտադրելով նրա ձախողումները, մանավանդ արտաքին քաղաքականության ոլորտում, այն հույսով, որ այդ քննադատությունից պատշաճ հետևություններ կանեն: Եվ ահա, բնորոշելով արդի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը` ըստ իս, կարելի է փաստել, որ այն ուղղված է նոր արդար աշխարհակարգի կայացմանը, որի հիմքում պետք է լինեն համամարդկային արժեքների գերակայությունը, հավասար և անբաժանելի անվտանգության ապահովումը բոլոր ժողովուրդների և պետությունների համար, հակամարտությունների խաղաղ լուծումը, պետությունների ամբողջականության և ինքնիշխանության հարգումը, չմիջամտելը մեկը մյուսի ներքին գործերին: Կարծում եմ, Ռուսաստանի հետ բանակցություններում հաջողության հասնելու համար, այդ թվում և նրա ռազմավարական դաշնակիցը` Հայաստանը, պետք է ոչ միայն վերոնշյալ մոտեցումների համոզված հետևորդը լինի, ինչը, անշուշտ, անհրաժեշտ պայման է, այլև պետք է լինի ազնիվ և կանխատեսելի գործընկեր, որը հոգով ու մտքով հասկանում է ռուս մեծ քաղաքակրթության պատմական և մշակութային ժառանգության արժեքները: Բնավ պատահական չէ, որ գրում եմ այս մասին: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ այսօր էլ ՀՀ ներքին և արտաքին անվտանգությունն ապահովող կարևոր պաշտոններում հայտնվել են մարդիկ, ովքեր, մեղմ ասած, քաղաքական երկդիմության նմուշներ են հանդիսանում: Սակայն, ի տարբերություն հնամյա «երկդիմի Յանուսի» նախատիպի, որին հին աստվածներից մեկը` Սատուրնը, օժտել էր անցյալն ու ապագան տեսնելու ունակությամբ, մեր գործիչների պարագայում միանգամայն այլ պատկեր ունենք: Այսպես, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին «Նոյան տապան» թերթում (No 9 (308), 2018թ. սեպտեմբեր), «Հայաստանի շահերն ամուր կապված են Ռուսաստանի հետ, և մենք ելնում ենք դրանցից» հարցազրույցում, հարցազրուցավար, հարգարժան Գրիգորի Անիսոնյանը հետևյալ հարցն է ուղղում. «Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանն իր հոդվածներից մեկում` «Քոչարյանն իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» վերնագրով, պնդում է, որ Հայաստանի նոր կառավարության գրեթե ողջ թիմը ռուսատյացներ են և արևմտամետներ, Սորոսի և այլ «խափանարար» կառույցների «ստիպենդիատներ»: Պատգամավորն այդ թվում նշում է նաև Ձեզ: Այդ պատճառով, գրում է հեղինակը, անվստահություն է առաջանում ներկա իշխանությունների այն հայտարարությունների հետ կապված, թե Հայաստանը չի փոխում Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների ուղեգիծը, բայց իրականում շրջվում է Արևմուտքի կողմը: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս պնդումները»: Այո, իսպապես, ս.թ. օգոստոսի 2-ին REGNUM-ը հրապարակել է իմ հոդվածը վերը նշված վերնագրով: Սկզբում մեջբերում կատարեմ իրեն տրված հարցին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պատասխանից, հետո ներկայացնեմ իմ փաստարկները, որպեսզի հանկարծ Ռուսաստանի Դաշնության REGNUM Դաշնային տեղեկատվական գործակալության մեծարգո գլխավոր խմբագրի` բարձրակարգ քաղաքագետ և հայրենասեր-դերժավնիկ Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովի մեջ կասկած չսողոսկի այդ հոդվածում իմ ներկայացրած փաստարկների կասկածելիության վերաբերյալ:

Եվ այսպես, իմ «վիզավի» Արմեն Գրիգորյանը տրտնջում է. «Ո՞ւր են փաստերը, որոնք հաստատում են նման պնդումները: Ինձ համար կարևոր են փաստերը: Քաղաքականության մեջ պատահում է, որ արվում են պնդումներ, որոնց փաստացի ապացույցները չկան... Մյուս խնդիրն այն է, որ մարդիկ հաճախ ստերեոտիպերով են մտածում: Օրինակ, եթե մարդը սովորել է Արևմուտքում կամ աշխատել է ինչ-որ միջազգային կազմակերպությունում, նա պետք է լինի հակառուսական տրամադրված: Մենք կոտրել և կոտրում ենք այդ ստերեոտիպերը»: Առանց մեկնաբանությունների լոկ մի քանի փաստ ներկայացնեմ, որոնք տենչում է տեսնել սույն պարոնը: Այսպես, «Առավոտ» թերթին տված հարցազրույցում (https://www. aravot.am/ 2016/01/13/646752/) «Jamestown Foun-dation»-ի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն առարկել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին` ՀԱՊԿ-ի մասին իր տեսլականը ներկայացնելով հետևյալ կերպ. «Բայց խնդիրը հենց այն է, որ ՀԱՊԿ-ը ազդեցիկ ռազմաքաղաքական կառույց չէ, այլ հենց ձևական է, քանի որ ի սկզբանե դրա ստեղծման միակ պատճառը եղել են ոչ թե անդամ երկրների ընդհանուր շահերը, այլ Ռուսաստանի հիվանդագին մեծապետական ամբիցիաները» («Առավոտ», 12.01.2016): Կամ մեկ այլ օրինակ: «Առավոտ» թերթի 2016թ. օգոստոսի 17-ի համարում, «Չկա ռուսական ծրագրերին հակակշռելու ընդունակ քաղաքական համակարգ» հոդվածում, այդ նույն Ջեյմսթաուն ֆոնդի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը կարծիք է հայտնել, թե «2013թ. աշնանից սկսած` բազմիցս առիթներ են եղել նշելու, որ Եվրասիական միությանն անդամակցելու (նկատի ունի Հայաստանի անդամակցությունը-Ա.Գ.) և Ռուսաստանից կախվածությունն էլ ավելի խորացնելու գործընթացն, ըստ էության, «անշլյուսի», աստիճանական անեքսիայի է վերածվելու»: Չեմ կարող չներկայացնել ռուս-հայկական համագործակցության խորացման այս իբր նախանձախնդրի գրչի մեկ այլ մարգարիտ` հրապարակված 2016թ. նոյեմբերի 24-ին այդ նույն «Առավոտ» թերթում (https://www.aravot.am/2016/11/ 24/829757)` «Երկիրը ռուսական գուբերնիայի վերածելու գործընթաց» վերնագրով հոդվածը: Անդրադառնալով Հայաստանում տուրիզմի զարգացման հարցերին` Ա.Գրիգորյանը տրտնջում է, թե հաստատված է անվիզա ռեժիմ Հայաստան այցելող ռուսաստանցի քաղաքացիների համար: «Բացի այդ, զբոսաշրջությունը զարգացնելու համար կարելի էր այլ երկրների քաղաքացիներին ևս առանց անձնագրի մուտքի հնարավորություն տալ. մասնավորապես, ԵՄ-ի քաղաքացիները մի շարք երկրներում նման արտոնություն ունեն: Մնում է փաստել, որ Հայաստանի կառավարությունը նախընտրել է երկիրը ռուսական գուբերնիայի վերածելու գործընթացն արագացնել` հանուն իր վերարտադրությունը երաշխավորելու»:

 

Կարելի է ԱԱ քարտուղարի տասնյակ նման խոստովանություններ մեջբերել, բայց կսահմանափակվեմ փաստեր որոնողի որոշ հայտնություն-հոդվածների լոկ վերնագրերով, որոնք, բացահայտում են նրա` ըստ իրեն, լավ թաքցվող, խորապես ծածուկ հակառուսական էությունը: Եվ այսպես, ահա դրանցից մի քանիսը. «Ռուսական շանտաժի գործոնը բնավ չի վերացել»(https://www.aravot.am/2015/ 06/03/577807/), պակաս ինտրիգային չէ նաև Արմեն Գրիգորյանի մեկ այլ հարցազրույցի վերնագիրը, որը նա տվել է «Առավոտ» թերթին 2013թ. սեպտեմբերի 3-ին. «Ռուսաստանը չի հարգում Հայաստանի ինքնիշխանությունը»(https://www. aravot.am/2013/09/03/282751/), կամ էլ «Ռուսաստանը կարող է դիմել սադրանքի» ԼՂ հակամարտության գոտում» հոդվածը (4 նոյեմբերի 2013թ., «Առավոտ», https://www.aravot.am/2013/ 11/04/402199/): Ի դեպ նշեմ, որ սույն հոդվածը ռուսերեն լեզվով սեպտեմբերի 8-ին ժամը 22:55-ին (Մ.ժ.) հրապարակվել էր REGNUM գործակալության կայքէջում: Իսկ արդեն սեպտեմբերի 9-ին ժամը 01:11 որպես հոդվածիս շարունակություն REGNUM-ի խմբագրությունը տեղադրել էր Արմեն Գրիգորյանի խորհրդական Աննա Գևորգյանի գրությունը, որում, մասնավորապես, նշված էր. «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ոչ մի կապ չունի «Jamestown Foundation» կազմակերպության Արմեն Գրիգորյան քաղաքագետ հոդվածագրի հետ, անգամ լուսանկարում կարելի է տեսնել բոլորովին ուրիշ Արմեն Գրիգորյանի»: Հնարավոր կասկածները փարատելու համար ընթերցողի ուշադրությանը ներկայացնենք 2017 թ. նոյեմբերի 11-ին Արմեն Գրիգորյանի լուսանկարի ներքո հրապարակված «Армен Григорян: На международных платформах армянские чиновники способствовали распространению неверного восприятия» վերնագրով հոդվածից մեջբերում: Այդ հոդվածի առաջին իսկ տողում կարդում ենք. «Собеседник Первого Информационного-автор статей фонда «Джеймстаун», политолог Армени Григорян» (armenianreport.com/pubs/ 171545 11 Ноября 2017-11:35): Եթե 11 ամիս առաջ տեղի է ունեցել նման կոպիտ խեղաթյուրում, որին մինչ օրս չի արձագանքել ՀՀ Անվտանգության Խորհուրդը, ապա դա լուրջ մտորումների տեղիք է տալիս վերջիններիս արհեստավարժության կապակցությամբ, երբ նրանց ղեկավարի լուսանկարը ամիսներ շարունակ տեղադրված էր իր գրչին չպատկանող նյութում: Ինչպե՞ս ընկալել ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցի անտարբերությունը, եթե այն ի վիճակի չէ ապահովել սեփական տեղեկատվական անվտանգությունը: Իսկ միգուցե...

Ինչևէ, կարծում եմ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարագայում մենք իրավունք ունենք փաստելու, որ ի տարբերություն հին հռոմեական երկդիմի, մուտք ու ելքի և բոլոր դռների աստծո` մեր «հերոսը» ինքն իրեն փակուղի է քշել, որի պատին երևում են Մովսեսին Աստծո տված Իններորդ պատվիրանի տողերը. «Մերձավորիդ դեմ սուտ վկայություն մի՛ տուր»: «Մերձավոր» ասելով նկատի ունենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն Անվտանգության խորհրդի քարտուղարի հավանական հետևորդությունը: Այս վերապահությունը բնավ պատահականորեն չեմ անում, քանի որ Ն.Փաշինյանի կառավարությունում և նրա մոլի երկրպագուների շարքերում կան Հայաստանի համար ոչ ավանդական տարատեսակ կրոնական աղանդների հետևորդներ, որոնք, ավաղ, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ և համախմբվածությամբ, հատկապես այն ժամանակ, երբ բանը վերաբերում է «ժողովրդի» վարչապետի կոչով կազմակերպվող հանրահավաքներին և երթերին մասնակցելուն: Այսքան մանրամասն մեջբերումներ չէի կատարի Անվտանգության խորհրդի քարտուղարի հոդվածներից և հարցազրույցներից, եթե դրանցում Հայաստանի ազգային անվտանգության հանդեպ սպառնալիք չտեսնեի: Նրա գործընկերներից, օրինակ` ՀԱՊԿ գծով, ո՞վ նրա հետ կքննարկի անվտանգության մարտահրավերների վերաբերյալ որևէ լուրջ հարց` ի սկզբանե իմանալով, որ նա անկեղծ չէ և երկդիմի է: Օրինակ, եթե նա հայտնի ուսումնական կենտրոններում (որոնցում, որպես կանոն, դասավանդում են Արևմուտքի հատուկ ծառայությունների վետերանները) ստացած կրթությունը կանխամտածված ձևով, միտումնավոր շփոթում է հայտնի ուսումնական կենտրոններում (որոնք բացառապես բարձրագույն ուսումնական հաստատության համբավ են վայելում) բարձրագույն կրթություն ստանալու հետ, որպեսզի իմ խոսքերը խեղաթյուրելով` ընթերցողներին մոլորության մեջ գցի, ապա գոնե այս փաստը չի կարող չզգաստացնել նրա գործընկերներին: Որպեսզի ընթերցողն այնպիսի տպավորություն չստանա, թե ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հակառուսական արտաքին քաղաքական հակումների առումով Ն.Փաշինյանի շրջապատում բացառություն է, վկայակոչեմ «Նոր Հայաստանի» մեկ այլ բարձրաստիճան չինովնիկի` ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո գտնվող Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հրապարակային ելույթները: Այսպես, 2018թ. սեպտեմբերի 6-ին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալությունը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ իր ու Արմեն Գրիգորյանի նախկին գործունեության պատճառով իրենց ներկայությունն իշխող էլիտայում ցանկալի չէ Ռուսաստանի համար, արդեն իր պատասխանի մեջ, հոգու պարզության պատճառով, թույլ տվեց ինքնատիպ, իրեն հատուկ հերթական ռուսատյաց արտահայտությունը. «Մենք ռուսատյաց չենք եղել, ես ընդհանրապես դեմ չեմ ոչ մի ազգի (համաձայնեք, որ սա մեծահոգության գագաթնակետն է նրա կողմից-Ա.Գ.): Դա պարզապես սևացում է, ինչ-որ քարոզչության փորձ: Կան մարդիկ, որոնց կոշտուկը տրորում ենք, և նրանք պատվիրում են այդպիսի բաներ (հավանաբար նրան ստիպում են հանդես գալ հակառուսական հոդվածներով և հարցազրույցներով-Ա.Գ.): Բայց մենք զբաղվում ենք մեր գործով: Եվ հետո, այլ պետությունների ղեկավարները չեն կարող որոշել, թե ինչ կադրային քաղաքականություն պետք է վարվի մեր երկրում: Սա պարզապես վիրավորական է, երբ ասում են «Կրեմլը դժգոհ է ինչ-որ նշանակումից»: Գոհ պետք է լինեն Հայաստանի քաղաքացիները և վարչապետը»,- ասել է Սանասարյանը: Նախ` կուզենայի ուղղել լրագրողին, որ նրանց «ներկայությունը իշխող էլիտայում» անցանկալի է նախ և առաջ Հայաստանի համար, քանի որ նրանց արտաքին քաղաքական, բացահայտ ռուսատյաց մոտեցումների պատճառով` ազգային անվտանգության առումով, այդ ներկայությունն առաջին հերթին Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում: Երկրորդ` իր պատասխանի մեջ Դ.Սանասարյանը փաստորեն չի հերքում «այլ պետությունների ղեկավարների» միջամտությունը կադրային քաղաքականությանը: Հետո ինքն էլ միջնորդավորված ձևով մատնանշում է, «ինչպես ասում են», Կրեմլը: Այս համառոտ նշումը կատարում եմ որպես ոչ մեծ նախաբան, իսկ այժմ որոշ մեջբերումներ կատարեմ նրա հոդվածներից և հարցազրույցներից: Մեջբերում կատարեմ «Հայկական ժամանակ» թերթի (որի խմբագիրն է Նիկոլ Փաշինյանի տիկինը- խմբ.) 2017թ. դեկտեմբերի 14-ի համարում հրապարակված` Դավիթ Սանասարյանի հարցազրույցից, որի վերնագիրն է. «Դավիթ Սանասարյան. Եկել է ժամանակը, որ ՌԴ-ի սահմանապահ զորքերը հանվեն Հայաստանից» (http://armtimes. com/hy/article/127332): Այսպես, թղթակցի «Դուք պնդում եք, որ հայ-իրանական սահմանին ընդհանրապես ռուսական սահմանապահների կարիք չկա՞» հարցին հետևել է հետևյալ պատասխանը. «Առհասարակ իմ կարծիքը, մոտեցումն այն է, որ ամբողջությամբ ռուսական զորքերը պետք է դուրս գան: Կեղծ հիմնավորում է, որ նրանք մեր անվտանգությունն են ապահովում, նման բան չկա: Բազմաթիվ անգամներ տեսել ենք, որ նրանք որևէ ձևով անվտանգություն չեն ապահովում: Թուրքիան կարողանում է իր օդուժն անցկացնել մեր սահմանով, ու դրա համար որևիցե պատասխան չկա Թուրքիային: Հակառակը տեսել ենք, թե ինչպես է Թուրքիան ռուսական ինքնաթիռը վայր գցում: Այնուամենայնիվ, տեսել ենք պերմյակովներ և այլն, և այլն: Դա չարիք է (ռուսական զորքերի և սահմանապահների առկայությունը-Ա.Գ.), որի առկայությունը կախվածության մեջ է պահում մեզ Ռուսաստանից: Հայաստանը պետք է հրաժարվի դրանից»: Կամ էլ մեջբերենք Դ. Սանասարյանի այլ հայտնություններ ևս. «Հայաստանը մտցրել են ԵՏՄ կոչվող ճահճի մեջ, իսկ հիմա ասում են, որ այնտեղ խոսում են ռուսերեն, եկեք այնպես անենք, որպեսզի մեր երեխաները սովորեն այդ ճահճի լեզուն» (նկատի ունի Ա.Ս. Պուշկինի, Յու.Մ. Լերմոնտովի, Լ.Ն. Տոլստոյի, Ֆ.Մ. Դոստոևսկու, Ա.Պ. Չեխովի լեզուն- Ա.Գ.): Այս մեջբերումն արված է 2017թ. սեպտեմբերի 27-ի հոդվածից (http://www. aravot-ru.am/2017/09/27/ 252019), ճիշտ նույնությամբ վերնագրված այդ գործչի վերոնշյալ արատավոր բառերով: Կամ էլ ևս մեկ` Ռուսաստանի հանդեպ ատելության ոչ պակաս զզվելի դրսևորում: Այսպես, https://blognews.am/ arm/news/243329/ ardyoq-putinn-e-spanel-nemcovin.html կայքում «Արդյո՞ք Պուտինն է սպանել Նեմցովին» վերնագրի ներքո Նիկոլ Փաշինյանի սույն սխրակիցը հարց է տալիս. «Արդյո՞ք Պուտինն է սպանել Նեմցովին»: Այնուհետև ինքն էլ պատասխանում է. «Վստահ չեմ: Արդյո՞ք նա է մեղավոր Նեմցովի սպանության համար,- միանշանակ այո, քանի որ նա է Ռուսաստանի գաղջի ու ամենաթողության աճացնող դոնը, նա է, որ տևական ժամանակ է` խեղդում է այլախոհությունն ու բազմակարծությունը Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս, որտեղ որ կրեմլյան մահակը շարժվելու տեղ ունի...»: Հարկադրված հղում կատարելով հայերի և հայկական պետության համար ՀՀ Պետական վերահսկողական ծառայության նորահայտ ղեկավարի այս բացահայտ թշնամական ցիտատներին` զգում ես պետության հիմքերին սպառնացող վտանգը, Հայաստանի ազգային անվտանգությունը ենթարկվում է դաժան փորձությունների «Նոր Հայաստանի» իշխանավորների կողմից: Ինչո՞ւ եմ այս մասին գրում հենց հիմա` Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ավարտից հետո: Ուզում եմ հուսալ, որ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին գոնե հիմա չէր խանգարի խորհել Ռուսաստանի նախագահի ողջույնի խոսքում արտահայտված շատ լակոնիկ մտքի շուրջ. «Հավանաբար, անհրաժեշտություն չկա առանձնապես խորանալ մեր հարաբերությունների բնույթի մեջ. դրանք կրում են միանգամայն հատուկ, առանձնահատուկ բնույթ: Եվ դա դրսևորվել է դարերի ընթացքում, այլ ոչ թե Ձեզ հետ մեր համատեղ աշխատանքի ժամանակ» (ընդգծումը հեղ.` խմբ.): Այս խոսքերում և՛ բարեկամական խորհուրդ կա, և՛ կոչ` գիտակցելու զբաղեցրած պաշտոնների ողջ աննշանությունը հայ և ռուս ժողովուրդների բարեկամության բազմադարյա պատմության համեմատ: Այս առնչությամբ կուզենայի հուսալ, որ Ն.Փաշինյանը հավատարիմ կմնա իր իսկ խոսքերին` ասված իր պատասխան խոսքում` ս.թ. սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ. «Իհարկե, մենք տրամադրված ենք հետագայում ևս զարգացնել և ամրապնդել մեր հարաբերությունները ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵԱՏՄ շրջանակներում: Ես նկատի ունեմ նաև մեր հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակներում և առհասարակ այլ ոլորտներում»: Այս բառերի տրամաբանական շարունակությունը, եթե դրանք ասված են անկեղծ և գիտակցված ձևով, պետք է դառնա ռուս-հայկական ռազմավարական դաշինքի բացահայտ հակառակորդներին զբաղեցրած պաշտոններից անհապաղ հեռացումը: Դրանով իսկ կդրվի երկու բարի գործերի, իհարկե` անհամադրելի իրենց նշանակալիությամբ, սկիզբը:

Առաջին. կարվի առաջին քայլը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման ճանապարհին, որի այլընտրանքը տարածաշրջանում և նրա շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում պատերազմն է Հարավային Կովկասում: Պատերազմ, որը շա՜տ են ուզում սանձազերծել համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի ներկայացուցիչները` նպատակ ունենալով կասեցնել նոր, արդար աշխարհակարգի կայացումը, որի դրոշակակիրն է հանդիսանում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ղեկավարած Ռուսաստանը:

Եվ երկրորդ բարի գործը. Գրիգորյանին և ընկերակիցներին ազատելով զբաղեցրած պաշտոններից` կդրվեր նրանց անձի երկվության վերջը` մի կողմից, ինչպես նաև սույն գործողությունը կդառնար իր իսկ` Նիկոլ Փաշինյանի խոսքերի հավաստիացումը, թե իր կողմից ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը չընդունելը` քանիցս հնչեցված նրա կողմից ամիսներ առաջ, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, լոկ մարտավարական խուսանավում էր: Համարձակվում եմ հուսալ, որ այդ խուսանավումը բնավ չի հետապնդել հերթական գրանտը կպցնելու նպատակ համախոհների և գրանտակեր տարբեր հասարակական կազմակերպությունների իր երկրպագուների համար:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. «Ժողովրդի» վարչապետի թիմի անդամների բազմաթիվ հարցազրույց-պարզաբանումները ռուս-հայկական համագործակցության խորացման գործին հանկարծ ի հայտ եկած անշեղ հավատարմության վերաբերյալ, հակառակ ավելի վաղ հնչեցված տրամագծորեն հակադիր պնդումների, ակամա որոշակի մտորումների տեղիք են տալիս: Օրերս դրանց բովանդակությունը բավական տարողունակ և սարկազմով մեկնաբանեց իմաստուն պետական գործիչ ընկերս, ով հիրավի հերոսական ճանապարհ է անցել, որը նշանավորվել է Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության անկախության նվաճմամբ, Հայաստանի Հանրապետության` որպես միջազգային հարաբերություններում (լինի ԱՄՆ-ի, թե Եվրամիության հետ) անկախ սուբյեկտի կայացմամբ, էլ չեմ ասում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին: Ինչի՞ մասին պատմեց ինձ իմ լավ ընկերը: Նրա կարծիքով` հայ-ռուսական ռազմավարական դաշինքի նորահայտ վայ-ջատագովները հիշեցնում են հայտնի անեկդոտի պերսոնաժին. վախեցած մարդը դիմում է բժշկին` գանգատվելով, թե իրեն թվում է, որ ինքը մարդ չէ, այլ կուտ, որը ուր որ է կտցելու է առաջին իսկ պատահած հավը: Կտցված լինելու վախից այս հերոսը տնից դուրս չի գալիս: Սրտացավ բժիշկը, լսելով այցելուին, նրան համապատասխան բուժում է նշանակում: Նշված դեղորայքն ընդունելուց մի քանի օր հետո հիվանդը նորից է գալիս բժշկի մոտ և երախտագիտական խոսքերով ողողում նրան` ասելով, թե արդեն հաստատ գիտի, որ կուտ չի: Հոգին դատարկած` նա դուրս է գալիս բժշկի աշխատասենյակից, բայց անմիջապես էլ հետ է դառնում և տագնապով հարցնում. բժիշկ, իսկ հավերը գիտե՞ն, որ ես արդեն կուտ չեմ, այլ մարդ: Ահա, հիմա էլ Ն.Փաշինյանի թիմի հատկապես եռանդուն հակառուսական գործիչներն իրարից խոսք խլելով` հարցազրույց հարցազրույցի հետևից են տալիս, միահամուռ պնդելով, որ իրենք բոլորովին էլ ռուսատյաց չեն, պատկերավոր ասած` «կուտ» չեն, և շատ են անհանգստանում` իսկ այդ մասին գիտի՞ արդյոք նրանց «կտցող» հավը: Առակս զի՞նչ ցուցանե. մեծ քաղաքականության մեջ գործընկերների «հավի հիշողության» վրա հույս դնելը վնաս է...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

 

Последние видеоматериалы

Новые книги