Արտաշես Գեղամյան. Հայաստան և Լեռնային Ղարաբաղ

Պատասխանատու լինենք մեր զավակների և թոռների ապագայի համար

28.08.2018, Իրավունք

 

Լուսանկարում՝ (ձախից աջ) Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանը, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ Ալեքսեյ Սինեգուբովը, Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը, Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը, Ազգային և հոգևոր արժեքների «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, Ռուսաստանից գործարար-մեկենաս Հրաչյա Պողոսյանը:  Երևան, 21 օգոստոսի 2018 թ.  

 

Առաջինը, ինչի մասին մտածեցի, երբ որոշեցի գրել այս հոդվածը, անվիճելի այն փաստի ընդունումն էր, որ երեսուն տարի առաջ ամենատարբեր բովանդակություններ ունեցող հոդվածների հեղինակները դրանցում, որպես կանոն, մի երկու անգամ մեջբերումներ էին կատարում Հին Հունաստանի և Հին Հռոմի փիլիսոփաներից, գրականության դասականներից՝ սկսած Վերածննդի դարաշրջանից մինչև XX դարի վերջը։ Հետագայում, ժամանակի հետ, հոդվածներում շատ ավելի հաճախ հանդիպում էին տարբեր դարաշրջանների նշանավոր կայսրերի, ինքնակալների և զորավարների ասույթներ։ Ավաղ, մեր օրերում հանրային ելույթներում և հոդվածներում բարձրացվող հարցերին ակտուալություն հաղորդելու համար ստիպված ես լինում ավելի շատ դիմել այն ելույթներին ու փաստաթղթերին, որոնք պատրաստվել են այս կամ այն պետության տարատեսակ հետախուզական ծառայությունների կամ էլ զանազան միջազգային կազմակերպությունների կողմից։

Եվ այսպես, 2018թ. փետրվարին ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դէնիել Քոութսը այդ կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակեց «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» ամենամյա զեկույցը։ Այս մասին ավելի վաղ արդեն գրել եմ, որ այդ զեկույցում Ռուսաստանը և Չինաստանը մատնանշված են որպես ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներ։ Բավական է նշել, որ դիտարկվող զեկույցում Ռուսաստանը հիշատակվում է 67, Չինաստանը՝ 36 անգամ։ Նշենք, որ Դէնիել Քոութսը պաշտոնապես համարվում է ԱՄՆ բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների աշխատանքի համակարգողը։ Զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված հատվածում գրված է, որ «երկու կողմերի՝ փոխզիջման գնալ չցանկանալը, կողքից ճնշման սաստկացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսաստանյան նոր զենքի ձեռքբերումը 2018թ. կարող են հանգեցնել լայնամասշտաբ մարտական գործողությունների։ Վիճելի ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ լարվածությունը կարող է վերածվել մասշտաբային ռազմական հակամարտության Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կարող է ներգրավել Ռուսաստանին՝ տարածաշրջանային իր դաշնակցին պաշտպանելու համար»։

Ընթերցողն իրավամբ կարող է հարց տալ. արդեն ավելի քան կես տարի է անցել այս փաստաթղթի հրապարակումից հետո, ի՞նչ կարիք կար այսօր վերստին անդրադառնալ ԱՄՆ ազգային հետախուզության այս զեկույցին։ Ցավոք, նման անհրաժեշտությունն այսօր ակներև է, և ահա թե ինչու։ Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում նկատվում է հատկապես ամռան արձակուրդային ամիսների համար աննախադեպ ակտիվություն ռազմական և արտաքին քաղաքական ոլորտներում։

Այսպես, զեկույցի հրապարակումից մեկ շաբաթ անց Armiya. az կառավարամետ էլեկտրոնային պորտալի թղթակից Սեյմուր Մամեդովի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք լայնամասշտաբ պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի միջև 2018թ., թուրք վերլուծաբան, «Անկարա-Մոսկվա» փորձագիտական-վերլուծաբանական ցանցի առաջատար փորձագետ Էնգին Օզերն այսպես է պատասխանել. «Ես համաձայն եմ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Քոութսի այն եզրակացությունների հետ, որ 2018թ. կարող է լայնածավալ պատերազմ սկսվել Ադբեջանի և Հայաստանի միջև։ Ինչո՞ւ եմ այդպես մտածում։ Բանն այն է, որ վերջին 10-12 տարիներին Ադրբեջանն իր բանակի ուժեղացված արդիականացում է իրականացնում, ակտիվ ռազմական համագործակցություն է ծավալում ոչ միայն Ռուսաստանի, այլև Իսրայելի, Պակիստանի և Բելառուսի հետ։ Իսկ ահա Հայաստանը, ընդհակառակը, ավանդական համագործակցություն է պահպանում միայն Ռուսաստանի հետ... Այսօր Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, ուժեղ ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա, և հիմա նա ավելի շատ կենտրոնացած է իր հարցերը լուծելու վրա և շահագրգռված չէ, որպեսզի երկրորդ Ղարաբաղյան պատերազմ սկսվի։ Ինձ թվում է, որ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը պատերազմն է։ Եվ մինչև 2018թ. ավարտը պատերազմ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև... Ամենագլխավոր պահն այն է, որ ողջ աշխարհը՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, Թուրքիան, Իսրայելը, մուսուլմանական երկրները, բոլորը պաշտպանում են Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման իր արդարացի պայքարում»։

Թուրք վերլուծաբանի այս հայտնություններին կցանկանայի հավելել նաև մեջբերումներ այն հարցազրույցից, որը վերնագրված է՝ «Բրիտանացի վերլուծաբան. «Հայերը ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ» - Էքսկլյուզիվ Լոնդոնից», և որը  հրապարակվել է ս.թ. հուլիսի 2-ին Vzglyad.az էլեկտրոնային պորտալում։ Եվ այսպես, Vzglyad.az-ի թղթակցի՝ «Թույլ տվեք հարցնել ձեզ Ղարաբաղյան հակամարտության մասին։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է դրա լուծման ուղին» հարցին «The London Post» թերթի գլխավոր խմբագիր Շահիդ Գուրեյշին պատասխանում է, ըստ իս, բավական սադրիչ ձևով. «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ը, երկերեսանիների դեր են խաղում Ղարաբաղյան հակամարտությունում։ Փաստը, որ ՄԱԿ-ը, ինչպես նաև միջազգային հանրությունը տապալեցին այնպիսի մի խնդիր, ինչպիսին է այն հստակ սահմանումը, որ Ղարաբաղյան հակամարտությունում հանցագործը Հայաստանն է, իսկ զոհը՝ Ադրբեջանը, ի ցույց դրեց այն, որ նրանք իրենց սեփական շահերն ունեն այս հարցում»։

   Ինչո՞վ է պայմանավորված նման բացահայտ սուտ պատասխանը։ Համոզված եմ՝ իրենց հովանավորներին հաճոյանալու անզուսպ ցանկությամբ։ Չէ՞ որ բնավ պատահաբար չէ այդ նույն հարցազրույցում Շահիդ «աղան» հայտարարում. «Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ամուր են և պատմական ու մշակութային արմատներ ունեն»։ Թե պատմական ու մշակութային հարաբերությունների ի՞նչ արմատների մասին կարող է խոսք լինել մի երկրի հետ, որի գոյությունը հաշվվում է լոկ մեկ հարյուրամյակով՝ միայն կռահել կարող ենք։ Անցած շաբաթ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատանն անցկացված՝ ադրբեջանական բանակի ստեղծման հարյուրամյակին նվիրված միջոցառման ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն ասաց. «Հարյուրավոր բրիտանական ընկերություններ աշխատում են Ադրբեջանի նավթային, գազային, կրթական և մշակութային ոլորտներում»։ Համաձայնեք, որ շատ «բնորոշ» արտահայտություն է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի համար, ի՛սկը պրոֆիլային։ Նշենք, որ այսօր Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսությունում կատարվող ներդրումների ծավալով առաջատարն է։

Մեկ այլ մեջբերում ևս. «Ադրբեջանում գործում է ավելի քան 500 բրիտանական ընկերություն։ Բրիտանական ընկերությունների կողմից ադրբեջանական տնտեսությունում ներդրված է $27 մլրդ։ Ադրբեջանի երիտասարդությունը կրթություն է ստանում բրիտանական առաջատար համալսարաններում»,- 2017թ. դեկտեմբերի 14-ին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը Մեծ Բրիտանիայի առևտրի և արտահանման խթանման պետական նախարար Ռոնա Ֆեյրհեդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Ընդ որում՝ Մուսթաֆաևը նաև հայտարարեց, որ «BP-ն (British Petroleum) Ադրբեջանում ակտիվորեն մասնակցում է յոթ նավթագազային նախագծերում, որոնց մեջ է նաև «Ազերի» - «Չիրագ» - «Գյունեշլի» հանքավայրերի, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի, Հարավային գազային միջանցքի բլոկի մշակումը»։ Կարծում եմ, որ այս ինֆորմացիան լույս է սփռում Շահիդ Գուրեյշիի չափազանց մեծ սրտացավության վրա։

Տեղին եմ համարում նաև ընթերցողներին հիշեցնել իր ռազմավարական գործընկեր Իսրայելի և ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ Թուրքիայի և Իսրայելի միջև սրված հարաբերությունների ֆոնին։ Եվ ահա, ոչ անհայտ իսրայելցի փորձագետ Արյե Գութը, որն իր սեփական սիրելի անձը պատկերավոր բնութագրել է ոչ այլ կերպ, քան «իմ հայրը և ես հանդիսանում ենք Իսրայել Պետության լիիրավ քաղաքացիներ։ Մենք իսրայելցի ենք, մենք սիրում ենք Իսրայելը, մենք սիրում ենք հրեա ժողովրդին, բայց և միաժամանակ մենք սիրում ենք մեր հայրենիքը՝ Ադրբեջանը», ս.թ. ապրիլին ադրբեջանական АЗЕРТАДЖ տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում բնութագրել է ադբեջանա-իսրայելական փոխհարաբերությունների ներկա իրավիճակը. «Իսրայելը և Ադրբեջանը քաղաքական երկխոսության ամենաբարձր և ամենավստահելի մակարդակում են, կա լուրջ տնտեսական բաղադրիչ՝ մոտ $5,7 մլրդ-ի առևտրաշրջանառություն։ Բայց ամենագլխավորը իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում, և դա այդ հարաբերությունների շատ կարևոր բաղադրիչն է, մարդկային գործոնն է, և, ես կասեի, որ դա երկկողմ հարաբերությունների հիմնասյուներից մեկն է»։

Սրան հավելենք մի մեջբերում «Իսրայելական զենքը ադրբեջանական բանակի հզորության կարևոր բաղադրիչն է» հոդվածից, որը հրապարակվել է  այդ նույն armiya.az կայքում 2017թ. նոյեմբերի 17-ին. «...համագործակցությունը (Իսրայելի և Ադրբեջանի միջև- Ա.Գ.) ունիկալ է. մենք միակ մուսուլմանական երկիրն ենք աշխարհում, որն այդքան սերտորեն համագործակցում է աշխարհում միակ հրեական պետության հետ... Իսրայելը և Ադրբեջանը համագործակցության տարիների ընթացքում ռազմարդյունաբերական ոլորտում կնքել են $5 մլրդ-ի պայմանագրեր, դրանց մեծ մասը կատարված է։ Ընդ որում՝ հարկավոր է ընդգծել. մենք իսրայելական զենքով լրացնում ենք շատ կարևոր բաց տեղեր պաշտպանության ոլորտում, որոնց համար զենք վաճառել հաճախ հրաժարվում են երկակի չափորոշիչների մեջ մխրճված Եվրոպայի երկրները»։ Համաձայնեք, որ բավական արժեքավոր բնութագրում է եվրոպական երկրների այն ղեկավարների համար, որոնք խանդաղատանք են ապրում՝ Ափշերոնյան սուլթանի ու նրա մերձավոր շրջապատի կողմից իրենց հասցեին ուղղված ներբողները լսելիս։

Ադրբեջանա-իսրայելական ռազմավարական գործընկերության մասին այս և նման բազմաթիվ հիացական արձագանքների ֆոնին խիստ հետաքրքրական է ընկալվում Ափշերոնյան հանրապետության դաշնակցի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռազմատենչ հռետորաբանությունը Իսրայելի հասցեին։ Նշենք, որ այն հատկապես սրվեց Գազայի հատվածում վերջին իրադարձությունների և ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հետ կապված։ Սակայն հարկ է համաձայնել այն թյուրքագետների կարծիքի հետ, որոնք նախագահ Էրդողանի արտաքին քաղաքական գիծը բնութագրում են որպես բավական պրագմատիկ, որը ենթադրում է միջազգային և տարածաշրջանային իրավիճակի արագ վերագնահատում, եթե այն բխում է Թուրքիայի ազգային շահերի պահանջներից։ Եվ ահա ներկայում Թուրքիան հանուն իր շահերի է օգտագործում Իրանի և Իսրայելի, Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը և, իհարկե, մրցակցությունը եվրոպական երկրների հետ։ Բնականաբար, համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության վերը նշված ուժի կենտրոնների միջև ցանկացած սաստկացող դիմակայություն, առավել ևս՝ երբ առկա են լուրջ հակասություններ Մոսկվայի, Թեհրանի և Վաշինգտոնի միջև սիրիական ճգնաժամի կարգավորման մոտեցումներում, Թուրքիային թույլ է տալիս պատկառելի աշխարհաքաղաքական տեղ զբաղեցնել Մերձավոր Արևելքում առաջատարը լինելու համար պայքարում։ Բնավ պատահական չէ, որ կատարեցի այս ոչ մեծ աշխարհաքաղաքական վերլուծությունը։ Կարծում եմ, չարժե կասկածել Թուրքիայի վճռական դերի հարցում՝ որևէ X ժամի դրդել Ադրբեջանին սկսել նոր ռազմական ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ՝ միևնույն ժամանակ ավելի ու ավելի ուժեղացող լարվածության տակ պահելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի նախիջևանյան տեղամասը, որը պահպանվում է ռուս սահմանապահների կողմից։ Արդեն գաղտնիք չէ, որ այս տարվա ընթացքում մոտ 185 մեծ բեռնատարներ՝ բերնեբերան լցված արդիական սպառազինությամբ, գիշերը հատել են թուրք-ադրբեջանական սահմանը և ուղևորվել Նախիջևան։ Այս համատեքստում կուզենայի մեջբերում կատարել Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ «The New York Times» թերթին 2018թ. օգոստոսի 14-ին տված հարցազրույցից. «2016թ. հուլիսի 15-ին Թուրքիան հարձակման ենթարկվեց Ֆեթհուլահ Գյուլենի գլխավորած ստվերային խմբի անդամների կողմից... Գյուլենականները փորձեցին պետական հեղաշրջում իրականացնել իմ կառավարության դեմ... Անմեղ զոհեր, 251 մարդ, ներառյալ Էրլոք Օլքոքը՝ իմ քարոզարշավի վաղեմի ղեկավարն ու թանկագին ընկերը, ինչպես նաև նրա որդին՝ Աբդուլահ Թայիփ Օլքոքը, ամենաբարձր գինը վճարեցին մեր երկրի ազատության համար։ Եթե հաջողությունն ուղեկցեր մահվան էսկադրոնին, որը եկել էր իմ և իմ ընտանիքի հետևից, նրանց կմիանայի նաև ես։ Թուրք ժողովուրդը սպասում էր, որ Միացյալ Նահանգներն անվերապահորեն կդատապարտի գրոհն ու համերաշխություն կհայտնի Թուրքիայի ընտրված ղեկավարությանը... Միացյալ Նահանգների պաշտոնական անձինք զգուշավոր «կայունության, խաղաղության և Թուրքիայի ներսում շարունակականության» կոչ էին անում։

Այս բավական ոչ միանշանակ միջազգային իրադրությունում հանկարծ որտեղից որտեղ haqqin. az կառավարամետ էլեկտրոնային պորտալը նախաձեռնում է բանավեճ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի իշխող էլիտայի ներկայացուցիչները վերաբերվում ՀԱՊԿ-ին այդ երկրի անդամակցության գաղափարին, առաջինն արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական և պետականակերտման հարցերի կոմիտեի նախագահ Ալի Հուսեյնլին։ Լավ իմանալով, որ ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներից և ոչ մեկն ինքնուրույն չէ արտաքին քաղաքական թեմաներով իր հայտարարություններում, առաջինն, ինչի մասին մտածեցի, այն էր, թե մի՞թե Իլհամ Ալիևը 180 աստիճանով շրջադարձ է կատարում դեպի Ռուսաստանի կողմը՝ հրաժարվելով Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Արևմուտքի հետ ռազմավարական գործընկերությունից, որը չթուլացող հետաքրքրությամբ է դիտարկում իր էլ ավելի մեծ մասնակցությունը Հարավային գազային միջանցքի և այլ նախագծերի գործարկմանը։ Բայց չէ՜, ափշերոնյան քաղաքական գործիչներին միամտության մեջ կասկածելը կնշանակի վնասել ինքդ քեզ։ Այս ձեռնարկման գլխավոր ինտրիգը Հարավային Կովկասի տարածաշրջանի և, առհասարակ, Մերձավոր Արևելքի գործերում շահագրգիռ բոլոր ակտորների արձագանքը տնտղելը չէ։ Ոչ, գլխավորն այն է, որ այնպես արվի, որպեսզի համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնները հնարավորինս ավելի շատ ուշադրություն դարձնեն Ադրբեջանին, որպեսզի հետագայում ի լուր ամենքի հայտարարեն իրենց երկրի աշխարհաքաղաքական ընտրության հարցում Ափշերոնյան սուլթանության ողջ իշխանական էլիտայի միահամուռ կարծիքի մասին։

Եվ այսպես, ս.թ. օգոստոսի 24-ին Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբն իր պորտալում (http:// kavkazgeoclub.ru) հրապարակել է մի հոդված՝ «Երկրի վերլուծաբաններն ընդդեմ ՀԱՊԿ-ին անդամակցության» վերնագրով։ Կարդալով այս հրապարակումը՝ կարելի է մի քանի եզրահանգումներ անել։

Առաջին. Ադրբեջանի ղեկավարության համար խիստ կարևոր է հայտարարել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշինքի անհնարինության մասին, ինչն անխուսափելի կդառնար ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության դեպքում։ Դրանով իսկ հարցազրույցի ընթացքում քաղաքական գործիչները կրկին հաստատեցին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքի անխախտելիությունը։

Երկրորդ. Ափշերոնյան քաղաքական գործիչների ելույթներում կարմիր թելով անցնում է այն միտքը, որ «իր տարածքը զավթած Հայաստանի հետ նույն ռազմական կազմակերպությունում՝ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցությունն անհնար է», այդ «հարցը կարող է դիտարկվել օկուպացված տարածքների ազատագրումից և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո»։ Դրա պատճառը «Ռուսաստանի, ...ավելի ճիշտ՝ նրա որոշ շրջանակների դիրքորոշումն է ...հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ», որի հետևանքով «հակամարտությունը չի կարող կարգավորվել»։ Բացի այդ, «եթե խոսքը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ավելի սերտ համագործակցության մասին է անվտանգության և պաշտպանության ոլորտում, ապա Մոսկվան պետք է արմատապես փոխի իր դիրքորոշումը և բացահայտ հայտարարի այդ մասին»։ Չակերտներում ներկայացված են մեջբերումներ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովի վերոնշյալ հարցազրույցից «Թուրան» գործակալությանը։ Հատկանշական է, որ նման դիրքորոշում ունեն այդ երկրի հարցման ենթարկված բոլոր առաջատար քաղաքական գործիչները։

Երրորդ. Ադրբեջանական իշխող դասն իր բեմադրական հարցերով անհրաժեշտ պայմաններ է գծում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման համար։ Կարծում եմ, որ իրենց այդ արտաքին քաղաքական փնտրտուքներով նրանք ինքնատիպ մեսիջ են ուղարկում Արևմուտքին և ՆԱՏՕ-ին՝ ՆԱՏՕ մտնելու գլխավոր պայմանի հայտարարությամբ, այն է՝ «օկուպացված տարածքների ազատագրում». այս խնդրի իրագործումն էլ, «ափշերոնյան իմաստունների» կարծիքով, պետք է դառնա անհրաժեշտ նախապայման դեպի Հյուսիսատլանտյան դաշինքի կողմը Ադրբեջանի արտաքին քաղաքական շրջադարձի համար։ Նման քաղաքականության հաջողությունը, ադրբեջանցի քաղաքական գործիչների հաշվարկով, բավականաչափ պայմանավորված է այն փաստի գիտակցմամբ, որ Ադրբեջանն իր թիկունքին ունի այնպիսի հուսալի ռազմավարական գործընկերներ, ինչպիսին են Մեծ Բրիտանիան և Թուրքիան։

Եվ վերջապես, չորրորդ. Ադրբեջանցի քաղաքագետների և նրանց տարատեսակ հուշարարների կարծիքով՝ իրենց ելույթներում և էլեկտրոնային պորտալների հրապարակումներում նման տեղեկատվական արտահոսքի հնչեցման միջոցով նրանք դրանով իսկ որոշ շրջանակային պայմաններ են կանխանշում ս.թ. օգոստոսի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք բանակցությունների համար։ Մի խոսքով՝ տիպիկ արևելյան քաղաքական բազար։

Կարծում եմ, ընթերցողները Ի.Ալիևի քայլերն ուշադիր համադրելով՝ կհանգեն անխուսափելի այս հետևությանը. Իլհամ Ալիևը բացարձակապես ինքնուրույն չէ իր որոշումների մեջ և շատ հմտորեն ուղղորդվում է անդրազգային այն կորպորացիաների և նրանց հետևում կանգնած համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների կողմից, որոնք շահագրգռված են լոկ Ադրբեջանի նավթային և գազային ռեսուրսներից առավելագույն շահույթ կորզելու մեջ։ Իսկ դրա համար նրանք պետք է անընդհատ լարվածության մեջ պահեն Ղարաբաղյան հակամարտության գոտին, ընդհուպ մինչև Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հանդեպ իրենց համար հարմար ժամանակ նոր ռազմական ագրեսիա սադրելը։ Չէ՞ որ վերն ասվածից բացի, եթե ագրեսիա սկսվի Ադրբեջանի կողմից, հակամարտության մեջ կներգրավվի նաև նրա ռազմավարական դաշնակից Թուրքիան, որը վերջին ամիսներին, ինչու չէ՝  նաև վերջին տարիներին, ի ցույց է դնում (ավելի շուտ՝ փորձում է ի ցույց դնել) իր բացառիկ ինքնուրույնությունն ու առաջնորդության հավակնությունները սուննիադավան աշխարհում։ Թուրքիայի մասնակցությունը (թեկուզև անուղղակիորեն) Ղարաբաղյան հակամարտությանը, անպայման, անտարբեր չի թողնի նաև Ռուսաստանին՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցին։ Արդյունքում՝ առնվազն անխուսափելի կլինի Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների առնվազն սառեցումը, ինչը նույնպես համապատասխանում է Արևմուտքի պլաններին։ Մի խոսքով՝ վերադառնալով հոդվածի սկզբնամասին, որտեղ տրտնջում էի, որ հիմա քիչ են վկայակոչում դասականներին, հանկարծ ինձ բռնեցի այն մտքի վրա, թե ինչո՞վ դասական չէ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դէնիել Քոութսը։ Չէ՞ որ հենց նա է, Դելփյան պատգամախոսի նման, գուշակություններ անում, որոնք մեծ հավանականությամբ կատարվում են։ Չնայած որ նա ոչ թե Ապոլոնի դելփյան տաճարում է բազմում, այլ ԱՄՆ Ազգային անվտանգության գրասենյակում՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։ Չէ՞ որ նա ասում էր, որ 2018թ. «պետք է սպասել լայնամասշտաբ մարտական գործողությունների» Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ուզում եմ հուսալ, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի հայտնվի սեփական պատրանքների ծուղակում, որոնք այդքան հմտորեն ջերմացվում են արտասահմանից, և չի դառնա երրորդ համաշխարհային պատերազմի հրահրիչը։ Ավելին, չի օգտագործի Մոսկվա իր պաշտոնական այցը ի վնաս իր իսկ երկրի՝ փորձելով միջազգային հանրային կարծիքը շեղել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հնարավոր պատերազմի ոչ թե անդրկուլիսյան (բավական վտանգավոր), այլ իսկական սադրիչներից։

Հետգրության փոխարեն.

Հայաստանի կառավարությունը բավական յուրովի է արձագանքում Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին. բազմահազարանոց հանրահավաքի կազմակերպումն ի պաշտպանություն «թավշյա հեղափոխության» (նկատի ունեմ ապրիլյան (2018թ.) պետական հեղաշրջումը) նվաճումների՝ «հակահեղափոխականների» դաժան մերկացումներով, Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին նախապատրաստվելը և այլն, որոնք գործադիր իշխանության կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության համար բախտորոշ իրադարձություններ են։ Գրեթե Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի «Խրախճանք ժանտախտի ժամանակ» փոքրիկ ողբերգության նման՝ այն տարբերությամբ, որ գործողությունները տեղի են ունենում ոչ թե «ժանտախտով վարակված քաղաքում»՝ Լոնդոնում, 1665թ., այլ մեր օրերում, Երևան քաղաքում, որի 2800-ամյակը կուզենայի արժանապատվորեն նշեինք այս տարվա աշնանը՝ իմաստնություն և պատասխանատվություն ցուցաբերելով մեր պետության և հայ ժողովրդի պատմական ճակատագրի, մեր զավակների և թոռների ապագայի համար։                                                       

Արտաշես Գեղամյան

Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

www.amiab.am 

Последние видеоматериалы

Новые книги