ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԵՍԻՋԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

01.12.2017, Իրավունք

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Աժ հայտարարության նախագծի վերաբերյալ հարցի քննարկման Ժամանակ Արտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տեքստը (29 նոյեմբերի 2017 թ.)

– Երբ նման, ըստ իս, բախտորոշ հարց է քննարկվում, անպայման մենք պարտավոր ենք մեզ հաշիվ տալ, թե աշխարհաքաղաքական ինչպիսի զարգացումների պայմաններում է այս հարցը արծարծվում: Ուրեմն, աշխարհաքաղաքական զարգացումներ ասելով ի նկատի ունեմ վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի իրողություններ:

Իրողություն թիվ 1. Նոյեմբերի 11-ին Վիետնամում` Դանանգում, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամպը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին աննախադեպ հայտարարություն Սիրիայի հարցում համագործակցելու և ահաբեկչության առաջն առնելու կապակցությամբ: Սրանից 17 օր առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով ժամանեց Սոչի: Մինչ Ռուսաստանում իր պաշտոնակցի հետ հանդիպելը` Էրդողանը Սիրիայի հարցից զատ հայտարարել էր, որ այնտեղ ՌԴ նախագահի հետ քննարկելու էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Նշենք, որ նոյեմբերի 13-ին Սոչիում տեղի ունեցած բանակցությունների ավարտին, ինչպես հաղորդում է star.com.tr կայքը, Թուրքիայի առաջնորդը փաստացի ընդունել էր, որ Մոսկվան չի պատրաստվում այդ հարցում ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչին անհամբեր սպասում էին Անկարան և Բաքուն: «Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Ավելի վաղ կար ընդունված որոշում 7 օկուպացված շրջաններից 5-ի վերաբերյալ: Մենք կանգ առանք նրա վրա, որ պետք է կատարվեն այդ որոշումները. Պարոն Պուտինը դրական է տրամադրված, բայց, ինչպես ես հասկացա, հատուկ հույսեր չի փայփայում: Ես կարծում եմ, որ նրա անհուսությունը կապված է երկու երկրների (Հայաստանի և Ռուսաստանի-խմբ.) հարաբերություններով»,- ասել էր Ռ. Էրդողանը:

Սրանից մի շաբաթ առաջ էլ տեղի ունեցավ արդեն Էրդողան-Ռոհանի-Պուտին համատեղ եռակողմ հանդիպումը, ուր կրկին քննարկվեց Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցը: Նշեմ, որ դրա նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Հորդանանի, Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Ամերիկայի Միացյալ Նախանգների նախագահների հետ: Ուշագրավ է, որ ոչ մի եվրոպական լիդերի հետ սիրիական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ՌԴ նախագահը հեռախոսազրույց կամ քննարկումներ չէր ունեցել:

Այս պարագայում նոյեմբերի 24-ին Բրյուսելում ընդունվում է Արևելյան գործընկերության համատեղ հռչակագիր, որի 2-րդ հոդվածը վերաբերում է Միջազգային իրավունքի, մարդու ազատությունների և իրավունքի, գործըն¬կերների անկախության և ինքնիշխանության պաշտպանությանը, մինչդեռ, ի տարբերություն մինչ այդ Եվրոպայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ընդունված միջազգային կազմակերպությունների այլրայլ հայտարարությունների, հռչակագրերի, բանաձևերի, Բյուսելով ընդունված այդ փաստաթղթում բառ անգամ իսկ չկա Ռուսաստանի վերաբերյալ: Այսինքն, ասել կուզի, որ Եվրամիությունը վերանայում է իր քաղաքականությունը` պայմանավորված Ռուսաստանի հետ:

Այդ ընթացքում հետաքրքիր հաղորդումներ և հրապարակումներ են լինում նաև Եվրանյուսում, և արևմտյան հեղինակավոր այլ պարբերականներում, որոնցում, մասնավորապես, ահազանգվում էր այն, որ եվրոպական մի շարք երկրներում գրանցվել է կոռուպցիայի աճ, ըստ որում` հղում էր արվում «Եվրոբարոմետր»-ի ուսումնասիրություններ վրա: Ես սիրով կարող եմ տրամադրել նման վերլուծություններ պարունակող հոդվածների լինքերը, որ դուք ուսումնասիրեք: Այս ամենի հետ վերհիշենք, որ 2015 թ. Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախաշեմին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ իր գլխավորած կառավարությունը հարգանքով և ըմբռնումով է վերաբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան կառավարության որոշմանը` անդամակցել ԵԱՏՄ-ին: Անգելա Մերկելի այդ հայտարարությունից երկու տարի անց, եվրոպացիները Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդունման կապակցությամբ քանիցս նշել էին և հատուկ շեշտում էին, որ Հայաստանի հետ ստորագրված Համաձայնագրի և ոչ մի դրույթ բացարձակապես չի հակասում մեր երկրի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին: Սա ի՞նչ է նշանակում: Սա, իմ համոզմամբ, ոչ այլ ինչ է, քան Հայաստանի միջոցով Եվրամիության մեսիջը Ռուսաստանին առ այն, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ անհաղթահարելի և ոչ մի խնդիր չունի` առհավատչյան Հայաստանի հետ կնքվելիք սույն Համաձայնագիրն է: Այսինքն, բացառիկ կարևորություն է տրվում Հայաստանի Հանրապետությանը, նրա ծանրակշիռ արտաքին քաղաքականությանը, որի արդյունքում մեր երկիրը կարողանում է սերտորեն և թափանցիկ համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը սանկցիաների ներքո է գտնվում և ավելին, հիմա էլ ԱՄՆ-ը խստացնում է դրանք: Բացի այդ, Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, որը նույնպես ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից գտնվում է սանկցիաների տակ:

Եվ այս պարագայում, կնքելով Եվրամիության հետ համաձայնագիր, թվում է, թե մենք պարտավոր ենք օգտվել այս աննախադեպ բարենպաստ իրավիճակից, որը հնարավոր դարձավ մեր երկրի արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհիվ: Այո, Նախագահի գործունեության արդյունքում, որովհետև Սահմանադրությամբ հենց նա է պատասխանատու մեր երկրի արտաքին քաղաքականության համար, երբ Հայաստանը դառնում է համաշխարհային քաղաքականության ինքնուրույն լուրջ գործոն:

Դրան զուգահեռ մենք դառնում ենք ականատեսը, թե ինչպես միջազգային հարաբերությունների ոլորտում Ադրբեջանը, ըստ էության, հայտնվում խաղից դուրս վիճակում: Հիմա եթե մենք քննարկվող հարցին այս համապատկերում անդրադառնանք, ապա առնվազն կարձանագրենք, որ այսօր քննարկվող ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու հարցը ժամանակավրեպ է: Միաժամանակ նշենք, որ քննարկումները, ինչ խոսք, անհրաժեշտ էին, որովհետև դրանք ցցուն դարձրեցին այն ռեսուրսներն ու ռեզերվները, որոնք կան ԵԱՏՄ-ին մեր անդամակցության հետ պայմանավորված, և որոնք, ավա՜ղ, առ այսօր մինչև վերջ չեն օգտագործվում, առանձին դեպքերում էլ շատ արդարացի քննադատության են արժանանում: Սա այն իրողությունն է, որ մենք պետք է այս քննարկումների առումով, ես իմ ելույթս ի նկատի չունեմ, այլ ավելի ընդարձակ ընկալմամբ, Ձեզ հետ միասին, յուրաքանչյուրս մնալով իր համոզմունքին, մտածենք, որն է մեր այն քայլը, որը մեր երկրին հնարավորություն կընձեռի մի սանդղակով ավելի բարձրացնել Հայաստանի Հանրապետության, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ, ծանրակշիռ սուբյեկտի դերը գոնե մեր տարածաշրջանում:

Եվ, քանի որ խնդրո առարկա հարցի քննարկման ժամանակ խոսքը գնաց նաև պոեզիայից, ես էլ մի մեջբերում անեմ Ռուսաստանի մասին, նրա հետ կապված, իմ կարծիքով, ավելի վառ բնութագրական, քան Ֆյոդոր Տյուտչևը չի տվել.

«Умом Россию не понять,

Аршином общим не измерить:

Уней особенная стать –

В Россию можно только верить»

 

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. Երբ նյութը պատրաստ էր տպագրության, տեղի ունեցավ շատ հաճելի անակնկալ: Աշխարհահռչակ մեր հայրենակից, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանը ինձ արժանացրեց իր բացառիկ հետաքրքիր, գիտության մեր պատկերացումներում հեղափոխական ճեղքման ներուժ ունեցող «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն թարգմանությունը: Ակամայից մտածեցի, ինչքան պահանջված կլինի աշխարհաքաղաքական այս բարդ զարգացումների ֆոնին, որպեսզի մեր ազգը ներկայանա Երկիր մոլորակի ժողովուրդներին ամենահեղինակավոր միջազգային գիտական մրցանակներին արժանի նման լուրջ այցեքարտով: Բայց չէ՞ որ այս հարցում առաջին քայլը պետք է մենք անենք, ներկայացնելով Արտավազդ Փելեշյանի գրքի անգլերեն թարգամնության գոնե սեղմագիրը «My universe and the Peleshan Matrix» միջազգային լայն հանրությանը: Չէ որ մեր փոխարեն դա ոչ ոք չի անի…

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Последние видеоматериалы

Новые книги