ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ՄԵԿՆ ԷԼ ԶԻՆՎՈՐ Է, ԵԹԵ ՆՐԱ ԿՈՂՄՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
03.03.2017, Իրավունք
Հարգելի ընթերցող, 2017թ. փետրվարի 23-24-ը Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային տասնվեցերորդ խորհրդաժողովը։ Ինչպես և սպասվում էր, այն անցավ արդի բարդ միջազգային իրադրությամբ պայմանավորված բուռն բանավեճերի մթնոլորտում։
Ինչպես և պետք էր սպասել, ադրբեջանական պատվիրակությունն՝ իր թուրք քաղաքական ուղեվարների անթաքույց աջակցությամբ, ջանաց հերթական անգամ մոլորության մեջ գցել ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին՝ փորձելով կեղծել իրադրության իրական պատկերը Ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչպես նաև դրա շուրջ տարվող բանակցություններում։ Արդեն ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովի արդյունքներով կարելի է վստահաբար շնորհավորել ադրբեջանա-թուրքական գործընկերներին հերթական ձախողման համար։ Բավական է նշել, որ նրանց՝ նախապես պատրաստած բոլոր մեղադրանքները Հայաստանի հասցեին՝ «օկուպացված տարածքների», էկոլոգիական աղետի, Խոջալուի ողբերգությանը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մասնակցության թեմաներով, հօդս ցնդեցին համոզիչ այն փաստերով, որոնք իր ելույթներում ներկայացրեց Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։ Առանձնապես հարկ է նշել, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովի ընթացքում Արտաշես Գեղամյանի ութ ելույթներից մեկը, այն է՝ Տնտեսական, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հարցերով Ընդհանուր կոմիտեում ունեցած ելույթը, կոմիտեի նիստից հետո զետեղվեց ԵԱՀԿ ԽՎ ինտերնետ-պորտալում (oscepa.org), ընդ որում՝ ոչ թե բնօրինակ լեզվով, այլ անգլերեն թարգմանված, ինչը չէր համապատասխանում ԵԱՀԿ ԽՎ Ընթացակարգի կանոններին։ Հատկանշական է, որ այդ ելույթը կատաղության հասցրեց ադրբեջանցի և թուրք գործընկերներին։ Նրանցից առաջինը Կոմիտեի նախագահությանը դիմեց վայնասունով առ այն, թե Ա.Գեղամյանը խախտել է ժամանակային կանոնակարգը, իսկ թուրք խորհրդարանականը հայկական պատվիրակության ղեկավարի ելույթից անմիջապես հետո փորձեց պաշտպանել ադրբեջանցի գործընկերոջ «համազգեստի պատիվը»՝ պնդելով, թե Ադրբեջանի տարածքների 20%-ը զավթված է Հայաստանի կողմից։ Այս մտավարժանքին հաջորդեց Ա.Գեղամյանի անհապաղ պատասխանը, որն արտահայտվեց Թուրքիայի հասցեին կոշտ մեղադրանքներով Հայաստանի տարածքի առնվազն 60%-ի զավթման մասին։ Այս կոմիտեի նիստավարն իր հորդորներով ապարդյուն փորձում էր կանգնեցնել Ա.Գեղամյանին։ Ի դեպ, ասվածը տեսանյութի ձևով հասցրել են տեղադրել «Ազգային միաբանություն» կուսակցության էլեկտրոնային պորտալում (www.amiab. am)։
Ստորև ներկայացվում են ԵԱՀԿ ԽՎ ձմեռային տասնվեցերորդ նստաշրջանում Արտաշես Գեղամյանի ունեցած ելույթների տեքստերը։ Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Տնտեսական, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հարցերով Ընդհանուր կոմիտեի նիստի տեսագրությունը հենց հաջորդ օրը «տեխնիկական պատճառներով» հանվել է ԵԱՀԿ ԽՎ կայքից (ընդ որում՝ կից ներկայացվում է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելայի նամակը՝ տեսանյութը հանելու պատճառների բացատրությամբ)։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՄՇՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏՈՒՄ (ՎԻԵՆՆԱ, 23.02.2017Թ.)
Հարգելի տիկին նախագահ, հարգելի գործընկերներ։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկա նիստը հիրավի կարող է պատմական դառնալ այն պարզ պատճառով, որ աշխարհն այժմ գտնվում է շատ ծանր, տագնապալի և լարված իրավիճակում։ Այն ավելի չդրամատիկացնելու համար ընդամենը մեջբերումներ կատարեմ «The Independent» պարբերականից։ Եվ այսպես, տարեսկզբին այս հեղինակավոր պարբերականը, հղում կատարելով YouGov ընկերության տվյալներին, հրապարակեց սոցիոլոգիական հարցում, որի համաձայն՝ հարցման ենթարկված ամերիկացիների 64 տոկոսը կարծում է, թե երրորդ համաշխարհային պատերազմ կլինի։ Այդ նույն պարբերականի և նույն հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ նույն կարծիքին է հարցման ենթարկված բրիտանացիների 61, ֆրանսիացիների 58%-ը։ Ավելին, ինչպես վկայում են Լևադա-կենտրոնի՝ 2016թ. հոկտեմբերի 31-ին հրապարակված տվյալները, ռուսաստանցիների 48%-ը համոզված է, որ եթե իրավիճակը Սիրիայում չբեկվի, ապա այն կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Հանրային կարծիքի հարցումների «Gallup» ծառայության (ԱՄՆ) տվյալների համաձայն՝ ռուսաստանցիների 67%-ն իր անվտանգությանն ուղղված ուղղակի սպառնալիք է տեսնում ՆԱՏՕ-ի կողմից։ Այս պայմաններում մեր առջև շատ հետաքրքիր հեռանկար է բացվում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված։ Ես դիմում եմ ԱՄՆ սենատոր Ռոջեր Վիքերին՝ լիովին օգտվելու համար ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալական խոսքում պարունակվող արտահայտություններից՝ միջազգային ահաբեկչությունն արմատախիլ անելու նպատակով Ռուսաստանի, Եվրոպայի հետ համագործակցելու նրա պատրաստակամության մասին։ Մանավանդ որ ԱՄՆ նախագահի այս առաջարկությանը Ռուսաստանից հնչած պատասխանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, դրական է եղել։ Եվ ինձ թվում է, որ մեր ձմեռային ամբողջ նստաշրջանի մեխը պետք է լինի այսպիսի մոտեցումների և մոտիվների մշակումը, որպեսզի վերոնշյալ պետությունների առաջնորդները, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններն իմանան, որ հանձին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ նրանք հուսալի հենարան ունեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հանուն խաղաղության, անվտանգության և համագործակցության մղվող պայքարում։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայիս թիմը՝ նախագահ Քրիստին Մուտոնենի, նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի և պատվիրակությունների ղեկավարների գլխավորությամբ, կարող է ողջ աշխարհին ազդակ հաղորդել առ այն, որ լինելու ենք վճռական հանուն խաղաղության և անվտանգության մղվող պայքարում։
Շնորհակալություն։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏՈՒՄ
(ՎԻԵՆՆԱ, 23.02.2017Թ.)
Հարգելի գործընկերներ։
Ինձ թվում է, որ զեկույցի ընդհանուր գծերը, որով հանդես եկավ տիկին Մարիետա Թիդեյը, լիովին արտացոլում են այն խնդրի լրջությունը, որը պետք է քննարկվի Մինսկում, ԵԱՀԿ ԽՎ ամենամյա խորհրդաժողովում։ Կուզենայի մի քանի շտկումներ անել, ավելի շուտ՝ ոչ թե շտկումներ, այլ լրացումներ այն հարցի վերաբերյալ, որն այստեղ հնչեց՝ փախստականների հարցի։ Խոսելով փախստականների մասին՝ մենք սոսկ հիշատակում ենք որոշ թվեր նրանց թվաքանակի մասին, հիշատակում ենք այն երկրները, որոնցում նրանք ապաստան են գտել։ Եվ ահա, փոքրիկ Հայաստանն ընդունել է ավելի քան 30 հազար փախստական Սիրիայից։ Նրանք զարմանալի ճակատագրի տեր մարդիկ են, որովհետև ազգությամբ հայ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված քաղաքացիների հետնորդներն են։ Եվ այսօր՝ երեք սերունդ հետո, մենք վկան ենք դառնում հայ փախստականների նոր ալիքի, արդեն Սիրիայից։ Հիմա, երևի, թուրքական պատվիրակությունն ավելի լավ կհասկանա Հայաստանի իշխանությունների կարեկից վերաբերմունքը հայ փախստականների ճակատագրի հանդեպ, որովհետև նրանց երկիրն էլ ընդունել է ավելի քան 3 միլիոն փախստական Սիրիայից և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից։ Եվ ահա, Սիրիան ժամանակին հայ փախստականներ էր ընդունել, և դրա համար մենք երախտագիտության առանձնակի զգացումներ ունենք սիրիացի ժողովրդի, առհասարակ Արաբական Արևելքի հանդեպ, որովհետև նրանք ապաստան են տվել հարյուր հազարավոր հայ փախստականների։ Նրանց տեղավորելու և մեր իրողություններին հաջող ինտեգրվելու հարցերը գտնվում են Հայաստանի նախագահի անմիջական հսկողության ներքո։ Հայաստանը պաշտոնապես չի դիմել միջազգային կազմակերպություններին համապատասխան ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով, թեև, գտնվելով Թուրքիայի և Ադրբեջանի երկակի շրջափակման մեջ, չեմ թաքցնում, հայ ժողովրդի համար հեշտ չէ։ Եվ ահա, եթե մենք իսկապես ոչ թե խոսքով, այլ գործով ենք ուզում օգնել փախստականներին, այդ դեպքում պետք է ֆինանսական օգնություն ցուցաբերենք ոչ միայն փախստականներին ապաստանած հիմնական երկրին, այլև այն երկրներին (սույն պարագայում՝ Հայաստանին), որոնք բնակչության մեկ շնչի հաշվով քիչ թվով փախստականներ չեն ընդունել։
Հարցն ահա թե ինչի մասին է։ Ժամանակն է վերացնել Հայաստանի շրջափակումը։ Արդեն 24 տարի Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի կազմակերպած շրջափակման ճիրաններում։ Եվ բնական է, որ դա ամեն տարի մեր բյուջեի վրա շատ թանկ է նստում. առնվազն մեկ միլիարդ, մեկ միլիարդ հարյուր միլիոն դոլար։ Կրկնում եմ՝ ամեն տարի, այն պատճառով, որ շրջափակման պայմաններում զգալիորեն բարձրանում են տրանսպորտային անվանական ծախսերը, ինչն, իր հերթին, բարձրացնում է ինչպես ներկրվող, այնպես էլ արտահանվող արտադրանքի ինքնարժեքը։ Կարծում եմ, տիկին Թիդեյ, որ լավ կլինի, եթե Դուք Ձեր զեկուցման մեջ տարբերակված մոտեցում ցուցաբերեք փախստականների ապաստանած յուրաքանչյուր երկրի հանդեպ, անհատապես դիտարկեք, թե ինչպես վարվել երկրներից յուրաքանչյուրի հետ, ինչ արտոնություններ տրամադրեք այն երկրներին, որոնք փախստականներ են ընդունել։ Առավել ևս, հարկավոր է նկատի ունենալ ոչ մեծ երկրները, որոնք, արդեն ստեղծված ավանդույթի համաձայն, իրենց պատմությունից ելնելով՝ անաղմուկ ապաստան են տալիս բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Այո, իրենց պատմությունից ելնելով, որն, ավաղ, մեկ անգամ չէ, որ մեզ շատ անարդար դասեր է տվել, երբ միլիոնավոր հայեր փասխտականի, հարկադրյալ վերաբնակների կարգավիճակում են հայտնվել։ Ինձ թվում է, որ եթե քննարկումն այս հունով ընթանա, այն զգալիորեն կմոտեցնի Հայաստանի դիրքորոշումներն այդ նույն Թուրքիայի հետ, որն այսօր կրում է փախստականներին տեղավորելու ծանր բեռը։ Էլ չեմ ասում Գերմանիայի Դաշնային Հանրապետության մասին, որն ստանձնել է փախստականներ ընդունելու և նրանց տեղավորելու հիմնական բեռը։
Շնորհակալություն ուշադրության համար։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏՈՒՄ
(ՎԻԵՆՆԱ, 24.02.2017Թ.)
Հարգելի պարոն նախագահ, հարգելի տիկին Սեդերֆելդ։
Իսկապես, այն ամենն, ինչ հուզում է ԵԱՀԿ անդամ պետություններին, համառոտ, շատ դիպուկ և խորագիտակորեն ներկայացվեց Ձեր զեկուցման մեջ։ Միևնույն ժամանակ, կուզենայի գործընկերներիս ուշադրությունը հրավիրել հետևյալ վտանգավոր դրսևորումների վրա, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այս առնչությամբ բավական է ասել, որ ադրբեջանցի և թուրք գործընկերների երեկվա ելույթները կասկածներ չեն թողնում, որ պատրաստվում է սպասվող լայնածավալ պատերազմի տեղեկատվական ապահովում, պատերազմ, որը կսանձազերծի Ադրբեջանը։ Կրկնում եմ, պատրաստվում է տեղեկատվական ֆոն լայնածավալ պատերազմ սկսելու համար, որը կնախաձեռնի Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Իմ այս պնդումը հիմնված է նաև այն բանի վրա, որ վերջին օրերին նկատվում է ծանր սպառազինության շարժ շփման գծում։ Եվ այս ամենն արձանագրված է ոչ միայն հայկական զինված ուժերի, այլ նաև արբանյակային կապի կողմից։ Վերջինը հստակ ցույց է տալիս. այն ամենը, ինչ կատարվել է 2016թ. ապրիլյան պատերազմի նախօրեին, կրկնվում է նաև այժմ։ Դրանում համոզվելու համար բավական է ուշադիր վերլուծել այն, ինչ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սույն թվականի փետրվարի 17-ին արաբական AL Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դրանում նա արդեն կշտամբում է առանձին մուսուլմանական երկրներին այն բանի համար, որ նրանք խաղաղ բանակցություններ են վարում հայկական կողմի հետ, որը «փորձում է ամրապնդել կամ կարգավորել հարաբերությունները որոշ մուսուլմանական երկրների հետ»։ Այսինքն՝ դատապարտվում է Հայաստանի հետ իսլամական պետությունների ցանկացած բանակցություն, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ ջիհադի քողարկված կոչ։ Ասեմ ավելին, գաղտնիք չէ, որ այն վայրագությունները, որոնց մասին հիշատակվեց տիկին Սեդերֆելդի զեկուցման մեջ, կատարվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից. երբ սպանված հայ զինվորին գլխատում են և կտրված գլուխը ձեռքներին՝ լուսանկարվելու համար կանգնում տեսախցիկների առջև, ու այդ ամենը հետագայում տեղադրվել է Ադրբեջանի պետական կազմակերպությունների ինտերնետ-կայքերում։
Հարգելի պարոն սենատոր, հարգելի գործընկերներ։
Ես համառորեն խնդրում եմ ստիպել ադրբեջանական կողմին՝ հետևել այն դրույթներին, որոնք դրվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություններում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ 2016թ. մայիսի 16-ի գագաթաժողովում (Վիեննա, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ) արված հայտարարությունում, նաև այն հայտարարությունում, որն արվել է 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ անցկացված հանդիպումից հետո, որում Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են համապատասխան պարտավորություններ։ Հայկական կողմը, հանձին իր նախագահի, սրբորեն կատարում է ընդունած պայմանավորվածությունները։
Շնորհակալություն ուշադրության համար։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏՈՒՄ
(ՎԻԵՆՆԱ, 24.02.2017Թ.)
Հարգելի գործընկերներ։
Ուզում եմ ելույթս սկսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2017թ. հունվարի 10-ին Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստում կարդացած զեկույցից արվող մեջբերմամբ։ «Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական պոտենցիալը, այդ թվում՝ ամենաարդիական զենքի մատակարարումները երկիր... Մենք տիրապետում ենք բարձր ճշգրտության և ավերիչ ուժ ունեցող ամենաարդիական զենքի։ Դրա մի մասը մենք ցուցադրել ենք, մյուս մասը ցույց չի տրվել։ Դրանք կցուցադրվեն այն ժամանակ, երբ պետք կլինեն և որտեղ պետք կլինեն... Մենք ցանկացած ժամանակ ի զորու ենք լուծել հարցը ռազմական ճանապարհով»,- ասել է Ի.Ալիևը։ Ինչո՞ւ է այսքան վստահ։ Կարծում եմ, այն պարզ պատճառով, որ մարդիկ, ովքեր զոհվում են ղարաբաղյան ճակատում, էթնիկ ադրբեջանցիներ չեն, այլ այդ երկրի ազգային փոքրամասնությունները ներկայացնողներ։ Եվ ես մեկ այլ մեջբերում կներկայացնեմ Մշակույթի թալիշական խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևի ելույթից, որը նա ունեցել է 2017թ. փետրվարի 15-ին «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով խորհրդակցությունում։ Ահա թե ինչ է ասել նա. «Առաջնագծում ծառայում են թալիշները։ Նրանց, կարելի է ասել, բռնի են բանակ տանում և անմիջապես ուղարկում են առաջնագիծ, մսաղաց։ Ուստի, սպանվածների մեջ հիմնականում թալիշներ են, ուդիներ։ Դուք ազգանուններից էլ կարող եք հասկանալ,- այնուհետև ասել է նա,- զինծառայողների 70-80%-ը, որոնք ծառայում են առաջնագծում, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։ Միայն 20-30%-ն են, այսպես կոչված, տեղացիներ, նրանք իրենց թյուրքեր են անվանում։ Նրանք չեն ծառայում առաջնագծում, հիմնականում խոհարարներ են կամ ծառայում են պահեստներում»։ Այն, որ հարձակվող ադրբեջանական կողմը 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում 5-7 անգամ ավելի սպանված է ունեցել, քան հայկականը, դա, համաձայն Կարլ ֆոն Կլաուզևիցի տեսության, օրինաչափ է. պատերազմում հարձակվող կողմը մի քանի անգամ ավելի շատ կորուստներ է ունենում։ Բայց այս հանգամանքը բնավ չի մեղմում մեր ցավը։ Ցավը սպանված 105 զինվորականների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակիչների համար։ Ցավը չի մեղմում այն պարզ պատճառով, որ 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ազգը թանկ է գնահատում յուրաքանչյուր մարդու կյանքը։ Ուստի, ես համառորեն կոչ եմ անում հարգարժան նախագահությանը՝ ուշադրություն դարձնել այս հանգամանքին։ Ադրբեջանը, ճակատ ուղարկելով թալիշներին, թաթերին, լեզգիներին, ուդիներին, «լուծում» է նաև ներադրբեջանական խնդիր, որովհետև նշյալ ազգությունները չեն ուզում հաշտվել Ադրբեջանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների անիրավ դրության հետ։
Շնորհակալություն ուշադրության համար։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏՈՒՄ
(ՎԻԵՆՆԱ, 24.02.2017Թ.)
Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ։
Ահաբեկչության դեմ պայքարն ավելի արդյունավետ կլինի միայն մի դեպքում, եթե ահաբեկչության դրսևորման յուրաքանչյուր դեպք լայնորեն քննարկվի միջազգային հանրության կողմից, իսկ ահաբեկչական գրոհների կազմակերպիչները քրեական պատասխանատվություն կրեն Հաագայի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռին համապատասխան։ Եթե 2016թ. ապրիլյան պատերազմից հետո մենք այդպես վարվեինք, այսօր պատկերը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միանգամայն այլ կլիներ։ Ամեն օր տեղեկություն է ստացվում ադրբեջանական կողմի դիպուկահարների կրակոցներից շփման գծի երկայնքով խաղաղ պարեկում իրականացնող հայ զինվորների սպանվելու մասին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ միջազգային հանրությունը՝ հանձինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, քանիցս կոչ է արել ուժեղացնել մշտադիտարկման առաքելությունը շփման գծի երկայնքով՝ բացահայտելու համար ահաբեկչության նախաձեռնողներին, և որպեսզի նրանք համապատասխան պատիժ կրեն կատարած հանցագործության համար։ Ադրբեջանական կողմը միշտ վիժեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի այս նախաձեռնությունները։ Կարծում եմ, որ վերոնշյալ պետությունների նման, կներեք կոպիտ արտահայտությանս համար, անհետևողական դիրքորոշումը ադրբեջանական ագրեսորներին սանձելու գործում, հանձինս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, խրախուսում է ադրբեջանական կողմի ահաբեկչությունը։ Ինչո՞ւ է արդեն սովորական դարձել այն, որ ամեն օր Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի մեկ-երկու զինվոր զոհվում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։ Ակամա մտաբերում եմ Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում անփոփոխ է» անմահ վեպի վերջին տողերը, երբ համաշխարհային պատերազմի թոհուբոհում մի շատ հետաքրքիր մարդու՝ վեպի հերոսի զոհվելն ինչ-որ սովորական երևույթ է դառնում։ Եվ ահա, Ադրբեջանը խաղում է համաշխարհային հանրության կողմից ահաբեկչական այսպիսի մեկական դեպքերի ընկալման վրա, որոնք ամեն օր կրկնվում են արդեն 24 տարի։
Շնորհակալություն։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ԵՐԵՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ
(ՎԻԵՆՆԱ, 24.02.2017Թ.)
Հարգելի տիկին նախագահ, հարգելի գործընկերներ։
Մարդու իրավունքների պաշտպանությունն, անշուշտ, հիմնարար այն ճշմարտությունն է, որին հետևելու պարագայում են հնարավոր դեմոկրատիան և դեմոկրատական հասարակության կերտումը։ Ցավոք, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և միջազգային կազմակերպությունների տեսադաշտից դուրս են մնում չճանաչված տարածքներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերը։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է, օրինակ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, միջազգային այլ կազմակերպությունների ամբիոններից ելույթ ունենալու և իր հոգսերի, տագնապների, վախի զգացման (երբ երեկոյան, ընտանիքով թեյի սեղանի շուրջ նստած ժամանակ ադրբեջանական կողմի արձակած պատահական մի արկ կարող է վերջ դնել նրանց կյանքին) մասին պատմելու հնարավորությունից։ Ավելին, նրանք զրկված են լրագրողական շրջանակների, գիտության ու մշակույթի ներկայացուցիչների հետ շփվելու հնարավորությունից։ Թարմ օրինակ բերեմ։ Վերջերս Ադրբեջանում ձերբակալվեց լրագրող, բլոգեր, Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որի հանցանքն այն էր, որ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և տեսածի ու զգացածի մասին գրել իր բլոգում։ Ավելին, ադրբեջանական իշխանությունների սև ցուցակներում են հայտնվել մշակույթի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսին է օպերային գերաստղ Մոնսերատ Կաբալիեն, ով այցելել էր Լեռնային Ղարաբաղ։ Այս մեծ երգչուհու ամբողջ հանցանքն այն էր, որ երգ-երաժշտության վարպետության դասեր է տվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երաժշտական դպրոցների սաներին։ Այս պայմաններում մենք պետք է լրջորեն խորհենք, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն ամենուր, անկախ այն բանից՝ համաշխարհային հանրության կողմից ընդունվա՞ծ է, թե՞ առայժմ ոչ նրա բնակության վայրը, լինի դա հանրապետություն, թե մեկ այլ ազգային կազմավորում։ Այլապես, մենք կունենանք մարդու իրավունքների ընտրովի պաշտպանություն, իսկ դա անթույլատրելի է բարոյական տեսակետից։
Շնորհակալություն։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ԵՐԵՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ
(ՎԻԵՆՆԱ, 24.02.2017Թ.)
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, հարգելի պարոն Լամբերտո Զանիեր։ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը չեխ լրագրողուհի Դանա Մազալովային տված հարցազրույցում (1992թ. ապրիլի 2, «Независимая газета») ասել էր, որ Խոջալուի ողբերգական իրադարձությունները (1992թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը) նախաձեռնվել են Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից՝ վարկաբեկելու համար այն ժամանակվա ադրբեջանական իշխանությանը։ Ցավոք, այն ժամանակ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը չդիմեց Հաագայի ռազմական տրիբունալ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար այդ արյունահեղության կազմակերպիչներին։ Ինչո՞ւ եմ հիմա հիշատակում այս մասին, որովհետև 2016թ. ապրիլյան պատերազմի արդյունքներով՝ ռազմական այդ արկածախնդրության, որը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի 105 զինվորի և խաղաղ բնակիչների, ադրբեջանցի ավելի քան 500 զինվորի կյանք խլեց, կազմակերպիչները նորից չենթարկվեցին քրեական պատասխանատվության Հաագայի ռազմական տրիբունալի կողմից։ Քանի դեռ Միջազգային իրավունքի ուժով չենք պատժել արյունահեղության կազմակերպիչներին, հավատացեք, ԵԱՀԿ տարածքի տարբեր շրջաններում բռնկվելու են զինված հակամարտություններ։
Հարց. կկարողանա՞ք արդյոք մինչև ընթացիկ տարվա հունիս, այսինքն՝ Ձեր լիազորությունների ժամկետի ավարտը, դիմել Հաագայի ռազմական տրիբունալ՝ դիտարկելու այն հարցը, թե ով է իրականում սկսել 2016թ. ապրիլյան պատերազմը և ինչ պատժի է նա արժանի։
Շնորհակալություն։
Dear Artashes,
Let me apologies for the late reply. I saw your message yesterday and I was inquiring internally on what is the problem. I have now been informed that due to a failure of the sound recording system during the meeting of the Second Committee of the OSCE PA held in Vienna on 23 February the recording of the meeting is unfortunately unavailable. Although this technical failure is beyond the Secretariat's responsibilities we apologise for any inconvenience. The Secretariat will make available those written speeches and presentations made during the meeting that have been received.
I am really sorry for this inconvenience and will be happy to publish your written speech once available.
Again many thanks for your participation, for the very interesting bilateral meeting we had with President Muttonen and for your very nice book and photos. My family appreciated very much.
See you soon,
Roberto
Roberto Montella
Secretary General
OSCE Parliamentary Assembly
Copenhagen, Denmark
Tel: + 45 33 37 80 40
www.oscepa.org
Հարգելի Արտաշես
Ներողություն եմ խնդրում պատասխանն ուշացնելուս համար։ Երեկ տեսա Ձեր հաղորդագրությունը և հիմնավոր տեղեկություններ հավաքեցի խնդրի վերաբերյալ։ Ինձ տեղեկացրին, որ փետրվարի 23-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԽՎ երկրորդ կոմիտեի նիստի ժամանակ ձայնային համակարգի խափանման պատճառով ձայնագրությունը, ցավոք, անհասանելի է դարձել։ Թեև տեխնիկական խափանումը դուրս է Քարտուղարության պարտականությունների շրջանակից, մենք ներողություն ենք խնդրում անհարմարության համար։
Քարտուղարությունը կներկայացնի գրավոր ելույթները և խորհրդակցության ժամանակ արված պրեզենտացիաները։
Ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար, շատ ուրախ կլինեմ հրապարակել ձեր գրավոր ելույթը, հենց որ դա հնարավոր լինի։
Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր մասնակցության համար, նախագահ Մուտոնենի հետ այդքան հետաքրքիր երկկողմ հանդիպման և ձեր հիանալի գրքի ու լուսանկարի համար։ Իմ ընտանիքը շատ բարձր է գնահատել ձեր գիրքը։
Մինչ նոր հանդիպում։
Ռոբերտո Մոնտելա
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի
Գլխավոր քարտուղար
Կոպենհագեն, Դանիա
Հեռ.՝ + 45 33 37 80 40
www.oscepa.org
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և անվտանգության ընդհանուր կոմիտեի նախագահ, ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիկերը և Արտաշես Գեղամյանը, Ավստրիա, Վիեննա, 23.02.17
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահի տեղակալ, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում ՌԴ Դաշնային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում ՌԴ Պետական Դումայի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովայովը և Արտաշես Գեղամյանը, Ավստրիա, Վիեննա, 23.02.17
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Կրիստին Մուտոնենը և Արտաշես Գեղամյանը, Ավստրիա, Վիեննա, 24.02.17
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Դեմոկրատիայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով ընդհանուր կոմիտեի նախագահ Իգնասիո Սանչես Ամորը և Արտաշես Գեղամյանը, Ավստրիա, Վիեննա, 24.02.17
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Կրիստին Մուտոնենը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը և Արտաշես Գեղամյանը, Ավստրիա, Վիեննա, 24.02.17