ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ

08.04.2016, Իրավունք

Վերջին օրերին ադրբեջանական իշխանությունների կողմից ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում սանձազերծված ռազմական խոշորածավալ գործողություններին անդրադառնալիս ավելի հաճախակի ու  ավելի բացահայտ է խոսվում, որ Ադրբեջանի զինուժի շարքերում կռվում են ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորման ադրբեջանցի զինյալներ ու վարձկաններ: Միջազգային հանրության համար առկա բազմաթիվ փաստերով արձանագրված է, որ նրանք ապրիլի 3-ին, 4-ին սիրիական Ռաքա քաղաքից, որն իրենք հռչակել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) «մայրաքաղաք», Թուրքիայով վերադարձել են Ադրբեջան և ներկայումս համալրել են ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական գործողությունների գոտում գործող ադրբեջանական զինուժը (http://regnum.ru/news/2111403.htmlhttp://lifenews.ru/news/194789, http://news2.ru/story/490905/): ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համար Հարավային Կովկասում ահաբեկչության նոր ճակատ չէր բացվի, եթե դեռ 2014 թվականից սկսած ԵԱՀԿ ԽՎ-ի պատվիրակներն ականջալուր լինեին ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի  նստաշրջաններում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի ելույթներում խնդրո հարցի շուրջ բազմիցս հնչեցված նախազգուշացումներին: Քանի որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցը այսօր մեծ հնչեղություն է ստանում աշխարհի հեղինակավոր կառույցներում, գերտերություններում, ինչպես նաև ազդեցիկ լրատվամիջոցներում, կարծում եմ, տեղին է ստորև ուղղակի ներկայացնել նրա մի շարք ելույթներից մեջբերումներ:

«Մեզ խիստ մտահոգում է նաև մեկ այլ բան. Ադրբեջանից մոտ 500 զինյալ այսօր կռվում է Սիրիայում, «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական ջոկատներում։ Վաղը-մյուս օրը նրանք անպայման վերադառնալու են Ադրբեջան, դրանք մահապարտ գրոհայիններ են, որոնք միայն մի բանի են վարժեցված` սպանել մարդկանց։ Ուստի, ես ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ամբիոնն օգտագործում եմ` Ադրբեջանի առջև կոշտ պայման դնելու համար. դադարեցրեք վարել հայերին լոկ թշնամի ներկայացնելուն ուղղված ձեր քարոզչությունը» (ԵԱՀԿ ԽՎ նիստում Արտաշես Գեղամյանի ելույթից, 13 փետրվարի 2014 թ., Վիեննա):

«Հարգելի պարոն Իվիցա Դաչիչ, երբ Դուք լինեք մեր տարածաշրջանում, նախ` բարով գաք, անպայման հետաքրքրվեք, թե ո՞վ է կռվում Ադրբեջանի կողմում։ Այո, դրանք էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք կռվել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների կազմում: Ադրբեջան վերադառնալուց հետո նրանց մի մասը հայտնվեցին Բաքվի բանտերում, իսկ առավել ճարպիկներն ուղարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահման։ Ձեզ կարող են այդ մասին բազմաթիվ փաստեր տրամադրվել» (ԵԱՀԿ ԽՎ նիստում Արտաշես Գեղամյանի ելույթից, 19 փետրվարի 2015 թ., Վիեննա):

            «Հարյուրավոր էթնիկ ադրբեջանցիներ ներկայում կռվում են «Իսլամական պետության» ահաբեկիչների շարքերում։ Եվ ահաբեկչական այդ խմբավորման դեմ հաջող գործողություններից հետո, Ամերիկայի Միացյալ Նահանգների ու կոալիցիայի հաջող ռազմական գործողություններից հետո նրանցից շատերը վերադառնում են Ադրբեջան։ Հավանաբար, հետագայում նրանք ուղարկվելու են ադրբեջանա-ղարաբաղյան սահման» (ԵԱՀԿ ԽՎ նիստում Արտաշես Գեղամյանի ելույթից, 7 հուլիսի 2015 թ., Հելսինկի):

«… ցավոք, դեռևս կան մարդիկ, ովքեր, արհամարհելով Հելսինկյան Եզրափակիչ ակտի 8-րդ սկզբունքն իրենց ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավահավասարության և իրավունքի մասին, պարարտ հող են ստեղծում ռազմադիվերսիոն աշխատանքի վերսկսման համար, ավելին, տնտղում են լիամասշտաբ պատերազմ սանձազերծելու հնարավորությունը. նկատի ունեմ Ադրբեջանը։ Պատերազմ, որին կներգրավվեն «Իսլամական պետության» ահաբեկիչները, որոնք էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք հիմա փախչում են ամերիկյան ռազմաօդային ուժերի և հակաահաբեկչական կոալիցիայի խիստ դրական աշխատանքի շնորհիվ։ Եվ նրանք` ադրբեջանական իշխանությունները, վախենալով արմատական իսլամիստական գրոհայինների կողմից իրենց անձնական իշխանության տապալումից, հող են ստեղծում ղարաբաղյան և ադրբեջանական սահմանին պատերազմ սկսելու համար» (ԵԱՀԿ ԽՎ նիստում Արտաշես Գեղամյանի ելույթից, 8 հուլիսի 2015 թ., Հելսինկի):

«Երեկ ժամը 18.53-ին ադրբեջանական հեղինակավոր «haqqin.az» լրատվական կայքը տեղեկատվություն է հրապարակել՝ «Էրդողանը պաշտպանել է «Ջեբհաթ ան-Նուսրային» վերնագրով, որտեղ ասվում է այն մասին, որ Էրդողանը դժգոհություն է հայտնել այն առիթով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանը սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց Համատեղ հայտարարության մեջ նշել են, որ անթույլատրելի է բանակցությունների երկխոսության մեջ ներառել ակնհայտորեն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԻԼԻՊ-ը և «Ջեբհաթ ան-Նուսրան»։ Նշենք, որ այս որոշումը բնավ էլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կամքը չէ, դա ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումն է, որը նշված կազմակերպությունները դասել է ահաբեկչականների շարքին։ Ելնելով դրանից, ինչպես ասում է հայտնի ասացվածքը՝ չկա չարիք առանց բարիքի։ Գուցեև ավելի լավ է, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը փակ է, որովհետև, եթե հիշում եք, դեռևս 2015թ. ԵԱՀԿ ԽՎ ձմեռային և ամառային նստաշրջաններում ես նախազգուշացնում էի այն վտանգի մասին, որ ԻԼԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինները Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով, նրանց իշխանությունների թողտվությամբ (չի բացառվում՝ նրանց ստվերային օժանդակությամբ), կարող են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի դիմակայության գիծ» (ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի և անվտանգության գծով  Ընդհանուր կոմիտեի նիստում Արտաշես Գեղամյանի ելույթից,  26 փետրվարի 2016թ., Վիեննա):

Կարելի էր, իհարկե, Ա. Գեղամյանի ելույթներից մեջբերումներն ընթերցողին ներկայացնելուց հետո դասական ոճով ասել՝ մեկնաբանություններն ավելորդ են: Սակայն, ավա՜ղ, արձանագրենք, որ այս խիստ մտահոգիչ իրողությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա) և նրա համանախագահ երկրների – եռյակի Վիեննայում կայացած հանդիպումից հետո ապրիլի 5-ին ընդունված հայտարարության մեջ այդպես էլ գնահատական չտրվեց: Ի՞նչ է սա, անուշադրության դրսևորում, թե պարզապես թաքնված վտանգ կամ քողարկում, կամ անտեսում:  Ցավոք, կգտնվեն քաղաքական գործիչներ, կողմնակալ վերլուծաբաններ, ովքեր զարմանքը դեմքներին կբացականչեն՝ ինչ կա ո՞ր, ընդամենը 60 – 70 ահաբեկիչ չե՞ն:

Համոզված եմ, որ այս մտահոգիչ երևույթին անպայմանորեն հենց ինքը՝ Արտաշես Գեղամյանը, կանդրադառնա ԳԴՀ-ի Բունդեսթագի կողմից կազմակերպված և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ (որը 2016 թ. ԵԱՀԿ նախագահող երկիր է) ԵԱՀԿ տարածքում չկարգավորված հակամարտությունների լուծումների հարցերին նվիրված Լայնսվայլերում ապրիլի 16 – 17-ին անցկացվելիք պառլամենտական համաժողովի ընթացքում:

Ակնհայտ է, որ մասնատված ուժերով հնարավոր չէ ճնշել միջազգային ահաբեկչությանը, իսկ միասնական, համակարգված պայքարի դեպքում, ինչպես ցույց տվեցին վերջին շրջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների համատեղ գործողությունները ԻԼԻՊ-ի, «Ջեբհաթ ան-Նուսրայի» և ահաբեկչական մյուս խմբավորումների դեմ Սիրիայում ու Իրաքում, հաջողության են հասնում: Ասել կուզի, որ ԻԼԻՊ-ի 60 – 70 միջազգային ահաբեկիչները, որոնք ադրբեջանական զինուժում արդեն իսկ աչքի են ընկել իրենց անմարդկային վայրագությամբ, տարեց մարդկանց ականջները կտրելով, երեխաներ սպանելով և այլ բարբարոսություններով, ոչ միայն իրենք պետք է ճանաչվեն ռազմական հանցագործներ, այլ նաև ադրբեջանական բանակի հրամանատարական կազմը, որը, հենվելով այդ ստահակների վրա, դարձել է մեղսակից նրանց  ոճրագործություններին:

Եվ վերջում կրկնեմ. միջազգային ահաբեկչության դեմ պայքարում երբեք չի կարելի հաջողության հասնել, քանի դեռ հանդուրժվում է անհերքելի այն իրողությունը, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակառակորդը՝ Ադրբեջանի զինուժը, գործում է  ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ մեկտեղ: Մինչդեռ այդ ահաբեկիչները պետք է ընկալվեն որպես մահաբեր չարիք հենց Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և, ընդհանրապես, քաղաքակիրթ աշխարհի կողմից:

ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ,
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ»
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

 

Последние видеоматериалы

Новые книги