«ԲԱՑԻ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ, ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ»

21.10.2014, Իրավունք

Երեկ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի «2013 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցից հետո «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ պատգամավորների ելույթների ու գնահատականների հետ կապված` մասնավորապես նշեց.

– Քննարկվող հարցն ինքնին կարևոր էր, բայց անգամ բուռն երևակայություն ունենալու պայմաններում չէր կարելի պատկերացնել, որ այդ հարցի քննարկումն անգամ հայտնի ուժերը կփորձեն օգտարգործել թուլացնելու մեր երկրի ղեկավարի դիրքերը` սպասվելիք Սարգսյան–Ալիև բանակցային գործընթացում, որը տեղի է ունենալու մոտ օրերս` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ և նրա անմիջական մասնակցությամբ: Շատ լավ է, որ հնարավորություն ընձեռվեց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին, որ նա իր ելույթում անդրադառնա և հանրության սեփականությունը դարձնի Զարուհի Փոստանջյանի ելույթը, որտեղ Հ. Բաբուխանյանը հաստատ ճիշտ էր երբ ասաց, որ այդ տիկնոջ ելույթը միանգամայն դավաճանական էր:

Այո, այդ ելույթը մեկ նպատակ էր հետապնդում` Սարգսյան–Ալիև բանակցություններից առաջ զենք տալ Ալիևին, թուրք-ադրբեջանական լոբբիստներին, որպեսզի հենվելով Աժ ամբիոնից պատգամավորների ասած խոսքին` փորձեն թուլացնել մեր դիրքերը: Դա ոչ միայն դավաճանական, այլև հինգերորդ շարասյան ներկայացուցչի ելույթ էր, որը, թերևս, վերջնականապես բացահայտեց, որ բացի արտաքին թշնամուց, ունենք նաև ներքին թշնամի, որին անտեսել չի կարելի: Ամենևին պատահական չէր, երբ Հ. Բաբուխանյանն իր ելույթում շեշտադրեց նաև այն վտանգավոր հարցերը, որոնք  իրենց միասնականության մեջ խարխլում են Հայոց պետականությունը, որի հիմքում դրված է հայ ընտանիքի վեհ գաղափարը: Այնքան անակնկալ էր պարոն Բաբուխանյանի այդ մերկացումը, որ հռետորն ու իրեն սատարողներն ապուշ կտրեցին, զարմացան ու չկարողացան զսպել իրենց տանգապն ու ցասումը առ այն, որ ինչպես ժողովուրդն է ասում` «թագավորն այլևս մերկ է»: Հայաստանի դեմ ուղղված թշնամական գործողություններն տարբեր բաղկացուցիչ մասեր ունեն, որոնք միաժամանակյա ամբողջությամբ ներգործության դեպքում տալիս են իրենց կողմից հետապնդվող արդյունք: Կրկնեմ. պարոն Բաբուխանյանը իր ելույթում հստակ անդրադարձավ այդ ամենին: Եվ ըստ որում՝ կարող ենք ասել, որ ԱԺ ամբիոնից  հնչած այս խոսքով` մեր հանրության համար հասկանալի է դառնում, թե ինչ դավեր են նյութվում Բաքվում, Անկարայում, Ստամբուլում, և ում միջոցով են դրանք արվում: Այս պարագայում ամենևին էլ զարմանալի չէր այն հրճվանքը, որը ապրում էին Զարուհի Փստանջյանն ու նրա յուրաինները, որոնց օգնությամբ նաև վերջերս Ստրասբուրգում փորձեցին անցկացնել հակահայկական բանաձև` կապված ԼՂՀ հիմնահարցի հետ: Իրավացի էր պարոն Բաբուխանյանը նաև իր պնդման մեջ, որ չպետք է լոյալ լինենք թշնամու հարցում, քանի որ սահմաններում լարվածությունը շարունակվում է: Պետք է մենք տեղում մերկացնենք թշնամուն, թե չէ դրա դառը պտուղները կճաշակենք մեր ընտանիքներում, մեր երկրում, մեր ժողովրդի հետ:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги