ՀՀԿ պատգամավորը՝ Փաշինյանի օրինագծի մասին. «Բախտորոշ ծրագիր է, ուստի պետք է ավելի լուրջ մոտեցում լինի»

22.08.2014, Առավոտ

Երբ խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որոշվեց, որ առաջիկայում խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ փաթեթ կներկայացնեն կառավարությանը՝ սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու վերաբերյալ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունն արդեն պատրաստ է: Նա շրջանառության մեջ է դրել «ՀՀ սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին 50 տոկոս զեղչ տրամադրել գազի, էլեկտրաէներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի համար, առաջարկում է ազատել հողի հարկից եւ անշարժ գույքի գույքահարկից, նաեւ տրամադրել առողջապահական անվճար ծառայություններ:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնության հետ կապված ասաց, որ դա պահանջված է. «Բայց ես կարծում եմ, որ պետք է համալիր ծրագիր մշակվի, որտեղ կմատնանշվեն բոլոր տնտեսական, բարոյական խթանները, որոնք կնպաստեն գյուղական շրջանների, հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման գործին: Ուստի որպեսզի դա բարի ցանկությունների շարքին չդասվի, այդ հարցը համալիր ուսումնասիրության կարիք է զգում, առավել եւս, որ վերջին տարիներին առանձին արտոնություններ սահմանամերձ գյուղերին տրվել են:

Պետք է իրենց փորձն էլ ուսումնասիրվի, թե դրական ինչ ազդեցություն են թողնում, առավել բարենպաստ ո՞ր արտոնություններն են անդրադարձել այդ գյուղերի բնակչության տեղերում մնալու խնդրի լուծմանը, խթանել բնակչության աճը: Դա շատ լուրջ վերլուծական աշխատանք պահանջող ծրագիր է: Գաղափարը ինքնին, իհարկե, ողջունելի է: Բայց այդ գաղափարը որ զուտ գաղափար չմնա, երկարաժամկետ լուծում ունենա, դա պետք է համակողմանի վերլուծեն թե՛ տնտեսագետները, թե՛ գյուղատնտեսները, թե մշակույթի ոլորտի գործիչները: Դա շատ լուրջ ծրագիր է, անգամ առաջիկա տարիների համար բախտորոշ ծրագիր է, ուստի պետք է ավելի լուրջ մոտեցում լինի խնդրի առարկայի վերաբերյալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги