«Գալուստ Սահակյանը համեստություն է արել». Գեղամյանը՝ 33 մլն-անոց մեքենայի մասին
22.08.2014, Առավոտ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս կառավարության նիստում որոշեց շուրջ 33 միլիոն դրամ հատկացնել եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ձեռք բերել «Տոյոտա Լենդ Քրաուզեր» շքեղ ավտոմեքենա, ընդ որում, պահուստային ֆոնդից: Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեց՝ այս նեղ պայմաններում ինչքանո՞վ էր տեղին նման թանկարժեք մեքենա ձեռք բերելը, կառավարության այդ որոշման հետ կապված բավականին մեծ աղմուկ բարձրացավ: Նա պատասխանեց. «Ես այդ խնդրին ծանոթ չեմ, բայց ամառվա այս կիզիչ արեւին չեմ պատկերացնում, որ որեւէ հարց ընդհանրապես կարող է մեծ աղմուկ բարձրացնել Հայաստանում, որովհետեւ մեռած է քաղաքական կյանքը:
Ինչ վերաբերում է այդ հարցին, գոյություն ունեն ազգային անվտանգության խնդիրներ, որոնց մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում պետության առաջին դեմքերի անվտանգության ապահովման հարցը՝ հատկապես այս պարագայում, երբ մենք տեսնում ենք ադրբեջանական կողմն ինչ սադրիչ դիվերսիոն գործողություններ է անում: Այնպես որ, այդ հարցին պետք է այդ տեսանկյունից մոտենալ: Եթե այդ տեսանկյունից մոտենաք, կարծում եմ, ոչ հարց կառաջանա, ոչ էլ աղմուկ կբարձրանա»: Գալուստ Սահակյանը Տավուշի մարզում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ առաջիկայում պետբյուջեի հաշվին դարձյալ ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ են գնվելու, քանի որ «երբ արտերկրից հյուրեր են գալիս, եւ մենք մեքենաներ ենք պատվիրում, ավելի թանկ է նստում ԱԺ-ի վրա, քան երբ ինքդ ես շահագործում»: Արտաշես Գեղամյանի խոսքերով՝«Համաձայն եմ Գալուստ Սահակյանի հետ: Բայց նա, իր բնավորության համաձայն, համեստություն է արել, չի ուզեցել կարեւորել այն բարձր պաշտոնը, որը նա զբաղեցնում է եւ որն առանցքային նշանակություն ունի ազգային անվտանգության տեսակետից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ