Արտաշես Գեղամյան. «Քաղաքական որոշումը եւ մասնագիտական որոշումները տարբեր են»

05.05.2014, Առավոտ

«Գյուղացիական տնտեսությունների համար, ստեղծված իրավիճակում, այն էլ՝ խիստ անբարենպաստ բնակլիմայական պայմաններում (խոսքս ցրտահարությունների մասին է), երբ չեն կարողանում իրենց հողը մշակել, կառավարությունը, ըստ իս,շատ տեղին եւ շատ ճիշտ առաջարկով հանդես եկավ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսպես բացատրեց իր «կողմ» քվեարկությունը՝ Սեւանա լճից ջրառի քանակն ավելացնելու մասին աղմուկ հանած նախագծին: Հիշեցնենք, որ այդ նախագիծն ընդունվեց ԱԺ-ում մի քանի օր առաջ՝ 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ի տարբերություն պարոն Գեղամյանի, իր կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը ասուլիս էր հրավիրել եւ դեմ արտահայտվել օրինագծին՝ վստահեցնելով, որ դա աղետ է եւ պետք է թույլ չտալ, որ ԱԺ-ում այն անցնի:

Մենք պարոն Գեղամյանից հետաքրքրվեցինք՝ չհաջողվե՞ց ԱՄԿ փոխնախագահին համոզել Ձեզ: «Համոզելու խնդիր բացարձակապես չկար, որովհետեւ նա մասնագիտական տեսակետ էր հայտնել: Այնտեղի մտահոգություններն ամբողջությամբ փարատեցինք ԱԺ-ում քննարկումների ժամանակ: Ընդամենը մեկ տարով է այդ օրենքն ուժի մեջ լինելու: Այնպես որ, հակասություն մի փնտրեք: Քաղաքական որոշումը եւ մասնագիտական որոշումները տարբեր են: Ըստ որում, որոշում չի էլ եղել, ընդամենը կարծիք է եղել: Նա ժուռնալիստների հետ հանդիպում է ունեցել եւ տեսակետ է ասել, որը կոմպրոմիսային էր»,- պատասխանեց Արտաշես Գեղամյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги