Ո՞ւմ ականջներն է տեսնում Գեղամյանը Օսկանյանին PR անելու գործընթացում

17.10.2012, Առավոտ

«Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված այս անիմաստ իրարանցումը ծառայում է մեկ նպատակի ու տեղավորվում է նախագահական ընտրություններից առաջ համապատասխան PR տեխնոլոգիաների մեջ»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Նա Վ. Օսկանյանի PR գործընթացի հետեւում քաղաքական ուժերի «ականջներ» է տեսնում. « Տարբեր ուժերի ու մարդկանց ականջներ են երեւում: Եվ յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, բայց բոլորին միացնում է մի գաղափար՝ խարխլել հանրապետության նախագահի ամուր դիրքերը»: Նա չհստակեցրեց, ինչ ուժերի մասին է խոսքը, միայն հավելեց.  « Ինձ բացարձակապես չի հետաքրքրում այդ հարցը: Եթե գիտեմ, որ գործառույթ է ձեռնարկված, որը դատապարտված է ձախողման , ես ենթադրություններ անելու խնդիր չունեմ»:

 

Ըստ նրա, պարոն Օսկանյանի աշխատաոճն է իր հասցեին ուղղված քրեական հնչեղություն ունեցող մեղադրանքները բարդել սկզբում ԲՀԿ-ի, հիմա էլ Հանթսմաննների ընտանիքի վրա. «Հանթսմանների ռեակցիան տհաճ է լինելու, բայց ոչ Հայաստանի կամ մեր արդարադատության համակարգի համար: Տհաճ կլինի Օսկանյանի ու նրա շահերը պաշտպանողի համար, որովհետեւ դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ: Տհաճ է նաեւ այն առումով, որ Հանթսմանների ընտանիքը բարի համբավ ունի հատկապես մորմոնների շրջանում ու պետք չէ սեփական սխալները քողարկելու համար այդ հարգարժան ընտանիքին ներքաշել քրեական ճղճիմ գործի մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги