Գեղամյանը Ադրբեջանին «հիմար» վիճակի մեջ է գցել՝ իրենց «ախմախ» բառերի համար
12.07.2012, Առավոտ
Մոնակո մեկնած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամներ Արտաշես Գեղամյանը եւ Արտակ Դավթյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրին, թե ինչ հարցեր են ուղղել այնտեղ ու ինչ պատասխաններ են ստացել: Արտաշես Գեղամյանը պատմեց, որ «Ձեր խոնարհ ծառան պատվիրակության անունից ելույթ է ունեցել, շատ կոշտ հարցադրումներ արել, մեր ադրբեջանցի գործընկերները բացահայտորեն աղավաղեցին ելույթիս այն հատվածը, որ զոհվել է հայ զինծառայող՝ դիպուկահարի հարվածից: Ասացին՝ ի՞նչ գործ ուներ հայ զինծառայողը Ադրբեջանի տարածքում, բնականաբար, դա շուլլերություն էր»:
ԵԱՀԿ Վեհաժողովի լիագումար պլենար նիստում հանդես են եկել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, որը ներկայումս ՀՀ-ում է, ժամը 15-ին հանդիպելու է Հովիկ Աբրահամյանի հետ. «Հենց առաջին օրը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին հարց ուղղեցի, այն հարցիս, որ մենք անհամբեր սպասում ենք նրան Հայաստանում, հույս ունենք, որ նոր առաջարկներով նա հանդես կգա, որպեսզի ադրբեջանական կողմն անվերապահորեն հետեւի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների 4 փաստաթղթերում կրկնվող այն հիմնական հարցադրմանը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի 3 հանրահայտ սկզբունքների հավասարաչափ կիրառման, այն է՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման եւ դրա բացառման, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»: Ի պատասխան՝ նա նշել է, որ հասկանում է, թե ինչի մասին է խոսքը, բայց ցանկացած հակամարտությունը պետք է կարգավորի այնպես, որ երկու կողմերը անվերապահորեն պետք է հետեւեն այն փաստաթղթերին, որոնցով միջնորդները հանդես են եկել, այսինքն՝ Գեղամյանի գնահատմամբ՝ նա ընդունեց, որ հայկական կողմն անվերպահորեն հետեւում է այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ էլ Գեղամյանը ելույթով է հանդես եկել, որը վերաբերել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, ընդունել են Գեղամյանի առաջարկը, խորացրել ու զարգացրել այն հարցադրումները, որոնցով նա հանդես է եկել . «Ելույթիս առանցքը սա էր՝ ճիշտ կլիներ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը համաշխարհային մակարդակի էքսպերտներ հրավիրեր, որոնք կհուշեին երկրներին, թե ինչ միջոցառումներ կազմակերպեն, որ երկրորդ ալիքը ճգնաժամի նման ավերիչ հետեւանքներ չթողնի երկրների տնտեսության վրա»:
ՀՀԿ պատգամավորներն ընդգծեցին, որ այնտեղ Սերժ Սարգսյանը հիշատակվել է, որպես ժողորդականության անխոնջ ջատագով, իսկ այս խորհրդարանական ընտրությունները գնահատել են մեծ առաջընթաց՝ նախորդի համեմատ:
Արտակ Դավթյանի խոսքերով՝ նախկին պատվիրակությունում Արամ Սաֆարյանն էր, որն այլեւս պատգամավոր չէ, ուստի պատվիրակության կազմը փոխել են:
Արտաշես Գեղամյանը նաեւ պատմեց, որ իր ելույթում մեջբերում է արել Ադրբեջանի փոխխոսնակ Ասկերովի կողմից, որը Ադրբեջանում ՆԱՏՕ-ի պատասխանատուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան՝ որպես զբոսաշրջիկներ. «Նա թույլ էր տվել երկրորդ սայթաքումը, ասելով՝ որ ԵԱՀԿ-ն մեռած կազմակերպություն է»: Գեղամյանն էլ, ի պատասխան՝ շնորհավորել էր Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որ մեռելածին կազմակերպության ղեկավարեր են հայտարարում եւ հետեւելով տրամաբանությանը՝ վերջին հայտարարությունն ունեցել են անդրշիրիմից: Ըստ Գեղամյանի, իր խոսքից հետո ադրբեջանական կողմը շատ հիմար վիճակում է հայտնվել, «որովհետեւ նման ախմախ բառ միայն նրանք կարող էին անել՝ թշնամացնելով երեք երկրներին: Դա բնականաբար մեր օգտին խոսեց՝ պատվիրակները հասկացան, թե ինչ կատեգորիաներով են առաջնորդվում ադրբեջանական պատվիրակները»:
Հարցին՝ նիստերից հետո միշտ գալիս-պատմում եք նրբերանգների մասին, որոնք մեր օգտին են խոսում, բայց փաստը մնում է փաստ, որ դրական տեղաշարժ չկա՝ Գեղամյանը պատասխանեց, որ գոնե ստատուս քվոն պահպանված է. «Առանց համեստության ասեմ, որ շատ մեր օգտին է»: Արտակ Դավթյանն էլ նշեց, որ ԵԱՀԿ-ն ամեն ինչ պիտի անի, որ անկողմնակալությունը գոնե արտաքին ֆոնով երեւա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ