Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀԱԿ-Ը
15.10.2011, Առավոտ
«Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը գտնում է, որ ՀԱԿ-ը նվազագույնի հասցրեց իր հնարավորությունները:
- Ի՞նչ արդյունք տվեց ՀԱԿ-ի անցկացրած հանրահավաքային եւ նստացուցային շաբաթը:
- Հանրահավաքային շաբաթը նաեւ համընկավ Հայաստանի համար շատ կարեւորագույն մի իրադարձության՝ Ֆրանսիայի նախագահի՝ Եվրամիության առանցքային, կարեւորագույն պետություններից մեկի ղեկավարի այցի հետ: Ես դա ուղիղ համեմատական եմ համարում նախագահ Սերժ Սարգսյանի վարած խելացի եւ ճկուն արտաքին դիվանագիտությանը: ԱՄ-ն կիսում է եւ սատարում է նախագահի վարած քաղաքականությունը: Չնկատել, որ Հայաստանի վարկն արտաքին աշխարհում իսկապես բարձրացել է, հնարավոր չէ: Էական էին Սարկոզիի հնչեցրած գնահատականները Ցեղասպանության եւ Թուրքիայի վերաբերյալ, այցելությունը Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանին: Դրանք լուրջ քայլեր էին եվրոպական պետությունների հետ ինտեգրման, եվրոպական առանցքային երկրի հետ համագործակցության առումով: Այդ շաբաթը նաեւ զուգակցվեց համազգային ցնծությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի Մակեդոնիայի նկատմամբ տարած փայլուն հաղթանակով, հավելեմ նաեւ, որ վերջին պարտությունն օրինաչափ չէր, մեր տղաները հիանալի խաղացին, լավ ֆուտբոլային թիմ ունենք եւ հաղթանակներ դեռ կճաշակենք: Այս ամենի ֆոնին պարզապես հասկանալի չէր ՀԱԿ-ի այդ երկարատեւ հանրահավաքը, նստացույցը: Ըստ էության, դա էլի ոչինչ չտվեց՝ ոչ քաղաքական, ոչ սոցիալական, ոչ իրավական առումներով: Ես մնում եմ այն տեսակետին, որ ՀԱԿ-ը պիտի իր երկխոսությունը կառուցեր ավելի լայն, ավելի խելացի օրակարգով: Արտահերթ ընտրությունները տանում էին փակուղի, ինչի ականատեսը եղանք: Այն փաստը, որ հանրահավաքները սակավամարդ էին, արդեն խոսում է այն մասին, որ ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է, որ ՀԱԿ-ում, ՀԱԿ-ի շարժման մեջ գաղափար չկա: Մենք չենք կարողանում հասկանալ՝ ի՞նչ են ուզում:
Արտահերթ ընտրություններն իշխանության լեգիտիմության համատեքստում դիտարկելը սխալ է, որովհետեւ այդ առումով ՀԱԿ-ի մոտեցումները շատ վիճարկելի են: Սոցիալ-տնտեսական եւ մյուս խնդիրներն էլ կարելի է երկխոսության միջոցով լուծել: Հայաստանն այսօր այնպիսի բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում է, որ լուրջ հանգրվանի է հասել իր դիվանագիտական ձեռքբերումներով: Այսօր պետք է մեջք մեջքի տալ, համազգային հաջողությունը մեր միաբանության մեջ է լինելու, եւ այդ առումով մեր կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը: Անկախության 20-ամյակի առիթով կայացած շքերթը ցույց տվեց, որ մենք ուժ ունենք, կայացած բանակ ունենք: Արեւմտյան ազդեցության տակ գտնվող շատ թերթեր եղած թերություններն ուզում են շուռ տալ բանակի դեմ, բայց կարծում եմ, որ մենք ազգովի պետք է պայքարենք ու վերացնենք այդ թերությունները, վերականգնենք մեր բանակի հոգեւոր, քաղդաստիարակչական ինստիտուտները, հասարակական վերահսկողությունը: