11 ՀԱԶԱՐ ԿԻԼՈՄԵՏՐ՝ ՀԵՌՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

20.07.2005

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը Վաշինգթոնում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանից հետո մի շարք հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ում:

- Հայաստանյան գործիչներն ամերիկյան այցերից հետո փորձում են խորհրդավորության մշուշով պատել իրենց հանդիպումները, ակնարկներ անել ինչ-ինչ կարևոր պայմանավորվածությունների շուրջ, տպավորություն ստեղծել, թե հենց իրե՛նք են ԱՄՆ ընտրյալը: Ինչո՞ւ խախտեցիք արդեն իսկ հաստատվող այդ ավանդույթը:

- Քաղաքական այն գործիչը, որը սեփական կայացման խնդիրը պայմանավորում է այս կամ այն, այդ թվում, ինչու ոչ՝ ամենազարգացած և ամենազորեղ ժողովրդավարության շտեմարան հանդիսացող երկրով, միայն ապացուցում է, որ դեռ ունի կարդալու, սովորելու, պատմությունից դասեր քաղելու խնդիր: Մարդ պետք է իրեն զորեղ զգա նախ և առաջ այն գաղափարներով, որոնք հոգեհարազատ են սեփական ազգին: Եվ դրանցով առաջնորդվելով՝ կկարողանաս երկիրդ դուրս բերել զարգացման շառավիղ:

- ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելուց հետո ի՞նչ հանդիպումներ ունեցաք ԱՄՆ-ում:

- Նյու Յորքում և Կալիֆոռնիայում «Ազգային միաբանությունն» ունի բազմաթիվ համակիրներ, որոնք երբ իմացել էին, որ ժամանելու եմ ԱՄՆ՝ խնդրել էին անպայմանորեն կազմակերպել հանդիպումների շարք իրենց հետ: Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հատուկ ընդունելություն էր կազմակերպվել իմ պատվին, որտեղ հանդես եկա ելույթով: Հանդիպման ամբողջական տեսագրությունը հեռարձակվեց հայկական 2 հեռուստաալիքներով: Հնարավորություն ընձեռվեց հանդիպել Հայկական համագումարի ներկայացուցիչների, նաև Կալիֆոռնիայի համալսարանի ազգությամբ հայ ուսանողների հետ: Բազմամարդ հանդիպում եղավ Գլենդելի հանդիսությունների սրահում՝ շուրջ 650-700 մեր հայրենակիցների և բնիկ ամերիկացիների հետ: Չորս հեռուստածրագրերով 8,5 ժամ ուղիղ եթեր եմ ունեցել և պատասխանել հեռախոսով տրվող ամենաբազմաբնույթ հարցերի: Ինչպես նշում էին իմ այնտեղի բարեկամները՝ դա աննախադեպ մի երևույթ էր, հաշվի առնելով, որ ընդամենը 4 օր եմ հյուրընկալվել Կալիֆոռնիայում: 100 հազարավոր մեր սփյուռքահայ հայրենակիցներ այսօր տոգորված են մեկ խնդրով՝ ինչ և ինչպես անել, որ Հայաստանը կարողանա այս ծայրաստիճան վտանգավոր զարգացումներից դուրս գալ անկորուստ, և Լեռնային Ղարաբաղի հարցը հանկարծ այս ապիկար իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով չստանա աննպաստ լուծում: Եվ նրանց հարցերից բխող ընդհանրությունն էր՝ հայ ժողովուրդն արժանի է շատ ավելի գիտակ, խոհեմ, ուսյալ և հեռատես ղեկավարության, որի բացակայության արդյունքն է թերևս այն, որ օրըստօրե էլ ավելի է ահագնանում արտագաղթը, հուսահատությունը պատում տասնյակ հազարավոր հայորդիների, որոնք հայտնվել են Հայաստանից 11 հազար կմ հեռու:

- «Արդարություն» դաշինքի ամերիկյան համակիրները հայաստանյան մամուլում չեն թաքցնում իրենց հուսահատությունը նաև ընդդիմության գործողությունների նկատմամբ: Ձեր հանդիպումների ընթացքում արդյոք չե՞ն առաջադրվել նաև նման հարցադրումներ:

- Չէի ասի, թե «Ազգային միաբանության» նկատմամբ հիասթափություն կա: Հակառա՛կը՝ ասես թե մի նոր շունչ և ոգի հաղորդվեց իրենց: Անշուշտ, ապատեղեկացված էին: Բայց այն հօդս ցնդեց ուղիղ եթերում առաջին իսկ հանդիպման ժամանակ, երբ ներկայացվեց իրական վիճակը: Սփյուռքահայ մեր հայրենակիցներն ապատեղեկացված էին Հանրային հեռուստաընկերության կեղծ տեղեկատվության հետևանքով, թե ներկա իշխանությունները գրեթե անփոխարինելի են, անում են անհնարինը, մարտի են բռնվել ադրբեջանա-թուրքական աշխարհի գործիչների հետ և ժողովուրդն անսահմա՜ն հավատում ու վստահում է այսօրվա իշխանավորներին, ավելի՛ն՝ քնում և արթնանում է «Ռոբերտ-Սերժ» ասելով:

- ԱՄՆ-ում հանդիպումները սահմանափակվեցին հայկական շրջանակներո՞վ:

- Իհարկե, ո՛չ: ԵԱՀԿ 55 անդամ պետությունները խորհրդարանական վեհաժողովներում ներկայացված են տվյալ երկրների ամենաազդեցիկ քաղաքական դեմքերով: Բարեբախտաբար, մի շարք ամենաազդեցիկ քաղաքական դեմքերի հետ հաստատված է վաղեմի բարեկամություն: Առավել ևս, որ հնարավորություն եղավ նրանց նվիրել իմ հարցազրույցների և հոդվածների ժողովածուն, և այնտեղ նրանցից շատերը տեսան սեփական նկարները: Այդ մարդկանց հետ հանդիպումների ընթացքում ինձ ոգևորողն այն էր, որ նրանք բացարձակապես անտարբեր չէին հայոց պետականության ճակատագրի հանդեպ և պատրաստ էին սատարել այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք ճիշտ են հասկանում ժողովրդավարությունը և գիտակցում, թե խորամանկությամբ ու ապատեղեկատվություն սփռելով՝ երկիրը երբե՛ք 21-րդ դարում չի կարող հասնել հաջողության: Այս տեսանկյունից՝ շատ օգտակար էր իմ այցելությունն ԱՄՆ:

- Հրապարակվել է, թե ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն իր ելույթում անդրադարձ է կատարել ԵԱՀԿ ԽՎ-ում հնչած Ձեր ելույթին՝ կարևորելով դրա թեման, այն է՝ քաղաքակրթությունների հնարավոր բախումը:

- Իմ ելույթում արծարծվել էր այդ հնարավոր բախման խնդիրը՝ պայմանավորված ԼՂ խնդրի ոչ արդարացի լուծմամբ: Եվ այդ օրինակով բացատրված էր, որ եթե տասնյակ նմանատիպ արյունածոր հակամարտություններ չեն գտնում լուծումներ՝ ուրեմն, պետք է փոխվեն մոտեցումները և վերանայվի կարգավորման փիլիսոփայությունը: Եվ Բիլ Քլինթոնը նախօրեին իր ելույթում հայտարարեց, թե սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում ծրագրվում է աշխարհի նախկին նախագահների հանդիպում, ու որպես դրա անհրաժեշտության հիմնավորումներից մեկը նշեց, թե վերջերս ԵԱՀԿ ԽՎ-ում սրությամբ արծարծվել է քաղաքակրթությունների բախման հնարավոր զարգացումների հարցը, և աշխարհի լրջմիտ քաղաքական գործիչները պիտի նորովի վերլուծեն այդ խնդիրները: Արձանագրենք, որ ԵԱՀԿ ԽՎ վաշինգթոնյան նստաշրջանում քաղաքակրթությունների հնարավոր բախման մասին խոսվել է միայն և միայն իմ ելույթում: Ուստի սա վկայում է, թե այս հարցն ամենալուրջ արձագանքն է գտել աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական շրջանակներում:

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Последние видеоматериалы

Новые книги