ԻՆՉՈ՞Ւ ԼՈՂԱԼ ՉԳԻՏԻ ԴՈԼԱՐԸ

17.10.2006

Այս հարցին տրամագծորեն տարբեր պատասխաններ տրվեցին երկու քննարկումների ընթացքում, որոնք երեկ անցկացրին ե՛ւ խորհրդարանականները, ե՛ւ հակաքրեականները:

«Դրամի արժևորումը ու տնտեսական իրավիճակը Հայաստանում» թեմայով խորհրդարանական երեկվա լսումներն արդեն երրորդ համանման քննարկումն էին ԱԺ-ում: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որ հիմնական զեկուցողն էր լսումներում, նշեց, թե դրամն անցած 3 տարում արժևորվել է 37%-ով, և դա հասարակության զգալի հատվածի համար բացասական երևույթ է: Դրամի արժևորումից տուժում են նախ արտարժույթով խնայողություն կատարող անձինք, որոնք, ըստ ԿԲ նախագահի, հիմնականում մեծահարուստներ են, քանի որ խնայված արտարժույթի 95%-ը նրանց ձեռքում է: Հաջորդ խավը, որը կրում է դրամի արժևորման բացասական ազդեցությունը, արտարժույթով աշխատավարձ ստացողներն են՝ միջազգային կազմակերպություններում, լրատվամիջոցներում, ոչ պետական հետազոտական ընկերություններում, ստվերային տնտեսության մեջ ներգրավված աշխատակիցները: Դոլար-դրամ տատանումներից զգալի կորուստներ են ունեցել նաև տրանսֆերտներ ստացողները: Իսկ տրանսֆերտների գծով գրանցվում է տարեկան 25-30%-ի աճ: Մյուս խումբը, որին հիմնախնդրի առջև է կանգնեցրել ազգային արժույթի արժևորումը՝ արտահանողներն են, որոնք գների բարձրացման պատճառով արտաքին շուկայում դառնում են անմրցունակ:

ԿԲ նախագահը ներկայացրեց նաև դրամի արժևորման պատճառները: Որպես այդպիսին Տիգրան Սարգսյանը համարում է տնտեսության աճի երկնիշ ցուցանիշները, դոլարային մեծածավալ ներդրումները, մասնավոր տրանսֆերտների ծավալների աճը, հանքահումքային և քիմիական արդյունաբերական ճյուղերի զարգացումը, Հայաստան այցելողների քանակի շեշտակի աճը: Ընդ որում, ըստ նրա՝ սպասվում է, որ ընթացիկ տարում Հայաստան այցելողների թիվը կհասնի 450 հազարի, ինչը ենթադրում է դոլարային արտահայտությամբ ծախսերի աճ: Այս ամենի հետ միասին դոլար-դրամ տատանումների վրա ազդել է նաև ԱՄՆ վարած քաղաքականությունը: Այդ է վկայում վիճակագրությունը՝ 24 երկրներում ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժևորվել է:

ԿԲ նախագահի դիրքորոշմամբ, մեր ընտրած տնտեսական մոդելը՝ լողացող փոխարժեքի քաղաքականությունը, այլընտրանք չունի: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստանի համար անընդունելի է ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունը՝ այն կհանգեցնի տնտեսական կոլապսի: Նաև հայտնեց, որ կառավարությունը մշակել է Հայաստանում դոլարի շրջանառությունը նվազեցնելուն միտված օրենսդրական փաթեթ, որը կկրճատի երկրի տնտեսության դոլարայնացման աստիճանը:

Առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը լսումների ընթացքում կարծիք հայտնեց, որ արդյունավետ կառավարման պարագայում տնտեսվարողը դրամի արժևորումից կորուստներ չի ունենա: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը ստվերային տնտեսության մեծ ծավալներն է տեսնում առկա բացասական զարգացումների հիմքում: Նրա տվյալներով, ստվերային տնտեսությունը կազմում է 50-60 %, իսկ սննդապրանքային բնագավառում այն հասնում է 70-80 %-ի: Շուկայում չհիմնավորված գներ կան՝ ասաց պրն Շահնազարյանը: Հանձնաժողովը նախատեսում է մինչև տարեվերջ ԱԺ ներկայացնել օրենսդրական փաթեթ՝ խաթարված մրցակցային դաշտը վերականգնելու ուղղությամբ առավել ճկուն քայլերի հնարավորություն ստանալու նպատակով:

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը ելույթ ունեցավ ԱԺ լսումների ընթացքում, իսկ հակաքրեական շարժման նախաձեռնած քննարկման ժամանակ նա հիմնական զեկուցողն էր: Այստեղ պրն Գեղամյանը դրամի թանկացումը համարելով արհեստական՝ հայտարարեց, թե դրա պատճառներից մեկն իշխանությունների ձգտումն է՝ լրացնել այն ֆինանսական կորուստները, որոնք առաջացել էին 2003 թվականի ընտրություններից հետո. «Տղաները ահագին ծախս էին քաշել և այդ ծախսը վերականգնելու եզակի ճանապարհը գտել էին՝ ժողովրդից կողոպտել գումարները»:

«Ազգային միաբանության» ղեկավարը «իշխանությունների բլեֆ» անվանեց պնդումը, թե տնտեսական աճով է պայմանավորված դրամի արժևորումը. «Այս վիճակը ձեռնտու է ճիշտ այն մարդկանց, ովքեր զբաղվում են ապրանքներ ներմուծելով: Իսկ մենք քաջատեղյակ ենք, որ ներմուծման ոլորտն ամբողջովին մոնոպոլիզացված է՝ լինի դա ցորենի, բենզինի, դիզելային վառելիքի, ծխախոտի ներկրումը: Եվ այդ ոլորտներում անելիք ունեն միայն և միայն պարոններ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի յուրայինները կամ էլ իրենց հպարտ համարող, սակայն վերջիններիս թրի տակով անցած՝ երբեմնի իրենց հեղինակություն համարող զանազան մարդիկ»:

Անուններ չորոշակիացնելով՝ Արտաշես Գեղամյանը հավելեց, թե արտասահմանից ապրանք ներմուծելով՝ մենաշնորհային այս ոլորտներում գործողները նվազագույնը 10% հավելյալ եկամուտ են ապահովել դոլար-դրամ խաղից. «Միայն 1 միլիարդ 717 միլիոն դոլարի ապրանք են ներմուծել 2005թ.-ին: Սահմանում, առանց որևէ բանի՝ նվազագույնն արդեն մաքուր 171 միլիոն գրպաններն են դրել»:

Անդրադարձավ նաև ԿԲ-ի դերակատարությանը՝ նշելով, որ այն «պատրանք է ստեղծում, թե իբր զսպում է գնաճը, սակայն կամա թե ակամա, փաստորեն, քողարկում է ստվերային տնտեսության մեջ շրջանառվող 100-ավոր միլիարդ դրամի հասնող կողոպուտը»:

«Ազգային միաբանության» նախագահը հայտարարեց. «Հայաստանի տնտեսությունը հայտնվել է կոլապսային վիճակում, որը հղի է լրջագույն պայթյուններով: Այս ամենի պտուղները մենք կճաշակենք 2007-2008 թթ.-ին, երբ ականատեսը կդառնանք, որ մեր հայրենական արտադրողները հարկադրված կլինեն սեղմել կամ փակել իրենց արտադրությունները, քանի որ դոլար-դրամի նման արհեստական փոխարժեքի պայմաններում՝ անգամ Հայաստանում արտադրվող ապրանքները չեն դիմանա ներմուծված համանման ապրանքների մրցակցությանը: Եվ կունենանք երկիր, որը գոյատևում է միայն և միայն արտաքին տրանսֆերտների հաշվին»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги