Նախկին նախարար. «Էն ժամանակ մենք կարայինք շատ մարդ գնդակահարել»

14.01.2016, Առավոտ

1990 թվականին ՀԽՍՀ ներքին գործերի նախարար, մինչ այդ ու դրանից հետո Լենինականի ներքին գործերի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Գալստյանի համար, որը նաեւ հայտնի է «Լյովա պետ» անունով, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի ձերբակալության մասին տեղեկությունն անակնկալ էր:

«Հայրենիք եւ պատիվ»»-ը մենք ենք ստեղծել Գառնիկ Մարգարյանի հետ: 1995-ին, որ մեզ բռնեցին «գնդապետների գործով», Գառնիկը Երեւանի բանտում էր, ես՝ Լենինականի: Բայց թե հիմա Գառնիկն ինչ կապ ունի էդ Արթուր Վարդանյանի հետ, չեմ հասկանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Գալստյանն՝ անդրադառնալով ազգային անվտանգության՝ ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշում հայտնաբերված հանցավոր խմբի հետ կապ ունենալու կասկածանքով Գառնիկ Մարգարյանի ձերբակալությանը:

«Չեմ հասկանում, Արթուր Վարդանյանի հետ ինքն ի՞նչ կապ ունի: Երեւի ցուցմունքներ են եղել, որ ձերբակալել են: Մի՞թե մտածել են նման ճանապարհով իշխանափոխության գնան, կներեք, ինձ համար անընդունելի վարկած է: էն որ ասում էին՝ էդ հանցավոր խումբը փորձել է գրավել Ազգային ժողովի շենքը, սահմանադրական դատարանի շենքը, նախագահի ինքնաթիռը պայթեցնեն եւ այլն, այն, ինչ կարդացել եմ, ես նման բաներ չեմ ընդունում: Ախր որ սկսենք իրար կոտորել՝ ինչ կլինի»:

Պարոն Գալստյանն ասաց, որ 1995 թվականին հայտնի գնդապետների ձերբակալության եւ հիմա ԱԱԾ-ի կողմից կատարվող ձերբակալությունների հետ զուգահեռ տանելն անտեղի է, եւ ներկայիս հանցավոր խմբի եւ այն ժամանակվա ձերբակալվածների նախաձեռնություններն անհամեմատելի են. «Էն ժամանակ մենք զինված ապստամբություն չէինք նախատեսում: Մենք նախատեսում էինք իշխանափոխություն՝ ցույցերի, միտինգների միջոցով, ոչ թե զենքն առնենք ընկնեք մեր երկրի զավակների վրա, դա բացառվում էր մեր կողմից»: Նախկին նախարարի խոսքերով՝ «Եթե, իրոք, նման բան կա՝ ամոթ իրենց, եթե իրոք նման ճանապարհով են ուզել իշխանության հասնեն՝ ամոթ, դա չեմ ընդունվում: Եթե էդպես լիներ, էն ժամանակ, երբ մենք իշխանության էինք, էն ժամանակ կարող էինք Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ մյուսներին գնդակահարեինք, բայց ես դա չեմ ընդունում: Կարայինք շատ մարդ գնդակահարել, բայց երբեք նման քայլի չէինք գնա: Որպես նախկին մինիստր, որպես նախկին ուժային, ես դեմ եմ նման ձեւով իշխանափոխության»:

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги