«Ալիեւի հայտարարությունը ապտակ է Պուտինին, Օբամային եւ Օլանդին». Գեղամյան
12.01.2016, Առավոտ
«Ալիեւի այդ հայտարարության մեջ հակված եմ դրական երանգներ տեսնել: Այսուհետեւ թող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի մշտական ներկայացուցիչները, համանախագահները Մինսկի խմբի արդեն հստակ պատկերացում կազմեն, թե ինչ անլուրջ մարդու հետ իրենք գործ ունեն: Ալիեւի այդ հայտարարությունը ոչ միայն ապտակ է համանախագահող երկրների ներկայացուցիչներին, այլ այդ երկրների պրեզիդենտներին: Որովհետեւ ինքնին հասկանալի է, որ առանց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական համաձայնության, առանց իրենց ցուցումի նման հանդիպումներ այդ մակարդակի երբեք չէին կազմակերպվի». ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Գեղամյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի հետ Բեռնում կայացած հանդիպումը ձեւական բնույթ է կրել:
Նրա խոսքերով՝ նման հայտարարությամբ Ալիեւը վերստին փաստում է այն, ինչի մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քանիցս ասել է, այն է՝ Ադրբեջանը հակված չէ բանակցային ճանապարհով կարգավորել ԼՂՀ հիմնախնդիրը. «Մի կողմից մենք ունենք միանգամայն կառուցողական դիրքորոշում ունեցող Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս իր նախագահի, իսկ մյուս կողմից փաստորեն սուլթանատի սուլթան, որ ի սկզբանե արկածախնդրությամբ է տարված, ուզում է օգտվելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակից, որի ժամանակակիցներն ենք մենք, պղտոր ջրում ձուկ որսալ: Պետք է հասկանալի լինի, որ Ալիեւը միայն ու միայն ճանաչում է արդարացի ուժի կիրառումը, ինչն արվեց Արցախի ազատագրական պատերազմի ժամանակ»: Մեր հարցին՝ եթե Ալիեւն անընդհատ անլրջացնում է այդ հանդիպումները, ի՞նչ իմաստ ունի նրա հետ մի սեղանի շուրջ նստել, նման հանդիպումների գնալ՝ Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Վաղը մենք ցանկացած միջազգային կառույցի ամբիոն կարող ենք օգտագործել եւ համեմատել պաշտոնական Երեւանի դիրքորոշումը բանակցային գործընթացի հանդեպ եւ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, որից հետո ուղղակի դիմել միջազգային հանրությանը՝ այս պարագայում արդյո՞ք ժամանակը չէ, որ ՀՀ-ն արդեն իսկ ճանաչի ԼՂՀ-ն՝ որպես անկախ, կայացած երկիր: Բոլոր մեր ջանքերը՝ բանակցային սեղանի շուրջ տալ լուծումներ հայտնի 3 սկզբունքների հիման վրա, որի հետ կապված 5 հայտարարություններ են ընդունել ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ նախագահները, տորպեդահարվում են Ադրբեջանի կողմից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ