ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

14.10.2009

Հայաստանի Հանրապետությունում և աշխարհասփյուռ հայության գաղթօջախներում անցած մեկուկես ամսում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ծավալված աննախադեպ շահագրգիռ և բուռն քննարկումներից ստացած առաջին տպավորությունն ու զգայական մոտեցումը գալիս է հաստատելու մի պարզ ճշմարտություն. հզոր է միացյալ հայությունն իր անկախ պետականությամբ, ազատագրված Արցախի Հանրապետությամբ և համայն աշխարհի հայերի միասնականությամբ: Հոդվածիս հիմնական նպատակն է` փորձել իմաստավորել հազարամյակների ընդերքում բյուրեղացած, ադամանդակուռ դարձած վիթխարի այն ներուժը, որն արթնացրեց նախագահ Սերժ Սարգսյանն իր համահայկական ուղևորության ժամանակ: Այսօր աշխարհասփյուռ հայության կուտակած հզորագույն էներգիան դառնում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության լրջագույն գործոն, որի հետ չեն կարող այլևս հաշվի չնստել ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը: Համահայկական այս ուղևորությունը, համոզված եմ, իր շոշափելի, ըստ որում` դրական ազդեցությունը կունենա նաև ուժի միջազգային կենտրոնների վրա` Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած մոտեցումներում, ավելին` կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի կարգավորմանը: Ահա այս ելակետային դրույթներից ելնելով էլ փորձենք համակողմանիորեն վերլուծել Հարավային Կովկասում նոր փուլ թևակոխած Շախմատային Մեծ Պարտիան` խնդիր ունենալով գտնել մեր` քաղաքական գործիչներիս, թերացումները համահայկական կարևորություն ունեցող հարցերի լուծման ճանապարհին:

Արդյունքում` երկրի առողջ ուժերով կկարողանանք ձևակերպել 21-րդ դարում Հայաստանի Հանրապետության գործունեության օրակարգը` առկա արդիական մարտահրավերների ներառմամբ: և այսպես, օրերս ավարտվեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական հանդիպումները: Դրանց հաջորդեցին (ասես թե որպես տրամաբանական շարունակություն) Քիշնևում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հերթական բանակցությունները, ինչպես նաև երկկողմ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Եւ, վերջապես, հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն, Միշլին Քալմի Ռեյի` Շվեյցարիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ` Սերգեյ Լավրովի, Հիլարի Քլինթոնի, Բեռնար Կուշների, Եվրամիության Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ինչպես նաև Եվրամիությունում նախագահող Սլովենիայի արտգործնախարարի մասնակցությամբ շվեյցարական Ցյուրիխ քաղաքում փակ դռների հետևում խորհրդավոր քննարկումներից հետո ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Դրանով իսկ ազդարարվեց հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկը: Առաջիկայում երկու երկրների հասարակության, ինչպես նաև ուժի միջազգային կենտրոնների ուշադրության կիզակետում են լինելու գործընթացներ` պայմանավորված ՀՀ Ազգային ժողովում և Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովում վերոգրյալ արձանագրությունների հաստատմանը նախորդող և վավերացմամբ ավարտվող բուռն զարգացումները:

Փորձենք ի մի բերել, թե հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ծավալված քննարկումների անցած փուլը ի՞նչ խնդիրներ վեր հանեց, հայոց պետականության դեմ ուղղված հնարավոր ինչպիսի՞ վտանգների մասին ահազանգեց, ոչ հայանպաստ ինչպիսի՞ զարգացումների հնարավորությունը բացահայտեց: Առավել կարևոր է, որ այդ քննարկումները համոզիչ կերպով երևան հանեցին այն վիհը, որ գոյություն ունի հայոց պետականության առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծմանը իբր կոչված հայաստանյան կուսակցությունների (իրենց գերակշիռ մեծամասնությամբ) ծավալած գործունեության միջև, գործունեություն, որը համարժեք չէ երկրի առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը: Եւ այս ամենը հրամայական դարձրեց Ազգային անվտանգության ռազմավարության առանձին դրույթների համակողմանի մանրամասնելու խնդիրը և դա արդիականացնելու անհրաժեշտությունը: Հետաքրքրական է, որ անցած վեցշաբաթյա քննարկումները թերևս վերահաստատեցին այն իրողությունը, որ ուժի միջազգային կենտրոնները Հարավային Կովկասի գործընթացների նկատմամբ դրսևորում են համակարգված մոտեցումներ: Շախմատային այդ Մեծ Պարտիայում երևան եկան Հայաստանում գործող հայկական քաղաքական հայդուկների կամ, ինչպես հիմա է ընդունված ասել, օտարի ազդեցության գործակալների գաղափարական սնանկությունը, ազգասիրության պատմուճաններով քողարկված թշվառությունը: Վերջին զարգացումները վկայեցին, որ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերը շարունակում են մնալ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում, ավելին` դարձել են գերակա: Խնդրո առարկայի վերաբերյալ նման մեծ ուշադրությունը, ինչպես հայտնի է, հիմնականում պայմանավորված է մի կողմից հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերի` 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության, Մեծ հայրենազրկման հետևանքների ազգովին հաղթահարման պատրաստակամությամբ, և, մյուս կողմից, Արցախյան ազատագրական պայքարում տարած հաղթանակի արդյունքները միջազգային իրավական նորմերի համաձայն վերահաստատելու վճռականությամբ: Թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Սփյուռքում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին տրված գնահատականները բնականաբար տարբեր էին, շատ հաճախ` նաև իրարամերժ: Կարևորը, սակայն, այն է, որ դրանք իրենց ամբողջության մեջ ունեին ընդգծված հայապահպան ուղղվածություն: Անշուշտ, քննարկումների վրա որոշակի ազդեցություն ունեցան նաև բանակցող կողմի` Թուրքիայի և նրա հավատարիմ զինակից, կրտսեր եղբայր Ադրբեջանի վարած փոխհամաձայնեցված ու փոխլրացնող արտաքին քաղաքականությունը: Ավա՜ղ, կարելի է ասել, որ այս գործում, նրանք որոշակի հաջողություններ ունեցան:

Ըստ էության, թուրք-ադրբեջանական քարոզչամեքենային հաջողվեց նախաստորագրված արձանագրությունների շուրջ Հայաստանում և Սփյուռքում ընթացող քննարկումներին երբեմն պարտադրել իրենց շահերից բխող օրակարգ: Անդրադառնանք Հայաստանում և Սփյուռքում արձանագրված հիմնական տագնապներին, որոնք, ըստ իս, ձևավորվել են ոչ այնքան նախաստորագրված արձանագրությունների բովանդակ քննարկումների արդյունքում, որքան թուրքական իշխանությունների` նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, արտգործնախարար Դավութօղլուի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի, արտգործնախարար Մամեդյարովի և այլոց` այս ժամանակաշրջանում հնչեցրած հրապարակային ելույթների հիման վրա: Եւ այսպես, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը», նրանց միացած այլ կուսակցություններ և գործիչներ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, մատնանշելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին նախաստորագրված արձանագրության այն դրույթը, որ «Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխանության պայմանագրերով», միանգամայն արդարացիորեն նշում են, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա սահմաններն ամրագրող այլ պայմանագիր, բացի Մոսկվայի (1921թ. մարտի 16) և Կարսի (1921թ. հոկտեմբերի 13) «փոխկապակցված և ապօրինի պայմանագրերից, գոյություն չունի»: Դրանից էլ եզրակացություն են անում, որ «ճանաչելով այդ սահմանները, մենք առաջին անգամ որպես անկախ պետություն, վավերացնում ենք այս պայմանագրի` Թուրքիայի համար ամենաանհրաժեշտ հատվածը»: Այդպիսով` բավարարվում է Թուրքիայի գլխավոր նախապայմաններից մեկը` երկու երկրների միջև այսօրվա սահմանների ճանաչումը: Ընդունենք, որ մեր հասարակության որոշակի մի հատված իսկապես տեղեկացված չէ, որ Հայաստանի Հանրապետությունն իր նորագույն պատմության ժամանակաշրջանում արդեն քանիցս ճանաչել է այսօրվա հայ-թուրքական սահմանը` լինի դա ԱՊՀ կազմավորման պայմանագիրը ստորագրելիս, թե ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Եվրախորհրդին անդամակցելիս: Ավելին, 1998-2008թթ. արտգործնախարար Վարդան Օսկանյանը մի քանի անգամ իր ելույթներում վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից Կարսի պայմանագրի ճանաչման իրողությունը, որն իրավացիորեն տեղ է գտել 2008թ. հրատարակված նրա հուշերի` «Անավարտ տասնամյակ», խորագրով գրքում: Առաջ անցնելով, ասենք, որ այդ գրքում զետեղված են ելույթներ և հոդվածներ, որոնցում պարոն Օսկանյանը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի հետ դիվանագիտական կապերի հաստատման մասին արտահայտել է մտքեր, որոնք տրամագծորեն տարբերվում են նրա կողմից ներկայումս հնչեցվող գնահատականներից: Հետաքրքրվողներին հուշենք, որ ասվածի վկայությունը հաստատող տողերը կարող են ընթերցել հիշատակված գրքի 25-26, 62-63, 114-115, 422-423 էջերում:

Ուշագրավ է նաև այն, որ այդ տարիներին իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն չի ընդվզել, հայտարարությամբ հանդես չի եկել այդ ամենի դեմ, ավելին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն էլ 2006թ. հունիսի 14-ին REGNUM գործակալությունում հրապարակված «Հայաստանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն», վերտառությամբ հարցազրույցում, պատասխանելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ֆրենկ Քուկի հարցերին, ասել էր. «Եւ, վերջապես, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման պրոբլեմը, որը Հայաստանը պաշտոնապես չի էլ վիճարկել, քանզի գոյություն ունի Կարսի պայմանագիրը, որը ոչ ոք չի վերանայել»: Իրենց իսկ կողմից ժամանակին ասվածը դրժելով, այսօր նույն այդ Կարսի պայմանագրի «վերակենդանացման», մեղադրանքներ հարուցելով` դատափետում են ՀՀ արտգործնախարարին, երբեմն-երբեմն ակնարկելով, որ դեպքերի նման զարգացումների պարագայում հերթը շուտով կհասնի նաև նախագահ Ս.Սարգսյանին: Ես էլ գայթակղություն ունեմ միանալ այդ քննադատությանը, սակայն տրամագծորեն այլ դրդապատճառներից ելնելով: Այո, թող թուրք-ադրբեջանական կողմը արձանագրությունների վավերացումից հետո փորձ կատարի, հիմնվելով Կարսի պայմանագրի վրա, ինչ-ինչ շահեր կորզել: Դա մեծագույն նվեր կլինի հայ դիվանագիտության համար: Պարզեմ միտքս: Փոքր-ինչ ուշադիր վերլուծության դեպքում, թե ինչպես է կատարվում Կարսի պայմանագիրը այն վավերացրած երկրների կողմից, այն է` մի կողմից Հայկական ԽՍՀ-ի (որի իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետությունը), Ադրբեջանական ԽՍՀ-ի (որի իրավահաջորդն է Ադրբեջանի Հանրապետությունը), Վրացական ԽՍՀ-ի (որի իրավահաջորդն է Վրաստանի Հանրապետությունը) և մյուս կողմից` Թուրքիայի, որը կնքվել է ՌՍՖՍՌ-ի մասնակցությամբ (որի իրավահաջորդն է Ռուսաստանի Դաշնությունը), կարելի է գալ հստակ հետևության: 1921թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագիրը կոպտորեն խախտվել է թե՛ Թուրքիայի, և թե՛ Ադրբեջանի կողմից, ուստիև, հիմք ընդունելով դեռևս 1996թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված «Պետությունների կողմից պայմանագրերի իրավահաջորդության նկատմամբ Վիեննայի Կոնվենցիան», մեր երկիրը Կարսի պայմանագրից ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ: Կրկնում եմ` համաձայն ՄԱԿ-ի հիշատակածս Կոնվենցիայի մի շարք դրույթների: Ասվածը մերկապարանոց չլինելու համար հակիրճ հիշատակեմ, թե Կարսի պայմանագրի որ հոդվածներն են կոպտորեն ոտնահարել Ադրբեջանը և Թուրքիան:

Ըստ այդ պայմանագրի հոդված 5-ի` «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա` Ադրբեջանի խնամակալության ներքո»: Այսօրվա դրությամբ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Կարսի պայմանագրի սույն հոդվածը: Այսպես, 1995թ. նոյեմբերի 12-ին ընդունված Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության հոդված 7.1-ում կարդում ենք. «Ադրբեջանի Հանրապետությունը միացյալ (ունիտար) հանրապետություն է»: Հոդված 11.1-ում գրված է. «Ադրբեջանի Հանրապետությունը համախմբված, անձեռնմխելի և անբաժանելի է»: Այդ հոդվածի III մասում նշված է. «Ադրբեջանի Հանրապետության տարածքը անօտարելի է»: Դրա հետ մեկտեղ նույն սահմանադրության հոդված 134.1-ում ասվում է. «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը պետություն է Ադրբեջանի Հանրապետության կազմում»: Այդ հոդված II մասում արձանագրված է. «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը սահմանվում է տվյալ սահմանադրությամբ», III մասում` «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անկապտելի մասն է»: Այստեղից աներկբայորեն կարելի է եզրակացություն անել` Ադրբեջանի Հանրապետությունը, կոպտորեն ոտնահարելով Կարսի պայմանագրի հոդված 5-ը, բռնատիրել (ուզուրպացրել) է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված այն դրույթները, ըստ որոնց` «Ադրբեջանն ունիտար պետություն է», սահմանումը, որ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անկապտելի մասն է», դրան գումարած այն ամրագրումը, որ «Ադրբեջանի Հանրապետությունը համախմբված, անձեռնմխելի և անբաժանելի է», վկայությունն են Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածի կոպիտ ոտնահարման: Փաստորեն Ադրբեջանը Կարսի պայմանագրով իրեն վերապահված խնամակալության իրավունքն օգտագործել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը դարձնելով բռնի միացման (անեքսիայի) առարկա: Խնդրո հարցի շուրջ կարելի է պատմական զուգահեռներ անցկացնել, մասնավորապես այդ ժամանակաշրջանի նույնաբովանդակ հարցերի հիշատակմամբ: Այսպես, 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի հաշտության պայմանագրի համաձայն, Թուրքիան կորցնում էր վերահսկողությունը մի շարք տարածքների նկատմամբ, օրինակ, Պաղեստինը, Հորդանանն ու Միջագետքը (Месопотамия) հանձնվում էին Մեծ Բրիտանիային՝ որպես մանդատով կառավարվող տարածքներ: Հետագայում՝ 1922թ. հուլիսին, Ազգերի լիգան Մեծ Բրիտանիային հանձնեց Պաղեստինը կառավարելու մանդատը: Դե հիմա մի պահ պատկերացնենք, թե Ազգերի լիգայի անդամ երկրները՝ Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Բելգիան և մյուսները, ինչպես կարձագանքեին, եթե Մեծ Բրիտանիայի պառլամենտն ընդուներ որոշում, որով Պաղեստինը բռնակցեր իր երկրին:

Կարսի պայմանագրի չկատարման այլ փաստեր էլ կան: Այսպես, պայմանագրի հոդված 17-ի համաձայն՝ «Պայմանավորվող կողմերն իրենց երկրների միջև հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու նպատակով պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պահպանվեն և որքան հնարավոր է արագ զարգանան երկաթուղային, հեռագրական և հաղորդակցության մյուս միջոցները, ինչպես նաև այն նպատակով, որպեսզի առանց որևէ կասեցումների ապահովվեն մարդկանց և ապրանքների ազատ փոխադրումները»,: Ավելին, պայմանագրի սույն հոդվածի համաձայն՝ կողմերի միջև 1922թ. հունիսին կնքվել էր երկաթգծի աշխատանքը կարգավորող կոնվենցիա: Ինչպես հայտնի է, 1993թ. հայ-թուրքական սահմանը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել է, և չի գործարկվում Կարս-Գյումրի երկաթգիծը: Ըստ որում, Թուրքիայի անմիջական նախաձեռնությամբ ծրագրված է Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի կառուցումը: Իսկ հայ-ադրբեջանական երկաթուղային և ճանապարհային հաղորդակցության մասին խոսելն անիմաստ է՝ նկատի ունենալով երկու տասնամյակ շարունակվող շրջափակումը: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Կարսի պայմանագրի չկատարման հերթական օրինակ կարող է ծառայել հոդված 19-ի պահանջների ոտնահարումը: Ըստ որի՝ «Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված երեք ամսվա ընթացքում կնքել հյուպատոսական կոնվենցիաներ»,: Պահանջ, որը նույնպես չի կատարվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Ես գիտակցաբար այսքան մանրամասն անդրադարձա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Կարսի պայմանագրի պահանջների զանգվածային չկատարման փաստի վրա, որովհետև բերված անհերքելի իրողությունները հնարավորություն են ընձեռում Հայաստանի դիվանագիտությանը, հենվելով միջազգային իրավունքի հայտնի փաստաթղթերի վրա, մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1980թ. ընդունված «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի Կոնվենցիայի», մաս V-ը, ինչպես նաև 1996թ. «Պայմանագրերի նկատմամբ պետությունների իրավահաջորդության Վիեննայի Կոնվենցիայի», հոդվածներ 22, 24-ում առկա դրույթները, դենոնսացիայի ենթարկել Կարսի պայմանագիրը:

Կարծում եմ, Հայաստանի արտաքին գերատեսչությանը դիլետանտիզմի մեջ մեղադրելուց առաջ ճիշտ կլիներ, որ դրանց հեղինակները խորհրդակցեին միջազգային իրավունքի ոչ դիլետանտ մասնագետների հետ: Այդ պարագայում, Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին տեղին կլիներ զինել միանգամայն այլ բովանդակության պաստառներով, որոնց վրա կարձանագրվեին Կարսի պայմանագիրը ուժը կորցրած լինելու մեղադրանքներ՝ ուղղված Թուրքիային և Ադրբեջանին, առ այն, որ իրենք հուսալի գործընկերներ չեն ու հավատ չեն ներշնչում: Ըստ որում, խոսքս ուղղում եմ թե՛ ՀԱԿ-ի, և թե՛ ՀՅԴ-ի լիդերներին, որոնք անթաքույց հպարտությամբ չեն կարողանում իրար մեջ բաժանել «դափնիները», թե Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի հանրահավաքի մասնակիցները հայաստանյան քաղաքական ո՞ր ուժերի կոչով էին հավաքվել բողոքի ցույցերի: Վերն ասվածից կարելի է անել հետևյալ եզրակացությունը: ՀԱԿ-ի սեպտեմբերի 11-ի երկրորդ հայտարարության մեջ հնչած «տագնապը», ըստ որի «Ռեժիմը տեղի է տվել նաև Թուրքիայի կողմից ներկայացված մեկ այլ նախապայմանի կատարման պահանջին աննախադեպ երկկողմանի պայմանագրով սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչմանը», ինչպես նաև ՀՅԴ+11 կուսակցությունների կողմից ընդունված հայտարարության «մտահոգությունը», որ «Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանները ամրագրող այլ պայմանագիր, բացի Մոսկվա-Կարս փոխկապակցված և ապօրինի պայմանագրերից, գոյություն չունի», ակնհայտորեն շատ երերուն հիմքերի վրա են կառուցված: Ինչ վերաբերում է 12 կուսակցությունների կողմից արտահայտված մեկ այլ մտահոգությանը՝ «...ճանաչելով սահմանները՝ մենք առաջին անգամ, որպես պետություն, վավերացնում ենք այդ պայմանագրի (նկատի ունեն Կարսի պայմանագիրը- Ա.Գ.) Թուրքիայի համար ամենաանհրաժեշտ հատվածը», ինչպես վերը հիմնավորվեց, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին անդամակցելիս արդեն իսկ ճանաչել է Թուրքիայի հետ առկա սահմանը, ինչպես նաև անկախ Ադրբեջանի Հանրապետության ներկայիս փաստացի սահմանը: 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի անկախության հռչակվելուց և ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուց հետո ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի 1990թ. ապրիլի 3-ին «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հարցերի կարգի մասին», ընդունած N 1409-1 օրենքի համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղական իշխանությունների որոշմամբ անցկացրել է հանրաքվե, որի արդյունքում, հենվելով ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի վրա, հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես Ադրբեջանից անկախ և անջատ պետություն: Այստեղ հարկ է նշել, որ Ադրբեջանի Հանրապետության անկախությունը de jure (իրավաբանորեն, համաձայն միջազգային իրավունքի) տեղի է ունեցել 1991թ. դեկտեմբերի 26-ին: Հիշեցնեմ, որ ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի վերին պալատի նստաշրջանը 1991թ. դեկտեմբերի 26-ին, այն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հռչակելուց 16 օր հետո, Ա.Ալիմժանովի նախագահությամբ ընդունել էր N 142-H որոշումը՝ ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին դեկլարացիան:

Այնպես որ, 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հռչակելով իր անկախությունը, երբեք չի եղել de jure անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում: Ուստի հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները քննադատող վերը հիշատակված ուժերի ջանքերը` այդ փաստաթղթերում գտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը վտանգող դրույթներ, որքան մտացածին, այնքան էլ վտանգավոր են: Դրանց անհարկի, անվերջ արծարծումը, դրանց շուրջ արհեստածին աղմուկի բարձրացումը տպավորություն է ստեղծում, թե մենք ինքներս կասկածի տակ ենք դնում միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղի անկախության անխոցելիությունը: Ինչ վերաբերում է հույզերին, որ հայտնում է ՀԱԿ-ը, այն է՝ «Պատմական փաստերի շուրջ հայ-թուրքական երկխոսության հաստատման պատճառաբանությամբ այսուհետև կդադարեցվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, թուրք-ամերիկյան հարաբերություններում հարթվում է լարվածություն առաջացնող կնճիռը», ապա նման գնահատականը ինքնին խիստ վիրավորական է հայերիս արժանապատվության համար: Ըստ էության, ՀԱԿ-ը Հայոց ցեղասպանության ճանաչումը դասում է իբրև ԱՄՆ-ի և Թուրքիայի պետությունների միջև հարաբերությունների կանոնակարգման սակարկման գործիք՝ դրանով իսկ մերկացնելով ՀԱԿ-ի առաջնորդների բարոյական նկարագիրը, ավելի ստույգ՝ անբարոյականության զարհուրելի դրսևորումը: Իսկ 12 կուսակցությունների հայտարարության մեջ նշված մտահոգությունը՝ «Հնարավորություն տալով ձևավորել պատմական հարթության վրա քննարկումներ իրականացնող ենթահանձնաժողով, չստեղծելով անհրաժեշտ որևէ նախադրյալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կասեցվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, նոր հնարավորություններ են առաջանում Թուրքիայի կողմից իրականացվող ուրացման քաղաքականության ակտիվացման համար», գտնում եմ խիստ վիճահարույց:

Անժխտելի է, որ նախաստորագրված արձանագրություններից բխող վերոգրյալ դրույթը եզակի հնարավորություն է տալիս հայ դիվանագիտությանը՝ պահանջել թուրքական կառավարությունից չեղյալ ճանաչել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածը, որը փաստացի նախատեսում է Հայոց ցեղասպանության անգամ իսկ հիշատակման համար քրեորեն պատժելու հնարավորություն: Արդյո՞ք այս հոդվածի վերացումը Թուրքիայի Քրեական օրենսգրքից չի ստեղծում անհրաժեշտ նախադրյալ այդ երկրի ժողովրդի առաջադեմ հատվածի՝ մտավորականության, քաղաքական գործիչների, երկրի բարոյական նկարագրով մտահոգ քաղաքացիների համար նոր հնարավորություններ՝ այդ ենթահանձնաժողովի միջոցով ծանոթանալ հայկական և միջազգային հեղինակավոր ցեղասպանագետ-գիտնականների կողմից հրապարակված Ցեղասպանությունը հաստատող փաստավավերագրական բազում նյութերի հետ: Դա նրանց հնարավորություն կընձեռի անել համապատասխան եզրակացություններ: Չէ՞ որ նրանց աչքի առաջ է իրենց աշխարհահռչակ ազգակցի՝ գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուկի օրինակը: Մտավորական, որը դեռ 2005թ. փետրվարի 6-ին Ցյուրիխի «Tages-Anzeiger», թերթին տված հարցազրույցում ասել էր. «Այս հողի վրա (նկատի ունի Թուրքիան- Ա.Գ.) սպանվել են 30 հազար քրդեր և մեկ միլիոն հայեր, բայց ինձանից բացի ոչ ոք չի համարձակվում այդ մասին խոսել»,: Եւ զարմանում ես, երբ, թերևս, ոչ սկսնակ քաղաքական գործիչներն իրենց մտահոգությունները «ցեղասպանության ուրացման», վտանգի առումով փորձում են պարզունակացնել և պայմանավորել նախաստորագրված արձանագրությունների գոյություն չունեցող տողատակերի հետ: Մի՞թե հարկ կա շարունակել միամիտ ձևանալ այս հարցում, արդյո՞ք ձեզ ոչ մի բանի մասին չի հուշում այն փաստը, որ երբ 2007թ. հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի միջազգային գործերի կոմիտեն, չանսալով նախագահ Ջորջ Բուշի հորդորները, ընդունեց N 106 բանաձևը, որտեղ 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի կործանումը որակվում էր որպես Ցեղասպանություն, այդպես էլ չդրվեց Կոնգրեսի ստորին պալատի լիագումար նիստի հաստատմանը: Պատճառն էլ այն էր, որ տեղի ունեցավ ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ աննախադեպ մի գործառույթ, այն է՝ ԱՄՆ-ի նախկին 8 պետական քարտուղարներ (ըստ որում՝ թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական կուսակցությունների վարչակարգերի օրոք աշխատած) ուղերձով դիմեցին կոնգրեսականներին, որով հորդորում էին ձեռնպահ մնալ բանաձևի ընդունումից:

Ուշագրավ է, որ նախկին պետքարտուղարների ուղերձում կասկածի տակ չէր դրվել Հայոց ցեղասպանության փաստը: Արդյո՞ք հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննադատներին և ոչ մի բանի մասին չի հուշում այն իրողությունը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, լինելով ԱՄՆ նախագահի թեկնածուներ, իրենց քարոզարշավի ընթացքում մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ավելին, նախագահ Բարաք Օբաման 2009թ. ապրիլի 5-7-ը Թուրքիա կատարած պաշտոնական իր առաջին այցի ժամանակ, ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային մեծ Ժողովում, նշել էր, որ չի փոխել իր վերաբերմունքը 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային սպանությունների վերաբերյալ: Արդարության առաջ չմեղանչելու համար նաև ասենք, որ Ստամբուլում ունեցած ելույթում ԱՄՆ-ի նախագահը չարտասանեց Ցեղասպանություն բառը: Կարծում եմ, տեղին կլինի, որ ՀՀ-ում գործող կուսակցությունները, ինչպես նաև Սփյուռքի մեր ավանդական կուսակցություններն այս հարցում հետևեն նախագահ Սերժ Սարգսյանի քանիցս արտահայտած մտքին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կկասեցվի ոչ թե նախաստորագրված արձանագրությունների վավերացմամբ, այլ եթե մենք Հայաստանում, Արցախում և Սփյուռքում դադարեցնենք ազգի միասնական ջանքերն այդ ուղղությամբ: Հայերիս համար անմեղ զոհերի հիշատակի առաջ խղճներս հանգիստ պահելու եզակի միջոցը Ցեղասպանության ճանաչման սրբազան առաքելության իրականացումն է: Իսկ ինչ վերաբերում է հաճախ հնչող այն քննադատությանը, որ Թուրքիան միակողմանի փակել է սահմանները, սակայն համաձայն արձանագրությունների դրանք բացելու համար առաջարկում է երկկողմ որոշում ընդունել, փաստորեն, մինչ օրս սահմանների փակ լինելու պատասխանատվությունը կիսում է Հայաստանի հետ, ապա նման պնդումը կարող է միայն ժպիտ առաջացնել: Սա հիշեցնում է, երևանյան բարբառով ասած, բակում մշտապես ծեծ ուտող մամայի բալայի հոգեբանական վիճակը, որն անվերջ նվնվում է: Այո, 1993թ. սկսած Թուրքիայի կողմից միակողմանի սահմանի փակման պատասխանատվությունը մենք էլ ենք կիսում: Եւ դրանում առաջին հերթին պատասխանատու են իրար հաջորդած ՀՀ իշխանությունները, որ իրենց վարած արտաքին քաղաքականությամբ, ապաշնորհ դիվանագիտությամբ, մեր տարածաշրջանում Հայաստանը ժողովրդավարության կղզյակ ինքնահռչակած ազգային ջոջերը այդպես էլ անզոր գտնվեցին դեռ 1993թ. կանխելու Թուրքիայի կողմից սահմանը փակելու որոշումը: Այո, պատասխանատու է նաև նախորդ իշխանությունը: Նրանց իշխանավարության օրոք ևս 10 տարի չհաջողվեց, միջազգային իրավունքով վերապահված բազում լծակներ գործի դնելով, վերացնել Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը: Արդյունքում` Հայաստանի Հանրապետությունը անցած տարիների ընթացքում կրել է շուրջ 10 մլրդ դոլարի վնաս, իսկ մեր երկիրը դուրս է մղվել տարածաշրջանում իրականացվող խոշորածավալ ծրագրերին մասնակից դառնալու հնարավորությունից: Այստեղ առավել մեծ են ավանդական կուսակցություններից մեր ակնկալիքները:

Ո՞վ էր խանգարում դաշնակցական, հնչակյան, ռամկավար մեր քույրերին և եղբայրներին` լինի Փարիզում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Նյու Յորքում, Վաշինգտոնում կամ Լոս Անջելեսում, նույն փութաջանությամբ բազմահազար մարդկանց ոտքի հանել հանրահավաքների և բողոքի ցույցերի` պահանջելով դադարեցնել Հայաստանի շրջափակումը: Հատկապես այն ժամանակ, երբ Թուրքիայի իշխանավորները` լինի դա նախագահը, վարչապետը, թե արտգործնախարարը, պաշտոնական այցերով հյուրընկալվում էին հայաշատ գաղթօջախներում: Չէ՞ որ արդեն շուրջ 16 տարի է, ինչ Հայաստանը շրջափակված է Թուրքիայի կողմից: Չէ՞ որ նրանք հաճախակի են հյուրընկալվում Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր նստավայրում` Իստ Ռիվերի ափերին, կամ Վաշինգտոնում` Սպիտակ տանը, կամ Բրյուսելում` Եվրամիության գլխավոր գրասենյակում: Բա եթե այդքան սկզբունքային էին ՀՀ նախագահի նկատմամբ Փարիզում` Հայոց ցեղասպանության զոհերը խորհրդանշող մեծն Կոմիտասի հուշարձանի մոտ սադրանքներ կազմակերպողները, թող մի ցույց էլ կազմակերպեին Էյֆելյան աշտարակին հարող հրապարակում, ուր երեք գիշեր շարունակ լուսավառվում էր Թուրքիայի ազգային դրոշը: Կամ` օրերս Փարիզում հյուրընկալված Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին դիմավորեին Թուրքիայի նկատմամբ ձեր վերաբերմունքը արտահայտող պաստառներով: Կամ` մի՞թե կարելի էր ՀՀ նախագահի կողմից նախաձեռնված համահայկական հանդիպումներով պայմանավորված բացառիկ հնարավորությունները նման ապաշնորհ կերպով օգտագործել: Պարոնայք հին ու նոր ընդդիմադիրներ, եթե ձեր մղումներում իրապես ազնիվ էիք, ապա Սփյուռքում կազմակերպված հանրահավաքների մասնակիցներին կողմնորոշեիք` էլի թող քննադատեին նախագահին, բայց մեր ընդհանուր համազգային գործին դրական արդյունքներ խոստացող քննադատությամբ: Այո՛, զգուշացնեիք նախագահին նույն պաստառների գրառումներով, դիցուք, հնչեցնելով, որ պետք չէ վստահել Թուրքիային, որ պատմական հարթության վրա քննարկումները Թուրքիայի կողմից տորպեդահարվելու են, օրինակ բերելով Օրհան Փամուկի նկատմամբ կիրառված հետապնդումները, Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի առկայությունը: Այո՛, քննադատեիք նախագահին, որ պետք չէ վստահել Թուրքիային, որ արձանագրությունների վավերացումից հետո նա չի կատարելու դրանց պահանջները, ինչպես շուրջ երկու տասնամյակ չի կատարում 1965թ. հուլիսի 8-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ներմայրցամաքային պետությունների տարանցիկ առևտրի մասին կոնվենցիայի», պահանջները: Նշենք, որ դրա հենց առաջին հոդվածով սահմանվում է դրույթ, ըստ որի ծովափ չունեցող պետությունները, որպեսզի ծովափնյա երկրների հետ հավասար իրավունքներով օգտվեն ծովերի ազատությունից, պետք է ունենան դեպի ծով ազատ մուտք: Նմանատիպ ուղղվածություն ունեցող հարցադրումների շարքը, որոնք սփյուռքյան հանդիպումների ժամանակ կուղղվեին նախագահ Ս.Սարգսյանին և հասկանալի ընկալում կգտնեին թե՛ Հայաստանում և թե՛ հյուրընկալված երկրներում, կարելի է շարունակել ու շարունակել, սակայն բավարարվենք այսքանով: Այստեղ նպատակահարմար եմ գտնում նշել ուշագրավ մի փաստ: Այսպես, 2006թ. մայիսի 22-ին նախատեսվում էր Իսրայելի նորանշանակ վարչապետ Էհուդ Օլմերտի պաշտոնական այցը ԱՄՆ:

Նա խնդիր ուներ Վաշինգտոնում գտնել Հրեաստանում և Սամարիայում իսրայելական բնակավայրերի ամփոփման ծրագրերի սատարումը ԱՄՆ նախագահի և Սենատի կողմից: Օլմերտը հույս էր տածում ստանալ ոչ միայն բարոյական աջակցություն, այլև բավարար քանակությամբ գումար, որպեսզի կարողանար ավելի քան 80 հազար հրեաների տեղահանել Սամարիայում և Հրեաստանում կառուցած իրենց տներից: Ուշագրավ է, որ մինչ այդ Ամերիկայի հրեաների ճնշող մեծամասնությունը իրեն իրավունք չէր վերապահում խառնվել Իսրայելի ներքին գործերին: Սակայն այս անգամ նրանց նյարդերը տեղի տվեցին և 2006թ. մայիսի 23-ին, երբ նախագահ Բուշը առանձնազրույցի էր հրավիրել Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտին, Սպիտակ տան հարևանությամբ` Կապիտոլիայի թմբի վրա, տեղի ունեցավ ԱՄՆ-ի հրեաների բազմահազարանոց հանրահավաք, որտեղ ծածանվում էին բացառապես Իսրայելի պետական դրոշները: Հնչող ելույթների մեխը մեկն էր` Ամերիկայի հրեաները բողոքում էին ԱՄՆ կառավարության, կրկնում եմ` ԱՄՆ կառավարության, և ոչ թե Իսրայելի կառավարության դեմ: Նրանք մեղադրում էին ԱՄՆ-ին ավելի քան 80 հազար Իսրայելի քաղաքացի հանդիսացող հրեաների` մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների աղաղակող խախտումներին տեղի տալու համար` պայմանավորված Օլմերտի առաջարկած ծրագրին` նրանց սատարմամբ: Ելույթներում ասում էին, որ տեղահանվողների թվում կան մարդիկ, ովքեր նացիստական ճամբարների գերիներ են եղել, Երկրորդ աշխարհամարտի վետերաններ են և շարունակում այդ ոգով: Ոչ մի մեղադրանք չէին հնչեցնում Իսրայելի կառավարության հասցեին... Միգուցե՞ ԱՄՆ-ի հրեաների նման պահվածքով էր պայմանավորված, որ արդեն իսկ 2009թ. հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր մոտ էր հրավիրել հրեական համայնքի ղեկավարներին` խնդիր ունենալով նախապես պաշտպանություն ապահովել Ամերիկայի կողմից Մերձավոր Արևելքում իրականացվող ծրագրերի կենսագործման համար` ճնշում գործադրելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վրա: Կասկածից վեր է, որ ԱՄՆ-ի հրեական համայնքի կողմից իրականացվող «ճնշումը», Իսրայելի վարչապետի վրա բխելու էր Իսրայել պետության շահերից: Ինչո՞ւ բերեցի այս օրինակը: Որպեսզի մեր կուսակցական առանձին «հերոսները», գլխի ընկնեին և Հայաստանի նախագահի համահայկական հանդիպումները Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում օգտագործեին ոչ թե հայաստանասեր սփյուռքահայությանը անպտուղ, իսկ ավելի ստույգ` վնասաբեր գործողությունների մղելով, նախագահի հասցեին անարդարացի մեղադրանքներ ներկայացնելով, այլ ծառայեցնեին մեր երկրի համար այս կարևորագույն փուլում նրա դիրքերը ուժեղացնելուն:

Գոնե տարրական քթածակ ունենային հասկանալու, որ Ս.Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ողջունվում է թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Լիբանանի իշխանությունների կողմից: Երկրներ, որոնց օրինապաշտ քաղաքացիներն են հանրավաքների մասնակից մեր սփյուռքահայ քույրերն ու եղբայրները: Եւ թող մեր ամերիկահայ քույրերին ու եղբայրներին մտորելու տեղիք տա նախագահ Բարաք Օբամայի նախաձեռությամբ Ս.Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցը, որի ժամանակ ՀՀ նախագահը առիթն օգտագործելով ընդգծել է, որ աշխարհասփյուռ հայության մտահոգություններն ու մտավախությունները հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ բնական են` հաշվի առնելով այն փաստը, որ հայ ժողովուրդը Օսմանյան Թուրքիայի կողմից ենթարկվել է Ցեղասպանության, ինչի մասին նախագահ Օբաման քանիցս նշել է իր ելույթներում: Համոզված եմ, հայկական կողմի նման մոտեցումների դրսևորման պայմաններում Թուրքիայի նախագահը և վարչապետը զերծ կմնային մեզ խրատական դասեր տալուց: Պարոն Աբդուլլահ Գյուլը հոկտեմբերի 3-ին Նախիջևանում անցկացված թուրքալեզու երկրների IX գագաթաժողովի օրերին չէր դիմի աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին` խրատելով. «Սփյուռքահայությանը կոչ եմ անում չարգելափակել Հայաստանի ու Թուրքիայի միջև խնդիրների կարգավորումը: Եթե սփյուռքահայերը հոգում են Հայաստանի ապագայի մասին, ապա պետք է աջակցեն Կովկասում խաղաղությանը միտված բոլոր ջանքերին: Հայկական Սփյուռքը նման քաղաքականություն է վարում որոշ երկրներում ազգային ինքնությունը պահպանելու համար, բայց դա ճիշտ չէ»: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իրեն իրավունք չէր վերապահի «The Wall Street Journal»-ում հանդես գալ հետևյալ հայտարարությամբ. «Շաբաթ օրը, հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրման միակ խոչընդոտ կարող է հանդիսանալ այն, եթե Հայաստանը փորձի փոխել համաձայնության տեքստը: Դա, հավանաբար, ամենակարևոր կետն է, այն, որ Հայաստանը չպետք է թույլ տա իրեն դառնալ Սփյուռքի պատանդը»: Եւ, վերջապես, Էրդողանը, անդրադառնալով նախագահ Ս.Սարգսյանի համահայկական հանդիպումներին, իրեն իրավունք չէր վերապահի հայությանը բացահայտորեն պառակտման մղող հայտարարություն անել. «Կարծում եմ, նախագահ Սարգսյանը Սփյուռքի դիմակայություններին չտրվեց և պինդ մնաց, ինչը շատ կարևոր է:

Եթե նա կարող է դիմակայել, և եթե ոչ թե Սփյուռքը, այլ Հայաստանի կառավարությունն է երկրում վարում քաղաքական գիծը, կարծում եմ, կարող ենք առաջ շարժվել: Մենք մեր մասով խնդիրներ չունենք, հերթը Հայաստանի կառավարությանն է»: Ակնհայտ է, որ վերջին զարգացումները լուրջ խորհելու տեղիք պետք է տան, որպեսզի զերծ պահենք Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայությանը գայթակղությունից` մեր պատմության ամենացավոտ հարցերին անդրադառնալիս չտրվել զգացմունքայնությանը, իսկ կուսակցությունների լիդերներին` հատկապես ավանդական կուսակցությունների, դրանց մոտենալ ոչ թե կուսակցական նեղ շահերից ելնելով, այլ առաջնորդվել Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանության ու պետականության ամրապնդմանը միտված պահանջներով: Վերոշարադրյալից եզրակացությունը մեկն է. նախաստորագրված արձանագրությունների հախուռն, անհիմն քննադատողները փոխանակ հպարտությամբ լցվեն, որ վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում արդեն իսկ հանդես է գալիս որպես քաղաքական ազդեցիկ ինքնուրույն գործոն, ասես թե, սուգուշիվան կապած դարդ են անում, որ սահմանի փակ լինելու պատասխանատվությունը ըստ արձանագրությունների Հայաստանը կիսում է Թուրքիայի հետ: Բա պետք է կիսի, բա ո՞վ կիսի` Բուրկինա Ֆասո՞ն: Ամփոփելով նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ առավել հաճախ արտահայտված մտքերը, քննադատությունները` փորձենք ի մի բերել, թե ինչ հետևություններ կարելի է անել:

Առաջին. անցած վեց շաբաթվա ընթացքում արձանագրությունների շուրջ ծավալված քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ընտրանին այս ժամանակահատվածում չկարողացավ դրսևորել ներկայումս առավել քան պահանջված միասնական մոտեցում: Մոտեցում, որ, ներառելով ամենատարբեր դիրքորոշումներ, իր ամբողջականության մեջ պետք է ուղղված լիներ Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանը:

Երկրորդ. շնորհիվ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության` Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել ուժի միջազգային կենտրոնների շահերի համադրմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության շահերին չհակասող քաղաքականություն իրականացնելով, մեր տարածաշրջանում ստանձնել առանցքային դերակատարություն: Ինքնին հասկանալի է, որ Հարավային Կովկասում դառնալով ակտիվ խաղացող` դյուրին կդառնա Հայաստանի ներգրավվումը տարածաշրջանում իրականացվող կոմունիկացիոն և էներգետիկ ծրագրերի մեջ:

Երրորդ. Հայաստանի Հանրապետության հոգսերով մտահոգ քաղաքական ուժերից այսուհետ պահանջվելու է դրսևորել առավել զգոնություն: Դա պայմանավորվում է նրանով, որ արձանագրությունների վավերացմամբ (ՀՀ Ազգային ժողովի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից) ուժի միջազգային կենտրոնների մրցակցությունը մեր տարածաշրջանի ապագա զարգացումների կտրվածքով թեժանալու է: Դրա դրսևորումների ականատեսն ենք նաև այս օրերին:

Այսպես, մեր երկրում գործող թե՛ քաղաքական առանձին միավորումներ, թե՛ առանձին կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, որոնք, բոլորին է հայտնի, ֆինանսավորվում են Արևմուտքից, ծավալել են աննախադեպ պայքար` ուղղված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների վավերացման դեմ: Թվում է` ո՞րն է այդ պայքարի իմաստն ու տրամաբանությունը: Չէ՞ որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրամիությունը ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված Հայաստանի իշխանությունների ջանքերը: Այո՛, իսկապես այդպես է: Արևմտյան վերլուծական կենտրոնները հստակ հաշվարկել են, որ նախագահ Սերժ Սարգսյանն ունի բավարար լծակներ արձանագրությունները Ազգային ժողովում վավերացնելու համար: Դրանք վավերացնելուց հետո, անտարակույս, նրա դիրքերը միջազգային ասպարեզում զգալիորեն կամրապնդվեն, ինչը շատ նպաստավոր կլինի մեր երկրի համար Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում: Այս հանգամանքը, անշուշտ, հաշվարկած կլինեն թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական իշխանությունները, և այս ամենը լուրջ տագնապ է առաջացնում նրանց մոտ: Ավելին, դա կդժվարացնի թուրքական իշխանությունների կողմից բազմիցս հայտարարած այն պնդումների իրականացումը, որ Թուրքիան երբեք չի կատարի այնպիսի գործողություններ, որոնք բացասաբար կարող են անդրադառնալ «եղբայրական Ադրբեջանի», վրա: Ուստիև Թուրքիայի ղեկավարությունը այս փուլում, անսալով ԱՄՆ-ից հետևողականորեն հնչող հորդորներին` վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները և դա չպայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմամբ, ամեն կերպ աշխատում է այլ կերպ փարատել «եղբայր», ադրբեջանցիների կասկածները:

Դրա համոզիչ ապացույցն էր այն, որ Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարները երկուստեք հրաժարվեցին ս.թ. հոկտեմբերի 10-ին արձանագրությունները ստորագրելուց հետո հանդես գալ հայտարարությամբ: Դա հնարավոր դարձավ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ճնշումների արդյունքում: Կարծում եմ, որ հիմա Թուրքիան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կօգնի թուրքերին պարզերես դուրս գալու «ադրբեջանցի եղբայրների առաջ»: Այսինքն` Թուրքիան հույսեր կտածի, որ ԱՄՆ-ն կպարտադրի Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին տալ արագ լուծումներ, այն էլ թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար հնչող պահանջներին համահունչ: Թերևս այս հանգամանքով պետք է բացատրել, որ ս. թ. սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովի և Հ.Քլինթոնի հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրության համաձայն` վերջինս ասել է. «Միացյալ Նահանգների վարչակազմն անընդունելի է համարում ստատուս քվոն հայ-ադրբեջանական հակամարտությունում»: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում առկա status quo-ն պայմանավորված է հայկական կողմի հստակ արտահայտած դիրքորոշման անսասանության փաստով (բացառվում է, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի երաշխավորում): Նշենք, որ հայկական կողմի որդեգրած նման դիրքորոշումը պարբերաբար մերժվում է ադրբեջանական իշխանությունների կողմից: Ահա, սրանից ելնելով է, որ վերջին շաբաթների ընթացքում Արևմուտքից ֆինանսավորվող բոլորիս քաջ հայտնի հայաստանյան կուսակցությունները, սիվիլիտասատիպ զանազան հիմնադրամների, ռազմավարական, հետազոտական այլևայլ կենտրոնների գրանտակերները ծավալել են աննախադեպ ակտիվություն, իբր ուղղված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ:

Մինչդեռ դրանց բուն նպատակը հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ նախագահի կողմից իրականացվող ճեղքման նսեմացումն է: Փորձ է արվում այն ներկայացնել ոչ թե մեր ազգային շահերից դրդված քաղաքականության դրսևորում, այլ ճիգեր են գործադրվում դա պայմանավորել Ս.Սարգսյանի ձգտմամբ` Արևմուտքի աչքերում մեղմել իր լեգիտիմության, իբր, գոյություն ունեցող պակասը: Հաշվարկը պարզ է. թուլացնելով Ս.Սարգսյանի ներքաղաքական դիրքերը` նրան պարտադրել զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: Իսկ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործառույթները ինչ-ինչ դրդապատճառներով վիժեցվեն, ապա այդ նույն ուժերը արդեն իսկ կչարախնդան և կփորձեն հանրության աչքերում հանդես գալ որպես հեռատես, ազգի շահով մտահոգ գործիչներ: Նրանց հաշվարկով` դեպքերի զարգացումների ցանկացած պարագայում իրենք հաղթանակած են դուրս գալու: Հոգ չէ, որ դա լինելու է մեր երկրի ու մեր ժողովրդի կորուստների հաշվին: Եւ վերջապես չի կարելի բացառել նաև, որ վերոհիշյալ ուժերը արդեն իսկ Արևմուտքի ընկալումներում կորցրել են իրենց հետաքրքրությունը: Արդյունքում` հավանաբար կրճատվել է դրանց ֆինանսավորումը: Եւ հիմա նրանց կողմից արվում է ամեն բան, որպեսզի ապացուցեն, որ ՀԱԿ-ը, ժառանգականները, սիվիլիտասները և այլք, պահանջված չլինելով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացներում, դեռ ի զորու են դրանք խոչընդոտելու նպատակով բուռն գործունեություն ծավալել... եթե չվերականգնվի իրենց ֆինանսավորումը: Ահա այս դիտանկյունից պետք է գնահատել ՀԱԿ-ի կողմից հնչեցվող ՀՀ նախագահի հրաժարականի պահանջը, որին, կարծես թե, ուզում են կուլ գնալ հնագույն կուսակցության ներկայիս առաջնորդները և նրան հարող որոշակի այլ ուժեր («Ժառանգություն», ՀՌԱԿ և ուրիշներ): Նման պնդում անելու համար հիմք են հանդիսանում նույն այդ գործիչների տարիներ շարունակ որդեգրած դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության, Կարսի պայմանագրի ճանաչման հետ կապված:

Ահա, քաղաքական նման հետաքրքրաշարժ համայնապատկերում ուշագրավ էր հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունը. «Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը առարկայորեն կնպաստի լարվածության լիցքաթափմանը, խաղաղության և անվտանգության ամրապնդմանը Անդրկովկասի տարածաշրջանում: Մեզ խնդրեցին գնահատական տալ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հեռանկարին հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվող համապատասխան փաստաթղթերի կոնտեքստում: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ հայ-թուրքական փաստաթղթերի ստորագրումը որոշում է կողմերի գործողությունները, որոնք բերելու են Հայաստանի և Թուրքիայի միջպետական հարաբերությունների համընդհանուր նորմալացմանը: Ի նկատի ունեն կատարել առաջին և շատ կարևոր քայլ ճիշտ ուղղությամբ: Դա օրինաչափ և վաղուց սպասված գործընթաց է»: Ըստ որում, առանձնահատուկ նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարարության կողմից հայ-թուրքական հարաբերություններին տրված գնահատականն էլ պատահական չէր, որ հնչեցվեց հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած Դ.Մեդվեդև-Ս.Սարգսյան-Ի.Ալիև եռակողմ հանդիպման նախօրեին: Չորրորդ. հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ծավալվող զարգացումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վճռական փուլ մտնելու իրողությունն առավել կարևոր են դարձնում Հայաստանի ներքին կայունության պահպանումը: Կայունություն, որը, անտարակույս, մեծապես պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակով: Ահա այստեղ է, որ պետք է լրջորեն վերլուծենք այն, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկան ԵԱՀԿ-ի 56 անդամ-երկրներից 2009թ. անցած ինը ամիսների ընթացքում արձանագրել է համախառն ներքին արդյունքի ամենամեծ անկումը:

Դա հանգեցրել է նրան, որ բյուջետային մուտքերն իրենց հերթին ունեցել են ՀՆԱ-ի անկմանը ոչ համաչափ, ավելի մեծ ճեղքվածք: Սա իր հերթին վկայությունն է այն փաստի, որ անցած ժամանակաշրջանում ՀՀ-ում ավելացել է ստվերում գործող բիզնեսի տեսակարար կշիռը, որն անուղղակի վկայում է կոռուպցիայի ակտիվացման մասին, ինչպես նաև հարկային վարչարարության թուլացման արդյունք է: Շատ մտահոգիչ է նաև, որ այս տարվա ութ ամիսների ընթացքում արձանագրվել է ՀՀ արտաքին պարտքի գրեթե կրկնապատկում 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Եթե տնտեսությունում ստեղծված այս տագնապալի իրավիճակը շտկելու, երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար ձեռք չառնվեն համակարգված, գործնական և համարժեք քայլեր, ապա ՀՀ նախագահի կողմից արտաքին ոլորտում իրականացվող աննախադեպ համարձակ գործողությունները կարող են ջուրը լցվել: Կան նաև ուշադրության արժանի կարևոր այլ հարցադրումներ ու դասեր, որոնք ակնբախ դարձան օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո: Կան մտորելու լուրջ հարցեր` որոնց պատասխանները պետք է արդեն իսկ այսօր մշակենք` պայմանավորված Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, սահմանների բացմամբ, հայ-իրանական ու հայ-վրացական հարաբերությունների զարգացմամբ: Այդ խնդիրների շուրջ խորհելու ժամանակը եկել է և հիմա պետք է ազգովին գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, աշխարհասփյուռ հայությունը 21-րդ դարի երկրորդ տասնամյակում ունեն աշխարհին արժանապատվորեն ներկայանալու բոլոր հնարավորությունները, եթե առաջնորդվեն մեծն Չարենցի արդիականությունը չկորցրած պատգամով` «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այս պատգամին հակասող ցանկացած դրսևորում` հայրենասիրական ինչպիսի կոչերով էլ այն պարուրված լինի, ոչ այլ ինչ է, քան դատարկաբանություն, եթե չասենք դավաճանություն` Հայոց պետականության և ազգային շահերի հանդեպ... Հարավային Կովկաս, 2009թ. հոկտեմբեր. Շախմատային Մեծ պարտիան շարունակվում է:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության», նախագահ

Последние видеоматериалы

Новые книги