ՄԻԱՅՆ ԱԶԳԻ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
24-26.11.2009
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Կարելի է առանց չափազանցության ասել, որ իր նորագույն պատմության ընթացքում Հայաստանը համաշխարհային հանրության մեջ առաջին անգամ իրեն դրսևորում է որպես միջազգային հարաբերությունների ինքնաբավ սուբյեկտ: Ավելին, տարածաշրջանային մակարդակում այն որոշումները, որոնք կայացնելու է Հայաստանի ղեկավարությունը առաջիկայում, կարելի է համոզված պնդել, որ շոշափում են ոչ միայն Հարավային Կովկասի պետությունների, այլև համաշխարհային գլոբալ խաղացողների` մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ինչպես և ԱՄՆ-ի ու Եվրամիության շահերը: Հայ-թուրքական արձանագրությունների` երկու պետությունների խորհրդարաններում վավերացնելուն նախորդող` ներկայիս գործընթացները խիստ անհրաժեշտ են դարձնում Հայաստանի քաղաքական ղեկավարության շուրջ հայության համախմբման խնդիրը ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Արցախում և Սփյուռքում: Մեր երկրի համար ճակատագրական այս ժամանակաշրջանում միայն համախմբումը թույլ կտա հաղթահարել հայկական պետականության առջև կանգնած լրջագույն մարտահրավերները. լինեն դրանք թե՛ արտաքին քաղաքականությանը վերաբերող, թե՛ պայմանավորված լինեն ֆինանսատնտեսական ճգնաժամով: Ճգնաժամ, որը Հայաստանում կառավարության ոչ համարժեք գործողությունների, ավելի ճիշտ` սխալ մոտեցումների հետևանքով, ձեռք է բերում ոչ միայն երկարաժամկետ, այլև սպառնացող բնույթ: Այս պայմաններում հատկանշական է, որ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը իր ակտիվիստների առջև 2009 թ. նոյեմբերի 11-ի ելույթում, եթե մի կողմ դնենք ճարտասանությունն ու պոլիտիկանությունը, ըստ էության, նույնպես գիտակցում է ազգի համախմբման կենսական անհրաժեշտությունը: Ավելին, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթից մի քանի օր առաջ` նոյեմբերի 7-ին, ՀԱԿ-ը հանդես եկավ Հայաստանի տնտեսության կրիտիկական վիճակի և ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին հայտարարությամբ: Ուշագրավ է, որ ՀԱԿ-ը շեշտում է հատկապես ֆինանսների ու տնտեսության բնագավառի այն խնդիրները, որոնք ավելի հիմնավոր և համոզիչ տրված էին իմ զեկույցում 2008 թ. սեպտեմբերի 9-ին կայացած «Ազգային Միաբանություն», կուսակցության ակտիվի ժողովում («Հայոց աշխարհ», 11.09.2008, «Առավոտ», 12.09.2008, «Փակագիծ», 12.09.2008): Չնայած ելույթս արժանացել էր էկոնոմիկայի բնագավառի ճանաչված փորձագետների դրական գնահատականի, սակայն ենթարկվեց դաժան, կողմնակալ և ոչ օբյեկտիվ քննադատության, ըստ որում, հհշ-ական, առանց բացառության, բոլոր թերթերի կողմից: Թե որոնք էին հանրապետության տնտեսական վիճակի գնահատման գործում ՀԱԿ-ի մոտեցումներում նման մետամորֆոզների շարժառիթները, դա առանձին խոսակցության նյութ է, սակայն կարևորը էությունն է: Այդ նյութերի բովանդակությունը վերլուծելիս, բնականաբար, հարց է ծագում, ՀԱԿ-ի վերը հիշատակված երկու փաստաթղթերը (Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը և հայտարարությունը) որքանո՞վ էին նախատեսված երկրի ներքին լսարանի, և որքանո՞վ` հաշվարկված արտաքին օգտագործման համար: Կարծում եմ, իմաստ ունի հետագայում այդ հարցերին նույնպես անդրադառնալ: Սակայն անվիճելի է, որ Հայաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարության հավասարակշռված քաղաքականության շնորհիվ հայ-թուրքական հարաբերությունների առաջիկա գործընթացներում հայկական կողմի դիրքերը բավականաչափ ուժեղ են: Ավելին, դրանք սատարում են ուժի միջազգային հիմնական կենտրոնները: Հանուն ճշմարտության նշենք, որ այդ հարցում մեր դիրքերը հետագայում կարող են բավականաչափ խոցելի դառնալ տնտեսական և ֆինանսական բնագավառներում ձևավորվող տագնապալի իրավիճակի պատճառով: Մեզ չի կարող նաև չանհանգստացնել այն, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող 2010 թ. պետական բյուջեի նախագիծը, դրա ընդունման և կատարման դեպքում, ի զորու չի լինելու լուծել հանրապետության տնտեսության առջև կանգնած արդիական խնդիրներից և ոչ մեկը, չի նպաստելու ֆինանսատնտեսական ճգնաժամից մեր երկրի դուրս գալուն:
Վերը նշվածն էլ հենց դարձավ ազդակ 2010 թ. ՀՀ պետական բյուջեի թեմայով մտորումներիս համար: Կարծում եմ, որ նման մտածումները միաժամանակ Հայաստանի այն քաղաքացիների ուղղակի պարտականությունն է, ովքեր անկեղծորեն շահագրգիռ են նախագահ Սերժ Սարգսյանի՝ արտաքին քաղաքականության բնագավառում առաջ քաշած և ողջ հայությանը հուզող ճակատագրական նախաձեռնությունների հաջողությամբ:
ՏԱԳՆԱՊԱԼԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2010 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ
Եվ այսպես, 2009 թ. նոյեմբերի 1-ին հրապարակվեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2009 թ. հունվար-սեպտեմբերին», ժողովածուն (իսկ նոյեմբերի 20-ին` հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները) և «Հայաստանի Հանրապետության 2010 թ. բյուջեի մասին», օրենքի նախագիծը: Այս փաստաթղթերի բովանդակությանը ուշադիր ծանոթությունը լուրջ տագնապ է առաջացնում ո՛չ միայն տնտեսության ոլորտում ստեղծված, այլև ազգային անվտանգության տեսակետից: Այսպես, ընթացիկ տարվա 10 ամսվա արդյունքով, Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 17,5%, արտահանումը կրճատվել է 40,7%-ով, շինարարության ծավալը` 41,3%-ով, իսկ պետբյուջեի եկամուտները 9 ամսվա արդյունքում կրճատվել են 13,5%-ով (կամ 73,9 մլրդ դրամով): Ընդ որում, հարկային մուտքերը և տուրքերը կրճատվել են 81,7 մլրդ դրամով կամ 18,1%-ով, իսկ պետբյուջեի տարեկան ծրագիրը` եկամուտների գծով 9 ամսվա կտրվածքով կատարվել է ընդամենը 53,1%-ով: Սակայն ամենամեծ դժբախտությունն այն է, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը ոչ համարժեք, իսկ որ ավելի ճշգրիտ լինենք` անիրազեկ են գնահատում երկրի էկոնոմիկայում և ֆինանսներում ստեղծված վիճակը: Մերկապարանոց չլինելու համար, վերլուծենք կառավարության՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված 2010թ. բյուջեի նախագիծը: Դիտարկենք նաև այդ փաստաթղթի քննարկումների ընթացքում վիճաբանությունների հիմնական դրույթների էությունը:
Առաջ անցնելով ասենք, որ վիճաբանությունների մակարդակը լիովին կանխատեսելի էր, քանի որ ավելի քան 1 տարի գտնվելով ֆինանսատնտեսական խորագույն ճգնաժամում, կառավարությունն այդպես էլ չիրականացրեց դրա ծագման պատճառների սպառիչ վերլուծություն: Վերհիշենք, որ սկզբում կառավարության տնտեսական բլոկը` վարչապետի գլխավորությամբ և Հայաստանի ֆինանսական իշխանությունները ի զեն էին վերցրել այնպիսի սնահավատություններ, ինչպես, օրինակ, եթե չխոսենք այդ մասին, ապա ճգնաժամը մեր կողքով կանցնի: Կամ էլ` զառանցագին պնդումներ էին անում, թե Հայաստանի բանկային համակարգը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ալեկոծվող օվկիանոսում «ֆինանսական խաղաղ նավահանգիստ», է, ուր, փրկվելով փոթորկային ցնցումներից, փախչելով իրենց երկրների բանկային համակարգի սնանկությունից, հոսելու են արտարժույթները: Երևի Հայաստանի ֆինանսատնտեսական բլոկի ղեկավարները իրոք հավատացել էին Հայաստանը համաշխարհային կամ նվազագույնը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու իրենց չմտածված և անլուրջ հայտարարությունների ճշմարտացիությանը: Երևի նրանք իրոք հավատացել էին, որ իրենց հեղափոխական գաղափարները մոգական ազդեցություն կգործեն հանկարծակիի եկած աշխարհի ֆինանսական երևելիների, էլ չենք ասում «հայկական աշխարհի», գործարար շրջանակների վրա, որոնք, մեր կորիֆեյների կարծիքով, իրենց ֆինանսների փրկությունը պիտի գտնեին «հայկական բանկային համակարգի խաղաղ նավահանգստում»: Անհոգությունը և ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի էությունը չհասկանալը հանգեցրեց նրան, որ 2008 թ. նոյեմբերի 5-ից մինչև 2009 թ. մարտի 2-ը ՀՀ Կենտրոնական բանկը ամերիկյան դոլարի նկատմամբ հայկական դրամի արհեստական բարձրացված փոխարժեքը պահպանելու նպատակով «ՆԱՍԴԱՔ-ՕԷՄԷՔՍ Հայաստան», բորսայում պարբերաբար կատարում էր տարադրամային ինտերվենցիաներ, որոնց ընդհանուր գումարը գրեթե 4 ամսվա ընթացքում կազմեց 758 մլն 374 հազ. դոլար: Ընդ որում, նշենք, որ 2009 թ. հունվարի 1-ից մարտի 2-ը, բորսայում սակարկությունների ժամանակ, 466 մլն 425 հազ. դոլար վաճառվել է 1 դոլարի համար 305 դրամ ֆիքսված փոխարժեքով: Մեր «ֆինանսական խաղաղ նավահանգստի», այսինքն` ՀՀ Կենտրոնական բանկի տարադրամային պահուստները աղետալիորեն սկսեցին ցամաքել: Բայց, չնայած Կենտրոնական բանկի այդ «տիտանական ջանքերին», տարադրամային բազմամիլիոն ինտերվենցիաները անկարող եղան կանխել հայկական ազգային դրամի փլուզումը և 2009 թ. մարտի 3-ին այն դոլարի հանդեպ գահավիժեց 22-23%-ով: Ահա թե ինչի հանգեցրեց կառավարության և Կենտրոնական բանկի տնտեսական ու դրամավարկային չմտածված քաղաքականությունը, որոնք վերջին 5-6 տարիների ընթացքում իրականացնելով «թանկ փողերի», քաղաքականություն, դրամի զանգվածը անհամաչափ սեղմելով և վարկավորման բարձր տոկոսադրույքներ սահմանելով, պահպանում էին դրամի տնտեսագիտորեն չհիմնավորված փոխանակման բարձր փոխարժեքը:
Սա էլ Հայաստանի տնտեսության մեջ հանգեցրեց արտահանմանն ուղղված արտադրությունների կրճատմանը և դրան զուգահեռ` ներմուծման դինամիկ աճին, ինչը մեր տնտեսությունը մեծապես կախման մեջ գցեց արտաքին աշխարհից: Սակայն այս պայմաններում ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների լրջագույն վերլուծության, զարգացումների հնարավոր սցենարների կանխատեսման, դրա հաղթահարման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների անցկացման փոխարեն հանրապետության ֆինանսատնտեսական իշխանությունները նորից զինվեցին կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ճշմարտացիության մասին դեկլարացիաներով: Այսօր արդեն «ֆինանսական խաղաղ նավահանգստի», մասին պատրանքի խորտակումից հետո ականատեսն ենք կառավարության կողմից Հայաստանի քաղաքացիների ուղեղների լվացման երկրորդ փուլին, որը նպատակ ունի նրանց մոտ վստահություն արթնացնել գործադրի հանդեպ: Ճգնաժամի ողջ ընթացքում դա ուղեկցվում էր միջազգային ֆինանսական բավականին հեղինակավոր կազմակերպությունների տարատեսակ ֆինանսական բանագնացների համարյա թե ամենշաբաթյա այցելություններով ու հարցազրույցներով, որոնցում նրանք չէին դադարում հիանալ մեր կառավարության հակաճգնաժամային գործողություններով և միջոցառումների հետաքրքրական փորձով: Տպավորություն էր ստեղծվում, որ դա Հայաստանի քաղաքացիների ականջներին լափշա կախելու մի քանի ամիս ձգվող հանդիսավոր ծիսակարգ է (գործուղված ֆինանսիստների աջակցությամբ), որը, հավանաբար, նախատեսված էր որպես նոր բազմամիլիոն փոխառությունների վարկային հերթական չափաբաժնի բացման անհրաժեշտ պայման: Այս բոլոր դեկլարատիվ գործողությունների արդյունքում, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեին ճգնաժամի հաղթահարման գործուն միջոցների հետ, Հայաստանի տնտեսությունը 2009 թ. հունվար-հոկտեմբերի արդյունքներով արձանագրեց ՀՆԱ-ի փլուզային անկում` 17,5%: Ա
յդ ցուցանիշով մեր երկիրն ամրապնդվել է խայտառակ առաջին հորիզոնականում ոչ միայն ԱՊՀ, այլև ԵԱՀԿ 56 պետությունների շարքում: Ստեղծված իրավիճակում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավարությունը, ուզում ենք հուսալ, քննության առարկա կդարձնի ՀՀ գործուղված իր աշխատակիցների պրոֆեսիոնալ համապատասխանության հարցերը: Գործուղվածներ, որոնք ստեղծված իրադրությանը իրենց, ֆինանսատնտեսական, մեղմ ասած, ոչ համարժեք գնահատականներով, փաստորեն, խրախուսում էին Հայաստանի կառավարության գործողությունները (իսկ իրականում` անգործությունը), ինչը մեր տնտեսությունը հասցրեց կոլապսի եզրին: Ցավոք, ասվածը ամենևին չափազանցություն չէ: Ավելի լավ չեն գործերը ֆինանսական ոլորտում: Բավական է ասել, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում դրամի փոխարժեքի պահպանման համար տարադրամային պահուստներից «ՆԱՍԴԱՔ-ՕԷՄԷՔՍ Հայաստան», բորսայում տարադրամային ինտերվենցիա է արվել ավելի քան 200 մլն դոլարի չափով: Կրկին անդրադառնալով ԱՄՀ-ի և ՀԲ-ի կողմից հանրապետություն գործուղված ֆինանսիստների գործունեությանը, հուսով ենք, որ նրանց պրոֆեսիոնալ պիտանելիության վերաբերյալ գնահատականներն իրենց երկար սպասեցնել չեն տա: Մենք դա սկզբունքորեն կարևորում ենք, այլապես մեր հանրապետության բնակչության ամենալայն շրջանների մոտ կծագեն լիովին հիմնավորված կասկածներ այդ բավականին հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների քաղաքական կրավորականության վերաբերյալ: Ավելին, այդ հարցերին չանդրադառնալը, ըստ էության, կհաստատի հհշ-ական մամուլում բազմիցս արված այն պնդումները, թե Հայաստանի այդչափ շռայլ վարկավորումը, այդ միջոցների տեղաբաշխման նկատմամբ կառավարության այսօրինակ անպատասխանատու վերաբերմունքը և նրա գործողությունների առիթով միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների դրական գնահատականները հետապնդում են ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական նպատակներ:
ՀՀՇ-ական մամուլի համոզմամբ, տրված վարկերն ուղղված են Հայաստանին ֆինանսատնտեսական լիակատար կախվածության մեջ գցելուն և այդ միջոցով քաղաքական շատ կոնկրետ նպատակների պարտադրմանը: Առաջին. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի ղեկավարությունից միակողմանի զիջումներ կորզելուն: Երկրորդ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգ մտցնել թուրքական կողմի, թուրքական ղեկավարության, հատկապես վարչապետ Էրդողանի կողմից առաջ քաշվող հայտնի նախապայմանները, որոնք ներառված չեն հայ-թուրքական արձանագրություններում: Ուշագրավ է, որ հայտնի նախապայմանները հնչեցվում են տառացիորեն հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների ստորագրած հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման հաջորդ իսկ օրվանից: Այս հարցերի վրա հատուկ ուշադրություն ենք հրավիրում, որովհետև, ինչպես վերը նշվեց, մենք ունենք ՀՆԱ-ի ամենամեծ անկումը այն դեպքում, երբ վերջին ամիսներին Հայաստանի արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվել է և ընթացիկ տարեվերջին կմոտենա տագնապալի սահմանագծի` ՀՆԱ-ի 40%-ի: Դառը քմծիծաղ է առաջացնում, որ այս ամենով հանդերձ, կառավարության անդամները դեմքներին խելացի և լուրջ (ինչքանով դա հնարավոր է) արտահայտություն տալով՝ շարունակում են իրենց ճոռոմաբանությունն առ այն, որ հանրապետության արտաքին փոխառությունները դեռ չեն հասել ՀՆԱ-ի 50%-ի վտանգավոր սահմանագծին: Ավելին, առավել արժանահավատության համար իրենց մտքերն ամրապնդում են դատարկ փաստարկներով այն մասին, որ անգամ Արևմուտքի առաջատար երկրներն ունեն ավելի մեծ արտաքին պարտքեր: Ըստ որում, չգիտես ինչու նրանք իրենց նեղություն չեն տալիս հիշատակելու, որ այդ երկրները կա՛մ համաշխարհային տարադրամի թողարկիչներ են, կա՛մ էլ ունեն ընդերք, որի պաշարները հարյուրապատիկ գերազանցում են իրենց կուտակած արտաքին պարտքը: Նույնիսկ չարժե էլ ասել, որ այդ երկրները չունեն արտաքին առևտրային հաշվեկշռի այնպիսի մտահոգիչ բացասական սալդո, ինչպիսին ունի Հայաստանը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա 10 ամսվա արդյունքում մեր առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը բացասական է և կազմել է 2 մլրդ 18,4 մլն դոլար, ու դա այն դեպքում, երբ ՀՀ-ում ներմուծումն ավելի քան 4,65 անգամ գերազանցել է արտահանմանը: Այժմ անդրադառնանք ԱԺ-ում 2010 թ. պետական բյուջեի քննարկումներին: Թող վիրավորական չհնչի, բայց այդ բանավեճերը հիշեցնում էին ամենամյա խոսքուզրույց այն թեմայով, թե ծախսերի ո՞ր հոդվածից ի՞նչ գումարներ նվազեցնել, ո՞ր հոդվածը լրացուցիչ ֆինանսավորել, ըստ այդմ, ցավոք, բոլորն էլ հիանալի հասկանում էին, որ արդյունքում Ազգային ժողովի մեծամասնությունը կգտնի բյուջեն հաստատելու «ծանրակշիռ», փաստարկներ:
Ընդ որում, թվում էր ակնհայտ է, որ 2010 թ. համար առաջարկվող բյուջեն կոչված է ստեղծելու լավագույն նախապայմաններ արտադրական ծավալների կայուն աճի, զբաղվածության բարձր մակարդակի ապահովման, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության բնագավառում օբյեկտիվորեն հնարավոր հաշվեկշռման հասնելու համար: Ըստ այդմ, վերջին գործոնը հատկապես արդիական է մեր տնտեսության և ֆինանսների համար, քանի որ հանրապետության բնակչության սպառողական զամբյուղում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող 25 ապրանքատեսակների նշանակալի մասը ներմուծվում է: Իսկ դա ծանր բեռի պես ընկնում է մեր բնակչության ամենալայն շերտերի ուսերին, այն հաշվով, որ, ինչպես վերը նշվեց, մեր ազգային տարադրամը սթ. մարտի 3-ից առ այսօր դոլարի համեմատ արժեզրկվել է ավելի քան 26,8%-ով: Ասենք նաև, որ այդ նույն ժամանակաշրջանում ամերիկյան դոլարը եվրոյի համեմատ արժեզրկվել է մոտ 25%-ով, ինչը խոսում է հայկական դրամի գահավիժման իրական չափի մասին: Դրամի արժեզրկման այս հակումը, ցավոք, կշարունակվի և առաջիկա ամիսներին: Նման զարգացումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ արտասահմանից բանկային համակարգով ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումների միջոցով ստացված զուտ մուտքերը (տրանսֆերտները) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 378 մլն 255 հազ. դոլարով և կազմել են 652 մլն 258 հազ. դոլար: Այս բոլոր իրողությունները հաշվի առնելով, երբ վերլուծում ես բյուջեի նախագիծը, այդպես էլ չես գտնում հրատապ հարցերի պատասխանները: Մասնավորապես, ի՞նչ կերպ են բյուջեում նախատեսվող ծախսերը և կառավարության կողմից իրականացվելիք հարկային գործառույթները, այսինքն` կառավարության ֆիսկալ քաղաքականությունը, խթանելու արտադրության զարգացմանը: Բացարձակապես անհասկանալի է, թե 2010 թ. բյուջեն ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու արտաքին տնտեսական գործունեության վրա, որքանո՞վ է այն ուղղված ներմուծման փոխարինելիությանը: Ի՞նչ ձևով է այն ազդելու ներքին արտադրության ծավալների վրա` ներմուծման և արտահանման կարգավորման մեխանիզմների, արտաքին առևտրի արտոնագրման, քվոտաների ու սակագների համակարգի ներդրման և ազգային տարադրամի փոխանակման կուրսի կառավարման միջոցով: Ցավոք, սպառիչ պատասխաններ, թերևս, ճգնաժամի պայմաններում ամենահրատապ այս հարցերին ներկայացված բյուջեի նախագծում չեն տրվում:
Եվ դա ամենևին էլ պատահական չէ, որովհետև պետական տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում քննարկման հանված բյուջեն չի կարող Ազգային ժողովի պատգամավորներին հնարավորություն տալ օբյեկտիվորեն գնահատել, թե տնտեսության մեջ որո՞նք են գլխավոր գերակայությունները` սոցիալական, պաշտպանության և այլ կենսականորեն կարևոր բնագավառներում, որոնք կոչված են իրականացնել բյուջեն: Իսկ այս պայմաններում բյուջեի ծախսային հոդվածների ցանկացած քննարկում դատապարտված է դեկլարատիվության: Ցավոք, դա չի նպաստում առաջ քաշել տնտեսապես հիմնավորված առաջարկություններ հանրապետությունը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված տնտեսական առավել հրատապ գերակայությունների իրականացման նպատակով բարենպաստ պայմաններ և օրենսդրական անհրաժեշտ բազա ստեղծելու համար: Դրա համար էլ լիովին բացատրելի է, որ Ազգային ժողովի պատգամավորները բյուջեի բովանդակային վերլուծության փոխարեն զբաղված էին բյուջետային ծախսերի կոսմետիկ տարրական վերաբաշխումով: Ցավալի է, որ տնտեսության ու ֆինանսների այս տագնապալի իրավիճակում կառավարության ղեկավարները շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի եղել: Զորօրինակ, կառավարության նոյեմբերի 12-ի նիստում ֆինանսների նախարարն այնքան անկեղծացավ, որ բազմանշանակ հայտարարեց, թե կառավարությունը հանդես է գալիս պետական գնումների ոլորտում հայրենական ընկերություններին արտոնյալ պայմանների տրամադրման դեմ: Հիշեցնենք, որ մի շարք պատգամավորներ հանդես էին եկել «Պետական գնումների մասին», օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Առաջարկվող փոփոխությունների նախագծով նախատեսվում էր հայրենական արտադրողներին պետգնումների կազմակերպման բնագավառում տալ նախապատվություն, եթե նրանց առաջարկած տեղական արտադրանքի գինը արտասահմանյան նման արտադրանքի գնից ավելի բարձր չէ, քան 15%: «Նշված փոփոխությունների ընդունումը պետական գնումները բարձրացված գներով կատարելու նախապայմաններ կստեղծի, կխախտվի մրցակցության սկզբունքը պետգնումների բնագավառում և կստեղծվեն որոշակի առումով դիսկրիմինացիոն մոտեցումներ այլ ապրանքների նկատմամբ, որոնք չունեն հայկական ծագում», - մամուլի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` խորիմաստ արտաբերել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Սա հանրապետության տնտեսության օրակարգային խնդիրների լուծման հարցում կառավարության ֆինանսատնտեսական բլոկի լիակատար օտարվածության դասական օրինակ է:
Բացատրենք, թե ի՞նչ նկատի ունենք: Վերը նշվեց, որ ակնառու է ամերիկյան դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկման գործընթացը: Դա տեղի է ունենում այն բանի հետևանքով, որ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը բացասական է և նրա մեծությունը հակում ունի հետագա աճի` ի հաշիվ արտաքին առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի հետագա ավելացման, տնտեսության մեջ ուղղակի ներդրումների կրճատման, տրանսֆերտների ծավալի սեղմման, ՀՆԱ-ի շարունակվող անկման: Այս պայմաններում հայկական տարադրամի ներկայում գործող փոխանակային կուրսի պահպանման հնարավոր միջոցը կա՛մ Կենտրոնական բանկի կողմից պահուստային ֆոնդից տարադրամային ինտերվենցիայի իրականացումն է (ինչին էլ ականատես ենք ներկայում), ընդ որում` վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտի համապատասխան, կա՛մ էլ` ներդրումների լայնածավալ ներգրավումը, արտահանման աճի և ներմուծման փոխարինելիության ծավալների մեծացումը: Ավաղ, այսօրինակ գործընթացներ ներկայում չեն նկատվում: Ըստ այդմ, ճնշումը հայկական դրամի վրա կլինի ավելի ու ավելի ուժեղ, որքանով կավելանա ընթացիկ հաշվի վճարային հաշվեկշռի դեֆիցիտը: Ինչ-որ կերպ մեղմել այս իրավիճակը, կրկնում եմ, հնարավոր է, եթե կառավարությունն իրականացնի ներմուծման փոխարինելիության ագրեսիվ քաղաքականություն: Քիչ էր մնում զարմանայինք, այդպես վարվելը վայել չէ մեր կառավարության ֆինանսատնտեսական բլոկի թվացյալ ազատական արմատականների համար: Փոխանակ մանրակրկիտ մշակեն ներմուծման փոխարինելիության քաղաքականություն, մանրազնին վերլուծեն հայրենական արտադրության ապրանքների մրցունակության բարձրացման ուղիները, նախանշեն դրանց իրացման կազմակերպական միջոցառումները, խորհրդարանով անցկացնեն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ ընթացիկ մաքսային քաղաքականության մեջ, իրականացնեն տեխնոլոգիական անհրաժեշտ միջոցառումներ արտադրության, ռեսուրսների, էներգիայի, տրանսպորտային և այլ ծախսերի կրճատման նպատակով, որոնք կհանգեցնեն մեր ապրանքների ինքնարժեքի նվազեցման և դրանց մրցունակության բարձրացման (հատկապես` այն ապրանքատեսակների, որոնք առկա են պետգնումների անվանացանկում), ֆինանսների նախարարը, միայն պատկերացրեք, իր հայտարարություններով ուզում է երևալ «ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը», ավելի ազատական, քան դասական տնտեսական ազատականության հիմնադիրներ Ադամ Սմիթը, Ջ. Միլլը և այլք:
Թվում է, մեր պետական պաշտոնյաներն այնքան են խճճվել իրենց համար դեռևս անհասկանալի և իրենց գիտակցության համար անհաղթահարելի ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, որ ուշադրությունից բաց են թողել հովանավորչության (պրոտեկցիոնիզմի) այն անթաքույց քաղաքականությունը, որն իրականացնում են աշխարհի առաջատար ազատական տնտեսությունները, լինի դա ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան թե նույն Ռուսաստանը: Ընդ որում, այդ երկրների կառավարությունները հովանավորչության քաղաքականությունն իրականացնում են բացահայտ, մասնավորապես, դա կարելի է դիտարկել ավտոմոբիլային արդյունաբերության հսկա անդրազգային ընկերությունների օրինակով: Արևմտյան առաջատար երկրների կառավարություններն իրենց ընկերություններին եվրոյով ու դոլարով բազմամիլիարդ ներարկումներ են կատարում, իրենց ավտոհսկաներին ֆինանսական զգալի օգնություն ցուցաբերում` դրանով իսկ մեղմելով ճգնաժամի հետևանքները: Ավելին, հայթայթվում են սեփական քաղաքացիներին սուբսիդավորելու հնարավորություններ` նրանց կողմից հայրենական արտադրության երկարաժամկետ օգտագործման ապրանքների ձեռքբերման նպատակով, մասնավորապես` Ռուսաստանում և Գերմանիայում տեղական արտադրության ավտոմեքենաների: Ցավոք, մեր ֆինանսների նախարարի նման բացասական վերաբերմունքը ներմուծման փոխարինելիության քաղաքականության իրականացման հարցերին` միակ օրինակը չէ: Տխուր եզրակացություններ կարելի է անել` վերլուծելով վարչապետի և կառավարության ֆինանսատնտեսական բլոկի ղեկավարների ելույթները ճգնաժամի խնդիրների ու դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Նրանց համար բնորոշ է տնտեսագիտական կատեգորիաների և հասկացությունների մերկապարանոց վկայակոչումները, որոնք հատկապես ներկա ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի պայմաններում ունեն արդիական հնչեղություն: Բայցևայնպես, դրանց հիշատակումը Հայաստանի տնտեսության իրողությունների առնչությամբ, զուրկ է դույզն իսկ կիրառական նշանակությունից, պրագմատիզմից:
Այսպես, վարչապետ Տ. Սարգսյանը 2009 թ. հոկտեմբերի 30-ին ներկայացնելով 2010 թ. բյուջեի նախագիծը Ազգային ժողովին` հայտարարեց. «Մենք ընտրել ենք քաղաքականություն, որը, մեր կարծիքով, չունի այլընտրանք` ընդլայնողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության վարում, ինչը հնարավորություն տվեց խուսափել գնանկումից և ավելացրեց տնտեսությունում լիկվիդայնությունը` ապահովելով ֆինանսական համակարգի կայունությունը` նախապայմաններ ստեղծելով տնտեսության վերականգնման համար»: Այժմ դիտարկենք, թե պրակտիկայում իրականացվե՞լ է արդյոք ընդլայնողական ֆիսկալ քաղաքականություն, այսինքն` կիրառվե՞լ է հարկային և ծախսային գործառույթների գիտակցական անցկացում` մակրոտնտեսական առաջադրված նպատակներին հասնելու համար: Ցավոք, վարչապետի հետագա փաստարկները` ի հիմնավորում կառավարության կողմից, իբր հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական (էքսպանսիոնիստական) քաղաքականության անցկացման, ավա՜ղ, բացարձակապես համոզիչ չեն (ըստ այդմ, հատուկ պետք է նշենք, որ ֆինանսական ու տնտեսական ճգնաժամերի պայմաններում, որում հայտնվել է Հայաստանը, ոչ թե դեկլարատիվ, ինչպիսին այժմ իրականացվում է, այլ իրապես հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականությունը միանգամայն արդարացված է և այլընտրանք չունի): Մեր եզրակացությունն այն մասին, թե կառավարության տնտեսական քաղաքականությունն իրականում ընդլայնողական չէ, այլ կրում է դեկլարատիվ բնույթ և շատ քիչ ընդհանրություններ ունի էքսպանսիոնիստական ֆիսկալ քաղաքականության, ինչպես նաև մեր տնտեսության մեջ ճգնաժամ առաջացրած տնտեսական նախադրյալների հետ, հիմնավորենք կոնկրետ օրինակներով: Եվ այսպես, կառավարությանը և Կենտրոնական բանկի ղեկավարությանը հիշեցնենք տնտեսագիտական հանրաճանաչ այն պոստուլատը, որ պետության պարտականությունների շարքին է դասվում մակրոտնտեսական մեխանիզմների օգտագործումը մակրոտնտեսական կարևորագույն խնդիրների լուծման համար: Հանրապետության բյուջեի, բյուջետա-հարկային քաղաքականության դերը այդ մեխանիզմների շարքում դժվար է գերագնահատել:
Հիշեցնենք նաև, որ պրոֆեսիոնալ կազմված բյուջեն նախատեսում է, որ կառավարությունն իր ծախսային և հարկային գործառույթների գիտակցական, այսինքն` ֆիսկալ քաղաքականության իրականացմամբ, կոչված է ապահովել բավարար պայմաններ, որոնք կխթանեն տնտեսական աճի համար օպտիմալ հնարավորությունների ստեղծումը, զբաղվածության բարձր մակարդակի ապահովումը, գների մակարդակի կայունության պահպանումը, արտաքին տնտեսական գործունեության հավասարակշռվածության ապահովումը: Պրոֆեսիոնալ կազմված բյուջեն կոչված է կառավարության համար դառնալ մի ամբողջ շարք քաղաքական գործոնների իրականացման կարևորագույն գործիք: Մասնավորապես, նկատի է առնվում ֆիսկալ այնպիսի քաղաքականության անցկացումը, որի միջոցով հնարավոր լինի արտադրության խթանումը (հարկերի և ծախսերի համակարգի միջոցով ազդելով երկրի ընդհանուր ծախսերի վրա): Ինչպես նաև հնարավոր կլինի այնպիսի քաղաքականության իրականացումը, որը, օգտագործելով Կենտրոնական բանկի հնարավորությունները, շրջանառության մեջ գտնվող փողի քանակի փոփոխությամբ կկարգավորի տնտեսության վարկավորման տոկոսադրույքները և կապիտալ ներդրումների ծավալները: Ընդ որում, դա անել այնպիսի ուղղությամբ, որն, ի վերջո, անմիջական ազդեցություն կունենա ՀՆԱ-ի ծավալների ավելացման վրա: Եվ, վերջապես, արտաքին տնտեսական այնպիսի քաղաքականության իրականացումը, որը նախատեսում է ազդեցություն ներքին արտադրության ծավալների վրա` արտահանման խրախուսման և ներմուծման սահմանափակման օգնությամբ: Դա, բնականաբար, ենթադրում է մաքսային այնպիսի գործուն քաղաքականության մշակում, որն արտաքին տնտեսական գործունեության լիցենզավորման, սակագների, քվոտաների համակարգի, հայկական դրամի փոխանակային կուրսի կառավարման միջոցով պետք է ուղղված լինի ներմուծման փոխարինելիությանը: Այժմ, եթե այս տեսակետներից քննարկենք և գնահատենք ՀՀ 2010 թ. բյուջեի նախագիծը և այդ փաստաթղթի շուրջ քննարկումները, ապա հարկ է նշել, որ այս ամենն ամբողջության մեջ լրջագույն մտահոգություն է առաջացնում: Ավելին, բյուջեն այսպիսի տեսքով ընդունելու դեպքում, ոչ միայն չի նպաստելու ճգնաժամի հաղթահարմանը, որում շարունակում է մնալ Հայաստանը, այլև առավել խորացնելու է այն: Միաժամանակ, հարկ է նշել, որ բյուջետային քննարկումների նման զարգացումը սպասելի էր, որովհետև կառավարությունում բյուջեի մշակմանը և Ազգային ժողովում դրա քննարկմանը պետք է որ նախորդեին. առաջին. վերջին տարիներին իրականացվող տնտեսական քաղաքականության քննադատական վերաիմաստավորումը` ճգնաժամի առաջացման պատճառների տեսակետից, երկրորդ. ի սկզբանե հարկավոր էր անցկացնել ընթացիկ տարում կառավարության հակաճգնաժամային քաղաքականության միջանկյալ արդյունքների անկողմնակալ վերլուծություն: Այս ամենը, դատելով ներկայացված բյուջեի նախագծից, պրոֆեսիոնալ մակարդակով, ցավոք, չի արվել: Այլապես, մենք ականատեսը չէինք լինի այն բանի, որ վարչապետի և կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային առավել գործուն միջոցառումների շարքը դասվեին 365 կմ ավտոճանապարհների նորոգումն ու կառուցումը, 300 կմ ներքին ջրագծերի նորոգումը և, թերևս, վերջ: Իսկ հետո հիշատակվում են միայն ականջ շոյող բարի ցանկություններ, որոնք պետք է իրականացվեն ապագայում: Ճանապարհաշինությունը և ներքին ջրագծերի նորոգումը, անկասկած, օգտակար գործեր են, սակայն ֆինանսատնտեսական սուր ճգնաժամի պայմաններում, թվում է, թե մեր հանրությունն իրավունք ունի իմանալու, մասնավորապես, թե բյուջեից հատկացված, ինչպես նաև արտաքին փոխառություններից ներգրավված բազմամիլիարդ ծախսված միջոցներից որքա՞ն գումար է հատկացվել անհրաժեշտ շինանյութերի (բիտում, ջրամատակարարման խողովակներ և այլն) ներմուծմանը, կատարված աշխատանքներում որքա՞ն է տրանսպորտային ծախսերի տեսակարար կշիռը (ներմուծվող բենզին և դիզելային վառելիք): Տարրական այսպիսի վերլուծությամբ` կառավարության ֆինանսատնտեսական բլոկի ղեկավարները կհամոզվեին, որ հակաճգնաժամային այս միջոցառումների համար հատկացված գումարների զգալի մասը ծախսվել է ներմուծման վրա:
Դա էլ, իր հերթին, մեր ղեկավարներին պետք է հուշեր այն պարզ ճշմարտությունը, որ, օրինակ, 2010 թ. բյուջեում ճանապարհա-շինարարական աշխատանքների ծրագրման ժամանակ, անհրաժեշտ էր կանաչ լույս վառել այն ծախսերի ճանապարհին, որոնցում ճնշող տեսակարար կշիռ կունենային հանրապետությունում արտադրվող շինանյութերը: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Գերմանիայի ավտոմայրուղիների զգալի մասն ունի բետոնե ծածկույթ (այդ ճանապարհների հրաշալի որակի մասին, կարծում եմ, հիշեցնելու անհրաժեշտություն չկա), իսկ մենք, ունենալով ցեմենտի երկու գործարան, որոնք շինարարության փլուզային անկման արդյունքում աշխատում են հզորություններից զգալի ցածր, հանրապետություն ենք ներմուծում հսկայական քանակությամբ բիտում, փոխարենը խրախուսենք Հայաստանում բետոնածածկ ճանապարհների կառուցման տեխնոլոգիաների ներդնումը, ինչի դեպքում և կօգտագործվի բացառապես տեղական շինանյութ` ցեմենտ, խճաքար, մանրախիճ, ավազ: Այս օրինակը, կարծում ենք, կհուշի մեր կառավարությանը, որ անհրաժեշտ է առանց հապաղելու քննադատորեն վերաիմաստավորել 2010 թ. բյուջեի հակաճգնաժամային ուղղվածության մակարդակը, այնտեղ համապատասխան սրբագրումներ կատարել, մշակել բյուջետային ծախսերի հակաճգնաժամային ուղղվածության չափանիշներ` առավելագույնս հաշվի առնելով ներմուծման փոխարինելիության հնարավորությունները: Հակառակ դեպքում վտանգ կա, որ ֆինանսատնտեսական սուր ճգնաժամից դուրս գալու սեփական ռազմավարության բացակայության հետևանքով հարկադրված կլինենք իրականացնել օտարների ռազմավարությունը, որը, ցավոք, միշտ չէ, որ համահունչ է մեր ազգային շահերին, առավել ևս հարավկովկասյան տարածաշրջանում հասունացող աշխարհաքաղաքական լրջագույն տեղաշարժերի լույսի ներքո: Դա բացառիկ կարևորություն ունի ազգային անվտանգության ապահովման տեսակետից, որովհետև անթույլատրելի է, երբ Հայաստանի վարչապետը` մի երկրի, որը գտնվում է Ադրբեջանի հետ ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության պայմաններում, Ազգային ժողովին 2010 թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս, փաստորեն, բարձրաձայն հայտարարում է մեր երկրի տնտեսական կապիտուլյացիայի մասին: Դատեք ինքներդ, ինչպե՞ս պետք է Ադրբեջանում, ինչո՞ւ չէ նաև հենց նույն Թուրքիայում, մեկնաբանեն Տիգրան Սարգսյանի այն խոսքերը, թե «Ամեն ամիս մասնագետները հետևում են ՀԲ-ին, ԱՄՀ-ին, աշխարհի զարգացած երկրները փոխում են իրենց կանխատեսումները: Ամեն ամիս իրականացվում են ճշգրտումներ և համաշխարհային մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները փոփոխվում են, երբեմն չափազանց կտրուկ: Բնականաբար, որոնք (նկատի ունի մակրոտնտեսական ցուցանիշները - Ա.Գ.) ընկած են 2010 թ. բյուջեի հիմքում, ելնում են այն իրողություններից, որ մենք ունենք բյուջեի կազմման ժամանակ, այսինքն՝ հիմքում ընկած են Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ռուսաստանի կանխատեսումները, որոնք կան այս պահին և մենք ձեզ հետ պարտավոր ենք հետևել դրանց, որովետև փոփոխման ենթակա են: Դա նշանակում է, որ միասին ստիպված ենք աշխատել օպերատիվ ռեժիմով»: Այսինքն` վարչապետը, փաստորեն, բացահայտ խոստովանում է, որ հանրապետության տնտեսությունը բացառապես կախված է արտաքին ազդակներից: Ստացվում է, որ նա խոստովանում է, որ նրանց իշխանության ներքո է Հայաստանի վրա ճնշում գործադրելը` ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական նպատակներով: Ըստ այդմ, բնականաբար, հարց է ծագում. ի՞նչն է խանգարում Հայաստանի կառավարությանը, առանց միջազգային ֆինանսական կազմակերպություններին վկայակոչելու, իրականացնել ներմուծման փոխարինելիության այդքան պահանջված քաղաքականությունը: Ի՞նչն է խանգարում մեզ վերլուծել` ինչպիսի՞նն են հնարավորությունները` հաղթահարելու այն հսկայական անհամաչափությունները, որոնք կան մեր արտաքին տնտեսական գործունեության մեջ: Ի՞նչն է խանգարում գործադրին իր առջև նպատակ դնել. զգալիորեն ավելացնել տեղական արտադրողների արտադրանքի մրցունակությունը: Ի՞նչն է արգելակում արտաքին տնտեսական գործունեության մեջ կրճատելու ներմուծման և արտահանման անհամաչափությունները, որոնք արդեն սպառնում են ազգային անվտանգության հիմքերին: Բավական է հիշեցնել, որ 2009 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ներմուծման ծավալը գերազանցել է արտահանմանը ավելի քան 4,65 անգամ: Ըստ այդմ, 23 ապրանքատեսակների գծով, որոնք բնակչության սպառման կառուցվածքում ունեն ամենամեծ տեսակարար կշիռը, ներմուծվող ապրանքների և մթերքների բաժինը ս/թ ինը ամսվա ընթացքում կազմել է 38,2%, կամ դրամական արտահայտությամբ` 243 մլրդ 284 մլն 261,4 հազ. դրամ: Այս հանգամանքը ևս մեկ ծանրակշիռ փաստարկ է 2010 թ. բյուջեում ներմուծման փոխարինելիության ծախսերի ներառման համար:
Նպատակասլաց քաղաքականության դեպքում հնարավոր կլինի փոխարինելիության շնորհիվ զգալիորեն կրճատել լայն սպառման ներմուծվող ապրանքների տեսակարար կշիռը ներմուծման ընդհանուր ծավալի մեջ և դրանով իսկ կրճատել առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն: Այս կապակցությամբ նորից ուզում ենք հարց տալ. ի՞նչ կապ ունեն վերը նշյալի հետ մեր կառավարությանն այդքան սրտամոտ ԱՄՀ-ի, ՀԲ-ի և Զարգացման ասիական բանկի կանխատեսումները: Կամ էլ թե ինչպե՞ս կարելի է հազիվհազ ձևակերպելով արտաքին պարտքերը ԱՄՀ-ի, ՀԲ-ի և ֆինանսական այլ կազմակերպությունների հետ, հաշվի առնել դրանց հնարավոր վերաձևակերպումը (ռեստրուկտուրիզացիան) արդեն առաջիկա բյուջետային տարում: Ինչպե՞ս վերաբերվել վարչապետի այն հայտարարությանը, թե «Արժութային հիմնադրամի հետ մենք բանակցություններ սկսելու ենք 2010 թ. առաջին եռամսյակում` վերակառուցելու այն վարկային միջոցները, որ մեզ տրամադրել է Արժույթի հիմնադրամը, ընդ որում, այդ քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր այն պետություններին, որոնք օգտվել են Արժութային հիմնադրամի միջոցներից»: Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ինկե Գոմեսի արձագանքը վարչապետի այս դատողությանը իրեն երկար սպասեցնել չտվեց: Վերջերս կայացած ճեպազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ խոսք անգամ լինել չի կարող հաջորդ տարում այն պարտքերի վերաձևակերպման մասին, որոնք ԱՄՀ-ն տվել է Հայաստանի 2010 թ. բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Իսկ եթե չլինի Տիգրան Սարգսյանի հայտարարած ԱՄՀ-ի, ինչպես նաև միջազգային ֆինանսական այլ կազմակերպությունների և դոնոր երկրների տված արտաքին պարտքի վերաձևակերպումը, ապա ի՞նչ կերպ է ՀՀ կառավարությունը 2010, առավել ևս 2011 թթ. սպասարկելու իր արտաքին պարտքը: Չէ՞ որ դրա համար միայն 2010 թ. պահանջված կլինի մոտ 120 մլն դոլար, իսկ 2011 թ., եթե ՀՀ-ում արտաքին փոխառությունները հասցվեն մինչև ՀՆԱ-ի 40-44%-ը, իսկ այդպիսի հեռանկար արդեն դիտարկվում է, ապա արտաքին պարտքի սպասարկումը կկազմի մոտ 450-500 մլն դոլար, այսինքն` 2011 թ. ենթադրվող բյուջեի համարյա քառորդը: Այս ցուցանիշը հաշվարկված է ԱՄՀ-ի՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճի հնարավոր սցենարները հաշվի առնելով: Այսպիսով` ՀՀ կառավարության ղեկավարի հրապարակային արտահայտությունները կրկին ի ցույց դրեցին մեր բյուջետային հնարավորությունների խոցելիությունը, դրա դեֆիցիտի ծածկման աղբյուրների առումով ևս: Իսկ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ Տիգրան Սարգսյանի և Ինկե Գոմեսի հեռակա վեճում` ԱՄՀ-ի հանդեպ Հայաստանի պարտքի վերաձևակերպման հնարավորության իմաստով, ո՞վ է մոլորեցնում հասարակական կարծիքը, ցույց կտա ժամանակը: Կարևորն այստեղ այլ բան է. կառավարությունը, փոխանակ վերանայի իր հակաճգնաժամային ծրագիրը, մշակի ճգնաժամից դուրս գալու հայեցակարգային մոտեցումները, որոնք պետք է դրվեն պետական-տնտեսական քաղաքականության հիմքում, որի իրականացման համար իր հերթին պետք է մշակվի հատուկ ծրագիր` արտացոլված 2010 թ. ՀՀ բյուջեում, ամբողջովին զբաղված է այլ գործերով: Նա հանրապետության տնտեսության և ֆինանսների վիճակի կապակցությամբ իր անձնավորված պատասխանատվությունը արտաքին գործոնների վրա է տեղափոխում: Ը
ստ այդմ, ամենևին պատահական չեն մշտապես վկայակոչվում ԱՄՀ-ն և ՀԲ-ն: Չէ՞ որ հերթական ձախողման դեպքում հնարավոր կլինի ամենը վերագրել նրանց` թաքնվելով նրանց բարեհաճ գնահատականների հետևում: Եվ մենք կդառնանք դեժավյուի ականատես: Իմիջիայլոց, վաղուց եկել է ժամանակը անկեղծորեն խոստովանելու, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը, որով գրեթե մի ամբողջ տարի ձգտում էին հիպնոսացնել հանրապետության բնակչությանը, ձախողվել է, և դրա առաջին վկայություններն արձանագրեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ս/թ հունվար-հուլիս ամիսներին ՀՆԱ-ի անկումը կազմեց 18,5%, հունվար-օգոստոսին` 18,4%, հունվար-սեպտեմբերին` 18,3%, իսկ 10 ամիսների կտրվածքով` 17,5%, և սա այն դեպքում, երբ հայտնի պատճառներով, 2008 թ. օգոստոսյան վրաց-հարավօսական հնգօրյա պատերազմից հետո, Հայաստանի տնտեսությունում օգոստոս-հոկտեմբերին նկատվել էր ՀՆԱ-ի աճի տեմպերի զգալի անկում, այսինքն` այս տարվա ցուցանիշների հետ համեմատության բազիսը զգալիորեն իջեցվել էր: Արդյունքում Հայաստանի տնտեսությունը ՀՆԱ-ի անկման տեմպերով, ինչպես արդեն նշվեց, զբաղեցրեց խայտառակ առաջին տեղը ոչ միայն ԱՊՀ, այլև ԵԱՀԿ 56, ինչպես նաև ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների շարքում:
ԻՆՉՈ՞Ւ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
ՉԷ Այս պարագայում, բնականաբար, հարց է ծագում. ինչո՞ւ կառավարության հայտարարած և իր կողմից իրագործվող հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականությունը չի տալիս դրական արդյունքներ, ո՞րն է ՀՆԱ-ի չընդհատվող անկման պատճառը: Այս հարցերին պատասխանում է տնտեսագիտական տեսությունը, որը հաստատում է. համախառն ներքին պահանջարկի զգալի կրճատմամբ պայմանավորված տնտեսական ճգնաժամի պայմաններում, այո, իրապես պահանջված է ընդլայնողական (էքսպանսիոնիստական) ֆիսկալ քաղաքականությունը, որն իրագործվում է պետական ծախսերի ավելացմամբ և հարկային դրույքաչափերի նվազեցմամբ: Որպեսզի այդ քաղաքականությունը տնտեսության մեջ գործուն լինի, այն պետք է նախ խթանի համախառն պահանջարկի աճը, ընդ որում, պահանջարկը պետք է առավելագույնս մոտենա համախառն ծախսերի մեծությանը: Միաժամանակ այս քաղաքականությունը պետք է նպաստի համախառն առաջարկի աճին, ընդ որում` արտադրողների (ընկերություններ, ձեռնարկություններ) ծախսերի չափով և այդ պարագայում միաժամանակ նպաստի այդ ծախսերի իջեցմանը:
Հայտնի է նաև այն, որ համախառն պահանջարկի հիմնական բաղադրիչներն են տնային տնտեսությունների պահանջարկը, ձեռնարկատիրական սեկտորի կողմից ներդրումային, պետության, աշխարհի կողմից պահանջարկը (տարբերությունը ներմուծման և արտահանման միջև, այսինքն` մաքուր արտահանումը): Այժմ հերթով դիտարկենք, թե որքանո՞վ է հանրապետության տնտեսության մեջ և ֆինանսներում ձևավորված իրավիճակը նպաստում համախառն պահանջարկի առանձին բաղադրիչների աճին, ինչպես նաև` որքանո՞վ է 2010 թ. բյուջեի նախագիծը (ներկայացված ձևով այն հաստատվելու դեպքում) նպաստելու համախառն պահանջարկի ավելացմանը: Վերլուծենք էկոնոմիկայում տնային տնտեսությունների պահանջարկի ձևավորված վիճակը: Ինչպես վերը նշվեց, սթ. 9 ամսում բնակչության սպառողական զամբյուղում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող 23 ապրանքատեսակների և սննդամթերքի ձեռքբերման 38,2%-ը բաժին է ընկնում ներմուծմանը, որը կազմում է 243 մլրդ 284 մլն 261,4 հազ. դրամ: Եթե դրան ավելացնենք այն, որ տնային տնտեսությունների պահանջարկի մեջ որոշակի մաս են կազմում բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը, որոնք ստացվում են բացի ՀԷԿ-երից նաև ջերմաէլեկտրակայաններում և հայկական ատոմակայանում, որոնք էլ իրենց հերթին են օգտագործում ներմուծվող բնական գազը և միջուկային վառելիքը, ապա պարզ է դառնում, որ տնային տնտեսությունների համախառն պահանջարկում նշանակալի տեսակարար կշիռ ունեն ներմուծվող ապրանքները: Այսպիսով, կարելի է մեկ անգամ ևս հաստատել. ընդլայնողական բյուջետահարկային քաղաքականությունը այնքանով կլինի արդյունավետ, որքանով որ կառավարության ներմուծման փոխարինելիության քաղաքականությունը:
Ներմուծման փոխարինելիության անհրաժեշտությունը մեկ անգամ չէ, որ հռչակվել է վարչապետի կողմից, բայց սայլը դեռ տեղից չի շարժվել: Նույն կերպ են գործերը նաև համախառն պահանջարկի մյուս բաղկացուցիչների, մասնավորապես, պետական գնումների պարագայում: Ֆինանսների նախարարի կողմից «Պետական գնումների մասին», օրենքում նախատեսվող փոփոխությունների (որոնք ընդունման պարագայում խթանիչ ազդեցություն կունենային հայրենական արտադրության համար) վիժեցման քաղաքականությունն էությամբ ոչ այլ ինչ է, քան գործնականում կառավարության կողմից ընդլայնողական (էքսպանսիոնիստական) բյուջետահարկային (ֆիսկալ) քաղաքականության ուղեգծի մերժում: Ավելի լավ չեն գործերը և արտաքին տնտեսական գործունեության բնագավառում, որի արդյունքներն անմիջական ազդեցություն ունեն համախառն պահանջարկի կառուցվածքի վրա (ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհում ներմուծվող-արտահանվող ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանմամբ): Այսպես, միայն սթ. 9 ամսում երկրի արտաքին տնտեսական հաշվեկշռում ձևավորվել է բավականին տագնապալի պատկեր. մասնավորապես, ՀՀ-ում սպառվող տավարի մսի 25,3%-ը, խոզի մսի 48,5%-ը, հավի մսի 86,4%-ը, ձկան 31,1%-ը, սերուցքային կարագի 69%-ը, հացահատիկի 57%-ը, բուսական յուղի 95,4%-ը, մարգարինի 98,4%-ը, շաքարավազի 98,2%-ը, մակարոնեղենի 58,2%-ը, օղու 29,5%-ը, ծխախոտի 39%-ը ունեն արտասահմանյան ծագում: Այս ցուցանիշներին պետք է մոտենալ նախևառաջ ազգային անվտանգության տեսակետից, չմոռանալով, թե ինչպիսի հետևանքներ ունեցավ վրաց-հարավօսական 5-օրյա պատերազմը, երբ Վրաստանի տարածքում մի կամուրջի պայթեցումից հետո գործնականում կաթվածահար եղան Հայաստան եկող երկաթուղային բեռնափոխադրումները, ինչը հանգեցրեց շատ ծանր հետևանքների, մասնավորապես, երկրի պարենային անվտանգության համար: Ահա այսպիսին է իրավիճակը պարենային ապահովման բնագավառում, որի արտադրությունը հանրապետությունում հնարավոր է զգալիորեն ընդլայնել:
Բայց, ցավոք, այս ուղղությամբ էական ոչ մի բան չի արվում, ինչն առաջացնում է միաժամանակ և՛ տարակուսանք, և՛ վրդովմունք: Եվ իրերի այսպիսի դասավորությունը տեղ է գտել այն պայմաններում, երբ սակավահող Հայաստանում վարելահողերի համարյա 40%-ը չի մշակվում: Հայրենական արտադրության մրցունակության բարձրացման ուղղությամբ գործուն միջոցառումների անցկացումը, ներմուծման փոխարինելիության կոշտ քաղաքականության իրականացումը պետք է որ վերջապես դրվեն կառավարության հայտարարած ընդլայնողական բյուջետահարկային քաղաքականության հիմքում: Այն պայմաններում, երբ սթ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ապրանքների և ծառայությունների արտահանումը Հայաստանից 4,65 անգամ քիչ է, քան ներմուծումը, որը կազմել է 2 մլրդ 570 մլն դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել 71,5%, իսկ արտահանումը նույն ժամանակահատվածի համար՝ ընդամենը 59,3%, ՀՆԱ-ի 17,5% անկման պարագայում, երբ միաժամանակ հանրապետության արտաքին պարտքը կրկնապատկվել է, գործերի նման դասավորությունը խիստ վտանգավոր է դառնում երկրի տնտեսական անվտանգության համար ամբողջությամբ: Ավա՜ղ, այս եզրակացությունը չափազանցություն չէ: Հաջորդ բաղադրիչը, որը նպաստում է համախառն պահանջարկի ավելացմանը, ներդրումային պահանջարկի խթանումն է: Բյուջե կազմողներին հիշեցնենք, որ ներդրումային պահանջարկը արտացոլում է ձեռնարկությունների, կազմակերպությունների, ընկերությունների` դրամական ձևով արտահայտված պոտենցիալ պահանջարկը` եկամուտ ստանալու նպատակով ներդրումային նշանակության ապրանքներ ձեռք բերելու համար: Հանրահայտ է, որ ներդրումային պահանջարկն առկա է, երբ տնտեսության մեջ ստեղծված է ներդրումային համապատասխան միջավայր:
Այսինքն՝ երբ սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական պայմաններն ամբողջության մեջ գրավիչ և նպատակահարմար են դարձնում ներդրումները տվյալ երկրի տնտեսությունում: Այժմ վերլուծենք հանրապետությունում իրավիճակը ներդրումային գրավչության տեսակետից: Օրինակ, քննարկենք, թե ինչպես են գործերը բիզնես-իրավունք փոխհարաբերություններում: Այսպես, համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2009 թ. հունվար-սեպտեմբերին կատարողական բոլոր վարույթներում պահանջված և չվերականգնված մնացորդային գումարները բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով. նշված ժամանակահատվածում պահանջված գումարը կազմել է 7 մլրդ 440 մլն 94,2 հազ. դրամ, չվերականգնված մնացորդային գումարը՝ 15 մլրդ 488 մլն 343,8 հազ. դրամ: Եվ սա այն պայմաններում, երբ 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ կատարողական վարույթներում կար 23388 գործ, սթ. 9 ամսում ստացվել էին 47738, կասեցվել և ավարտվել է 49271, սեպտեմբերի վերջին մնացել է 21855 գործ: Հատկանշական է, որ 2009 թ. հունվարի 1-ի տվյալով Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց ընդհանուր թիվը կազմել է 59142, այսինքն` տարեսկզբի դրությամբ կատարողական վարույթում է գտնվել Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց 39,5%-ը: Այս տվյալները պերճախոս վկայում են մի կողմից հարկային մարմինների վարչարարության որակի, մյուս կողմից՝ հարկային օրենսդրության և հանրապետությունում ստեղծված տնտեսական իրադրության համապատասխանության աստիճանի մասին:
Միաժամանակ, դրանք հանրապետության դատական մարմինների գործունեության մասին մտորելու առիթ են` մեր երկրի տնտեսությանը ներդրումային գրավչություն հաղորդելու, ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու տեսանկյունից: Նշենք նաև, որ ներդրումային պահանջարկը կարող է լինել ինչպես պոտենցիալ, այնպես էլ իրական: Պոտենցիալ ներդրումային միջավայրը, ինչպես հայտնի է, արտացոլում է տնտեսավարող սուբյեկտների կուտակած եկամուտների ծավալը: Հայաստանի պայմաններում, ցավոք, տնտեսավարող սուբյեկտների կողմից եկամուտների կուտակումն աննշանության պատճառով նշանակալի դեր չի խաղում ներդրումային պահանջարկի ձևավորման գործում: Օրինակ, ՀՀ վճարային հաշվեկշռի մասին հրապարակված տվյալները 2009 թ. առաջին կիսամյակի կտրվածքով վկայում են ներդրումային ցածր ակտիվության մասին: Այսպես, նշված ժամանակահատվածում ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կազմել են ընդամենը 168 մլն 60 հազ. դոլար, ինչը 86 մլն 18 հազ. դոլարով կամ 33,8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ներդրումային պահանջարկի խթանմանն ամենևին չի նպաստում նաև այն հանգամանքը, որ, չնայած Կենտրոնական բանկի սահմանած վարկավորման համեմատաբար ցածր տոկոսադրույքին, որը կազմում է 5%, հանրապետության առևտրային բանկերը շարունակում են վարկավորումը չարդարացված բարձր տոկոսներով, որոնք տատանվում են 16-20%-ի միջակայքում: Ներդրումային պահանջարկի ձևավորման վրա բացասական ազդեցություն ունի նաև հանրապետություն եկող տրանսֆերտային զուտ մուտքերի կրճատումը: Այսպես, առևտրային բանկերի միջոցով դրամական փոխանցումներում ֆիզիկական անձանց եկող գումարները 2009 թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 642 մլն 566 հազ. դոլար, ինչը 93 մլն 225 հազ. դոլարով քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Հատկանշական է, որ ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով դրամական փոխանցումների զուտ մուտքերը, որոնք իրականացվել են սթ. 9 ամսում, կազմել են 652 մլն 285 հազ. դոլար, ինչը 378 մլն 255 հազ. դոլարով քիչ է, քան 2008 թ. նույն ժամանակահատվածում: Ընթացիկ տարում իրավաբանական և ֆիզիկական անձանց ստացած տրանսֆերտների շարժընթացը վկայում է, որ դրանք նույնպես չեն խթանելու ներդրումային պահանջարկը, այսինքն` նաև համախառն պահանջարկն ամբողջությամբ:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Ամփոփելով վերը շարադրածը, կարելի է պնդել, որ կառավարության հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության իրականացման ուղեգիծը պատշաճ արտացոլում չի գտել 2010 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում: Այս պայմաններում հանրապետության բյուջեի հակաճգնաժամային ուղղվածության մասին խոսելը զուրկ է որևէ հիմքից: Ընդ որում, ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների բարեխիղճ, պրոֆեսիոնալ վերլուծության դեպքում անխուսափելի կլիներ եզրակացությունն այն մասին, որ մեր տնտեսական և ֆինանսական համակարգերը գործում են տնտեսական աճի, այսպես կոչված, «Ոսկե կանոնի», գործողության պայմաններում: Այս կանոնը դեռևս 20-րդ դարի 60-ական թթ. երկրորդ կեսին ձևակերպել էր ամերիկյան գիտնական Էդմունդ Ֆելփսը, որը 2006 թ. արժանացավ Նոբելյան մրցանակի` էկոնոմիկայի բնագավառում: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Էդմունդ Ֆելփսը իր գիտական կարիերայի ընթացքում ընդգծում էր, որ իրերի ներկայիս դասավորության վրա մեծ ազդեցություն ունի երեկվա կատարածը: Այսպես, Հայաստանի ՀՆԱ-ում տնտեսական երկնիշ աճը, որը դիտվում էր 2002-2007 թթ., մեծապես պայմանավորված էր ՀՆԱ-ի կառուցվածքում շինարարության ազդեցության աճող մակարդակով: Դա տեղի էր ունենում ՀՆԱ-ում արդյունաբերության ազդեցության մակարդակի աստիճանաբար նվազեցման հետ միաժամանակ: Այդ նույն ժամանակահատվածում տեղի էր ունենում նաև ՀՆԱ-ի կառուցվածքում ապրանքաշրջանառության և ծառայությունների ոլորտի տեսակարար կշռի աճ, ինչը զգալիորեն պայմանավորված էր հսկայածավալ տրանսֆերտներով (տարբեր գնահատականներով` 1,5-2,5 մլրդ դոլար), որոնք տնտեսության մեջ հաջողության պատրանք էին ստեղծում: Դա հանգեցրեց համախառն սպառման զգալի աճի, ինչը ամրապնդված չէր տնտեսության մեջ մաքուր ներդրումների համաչափ աճով:
Մինչդեռ Էդմունդ Ֆելփսի «Ոսկե կանոնի», համաձայն. համախառն սպառման մաքսիմիզացիայի պայմաններում (հեռանկարային կտրվածքով) անհրաժեշտ է հավասարություն պահպանել մաքուր ներդրումների մակարդակի (ինչը հիմնական կապիտալի հավելյալ ավելացումն է` բաժանած այդ կապիտալի չափի վրա) և կապիտալի դիմաց ստացված հասույթի (այսինքն` կապիտալի և շահույթի հարաբերակցության) մակարդակի միջև: Տրամաբանությունը պարզ է. եթե ներդրումներ կատարվում են որոշված չափից շատ, ապա դա արտադրական հզորությունները մեծացնում է հնարավոր պահանջարկից ավելի, ինչը հանգեցնում է գերարտադրության (դեֆլյացիոն) ճգնաժամի: Վերջին տարիներին նման պատկեր տեսնում էինք հանրապետության շինարարական համալիրում: Այսպես, տարիների ընթացքում բնակարանաշինության (հատկապես, այսպես կոչված, էլիտար շինարարության) մեջ ներդրումները զգալիորեն գերազանցում էին ներդրված կապիտալի դիմաց հասույթը (ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբին, վարչապետ Տ. Սարգսյանի խոստովանությամբ, հանրապետությունում կար ավելի քան 4500 չիրացված բնակարան՝ էլիտար շենքերում, և դա այն դեպքում, երբ բնակարանի պահանջ ունի ավելի քան 50 հազար ընտանիք): Այսինքն` շինարարական համալիրի արտադրական հզորությունները գերազանցեցին դրանց ապրանքի (բնակարանների) նկատմամբ պահանջարկի հնարավորությունները: Ազատ շուկայական տնտեսության և շուկայական մրցակցության օրենքների գործողության պայմաններում մենք պետք է որ ականատեսը լինեինք բնակարանների շուկայական գների զգալի նվազմանը: Սակայն դա տեղի չունեցավ. կառավարությունը գերարտադրության (տվյալ դեպքում` պատրաստի բնակմակերեսի) պայմաններում փոխանակ խթաներ համախառն պահանջարկը, քաղաքականություն, որին հակված լինելու մասին նա մեկ անգամ չէ, որ պաշտոնապես հայտարարել է, գնաց բնակարանային անավարտ շինարարության մեջ ներդրումների հետագա ավելացմանը: Ը
նդ որում, իր նմանատիպ սխալ գործողությունները, որոնք է՛լ ավելի են խորացնում գերարտադրությամբ պայմանավորված ճգնաժամը, գործադիրը քողարկում է քաղաքացիների հիպոթեքային ֆինանսավորման ակտիվացման, հիպոթեքային վարկավորման գծով մասնագիտացված կազմակերպության հիմնադրման մասին դեկլարացիաներով: Այդ պարագայում, կառավարությունն իրեն հաշիվ չի տալիս, որ պատրաստի բնակարանների շուկայում մրցակցային գնագոյացման բացակայության և հիպոթեքային վարկավորման երկնիշ տոկոսադրույքի պայմաններում, հիպոթեքային վարկավորման գաղափարը տարրական ինքնախաբեություն է: Դա մեր քաղաքացիների ականջներին լափշա կախելու հերթական փորձ է, որն ուղեկցվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ գործուղված պաշտոնյաների ուղեղների միաժամանակյա լվացմամբ: Ակնհայտ է, որ տնտեսական նման արատավոր քաղաքականության շարունակությունը միջնաժամկետ հեռանկարում հանգեցնելու է փլուզման ոչ միայն հանրապետության շինարարական համալիրում, այլև էկոնոմիկայում ամբողջությամբ:
Հ.Գ. Երբ պետությունը ձեռնարկում է ճեղքումային նախաձեռնություններ արտաքին քաղաքական ոլորտում, որոնք շոշափում են համաշխարհային գլոբալ խաղացողների շահերը և միևնույն ժամանակ հասնում է իր նախաձեռնությունների համընդհանուր հավանության վերջինների կողմից, ապա արտաքին քաղաքականության մեջ ձեռքբերված հաջողությունների ամրապնդման համար բացառիկ կարևոր նշանակություն է ստանում ազգի կոնսոլիդացիան: Դա արդիականության գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու պարտադիր պայման է: Իսկ ազգի կոնսոլիդացիան հնարավոր է միայն երկրի ներսում տնտեսական հզոր թիկունքի ապահովման դեպքում, որը պետք է հիմնված լինի նախևառաջ հայ ժողովրդի միասնական բանականության և միասնական իմաստնության վրա: Կարծում ենք, որ հասունացել է անհրաժեշտությունը փիլիսոփայորեն մտորել հանրաճանաչ հին հռոմեացի պատմաբան Տիտուս Լիվիուսի թևավոր դարձած խոսքի շուրջ, որը Հանիբալի վախճանից համարյա 150 տարի անց «Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից սկսած», իր աշխատության մեջ արտաբերել է. «Հանիբալ, հաղթել դու կարողանում ես, բայց հաղթանակի արդյունքներից օգտվել չես կարողանում…»:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության», նախագահ