Սերժը փրկելու է ազգին

12.11.2011, Հայկական ժամանակ

Տեւական ժամանակ է` իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը փորձում է միավորել կուսակցություններին, իսկ որոշների լիդերներն էլ ՀՀԿ համամասնական ցուցակում են լինելու: Երեկ մեր հարցերին պատասխանել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

- Ճի՞շտ է, որ դուք ՀՀԿ համամասնական ցուցակում եք լինելու:

- Իշխանական շրջանակներից ճշտեք:

- Ձեզ նման առաջարկ չի՞ եղել:

- Երկրորդ հարցը:

- Ձեզ առաջարկ եղե՞լ է լինել ՀՀԿ համամասնական ցուցակում:

- Ինձ առաջարկ է եղել` համաձայնություն տամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ղեկավար կազմում ընդգրկվելու:

- Ե՞ւ, համաձայնե՞լ եք:

- Ասել եմ` կմտածեմ, տեսնեմ` հանրապետականի հետ գլուխ հանում եմ, թե չէ, նոր պատասխան կտամ:

 

- Կոալիցիոն ավելի ընդլայնված ֆորմատի հուշագիր ստորագրելու առաջարկ ձեզ եղե՞լ է, թե ոչ:

- Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, եւ ցավ ես ապրում, որ այսօրվա քաղաքական միտքը կենտրոնացած է այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք դուք ուղղում եք ինձ: Ժամանակն է, որ մենք բոլորս գեթ մեկ անգամ մեր նորագույն պատմության մեջ ազգային խնդիրների օրակարգ ձեւավորենք եւ հասնենք նրան, որ այդ ազգային խնդիրների օրակարգը իր մեջ ներառի առկա վտանգավոր զարգացումները տարածաշրջանում եւ երկրի ներսում, եւ ուս ուսի տված, խելք խելքի տված միասին կարողանանք դիմակայել դրանց:

- Կարո՞ղ է այդ լրջագույն խնդիրների համար ձեզ առաջարկվի նոր կոալիցիոն հուշագիր ստորագրել:

- Երբ մեր ազգային օրակարգը կձեւակերպվի եւ այդ ազգային օրակարգը հասու եւ հասանելի, մատչելի կլինի թե քաղաքական գործիչների, թե ժողովրդի համար, այդ պարագայում յուրաքանչյուր քաղաքական ուժ թող իր լուծումներն առաջարկի, եւ այդ լուծումները առաջարկելուց հետո բոլորը փեշի քարը թափեն մի կողմ եւ ասեն` հայրենիքը մեկն է, եւ այսօր հայրենիքի բախտն ու ճակատագիրը տնօրինելու պատգամը տրված է այսօրվա քաղաքական գործիչներին, ուրեմն` համախմբվենք: Ախր մի հատ նայենք` ինչ է կատարվում աշխարհում, հատկապես երբ վտանգը մոտենում է: Վտանգը մոտենում է, Սիրիայից գալու է դեպի Իրան, Իրանից` Հայաստան, եւ ամբողջ Կովկասը բոցերի մեջ կլինի: Իսկ դուք ասում եք` հանրապետականի ցուցակով եք գնալու, թե չէ:

- Դուք արաբական երկրների հեղափոխական ալի՞քը նկատի ունեք:

- Դա հեղափոխական ալիք չէ, դա նոր աշխարհակարգի ձեւավորում է, որտեղ, ավաղ, Հայաստանի նման երկրին տեղ չի նախատեսված, ոտատակ լինելու վտանգ կա մեր երկրի առաջ, եւ այդ բոլորը գիտենալով հանդերձ` որոշակի կանոնների մեջ տեղավորվես, այն է` դուք զանգել եք, ես պետք է բնականաբար պատասխանեմ ձեր հարցերին, բայց դրանից հետո խիստ անբավարարվածություն ես զգում, որ կյանքը ինչ է թելադրում, դու ինչով ես զբաղվում:

- Պարոն Գեղամյան, կարո՞ղ է հիմա Սերժ Սարգսյանը որոշել է ազգային փրկության ծրագիր կազմել եւ ձեզ նման առաջարկ է անում:

- Հա, շատ լավ է արել, նա էն գլխից դա էր որոշել: Ժամանակին որոշ մարդիկ չհասկացան կամ, իրենց ամբիցիաներից ելնելով, դրան տուրք չտվեցին: Այդ մարդը միտինգի ժամանակ ընտրություններից առաջ կանգնում, հրապարակավ ասում է` էն մյուս միտինգի մասնակիցները իմ քույրերն ու եղբայրներն են, դրանից ավել ի՞նչ ասի: Նույն Լեւոնենք խելք ունենային, գային միավորվեին, ասեին` միասին գնում ենք, ժողովուրդ ջան, այդ ժամանակ լրիվ ուրիշ բան կլիներ: Այս մարդը իր քայլն արեց` լինելով իշխանության. վարչապետ էր այն ժամանակ:

- Ու դրանից մի քանի օր հետո քույրերի, եղբայրների վրա կրակեցին:

- Ես էլ դա եմ ասում. եթե հետեւեին իր հորդորին, կրակ չէր լինի:

- Նույն հաջողությամբ ինքը կարող էր գնալ Ազատության հրապարակ:

- Դա արդեն ուրիշ հարց է եւ ուրիշ հարցազրույցի թեմա:

- Հիմա ,Ազգային միաբանությունըե մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին եւ ինչպե՞ս է մասնակցելու:

- Ցանկացած կուսակցություն, որը իրոք կուսակցությանը ներհատուկ գործառույթների մեջ է ընդգրկված, չի կարող չմասնակցել համապետական ընտրությունների: Եթե չի մասնակցում, նշանակում է` նա արդեն դադարում է կուսակցություն կոչվելու իրավունքից:

- Իսկ ո՞նց եք մասնակցելու, ի՞նչ ֆորմատով:

- Փառահեղ նախընտրական ծրագրով, որը հավասարը չի ունենա հատկապես աշխարհաքաղաքական վերլուծությունների եւ Հայաստանի տեղի, դերի բաժնում:

- Միայնակ ե՞ք մասնակցելու:

- Մասնակցելու ենք հայ ժողովրդի հետ միասին: Մեկուսացված չէ ,Ազգային միաբանությունըե: Հենց իր անվանումն էլ ասում է, որ մենք միայնակ մասնակցելու իրավունք չունենք:

- ՀՀԿ-ի հե՞տ եք մասնակցելու:

- Համ ՀՀԿ-ի, համ ազգային կոնգրեսի, բոլոր այն ուժերի հետ, ովքեր հայտ են ներկայացնելու մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին:

- Դաշինքո՞վ եք մասնակցելու ընտրություններին, թե՞ առանձին ցուցակ եք կազմելու, ներկայացնեք ԿԸՀ:

- Կուսակցությունը առանձին ցուցակ կազմելու է, իսկ հետո այդ ցուցակը թե որ ցուցակների հետ կհամախմբվի կամ կհամալրվի, դա ժամանակը ցույց կտա:

Լուսինե Բարսեղյան

Последние видеоматериалы

Новые книги