ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐՈՎ

հարցազրույց «Ազգային Միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ

- Պարոն Գեղամյան, Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիր էր հետապնդում ավանդների հարցով արտահերթ նստաշրջանի տապալումը:

- Ավանդների հարցը բարձրացնելն ակնհայտ դարձրեց, որ իշխանության մաս կազմող կոալիցիայում կան պատգամավորներ, որոնք համոզված են, որ ավանդները վերադարձնելու գումարներ Հայաստանում կան: Սակայն, այդ գումարները դուրս են բյուջետային համակարգից, որը հնարավոր է ուղղել բյուջեի եկամտային մաս. բայց հերթական անգամ պարզ դարձավ, որ այս կոալիցիան ի վիճակի չէ դա անելու, որովհետև այդ գումարները շրջանառվում են կոալիցիայի հենարան հանդիսացող առանձին օլիգարխների բիզնեսի տիրույթում: Երկրորդ, ակնհայտ դարձավ, որ կոալիցիան վախենում է բաց քննարկումներից, քանզի այդ դեպքում ընդդիմությունն ի ցույց էր դնելու կոռուպցիայի և կաշառակերության այն չափերը, որոնց մեջ թաթախված է այս իշխանությունը: Երրորդ, հերթական անգամ ակնհայտ  դարձավ, որ կոալիցիայի մաս կազմող կուսակցություններն անկեղծ չէին, երբ ուղիղ 10 ամիս անընդմեջ ասում էին, թե պատրաստ են ցանկացած հարց քննարկել ընդդիմության հետ: Եւ չորրորդ, Քոչարյանը հերթական անգամ, մի կողմից՝ ՀՀԿ-ին և վարչապետին, մյուս կողմից՝ ՕԵԿ-ին և ԱԺ նախագահին հասկացրեց, որ պետք չէ չափից ավելի ոգևորվել, և որ այս երկրում հարցեր լուծողները միայն Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են՝ իրենց փոքրաթիվ յուրայիններով: Մեզ այս սցենարն ի սկզբանե պարզ էր, քանզի ստորագրողների թվում կային այնպիսի պատգամավորներ, որոնք, անգամ ստամոքսի խանգարման դեպքում, նախագահական աշխատակազմ են զանգ տալիս և արտաքնոց գնալու թույլտվություն խնդրում:

- Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի «ԱՄ»-ի կայացրած որոշումը՝ մասնակցել բյուջեի ավարտական քննարկումներին և քվեարկությանը:

- Մենք, այո, ուրբաթ օրը լինելու ենք խորհրդարանում և մեր պարտքն ենք համարում, մասնակցելով բյուջեի քննարկումներին, ցույց տալ այն ճանապարհները, որոնցով ընթանալով հնարավոր կլինի հավելյալ միլիարդավոր գումարներ բերել բյուջեի եկամտային մաս: Մասնակցելու ենք, որպեսզի հետո որևէ մեկը մեզ չմեղադրի՝ եթե ճանապարհը գիտեիք, ինչո՞ւ չէիք ասում:

- Այդ վերադարձը նշանակո՞ւմ է, որ «ԱՄ»-ն գարնանային նստաշրջանից լինելու է ԱԺ-ում:

- Անշուշտ՝ չի նշանակում: Քանզի եթե մենք մինչև վերջերս փոքր-ինչ պատրանք ունեինք, թե կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները գիտակցում են, որ առանց ընդդիմության մասնակցության օրինաստեղծ աշխատանքը լեգիտիմ լինել չի կարող, ապա ավանդների հարցով ԱԺ արտահերթ նստաշրջանի արհեստական տապալումից հետո այդ պատրանքները հօդս ցնդեցին: Այդուհանդերձ, եթե պետության և ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցեր դրվեն խորհրդարանի քննարկմանը, մենք մասնակցելու ենք:

- Արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ՝ ուղին, որով ընթանում է Հայաստանը, ժողովրդավարության առումով տանում է փակուղի: Համաձա՞յն եք այդ գնահատականին:

- Որ ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր զարգացումների համատեքստում անաքրոնիզմ են համարվում այն երկրները, որոնք գլոբալացման ճամփեզրին են հայտնվել, որոնց թվում է նաև Հայաստանը, դա փաստ է: Հայաստանը դուրս է շպրտված այն բոլոր  զարգացումներից, որոնք ներհատուկ են 21-րդ դարին. լինեն դրանք խոշորածավալ տնտեսական, թե ինտեգրացիոն ծրագրերը: Եւ այսօր գավառամտությունը հասել է այնտեղ, որ փորձ է արվում անգամ չեղած խնդիրների շուրջ ներքաղաքական բախումներ հրահրել, է՛լ ավելի խորացնելով Հայաստանի՝ այլևս փաստ դարձած լուսանցքային վիճակը, ասելով, որ Իրաք խաղաղապահներ ուղարկելը հղի է նոր ցեղասպանությամբ: Եւ փոխանակ ասվի, որ ահաբեկչության դեմ  պայքարում մենք մեր համերաշխությունն ենք հայտնում 30 այն երկրներին, որոնց զինծառայողները գործուղվել են Իրաք, հակառակ քարոզչությունն է փորձում տարվել: Ահա այսօրինակ քաղաքականությունը, ժողովրդավարության առումով, Հայաստանին տանում է փակուղի:

- Այդուհանդերձ, Իրաքի հարցում ընդդիմության ճամբարը միակարծիք չէ: Մասնավորապես, «Արդարություն» դաշինքն ուրբաթ օրը ԱԺ-ում կտրուկ դեմ է արտահայտվելու Իրաք հայկական կոնտինգենտ ուղարկելուն:

- Ես ծանոթ չեմ «Արդարություն»  դաշինքում ներգրավված ութ կուսակցությունների մոտեցումներին, սակայն ինձ անհասկանալի է, որ մի կողմից հենց ձեր թերթում երկարաշունչ և ծավալուն հոդվածներով են հանդես գալիս  ժողովրդավարական արժեքների շուրջ և հանկարծ այդ ժողովրդավարության հիմնական շարժիչ ուժ հանդիսացող ԱՄՆ-ի քաղաքականությանը, որի մեխերից մեկը նաև այս հարցն է, գնում են հակառակ:

- Վերջին ժամանակներս կրկին ակտիվացել է Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնը: Դուք ինչպե՞ս եք գնահատում ՀՀ առաջին նախագահի անվան շուրջ առկա ակտիվացումը:

- Երբ ուշադիր հետևում ենք, թե առաջին նախագահի հետ կապված լուրերը որ խողովակով են դրվում շրջանառության մեջ, տեսնում ենք, որ դա սկսվում է ՀՀՇ-ից, ինչը խիստ ոգևորությամբ ընդունվում է այս իշխանությունների կողմից, որովհետև ներկաներին թվում է, թե իրենց հանդեպ վերաբերմունքը շատ ավելի հանդուրժողական է, քան նախկինների: Այս հարցում, իհարկե, ներկաներին պետք է հիասթափեցնեմ. նրանց հանդեպ վերաբերմունքը շատ ավելի բացասական է, քան նախկինների: Մյուս կողմից, առաջին նախագահի թեման շոշափում են անկախ վերլուծաբանները, որոնք փորձում են սթափ գնահատել ՀՀ-ի թե՛ ներքին զարգացումները, թե՛ ՀՀ-ի շուրջ հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումները, և այդ ամենը հանրագումարի բերելով՝ հանգում են այն եզրակացության, որ այսօր չկան ո՛չ սոցիալական, ո՛չ ներքաղաքական և ո՛չ էլ արտաքին քաղաքական այն զարգացումները, որոնք պահանջված կդարձնեն առաջին նախագահին:

- Եվ վերջին մի հարց. ձեր պարբերական հղումները հայոց մեծերին՝ ոմանց մոտ անլուրջ տպավորություն է թողնում:

- Նախ, այդ «ոմանք»  երբեք ու երբեք ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք չունեն: Ինձ ոգևորում են իրենց այդ գնահատակաները, որովհետև, եթե մի բան ազդեցություն չի թողնում, այդ մասին այդքան չեն խոսում: Այո, ես ինձ հոգեհարազատ  եմ համարում հայ մեծերին, ես ինձ հոգեհարազատ եմ համարում քերթողահայր Խորենացուն, Նարեկացուն, Նահապետ Քուչակին, Խաչատուր Աբովյանին, Չարեցին, Հովհաննես Թումանյանին: Այո, Համո Սահյանի համար ես գժվում եմ, և ես շատ բան ունեմ սովորելու Մհեր Մկրտչյանի անցած ուղուց: Իրենք են իմ մեծերը, և ցանկացած քայլ կատարելիս ես մտածում եմ, թե ինչ կասեր այս ամենի մասին Չարենցը, ինչ կասեր Ավետիք Իսահակյանը, որը հաճախ էր լինում Լենինականի մեր տանը, և իր գրկից բախտ եմ ունեցել ճաշ ուտելու: (Ի դեպ, Գեղամյանը բախտ է ունեցել շփվելու նաև մեկ այլ մեծի՝ Հրաչյա Ներսիսյանի հետ՝ «Տժվժիկ»  ֆիլմում նկարահանվելով նրա թոռան դերում- խմբ.): Նրանց ողբերգությունն այն է, որ Քոչարյանն իմ իմացած մեծերի Պանթեոնում չկա, և ես վերջինիս ցիտատներով ու մտքերով չէ, որ առաջնորդվում եմ: Դե՛ ինչ, ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում:

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги