«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»  ԿԳՈՐԾԻ ՄԻԱՅՆԱԿ

ասում է կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը

11.10.2005

- Պարոն Գեղամյան, ինչո՞ւ «Ազգային միաբանությունը» որոշեց չմիանալ սահմանադրական փոփոխությունները մերժող 16 կուսակցություններին և որոշեց բացել սահմանադրական «ոչ»-ի երկրորդ ճակատը:

- Այն, որ «Ազգային միաբանությունը»  հանդես եկավ ինքնուրույն հայտարարությամբ, որին հաջորդեց իշխանական լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը, դա համոզեց մեզ, որ մեր ընտրած մարտավարությունը միանգամայն  ճիշտ և տեղին է: Պարզվում է՝ իշխանությունները դարդ են անում, թե ինչո՞ւ ընդդիմությունը հանդես չի գալիս միացյալ ճակատով և կարեկցում են 16-ին, որ «Ազգային միաբանությունը»  չմիացավ համատեղ հուշագրին: Այս խուճապն արդեն իսկ ապացուցում է, որ այն սցենարը, որը մշակված էր իշխանական վերնախավում՝ այն է, աջակցել «միասնական»  ընդդիմադիր ճակատի ստեղծմանը, այնուհետև վարկաբեկել և տապալել ընդդիմության միասնական գործողությունները, ձախողվեց: Իսկ ինչ վերաբերում է ինքնուրույն հանդես գալու մեր մարտավարությանը, ապա կուսակցության հայտարարության մեջ մենք հստակ ձևակերպել ենք սահմանադրական փոփոխություններին «ոչ»  ասելու մեր հիմնավորումները: Մասնավորապես, «ԱՄ»-ն գտնում է անհրաժեշտ, որ ոչ միայն հնարավորինս մեծ թվով մարդիկ գնան, մասնակցեն հանրաքվեին, ասեն իրենց վճռական «ո՛չ»-ը, այլ նաև հանրաքվեից հետո տեր կանգնեն իրենց դիրքորոշմանը: Երկրորդ առաջարկը մենք ուղղել ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵՄ երկրների դեսպանատներին: Հայտնելով մեր շնորհակալությունն իրենց պատրաստակամության համար՝ նպաստելու, որ հանրաքվեն անցնի ժողովրդավարության պայմաններում, մենք խնդրել ենք վերջիններիս, հանրաքվեի օրն իրականացնել ժողովրդավարական երկրներում լայնորեն կիրառվող «էկզիտպոլի»  մոնիտորինգային գործողություն. այն է՝ ընտրատեղամասերի մոտ, անմիջապես քվեարկությունից հետո, անկախ մասնագետների կողմից հարցումներ անցկացնել, պարզելու, թե ընտրության մասնակիցների քանի՞ տոկոսն է սահմանադրական նախագծին ասել «այո», իսկ քանիսը՝ «ոչ»:  Երրորդ, և ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ հանրաքվեն հրաշալի հնարավորություն է բոլոր այն արտախորհրդարանական ուժերի համար, որոնք հայտարարում են, թե կուտակած հսկայական կազմակերպական և գաղափարական ներուժ ունեն՝ ի ցույց դնելու այդ ներուժը: Հրաշալի հնարավորություն է խորհրդարանական այն ուժերի համար, որոնք կարծում եմ, արդարացիորեն ասում են, թե  ՏԻՄ ընտրություններում իշխանությունների կողմից չարչրկվող հայտնի անհաջողությունները պատահականություն էին, հանրաքվեի ընթացքում ապացուցելու իրենց իրական մարտունակությունը:

Իսկ եթե «Ազգային Միաբանությունը»  ևս միանար 16-ի համատեղ հայտարարությանը, հաջորդ իսկ օրը իշխանությունները թմբկահարելու էին, թե բան չհասկացանք այս ընդդիմությունից, որի մի մասը հանրաքվեն բոյկոտելու կոչ է անում, մյուս մասը՝ «ոչ»-ի կողմնակից է, երրորդ մասը կոչ է անում մարզերում այլ մարտավարություն ընտրել, քաղաքում՝ մեկ այլ, և այդ կոնտեքստում էլ ոմանք իրենց գործընկերներին, հուրախություն իշխանությունների, քնքշորեն մեղադրեցին քաղաքական իդիոտիզմի մեջ: Եւ եթե նման իրավիճակում մենք հայտնեինք մեր անհամաձայնությունը մեր գործընկերների այս կամ այն քայլին, կամ արդեն հնչած քաղաքական հայհոյանք-բնութագրումներին, ապա անմիջապես հետևելու էր իշխանական քարոզչամեքենայի գրոհը, թե «Ազգային միաբանությունն»  պառակտում է ընդդիմադիր դաշտը և ական է: Այնպես որ, մենք ճիշտ մարտավարություն ենք ընտրել և իշխանություններին զրկել ենք այս ամենի մասին խոսելու հաճույքից: Բացի դա, մենք խիստ ուշադիր հետևում ենք բոլոր այն սոցհարցումներին, որոնք, ինչքան էլ կողմնակալ են, այնուամենայնիվ, ապացուցում են, որ ի դեմս «Ազգային միաբանության», գործ ունեն բարձր վարկանիշ ունեցող, բավականին կազմակերպված և ինքնաբավ քաղաքական ուժի հետ: Իսկ ինքնաբավ ուժը կարող է և պարտավոր է ինքնուրույն քաղաքականություն վարել՝ այդ հարցում լուրջ անհանգստություններ պատճառելով իշխանություններին: Երբ իշխանությունները կենտրոնացած են մեկ քաղաքական բևեռի վրա, նրանք կարող են հաշվարկել այդ բևեռի հնարավոր քայլերը, սակայն երբ գործ ունեն երկու ճակատի հետ, նրանք ստիպված են լինելու երկփեղկվել և պայքարել սահմանադրական «ոչ»-ի երկու բևեռների հետ միաժամանակ:

- Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ «Ազգային միաբանությունը», գիտակցելով իր կշիռն ու ուժը, չի ցանկանում մտնել միացյալ ընդդիմության միասնական պատասխանատվության տակ, որպեսզի նաև հնարավոր դափնիները չվերագրվեն այլ ուժերին:

- «Ազգային միաբանությունն»  իր թե՛ դրականի և թե՛ բացասականի պատասխանատուն է և, այո, մենք չենք կարող արհեստականորեն կրել պատասխանատվություն 16-ի հնարավոր ոչ հեռանկարային և մեր կողմից չընդունվող այս կամ այն գործողությունների և քայլերի համար: Ուստի, որպեսզի իրականացվող բոլոր քայլերի պատասխանատվությունը լինի ճշգրտված, «Ազգային միաբանությունը»  որոշել է գործել առանձին: Բնականաբար, քարոզարշավի ընթացքում և կոնկրետ հանրաքվեի օրը մեր գործընկերների հետ կփոխանակենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող լրատվություն և տեղեկատվություն: Ընդդիմության համար «ԱՄ»-ի այս որոշումից ողբերգություն սարքել պետք չէ, մինչդեռ իշխանությունների համար մեր որոշումն իրոք անակնկալ էր, որը ունենալու է լուրջ հետևանքներ. մենք զրկեցինք ՀՀ իշխանություններին գործելու մեկ, կենտրոնացված ճակատի դեմ: Ինչ վերաբերում է քաղաքական դափնիներին, ապա ի սկզբանե դափնեկիրը որոշված է. դա մեր ժողովուրդն է, որին ընձեռած է հիանալի հնարավորություն թոթափելու այս վաղուց իրեն սպառած իշխանությունների բեռը:

- Պարոն Գեղամյան, միջազգային կառույցների բարյացկամ վերաբերմունքը սահմանադրական փոփոխություններին հիմք է տվել իշխանություններին ենթադրելու, որ եթե ընտրակեղծիքներն արվեն «նամուսով», ապա այդ կառույցները դրանց վրա աչք են փակելու: Նման վստահության պատճառ էր և՛ ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի խմբի ղեկավար Վեգեների նամակն ուղղված ԱԺ-ին, որտեղ նա հորդորում է ապահովել սահմանադրական «այո»-ն, և՛ Ջանի Բուքիքյոյի զգուշացումը, որ «ո՛չ»-ի դեպքում Հայաստանը լուրջ պրոբլեմներ է ունենալու:

- 2003-ի խայտառակ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ-ի կողմից ընդունվեցին համապատասխան փաստաթղթեր, որոնք գործող իշխանություններն անտեսեցին, մեր հասարակության կողմից դրսևորվեց որոշակի վերաբերմունք այդ կազմակերպությունների հանդեպ: Եւ եթե գոնե այս ընթացքում միջազգային այդ կառույցները տեր կանգնեին սեփական իսկ որոշումներից մեկ-երկուսին՝ պարտադրեին ՀՀ իշխանություններին բացել «Ա1+»  հեռուստաընկերությունը, կամ հետևողական լինեին ընտրակեղծարարներին պատժելու իրենց պահանջի մեջ, այդ ամենը մեր ժողովրդի շրջանում փոքր ինչ հավատ ու վստահություն կներշնչեր այդ կազմակերպությունների հանդեպ: Ավաղ, որևէ բան այդպես էլ չարվեց և այդ կառույցների բոլոր պահանջներն իշխանությունների կողմից մնացին անպատասխան: Եւ այն  համոզչությամբ, որ միջազգային կազմակերպությունները հորդորում են կողմ քվեարկել սահմանադրական փաթեթին ու սպառնում են ինչ-ինչ հետևանքներով, թող նրանք նույն համոզչությամբ իրենց կարծիքը հայտնեին ֆրանսիացի կամ հոլանդացի ժողովրդի հանդեպ, որոնք մերժեցին ԵՄ-ի Սահմանադրությունը: Մինչդեռ, երբ Ֆրանսիայի, գենետիկորեն ժողովրդավար հանրությունը «ոչ»  ասաց ԵՄ-ի Սահմանադրությանը, նա մերժեց տվյալ կառավարությանն ու նախագահ Ժակ Շիրակը գնաց ժողովրդի կամքին ընդառաջ և արձակեց կառավարությունը: Նույն իրավիճակը Հայաստանում է. ժողովուրդը «ոչ»  չի ասում սիրուն և գեղեցիկ շարադրված սահմանադրական փոփոխությունների տեքստին, այլ «ոչ»  է ասում իշխանություններին, այն մարդկանց, ովքեր ոտնահարել և շարունակում են ոտնահարել գործող Սահմանադրության ոչ պակաս սիրուն և գեղեցիկ ձևակերպումները: Այնպես որ, թող միջազգային կառույցների շատ հարգելի ներկայացուցիչներն իրենք իրենց հարց տան, թե այդ ինչպե՞ս եղավ, որ դեռ մայիսին նույն այս կոալիցիոն ուժերն աննախադեպ խանդավառությամբ գովերգում էին առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իսկ 24 ժամ անց, նույնպիսի խանդավառությամբ սկսեցին գովերգել տրամագծորեն հակառակ սկզբունքների վրա խարսխված նախագիծ: Եւ մի՞թե այդ կառույցների համար հասկանալի չէ, որ այս իշխանությունների համար կարևորը ոչ թե բովանդակությունն է, այլ ժողովրդավար երևալու արտաքին էֆեկտները: Եւ եթե այս ամենի հանդեպ անտարբեր են պարոններ Վեգեներն ու Բուքիքյոն, ապա ես դրա համար ընդամենը ցավում եմ: Այդուհանդերձ, եթե այդ կառույցները իսկապես շահագրգիռ են հանրաքվեի ազատ և արդար անցկացմամբ, ինչպես բազմիցս ասվել է, ապա թե՛ պարոն Բուքիքյոն, և թե՛ պարոն Վեգեներն իրենց կառույցներով հնարավորություն ունեն նպաստելու ընդդիմությանը, որն առ այսօր զրկված է այս հարցում ուղիղ եթերից, ներկայացնելու սեփական տեսակետը: Ընդ որում, սատարելու նաև ֆինանսապես, որպեսզի մենք կարողանանք, ինչպես իրենք են ասում, մեր կարծիքը ներկայացնելու ընտրողներին՝ օգտվելով վճարովի հեռուստաեթերաժամերից (կարծում եմ, իրենց մոտ չկան կասկածներ, թե ո՞ւմ են ֆինանսավորում երկիրը թալանող կլանները): Ես վստահ եմ, որ այդ կառույցներն առանձնահատուկ պայմաններ կստեղծեն թե՛ ընդդիմության և թե՛ դիմության համար, որպեսզի երկու կողմերն էլ հավասարապես կարողանան ներկայացնել իրենց տեսակետները:

- Պարոն Գեղամյան, դուք հիշատակեցիք Ֆրանսիայի օրինակը, որտեղ ԵՄ Սահմանադրության տապալումից հետո կառավարությունը հրաժարական տվեց: Սակայն մեր ղեկավարները, ի դեմս վարչապետի և Պնախարարի, արդեն իսկ հայտարարել են, որ հանրաքվեի տապալումը որևէ քաղաքական հետևանք իշխանությունների համար չի ունենալու:

- Ես սրտանց շնորհավորում եմ պարոն Քոչարյանին, որ իր փոխարեն արդեն պաշտպանության նախարարն է որոշումներ կայացնում և ինքն է որոշում, թե ո՞ր պարագայում ինչպես պետք է վարվի Ռոբերտ Քոչարյանը: Այս ավետիսը խոսում է արտահերթ նախագահական ընտրությունների մոտալուտ կայացման մասին: Այնպես որ, ձեր այդ հարցը ճիշտ կլինի վերահասցեավորել պարոն Քոչարյանին:

- «Ռոուզ-ռոթ» սեմինարի ընթացքում, ձեր կուսակցության փոխնախագահի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի հանրաքվեից հետո անցկացնել արտահերթ ԱԺ և նախագահական ընտրություններ, ԱՄՆ դեսպանը կրկին շեշտեց, որ Հայաստանում ընտրությունները պետք է լինեն հերթական:

- Ես պարոն Էվանսի հայտարարությունը կմեկնաբանեի հետևյալ կերպ. նա չի ասել, թե պարոն Կարապետյանի հարցադրումը տեղին չէ, այլ ուղղակի ասել է, որ հերթական ընտրություններին մնացել է ընդամենը 15 ամիս. այսինքն՝ հասկացրել է, թե այսքան դիմացել եք, դիմացեք նաև այդ 15 ամիսը, որը մեկ օրվա պես կանցնի և կգա իշխանափոխության անխուսափելի ու բաղձալի ժամանակը: Եւ ես ողջունում եմ Ջոն Էվանսի այն հայտարարությունը, որ 2007-ին և 2008-ին ԱՄՆ կանի ամեն-ինչ, որպեսզի ընտրությունները Հայաստանում անցնեն ազատ և արդար: Ինչպես նաև վստահ եմ, որ արդեն իսկ առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ԱՄՆ դեսպանատունը կանի ամեն ինչ՝ ապացուցելու ազատ և արդար հանրաքվե անցկացնելու երաշխավորը լինելու իր պատրաստակամությունը:

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги