ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱ՞ՆՔ Է ՍՏԵՂԾՈՒՄ

13.01.2015, Հայկական ժամանակ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի քննարկման ժամամակ իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դառնում առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ Եվրամիությունը նման երաշխիքներ Հայաստանին չէր տալիս:

Այնինչ, ԵՏՄ-ին միանալու գործընթացը սկսվելուց ի վեր սահմանային լարվածությունն աճել է. ամռանը մենք կանգնած էինք պատերազմի վերսկսման վտանգի առաջ, նոր տարին սկսել ենք զոհերով ու գրեթե օր ու մեջ ադրբեջանական կողմը դիվերսիոն փորձեր է կատարում: Մեր հարցերին պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ով ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու համոզված ջատագովներից է:

- Պարոն Գեղամյան, ասվում էր, թե ԵՏՄ-ին անդամակցում ենք առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով, այնինչ, սույն պրոցեսի մեջ ներգրավվելուն պես սահմանային լարվածությունը սկսեց աճել ու մենք պարբերաբար զոհեր ենք ունենում, հիմա ի՞նչ կասեք:

- Հիմա կասեմ այն, որ միանգամայն ճիշտ էր մեր երկրի ղեկավարի որոշումը` միանալ ԵՏՄ-ին, հակառակ պարագայում, համոզված եղեք, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի և նրա հովանավորողների կողմից ներքաշված կլինեին պատերազմական գործողությունների մեջ: Այնպես որ դա է, որ զսպում է ադրբեջանական կողմին 2- 3 տարիների ընթացքում 4 միլիարդից ավելի զենք եւ զինամթերք գնելու պայմանում, այնուամենայնիվ խուսափել, ձեռնպահ մնալ լայնածավալ պատերազմական գործողություններ սկսել Հայաստանի հետ:

 - Բայց այդուհանդերձ, լարվածությունը չի նվազում ու պատերազմի վերսկսման վտանգն էլ, միեւնույն է, չի անցնում:

- Դուք իրավացի եք, եթե ուշադիր հետեւեք այն զարգացումներին, որոնք ընթանում են Ադրբեջանում եւ Ադրբեջանի շուրջ, մասնավորապես, մի քանի օր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը իր մտահոգությունն էր հայտնել, որ վերջին շրջանում Ադրբեջանում հակաամերիկյան տրամադրություններ են սերմանվում: Կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, մատնանշելով այն հանգամանքը, որ 2014 թ. դեկտեմբերի 26-ին խուզարկության էր  ենթարկվել, իսկ այնուհետև փակվել «Ազատ Եվրոպա ռադիոյի» բյուրոն: Ավելին, թղթակիցները հարցաքննվել էին, սակայն դատապաշտպաններին արգելվել էր մասնակցել այդ գործընթացին: Այս մասին նշել էր Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոզեֆ Ռատկեն: Խնդրո առակայի կապակցությամբ ԵԱՀԿ-ն իր հերթին հայտարարել էր, որ կատարվածը «ևս մեկ ուժգին հարված է ` ուղղված Ադրբեջանում ազատ մամուլին և խոսքի ազատությանը» և նշել  նման վարքագծի անթույլատրելիության մասին:  Ուշագրավ է, որ դեկտեմբերի 20-ին ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց էր  ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ մտահոգություն էր հայտնել այն մասին, որ այդ երկրում դեռ կան քաղբանտարկյալներ, մասնավորապես, հիշատակվել էր Լեյլա Յունուսը, նրա ամուսինը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցուհին և այլք: Ասել կուզի, որ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն առհամարհել էին ԱՄՆ պետ.քարտուղարի հորդորները: Եթե ասվածին ավելացնենք սրիկայական դիվերսիոն դրսեւորումները, որոնք տեղի ունեցան ամանորի տոնակատարությունների ընթացքում ղարաբաղաադրբեջանական սահմանին, ապա մենք հասկանում ենք` ադրբեջանական իշխանությունները, գիտակցելով, որ հայտնվել են շատ բարդ իրավիճակում թե´ երկրի ներսում, թե´ դրսում, ամեն ինչ անում են` պատրանք ստեղծել արտաքին վտանգի առկայության վերաբերյալ: Թերևս, նրանք այդ կերպ են փորձում երկրի ներսում իրականացվող ավտորիտար քաղաքականության հետևանքները պարտակել: Դրանով իսկ ուզում են իրենց ժողովրդի եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղել ԼՂՀ չկարգավորված հակամարտության  ուղղությամբ` նպատակ ունենալով համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններին համոզել, որ ղարաբաղյան հիմնահարցի չլուծված լինելն է պատճառը, որ Ադրբեջանը ժողովրդավարական ուղուց շեղվել է:

- Իսկ չեք կարծո՞ւմ, որ ավելի շատ այս լարվածության պատճառն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը եւս ԵՏՄ անդամ դառնա:

- Բացարձակապես այդ հարցերը մեկը մյուսի հետ ոչ մի առնչություն չունեն այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը իր տնտեսական զարգացմանն ուղղված քաղաքականության հիմքում շեշտը դրել է էներգակիրների տեղափոխումն իրականացնել Ռուսաստանը շրջանցելու եւ դրանք Թուրքիայով Եվրոպա հասցնելու վրա: Ավելին, այսօր ադրբեջանական էներգակիրները ծածկում են Իսրայելի էներգակիրների պահանջարկի 40 տոկոսը, այնպես որ Ադրբեջանն իր տնտեսական զարգացումը հիմնականում պայմանավորում է իմ կողմից հիշատակած այդ գործոններով եւ ոչ թե Ռուսաստանի հետ տնտեսապես սերտորեն համագործակցելու ուղղությամբ: Ուրիշ բան, որ այո, այստեղ կան նաև շատ լուրջ այլ խնդիրներ, դիցուք, մենք ականատես ենք, երբ Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունները մերթընդմերթ սրվում են, որովհետեւ ադրբեջանական ազգայնամոլները պնդում են, որ հյուսիսային Իրանը /իրենք անվանում են դա հարավային Ադրբեջան/, իբր պատմական ադրբեջանական հողեր են, հիմնավորելով, որ այնտեղ բնակվում են շուրջ 15-20 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ եւ այդ ամենը պետք է վերադարցվի իրենց «մայր հայրենիք», այն է` Ադրբեջան: Բնականաբար, այդ նկրտումներին տոն է տալիս նաեւ Իսրայելը, որովհետեւ Իսրայելը հասկանում է, թե ինչ մահացու վտանգ է իր երկրի համար Իրանի հետագա հզորացումը: Եւ այստեղ շատ պայթյունավտանգ թնջուկ է ի հայտ գալիս, որը լուրջ վերլուծաբանների համար ամենեւին էլ գաղտնիք չէ: Ահա սա է իրականությունը: Ռուսաստանը միայն եւ միայն շահագրգռված կլինի, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Արեւմուտք-Ռուսաստան սառը պատերազմը, ավա՜ղ, գնալով չի թուլանում, իր հարավային սահմանին կայուն խաղաղություն հաստատվի, որովհետեւ ապակայունացումը կարող է վտանգավոր անդառնալի հետեւանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:

- Ո՞ր պարագայում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կկայունանա:

- Այն պարագայում, երբ Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ համոզվեն, որ այն սանձարձակ և սադրիչ ռազմական գործողությունները, որոնք պարբերաբար հրահրում են հայ-ադրբեջանական սահմանին, կործանարար հետեւանքներ կարող են ունենալ թե՛ Ադրբեջանի պետության, թե՛ Ադրբեջանի իշխանությունների համար: Երբ նրանց մոտ այդ գիտակցումը լինի, հավատացնում եմ ձեզ, կամաց-կամաց մենք կթեւակոխենք խաղաղ բանակցությունների արդյունավետ փուլ:

- Ու դա ե՞րբ կարող է լինել:

- Դա պայմանավորված չէ միայն Հայաստանով, ՀԱՊԿ-ով, դա կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից, որոնք այսօր շատ փոփոխական կարող են լինել: Դա տասնյակ գործոններով է պայմանավորված, որովհետեւ մեր տարածաշրջանը, ես նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլ նաեւ Թուրքիան, Իրանը, Իրաքը, Սիրիան, ինքներդ տեսնում եք, թե ինչ բարդ զարգացումների փուլում է հայտնվել: Կարծում եմ, այնուամենայնիվ, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնները կգան եզրահանգման, որ դեպքերի նման զարգացումը հղի է միջուկային պատերազմի սանձազերծմամբ, ինչի մասին հեղինակավոր գերմանական պարբերականին հայտնեց ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

- ԵՏՄ պայմանագրի քննարկման ժամանակ իշխանության ներկայացուցիչները, մեծ հաշվով, վարդագույն ապագա էին կանխատեսում Հայաստանի համար` տնտեսական առումով, բայց կարծես թե ճիշտ հակառակն է ստացվում: Առաջիկա կես կամ մեկ տարվա համար տնտեսական ի՞նչ իրավիճակ եք կանխատեսում:

- Ես հասկանում եմ, որ լավի ակնկալիքով անհամբերությունը ներհատուկ է մեր ժողովրդին, մենք շատ էմոցիոնալ ենք, հունվարի 1-ին է ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության մասին պայմանագիրն ուժի մեջ մտել, դուք հունվարի 12-ին պտուղներ եք սպասո՞ւմ: Դա պայմանավորված է, թե որքանով արդյունավետ մեր երկիրը կկարողանա իր տնտեսության զարգացմանը ծառայեցնել այն դրական ներուժը, որն, անտարակույս, կա Եվրասիական Տնտեսական Միությունում:

ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги