ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ
08.02.2013, Հայոց աշխարհ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ կարծիքով. «Մենք այսօր իրավունք չունենք հանդես գալ կոշտ հայտարարություններով, որոնք կարող են գրգռել համանախագահող երկրներին։ Մեր խնդիրն է՝ մեր տեսլականները կամաց-կամաց դարձնել իրենցը։
Ալիեւը, երբ հոխորտում է, նպատակը հայկական կողմին լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։ Ամենեւին պատահական չէ, որ Նախիջեւանի Ինքնավար Մարզում շուրջ 1000 թուրքական զինվորական հրահանգիչներ են գործում։ Այնտեղի բանակը մինչեւ ատամները զինված է, եւ դրա պատասխանն է, որ 102-րդ ռուսական ռազմակայանը համալրվում է ամենաժամանակակից զինտեխնիկայով։
Իզուր չէ, որ պաշտպանության նախարարությունը չհերքեց լուրերը, որ մեր բանակը ստանում է «Իսկանդեր» տիպի արդիականացված հրթիռներ, որոնք կարող են Գյումրիից «բարեւներ» ուղարկել ադրբեջանական մայրաքաղաք»։
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ
-Փետրվարի 13-14-ը Վիեննայում տեղի ունանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Հայաստանին վերաբերող ի՞նչ հարցեր են քննարկվելու, ի՞նչ խնդիրների վրա եք մտադիր հրավիրել ձեր գործընկերների ուշադրությունը։
-ԵԱՀԿ ԽՎ հերթական նստաշրջանը չափազանց կարեւոր է մեր երկրի համար։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ երեք հիմնական կոմիտեներում, այն է՝ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության, մարդու իրավունքների, հումանիտար հարցերի եւ ժողովրդավարության, տնտեսական հարցերի հանձնաժողովներում հիմնական զեկուցողները ներկայացնելու են այն գաղափարները, մտքերը, հարցադրումները, որոնք արծարծվելու են հունիսի 38-ից հուլիսի 3-ը Բաքվում տեղի ունենալիք ամառային նստաշրջանում։ Եվ պետք է ամեն ինչ անենք, որ մեզ հուզող հարցերը տեղ գտնեն այդ զեկույցներում։
Բնականաբար զեկույցը նախապատրաստելուց առաջ նրանք խորհրդակցելու են ադրբեջանական կողմի հետ, ասել կուզի՝ իրենց տեղեկատվությունը միակողմանի է լինելու, եւ բացառված չէ, որ բարձրացված հարցադրումներում, ձեւակերպումներում լինեն ոչ հայանպաստ շեշտադրումներ։ Դա պետք է կանխվի, եւ ոչ միայն պետք է կանխվի, այլեւ, կարծում եմ, ամենայն խստությամբ դատապարտվի երեք տարի առաջ ընդունված որոշումը նստաշրջանը Բաքվում անցկացնելու վերաբերյալ։
Սա կտրականապես սխալ մոտեցում է. եթե որոշել են ամառային նստաշրջանը Բաքվում անցկացնել, դրա հետ մեկտեղ անպայման պետք է ամրագրեին, որ աշնանայինն էլ լինելու է Երեւանում։
-Վեհաժողովի անցկացման վայրը ընտրելու հարցում անտեսում են պարիտետը պահպանելու մոտեցումը, փոխարենը խստորեն հետեւում են դրան, երբ խոսքը վերաբերում է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները դատապարտելուն։ Ժամանակը չէ՞, որ հայկական կողմը միջնորդների առաջ ավելի կտրուկ դնի այս խնդիրը։
-Մեր տարածաշրջանում կիզակետված են բազում խնդիրներ, որոնք ուղղակիորեն կապված են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության, Իրանի կենսական շահերի հետ, եւ այդ շահերը միշտ չէ, որ համընկնում են, ավելին՝ շատ դեպքերում իրարամերժ են։ Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիան՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հիմնական գործող երկիրը, որի բանակը եվրոպական մայրցամաքում երկրորդն է իր հզորությամբ։
Ուստի այստեղ պետք է շատ նրբին քաղաքականություն վարել՝ ոչ թե խաղալ գերտերությունների հակադիր շահերի արանքում, այլ ճիշտ հակառակը՝ փորձել համադրել այդ շահերը։
-Ինչպե՞ս, եթե Եվրամիություն-Մաքսային միություն, Արեւմուտք-Ռուսաստան մրցակցությունը գնալով ավելի ու ավելի է սրվում, ինչի ամենաթարմ օրինակը Ուկրաինայում շարունակվող ներքաղաքական դիմակայությունն է։
-Հայաստանը Մաքսային միությանը անդամակցության գործընթաց է սկսել, միաժամանակ, երկրի նախագահի ճկուն քաղաքականության շնորհիվ շարունակում է համագործակցությունը Եվրամիության հետ։ Մենք հայտարարում ենք, որ, այո, պատրաստ ենք այսօր էլ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ առանց Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի։
Կարծում եմ, մենք կարող ենք դառնալ այն օղակը, որը կկամրջի Եվրոպան Ռուսաստանի հետ, որովհետեւ, նախ, բովանդակային առումով հակասություններ չունենք Ասոցացման համաձայնագրի դրույթների հետ, երկրորդ՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ինքն է խրախուսում Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու գաղափարը։ Ըստ իս, ոչինչ չի խանգարում՝ համադրելու մեր ներքին օրենսդրությունը, մի կողմից, Ռուսաստանի եւ Մաքսային միության, մյուս կողմից՝ Եվրամիության հետ։
Ավելին, ըստ իս, այս համատեքստում կարող է գտնվել նաեւ ԼՂ հակամարտության հանգուցալուծումը։ Ի՞նչ նկատի ունեմ. ժամանակին Ֆրանսիան եւ Գերմանիան պատերազմում էին Էլզասի եւ Լոթարինգիայի համար՝ եվրոպացիները իմաստություն ունեցան եւ գտան կարգավորման բանալին. Էլզասի մայրաքաղաք Ստրասբուրգը դարձրեցին համաեվրոպական մայրաքաղաք։ Հիմա, ի՞նչ է պատահել՝ թո՛ղ Լեռնային Ղարաբաղը հատուկ կարգավիճակ ունեցող «մայրաքաղաք» դառնա արդեն Մաքսային միության կտրվածքով։ Տարբերա՞կ է։ Տարբերա՛կ է։
-Մեր քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմությունը, ըստ ձեզ, համարժե՞ք են գնահատում երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, հասկանո՞ւմ են իրավիճակի լրջությունը։
-Ցավոք, մենք ականատես ենք յուրահատուկ մի իրավիճակի, երբ բարդագույն եւ լրջագույն խնդիրների լուծումը, ըստ էության, իր ուսերին է վերցրել հանրապետության նախագահը, իսկ ընդդիմությունն ավելի շատ կենտրոնացած է ներքին ինչ-որ խնդիրների վրա, որոնք գուցե պարզաբանման, ինչու չէ, շտկումների կարիք ունեն։ Ասես թե իրենց պատասխանատու չեն զգում պետության, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները միասնական ուժերով հաղթահարելու հարցում։ Իսկ պատասխանատու չեն զգում, որովհետեւ չեն խորացել այդ հարցերի մեջ, այլապես կհասկանային՝ ինչ ժամանակավրեպ են այն հարցերը, որոնց շուրջ ժամերով բանավիճում են։
Երկրի քաղաքական իշխանության կողմից արդեն իսկ ձեւակերպվել են այն հիմնական սպառնալիքները, որոնք ծառացած են պետության առջեւ։ Մասնավորապես վերջերս չեխական թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հստակ ներկայացրեց իր տեսակետները ե՛ւ Ասոցացման համաձայնագրի, ե՛ւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ե՛ւ Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Սրանք առանցքային հարցեր են, որ պետք է դրվեն պետական գաղափարախոսության հիմքում, միտված լինելով մի գերխնդրի՝ Հայաստանի անվտանգության երաշխավորմանը։
Ավաղ, մեր ընդդիմադիր ուժերը ինքնամեկուսացել են այս ամենից, մինչդեռ ընդդիմության դերակատարությունն այստեղ պակաս կարեւոր չէ. երբ ընդդիմությունն իր բարձրության վրա է՝ թեկուզեւ իշխանությանը խստագույնս քննադատելով ներքին այս կամ այն հարցում թերանալու համար, պետության անվտանգությանը սպառնացող հարցերում պիտի լինի իշխանության կողքին։
Իսկ այդ վտանգները գնահատելու համար ոչ թե պետք է ժամերով բանավիճել գազի սակագնի մասին, այլ ուշադիր նայել աշխարհի քաղաքական քարտեզին, տեսնել՝ մեր հարեւաններն ինչպիսի հեռանկարային զարգացումներ են կանխորոշում իրենց համար, ինչ զարգացումներ են հնարավոր՝ Իրանի հետ կապված, եւ ինչ ծրագրեր ունի Ռուսաստանը այս տարածաշրջանում։ Հավատացնում եմ՝ շատ հարցեր կառաջանան, որոնք ընդդիմության առաքելությունն են։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ