ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ` ՄԵՐՕՐՅԱ ՎԱՃԱՌՎԱԾ ԱԲԻԺՆԻԿ, ԱԶԵՖ
26.11.2013, Հայոց աշխարհ
26.11.2013, Իրավունք
Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնային «REGNUM» տեղեկատվական գործակալությունը հրապարակել էր Արտաշես Գեղամյանի հեղինակած «Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը գլոբալ փոփոխությունների սկիզբը կհանդիսանա Հարավային Կովկասում» վերնագրով հոդվածը: Հոդված, որտեղ «Ազգային Միաբանություն կուսակցության» առաջնորդը փաստարկված հիմնավորում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին կայացրած որոշման արդիականությունը և ճակատագրական նշանակությունը: Մենք ակնկալում էինք, որ հոդվածի արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տա, քանի որ արդեն շուրջ երեք ամիս գրանտակեր լրատվամիջոցները գիշերուզօր ցեխ են շպրտում երկրի նախագահի միանգամայն տեղին կայացրած որոշումը պաշտպանող կուսակցությունների և քաղաքական գործիչների վրա: Եվ մեծ էր մեր զարմանքը, հետն էլ ուրախությունը, երբ այդ ղառղառների երգչախմբին անդամագրվեց վաղուց արդեն մոռացված խմբակի ղեկավար Գառնիկ Մարգարյանը: Զարմանքը պայմանավորված էր նրանով, որ վերջինս իր վրա ուշադրություն գրավելու համար հղումներ է անում ռուսաստանյան ինչ-որ հակակոռուպցիոն կառույցների և փորձում է ներկայանալ որպես արդարության համար մղվող պայքարի զինվոր: Զարմանալի էր նաև այն, որ նրա վերջերս կայացած ասուլիսը լայնորեն լուսաբանվեց մի լրատվամիջոցում («Իրատես դե ֆակտո»), որի գլխավոր հովանավորն է բարձրագույն իշխանությանը մոտիկ կանգնած մի գործարար: Սա այն է, ինչ վերաբերում է Գառնիկի ասուլիսի զարմանք առաջացնող երանգներին: Իսկ ինչ վերաբերում է ուրախանալիին, ապա դա պայմանավորված է նրանով, որ ցանկացած միջոցառում, շարժում, միավորում, որում ներգրավված է Գառնիկ Մարգարյանը, դատապարտված է ձախողման: Սա քաղաքական այն մոլախոտն է, որի մուտքը քաղաքական որևէ դաշտ, ամենակարճ ժամանակում հանգեցնում է վերջինիս անբանության, հիմա էլ՝ աբիժնիկության բացահայտմանը: Այստեղ, թերևս, եթե Գառնիկ Մարգարյանի պառակտողական այդ վարքագիծը բնութագրելու լինենք, ապա 10 բալանոց գնահատման սանդղակում նա կապահովի երեք բալին համապատասխանող նիշը: Ընթերցողը կտարակուսի, իսկ ինչո՞ւ երեք բալ, չէ որ, կարծես թե, նա այստեղ հաջողել է: Այո, կարծես թե, սակայն նրա գործողություններն այնքան են պարզունակ, իսկ Գառնիկի փեշերն էլ այնքան այրված, որ ավելին նա չի ձգի: Պարոն Գառնիկը անամոթաբար հիշեցնում է 2004 թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա դեպքերի մասին, մինչդեռ նա, դեռ ժամեր առաջ իր գործատուներից տեղեկացված լինելով սպասվող ջարդի մասին, վաղուց ի վեր ճողոպրել էր Եղվարդ և այնպես էր թաքնվել, որ միամիտներս ենթադրեցինք՝ չլինի թե վերջինիս խոշտանգել են:
Ակամայից հիշեցի ևս մի դրվագ. 2005 թ. գարնանային հանրահավաքները ճնշելուց հետո, դրա կազմակերպիչներս` ես և նույն Գառնիկ Մարգարյանը, հրավիրվեցինք Կենտրոն համայնքի ոստիկանություն: Այստեղ երկու րոպեի ընթացքում Գառնիկ Մարգարյանին տուգանեցին և ազատ արձակեցին, իսկ ինձ շուրջ 12 ժամ քննում ու դատում էին և միայն Ազգային ժողովի լուսահոգի պատգամավոր Մանուկ Գասպարյանի հետևողական միջնորդության արդյունքում ինձ էլ տուգանեցին և ազատ արձակեցին: Այն օրերին կարևորություն չէի տալիս այդ ամենին, սակայն հիմա, երբ նրա հետ կապված մանրամասնությունները մտովի վերլուծության եմ ենթարկում, ապա ուզում եմ Գառնիկին հարցեր ուղղած լինել: Գառնիկ Մարգարյան, էդ դու ե՞րբ վաճառվեցիր: Չլինի 1996 թվականին, երբ ջարդում էին խորհրդային գնդապետներիս կողերը, թե այդ ծեծը քո մեջ սեր արթնացրեց ծեծողների պարագլխի` Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, որ տարիներ անց համալրեցիր նրա շարքերը և ոչ առանց քո նորընծա դաշնակիցների գործողությունների հետևանքով հանգեցրեցիք 2008 թ. մարտի 1-ի ողբերգությանը:
Գառնիկ Մարգարյան, չէի կարծում, որ այդ աստիճան իրականությունից կկտրվես կամ էլ այդ աստիճան կվաճառվես այն ուժերին, ովքեր ոչ միջոց, ոչ էլ ջանք ու եռանդ չեն խնայում՝ փորձեր կատարելով արատավորել ընդգծված հայրենասեր քաղաքական ուժին` «Ազգային Միաբանություն կուսակցությանը», որը հիմնադրման առաջին իսկ օրվանից հանդիսացել է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցության խորացման համար մղվող պայքարի նվիրյալը: Համոզված եմ, հոգու խորքում դու դա շատ լավ գիտես, ինչպես նաև շատ լավ գիտես, որ այսուհետ մեր կողմից ընկալվելու ես որպես վաճառված դիմազուրկ տարր, դասական աբիժնիկ: Խորհուրդ եմ տալիս քեզ համար այլևս անհասանելի հայրենասեր, քաղաքական ու պետական գործիչ Արտաշես Գեղամյանի անունը չհամարձակվես տալ:
Չարությունը, նենգությունը, ոխերիմությունը խորթ են թե՛ ինձ, թե՛ Արտաշես Գեղամյանի, և թե՛ մեր կուսակցության հազարավոր անդամների համար: Գառնիկ Մարգարյան, եթե այսօր հայտնվել ես վատ շրջապատում, փորձանքի մեջ ես ընկել, սակայն մինչև վերջ չես վաճառվել, ապա անառակ որդու նման քեզ դարձի կբերենք: Թե չէ ափսոս ես էդ տարիքում վաճառված աբիժնիկի դերում մնաս, մի մոռացիր` խորհրդային ժամանակների գնդապետ ես եղել և այսօրվա քո ողորմելի վիճակը չկարծես, թե մեզ գոհացնում է…
Հ.Գ. Ներքին գործերում չգրված օրենք կա` գործակալին չբացահայտել, սակայն, քո դեպքում` Գառնիկ Մարգարյան, ով լինելդ վաղուց ի վեր բացահայտված է, պարզապես զարմանում եմ, թե ինչի՞ ես թաքցնում, որ այսօր էլ ծառայում ես իշխանություններին, դու ոչ այլ ոք ես, քան մերօրյա վաճառված աբիժնիկ, Ազեֆ:
Լևոն Հակոբի Գալստյան
Խորհրդային Հայաստանի ՆԳ վերջին նախարար, Միլիցիայի գնդապետ, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ