ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՆՈՎ

28.09.2013, Հայոց աշխարհ

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ

- Պատահակա՞ն էր, ձեր կարծիքով, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Օբաման ուղերձով դիմեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին եւ հորդորեց արագացնել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հանգուցալուծումը։ Սա համարենք պարզ զուգադիպությո՞ւն։

- Երբ տարածաշրջանում ուրվագծվում են նոր, ավելի կառուցողական զարգացումներ, Միացյալ Նահանգներին, բնականաբար, ձեռնտու չէ, որ Հարավային Կովկասում հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ռազմական գործողություններ ծավալվեն։

Այս իրավիճակում, երբ, մյուս կողմից՝ Պուտին-Սարգսյան համատեղ հայտարարությամբ որակապես նոր՝ ավելի խոր ինտեգրացիոն գործընթացներ են սպասվում հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն ռազմական համագործակցության, այլեւ տնտեսության ոլորտում, ամերիկացիները, ինչ խոսք, խնդիր ունեն՝ հնարավորինս պահպանելու եւ ընդլայնելու իրենց ներկայությունը Հարավային Կովկասում, եւ դա միանգամայն հասկանալի է:

Միաժամանակ կա հույս, որ շարունակվելու են դիվանագիտական քայլերը իրանա-ամերիկյան, իրանա-եվրոպական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առավել եւս, որ Իրանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Իրանը չի պատրաստվում միջուկային զենք արտադրել, բայց ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը իր խաղաղ միջուկային ծրագրի զարգացմանը։

 

Եթե նայեք ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ըստ իս, շատ դրական երանգներով հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, կտեսնեք, որ դրանք ամբողջությամբ տեղավորվում են մեր տարածաշրջանում լարվածության լիցքաթափման համատեքստում, ինչն ավելի դյուրին կդարձնի գործնական հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ, ԱՄՆ-ի կողմից աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։ Իսկ դրա նախապայմաններից մեկն էլ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումն է, ինչին էլ, բնականաբար, միտված էր նախագահ Օբամայի ուղերձը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուս փորձագետների կողմից շրջանառության մեջ դրված վարկածը, ըստ որի՝ Աբխազիան, Հարավային Օսիան եւ Մերձդնեստրի Հանրապետությունը կարող են ընդգրկվել Մաքսային միության մեջ որպես ինքնուրույն սուբյեկտ։ Եվ ինչո՞ւ, ըստ ձեզ, Ղարաբաղը տեղ չի գտել այդ ցանկում։

- Ես ունեմ ձեր հարցի սպառիչ պատասխանը, բայց միշտ չէ, որ կարիք կա բարձրաձայնել մեր մոտեցումները՝ հակառակորդին հնարավորություն տալով դրա դեմ հակաքայլեր ձեռնարկել։ Մի բան կարող եմ ասել՝ զարգացումներն ընթանում են դրական հունով։

Պետք է հասկանալ, որ Ղարաբաղին առնչվող ցանկացած հարց քաղաքական է, բայց Մաքսային միության պարագայում շեշտվում է բացառապես տնտեսական բաղադրիչը։ Այսինքն՝ Մաքսային միությանը անդամագրվելու հետ կապված ոչ մի քաղաքական պահանջ Հայաստանի առջեւ չի դրվում։ Թո՛ղ յուրաքանչյուրն անի իր վերլուծությունը, խորամուխ լինի, թե դրա տակ ինչ կարելի է հասկանալ, եւ շնորհակալություն հայտնի նախագահ Սերժ Սարգսյանին, որ հայտնի ուժերի կողմից այսքան քննադատության ենթարկվելով հանդերձ՝ դիմեց այդ քայլին։

Հավատացեք, տարիներ անց այդ ուժերը կհայտնվեն շատ ծանր կացության մեջ, որովհետեւ արդեն հնարավոր կլինի ամեն ինչի մասին բաց տեքստով խոսել, ու բոլորի համար պարզ կդառնա, որ չարաչար սխալվում էին՝ հանիրավի քննադատելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության նախագահի որոշումը։

- Մտավախություն չունե՞ք, որ Ղազախստանը, որպես Իսլամական կոնֆերանսի անդամ երկիր, որ մշտապես աջակցել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հակաղարաբաղյան բանաձեւերի ընդունմանը, կարող է խոչընդոտներ ստեղծել Հայաստան-Մաքսային միություն, ԼՂՀ-Հայաստան հարաբերություններում։

- Այսօր նման հարց օրակարգում չկա, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը սեւեռել ճիշտ վերջերս Սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովում Սերժ Սարգսյանի ելույթի վրա, որտեղ նախագահը շատ սկզբունքային հարցադրումներ արեց՝ առ այն, որ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել ՀԱՊԿ շրջանակներում ընդունված պայմանագրերին եւ պայմանավորվածություններին, մինչդեռ մեր գործընկեր երկրները միշտ չէ, որ նմանատիպ դրսեւորումներ են ունենում միջազգային այլ կառույցներում։

Ակնարկը, բնականաբար, վերաբերում էր «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության ընդունած 3 բանաձեւերին, որտեղ շեշտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման գաղափարը։ Եվ ՀԱՊԿ երկրներից ոչ մեկը չհակադրվեց ՀՀ նախագահի ելույթին, ավելին՝ այդ ելույթը անուղղակիորեն պաշտպանության արժանացավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ՀԱՊԿ նախագահությունն ստանձնած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

Այսինքն՝ Ս.Սարգսյանի հարցադրումն ընդունելի էր գոնե հիշատակածս երկու կարեւորագույն երկրների համար, եւ առարկության չհանդիպեց նաեւ Ղազախստանի վարչապետի, Ղրղըզստանի ու Տաջիկստանի նախագահների կողմից։ Նշանակում է՝ իրենք էլ հասկանում են, որ այնքան էլ ազնիվ չէ լինել նույն ռազմաքաղաքական դաշինքում եւ ստորագրել կամ բանավոր համաձայնություն տալ ռազմավարական դաշնակցի հասցեին անարդարացի ձեւակերպումներին։

Այստեղ եւս մեկ անգամ պետք է արժեւորեմ ՀՀ նախագահի անկեղծ ու շիտակ դիրքորոշումը, որ լայն տարածում գտավ մամուլում։ Այսինքն՝ հերթական անգամ փաստվեց, որ Հայաստանը ազնիվ քաղաքականության կողմնակից է եւ անվերապահորեն պահպանում է բոլոր պայմնավորվածությունները, որոշումները, որոնք կայացվում են ՀԱՊԿ շրջանակներում։

- Ինչպե՞ս եք վերաբերվում պնդումներին, թե սեպտեմբերի 3-ի հայտարարությանը հակառակ՝ Հայաստանը, ի վերջո, չի դառնա Մաքսային միության լիարժեք անդամ։ Ավելին՝ Վիլնյուսի գագաթաժողովից հետո բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, կմոռանան այդ մասին։

 - Գիտեք, յուրաքանչյուր լուրջ փորձագետ, քաղաքական գործիչ իր վերլուծությունները կատարում է ոչ թե հայաստանյան մամուլի հրապարակումների հիման վրա, այլ հետեւելով աշխարհաքաղաքական զարգացումներին։

Երբ որոշ մարդիկ հանդես են գալիս նման մեկնաբանություններով, մնում ես զարմացած՝ ինչպե՞ս կարելի է այդքան մակերեսորեն վերաբերվել մի գործընթացի, որը միտված է աշխարհաքաղաքական լրջագույն տեղաշարժերի՝ աշխարհաքաղաքական նոր բեւեռի ձեւավորմանը, չհասկանալ այս պարզ ճշմարտությունը, որին արդեն իսկ կարծես թե համակերպվում են թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը:

Զարգացումները շատ բնական եւ կանխատեսելի էին, Մաքսային միությանը անդամակցելու որոշումը ոչ մեկի համար անակնկալ չէր լինի, եթե ուշադրությամբ հետեւեին հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, ուշադիր կարդային նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթները։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги