ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ»
Թշնամիների ջրաղացին ջուր լցնելու համար
27.09.2013, Հայոց աշխարհ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջիկա խորհրդարանական քառօրյային ընդառաջ, ի շարս այլ հարցերի, պետք է քննարկեր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ։ Սակայն երեկ, օրվա երկրորդ կեսին, տեղեկացանք, որ «Ժառանգությունը» փոշմանել է՝ հետ է վերցրել օրենքի նախագիծը «հարկ եղած» պահին վերստին օրակարգային դարձնելու հեռանկարով։
Ի՞նչ խնդիր է փորձում լուծել «Ժառանգությունը», եւ ինչո՞ւ հենց այս պահին է շրջանառության մեջ դրվում Ազգային ժողովի մեծամասնության կողմից բազմիցս մերժված սույն օրենսդրական նախաձեռնությունը։ Մեր հարցերին ի պատասխան՝ իր նկատառումներն է ներկայացնում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, Ազգային միաբանություն կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։
- Օրեր առաջ, երբ որոշ վերլուծություններ էի անում Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի ցանկության հետ կապված՝ «շահագրգիռ» ադրբեջանա-թուրքական շրջանակներն ի՞նչ կարող են անել մեր երկրի համար հույժ կարեւոր այդ գործը տապալելու նպատակով, մտածում էի, որ, ի թիվս հնարավոր այլ զարգացումների, ամեն գնով կփորձեն լարվածություն առաջացնել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։
Հիշեցնեմ, որ 18 օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ադրբեջան կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիեւին հանձնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական ուղերձը, եւ օրեր անց նույն ուղերձը փոխանցեց նախագահ Սերժ Սարգսյանին։
Մինչ այդ՝ օգոստոսին, Բաքու կատարած իր պաշտոնական այցի ժամանակ ՌԴ նախագահը՝ Վլադիմիր Պուտինը, ուղղակիորեն անդրադարձ էր արել ԼՂ հիմնախնդրին եւ ընդգծել, որ խնդրի հանգուցալուծումը հնարավոր է բացառապես քաղաքական միջոցներով։
Վլադիմիր Պուտինի այցից օրեր անց` օգոստոսի 15-16-ին, Գաբալայում տեղի ունեցավ թյուրքալեզու երկրների III գագաթաժողովը Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «թյուրքական աշխարհի օրակարգում առկա կարեւորագույն պրոբլեմներից մեկն է»։
Ահա այս պայմաններում է, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Պուտին-Սարգսյան համատեղ հայտարարության մեջ կրկին անդրադարձ եղավ ԼՂ հիմնահարցին, ընդ որում՝ առանձնահատուկ շեշտվեց Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հիմնարար սկզբունքների միաժամանակյա կիրառման անհրաժեշտությունը։
Այս զարգացումների համատեքստում ասես թե ի չիք են դառնում բոլոր ռազմատենչ հայտարարությունները, որոնցով հանդես էին գալիս Թուրքիան ու Ադրբեջանը, եւս մեկ անգամ ամրագրվում է, որ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առանցքը եւ երաշխավորը Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն է։
Սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի եւ, ինչու չէ, անդրկուլիսյան քաղաքականության մեխը պետք է դառնար այդ ինստիտուտի գործունեության կազմալուծումը՝ այն, ինչը փորձեցին առաջ տանել հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում։ Խոսքը վերաբերում է նրան, որ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների առաջարկությամբ վեհաժողովի անունից ընդունվելիք բանաձեւի նախագծի մեջ գնահատական էր տրված Մինսկի խմբի գործընթացին՝ նշված էր, որ համանախագահների գործունեությունն անարդյունավետ է, եւ խնդիր էր դրված գումարել Մինսկի խմբի ընդլայնված համաժողով բոլոր անդամ-երկրների մասնակցությամբ, որոնցից մեկը, ինչպես գիտեք, Թուրքիան է։
Այսինքն՝ բացահայտորեն փորձ էր արվում վիժեցնել այդ ինստիտուտը, որին մենք, ինչ խոսք, պետք է դրական վերաբերվենք, որովհետեւ, չնայած ադրբեջանական կողմի չդադարող ռազմական արկածախնդրություններին, խաղաղությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտության գոտում պահպանվում է հենց Մինսկի խմբի համանախագահների գործունեության արդյունքում։
Բարեբախտաբար ձեր խոնարհ ծառայի եւ Հայաստանի պատվիրակության մյուս անդամների ջանքերով այդ նախաձեռնությունը տապալվեց։ Հիմա, այդ նույն գործընթացը թուրք-ադրբեջանական իշխանությունների կողմից վերսկսելու ուղիներից մեկն էլ այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ժամանակավրեպ քայլեր անի եւ իր գործողություններով ջուրը լցնի ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների 20 տարիների աշխատանքը, այլեւ եռանախագահող երկրների նախագահների կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ ընդունված համատեղ 5 հայտարարությունները։ Իսկ դրա «ամենակարճ ճանապարհը» Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն է։
- Այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ «Ժառանգությունը» հենց այս պահին որոշեց «վերակենդանացնել» այդ նախաձեռնությունը։
- Եթե նկատի ունենանք «վերակենդանացնողների» աշխարհաքաղաքական նախասիրությունները, նրանց գործողություններում նշմարվող արտաքին առաջնահերթությունները, ակնհայտ կդառնա, որ նախաձեռնողի դերում հանդես է գալիս այն քաղաքական ուժը, որը սվիններով ընդունեց Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի Մոսկվայում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը ցանկություն ունի միանալու Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի Մաքսային միությանը, ավելին՝ դառնալու Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամներից մեկը։
Դառնալով հիմնադիր անդամ, մենք կունենանք բոլոր հնարավորությունները՝ հասնելու նրան, որ այդ միության հիմնադիր փաստաթղթերում հնարավորինս արտացոլված լինեն մեր երկրի շահերից բխող հարցադրումներն ու դրանցից բխող հանգուցալուծումները։
Այս պարագայում բնականաբար սպասելի էր մեզ համար կանխատեսելի շրջանակներից ինչ-որ սադրիչ գործողությունների ի հայտ գալը։
- «Ժառանգության» նպատակը ամենա-ամենաընդդիմադիր քաղաքական ուժի կեցվածքը վերահաստատելու ցանկությո՞ւնն է, թե՞ խնդիրը այլ հարթության վրա փնտրենք։
- Կարծում եմ, այս պարագայում արդեն գործ ունենք ոչ թե ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցության հերթական դրսեւորման հետ, այլ քաղաքական ուժի, որի գործունեությունը գործնականում, ըստ էության, մեծագույն նվեր է թուրք-ադրբեջանցիներին, եւ մեծագույն սպառնալիք՝ ԼՂՀ-ին ու Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին պետք է բարձրաձայնել եւ հրապարակավ իրերը կոչել իրենց անուններով։
Եթե մարդիկ չեն գիտակցում իրենց նախաձեռնության խիստ վտանգավոր հետեւանքները՝ պետք է նրանց դա բացատրել, եթե գիտակցելով, անուամենայնիվ, գնում են այդ քայլին՝ հիմնավորելով դա ինչ-որ կեղծ հայրենասիրական «համոզիչ փաստարկներով», ապա այս պարագայում պարզապես գործ ունենք Հայաստանում գործող 5-րդ շարասյան հետ։ Սա պիտակավորում չէ՝ ներկա աշխարհաքաղաքական պայթյունավտանգ զարգացումների համատեքստում այս նախաձեռնությանը հետամուտ լինող ուժերին այլ բնորոշում հնարավոր չէ տալ։
Հատկապես այն պարագայում, երբ դեռ մինչեւ վերջ չենք ապահովագրվել Սիրիայի շուրջ իրադարձություններով պայմանավորված մարտահրավերներից, թեեւ, իհարկե, որոշակի դրական միտում ենք տեսնում թե՛ Սիրիայի խնդրի բանակցային կարգավորման գործում, թե՛ Իրան-Արեւմուտք հարաբերություններում։ Այս պայմաններում Հայաստան-Իրան սահմանում՝ ազատագրված տարածքներում դանդաղ գործողության ական տեղադրելու ցանկացած փորձ (իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը հղի է Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սանձազերծման սպառնալիքով) շատ վտանգավոր է եւ խստագույնս պետք է կանխվի։
Մնում է հուսալ, որ «Ժառանգության» մեր գործընկերները կսթափվեն եւ կազատեն մեզ ժամանակավրեպ այդ նախաձեռնության շուրջ անպտուղ քննարկումներից։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ