ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է
30.07.2013, Հայոց աշխարհ
Ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա՝ Ստամբուլյան քսաներկուերորդ նստաշրջանը։ Ընդունվեցին Ստամբուլի հռչակագիրն ու բանաձևը ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հրատապ հարցերի վերաբերյալ։ Խորամուխ լինելով այդ փաստաթղթերի մեջ՝ չես թոթափվում մի ինչ-որ անորոշության, մեզ շրջապատող աշխարհի երկակի ընկալման զգացողությունից։ Չէ՞ որ բոլորովին վերջերս՝ ս.թ. հունիսի 18-ին, «Մեծ ութնյակի» (այսուհետ՝ G-8) երկրների ղեկավարները Մեծ Բրիտանիայում ընդունեցին Լոհ Էրնի աննախադեպ կոմյունիկեն։ Բոլոր նախորդներից այն տարբերվում է արդիականության գլոբալ խնդիրների վերլուծության խորությամբ, դրանում զգացվում է G-8-ի ղեկավարների մեծագույն պատասխանատվությունն աշխարհի ճակատագրի համար։ Այստեղ համակողմանիորեն արտացոլվել են գլոբալ տնտեսության, միջազգային քաղաքականության և անվտանգության հարցերը։ Թվում էր, թե ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ստամբուլի նստաշրջանը, որն անցնում էր «Հելսինկի՝ գումարած 40» կարգախոսով, պետք է հանգամանորեն վերլուծեր ԵԱՀԿ անդամ պետությունների խնդիրներն ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության մասին Հելսինկյան համաձայնագրի Եզրափակիչ ակտի ոգով ձեռնամուխ լիներ ԵԱՀԿ տարածաշրջանի բոլոր երկրներին հուզող գլոբալ խնդիրների կոնկրետ լուծմանը։
Բայց այդպես չեղավ։ Երկյուղներս, որ շարադրել եմ REGNUM լրատվական գործակալության 26.06.2013թ. հրապարակած «ԱրտաշեսԳեղամյան. ԵԱՀԿԽՎ կեղծօրակարգըև G-8-իառաջնորդներիարհամարհվածկոմյունիկեն» հոդվածում, ավաղ, լիովին արդարացան։ Ավելին, նստաշրջանի ողջ ընթացքում քանիցս ստիպված էի արձանագրել, որ քննարկման ներկայացված բանաձևերի նախագծերը ոչ միայն հակասում են Լոհ Էրնի կոմյունիկեի եզրահանգումներին ու հանձնարարականներին, այլև Հելսինկյան Եզրափակիչ ակտի կարևոր դրույթներին։ Խորապես տագնապեցնում է այն, որ վերոնշյալ փաստաթղթերի այսօրինակ արհամարհումը տեղի էր ունենում ոչ թե ԵԱՀԿ ԽՎ առանձին կոմիտեների ղեկավարների քաղաքական անգրագիտության հետևանքով, այլ նրանց կողմնակալության պատճառով։ Որպեսզի խոսքերս մերկապարանոց չհնչեն, մի քանի կոնկրետ օրինակ բերեմ։ Չկարգավորված հակամարտությունների խաղաղ և կենսունակ լուծումների մշակման հարցը քննարկելիս, չգիտես ինչու, շեշտը դրվում էր միայն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման անհրաժեշտության վրա (Վրաստանի հարցը)։ Իմ ելույթում ես ստիպված եղա հիշեցնել պատվիրակներին, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության վերաբերյալ Եզրափակիչ ակտում միանշանակորեն ասված է մասնակից պետություններից յուրաքանչյուրին հարգելու և նրանց հանդեպ, անկախ նրանց քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերից, ինչպես նաև չափից, աշխարհագրական դիրքից և տնտեսական զարգացման մակարդակից, տասը սկզբունքները կիրառելու վճռականության մասին, որոնք բոլորն էլ առաջնային կարևորություն ունեն, և որոնցով նրանք առաջնորդվելու են փոխադարձ հարաբերություններում։
Եվ ահա, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների մեծ մասը, կոպտորեն խախտելով այն դրույթը, որ Եզրափակիչ ակտի բոլոր 10 սկզբունքներն առաջնային կարևորություն ունեն, չգիտես ինչու, կենտրոնացել էին երեք սկզբունքների վրա՝ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության։ Հավանաբար, հիմնարար այնպիսի սկզբունքներ, ինչպիսին են «ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը», «վեճերի խաղաղ կարգավորումը», «ներքին գործերին չմիջամտելը» կամ «ժողովուրդների իրավահավասարությունն ու իրենց ճակատագիրը որոշելու իրավունքը» և այլն, այնքան էլ ակտուալ չէին քաղաքական հարցերի և անվտանգության Ընդհանուր կոմիտեի (այսուհետ՝ Առաջին կոմիտե) ղեկավար տիկին Լինդեստամի համար։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Ստամբուլյան հռչակագիրը վերնագրված է՝ «Հելսինկի՝ գումարած 40»։
Տխուր մտորումների տեղիք տվեց նաև «Հումանիտար ճգնաժամը Սիրիայում» բանաձևը, որը ներկայացրեց ԵԱՀԿ ԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Էմին Օնենը։ Փաստորեն, եթե ներկայացված բանաձևն ընդունվեր, ԵԱՀԿ ԽՎ-ն կչեղյալացներ, կջնջեր G-8-ի առաջնորդների՝ Լոհ Էրնի կոմյունիկեում շարադրված մոտեցումները, որտեղ հստակ տրված է սիրիական իրադարձությունների գնահատականը։ Հիշեցնենք ընթերցողներին, որ կոմյունիկեի 7-րդ կետում գրված է. «Մենք վճռականապես պաշտպանում ենք կոնֆերանս հրավիրելու առաջարկությունը՝ Սիրիայում դրամատիկ ձևեր ընդունող հակամարտության քաղաքական լուծման հասնելու նպատակով, Ժնևի 2012թ. կոմյունիկեի լրիվ ծավալով իրագործման ճանապարհով։ Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք քիմիական զենքի ցանկացած կիրառում և մարդու իրավունքների ցանկացած ոտնահարում Սիրիայում։ Մենք պատրաստ ենք ստանձնել առաջնորդող դեր Սիրիայի անվտանգության ապահովման միջազգային աջակցության, ժողովրդավարության անցնելու հարցերում, ինչպես նաև եռանդուն աշխատել ի շահ ամուր խաղաղության Մերձավոր Արևելքում»։ Այս խորապես հավասարակշիռ փաստաթղթին ի պատասխան՝ ԵԱՀԿ ԽՎ-ն բանաձևի նախագծում միակողմանի մեղադրանքներ էր առաջադրում Սիրիայի նախագահի և զինված ուժերի հասցեին։ Կարող էր տպավորություն ստեղծվել, թե զինված ընդդիմության շարքերում միայն հրեշտակներ են, որոնք մարտնչում են սատանաների դեմ։ Իսկ այն, որ կառավարական զորքերին դիմակայում են նաև «ընտիրագույն» ահաբեկիչներ ու մարդակերներ, դա մի շարք երկրների խորհրդարանականների համար հաշիվ չէ։ Միայն ԵԱՀԿ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Դմիտրիի Կովալյովի կոշտ, սկզբունքային, բայցև միաժամանակ կառուցողական դիրքորոշումը, ինչպես նաև Ձեր խոնարհ ծառա Արտաշես Գեղամյանի կոշտ ելույթը սթափեցնող ազդեցություն ունեցան։ Բրիտանացի խորհրդարանական, լորդ Ալֆ Դաբսը հանդես եկավ փոխզիջումային առաջարկություններով, որոնց հետ հիմնականում համաձայնեց բանաձևի հեղինակը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Էմին Օնենը։ Ընդ որում, ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովի երկրորդ ելույթը վճռական դեր խաղաց Սիրիայի վերաբերյալ բանաձևի վերջնական խմբագրման հարցում, որից հանվեցին սիրիական կառավարական ուժերի վերաբերյալ միակողմանի գնահատականները։ Կուզենայի նշել, որ «Հումանիտար ճգնաժամը Սիրիայում» հարցի քննարկման ընթացքում հիասթափության զգացումը չէր լքում ինձ։ Դա պայմանավորված էր այն անվիճելի փաստի գիտակցմամբ, որ Ստամբուլի Կոնգրես-հոլում ես հերթական անգամ դարձա ոչ թե այդքան հեղինակավոր կազմակերպության (ինչպիսին է ԵԱՀԿ ԽՎ-ն) իրավահավասար և փոխշահավետ համագործակցության ձգտման վկան, այլ անձամբ համոզվեցի, որ ամենուրեք երկակի չափանիշներ են կիրառվում։ Թուրքական պատվիրակության ղեկավարն իր ելույթում «խաղարկում» էր Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին կարգախոսները՝ մեր աչքը խոթելով Թուրքիայի բացառիկ դերը սիրիական փախստականների փրկության հարցում, սրտաճմլիկ պատմություններ էր պատմում նրանց սնունդ և ապաստան տրամադրելու մասին։ Բայց միևնույն ժամանակ ընդհանրապես շրջանցեց այն հարցը, որ ընդդիմությանը մատակարարվող զենքը, որը հիմնականում հայտնվում է ահաբեկչական խմբերի ձեռքում, Սիրիա է հասնում Թուրքիայի միջոցով։ Այս հարցի վերաբերյալ իմ ելույթում ես ստիպված եղա տեղեկացնել ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին այն մասին, որ ներկայում Հայաստանում իրենց փրկությունն են գտել ավելի քան 10 հազար փախստական սիրիահայեր։ Որ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի կարգադրությամբ լուծվում են նրանց տեղավորելու և սննդով ապահովելու հարցերը, փախստական սիրիահայերի երեխաների համար ուսումը շարունակելու պայմաններ են ստեղծվում։ Եվ այդ ամենն արվում է ի հաշիվ Հայաստանի պետական բյուջեի, որն, ավաղ, այնքան էլ մեծ չէ այն պատճառով, որ ավելի քան 20 տարի Հայաստանի Հանրապետությունը շրջափակման է ենթարկված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Ստիպված էի նշել նաև, որ այդ աշխատանքն արվում է առանց ավելորդ գովազդման և կատարվող հսկայական ծախսերի ընդգծման, այսինքն՝ քրիստոնեական այն պատվիրանի ոգով, ըստ որի՝ բարեգործությունը դադարում է այդպիսին լինել, երբ դրա մասին խոսում են բարձրաձայն։
Լուրջ մտորումների մղեց նաև այն, որ ԵԱՀԿ ԽՎ-ն, որի հիմնական գործառույթներից մեկը ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն է և ԵԱՀԿ անդամ պետություններում ընտրությունների մոնիթորինգը, հենց Առաջին կոմիտեի նիստում՝ նրա նախագահ (բարեբախտաբար՝ արդեն նախկին), Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Ասա Լինդեստամի անմիջական մասնակցությամբ և դիրիժորությամբ, ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի ղեկավարության ընտրությունների ժամանակ պատվարժան ներկաներին ի ցույց դրեց տարրական ժողովրդավարական նորմերի լիակատար քամահրման դասական օրինակ, էլ չեմ ասում նրա գործողությունների ակնհայտ կողմնակալության մասին։ Այս կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար երկու թեկնածություն էր առաջադրվել՝ ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիևի և ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Վլադիմիր Կուլակովի։ Եվ ահա, խախտելով ԵԱՀԿ ԽՎ Արարողակարգի կանոնները՝ սույն նիստը վարող Ասա Լինդեստամը կոպտաբար ընդհատեց իմ ելույթը, որով ես հորդորում էի իմ գործընկերներին ձեռնպահ մնալ ոչ միայն ադրբեջանական խորհրդարանականի թեկնածությունը քվեարկելուց, այլև կոչ էի անում առհասարակ չքննարկել նրա թեկնածությունն Առաջին կոմիտեի փոխնախագահի պաշտոնում՝ նշելով այն մասին, որ նշյալ խորհրդարանականն ամենաակտիվ ձևով զբաղվում էր մարդասպան Ռամիլ Սաֆարովի (որը 2005թ. հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար, որի հետ միասին ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցում էր Բուդապեշտում անցկացվող ուսումնառությանը) փիառով։ 2012թ. օգոստոսի 31-ին նա արտահանձնվեց Ադրբեջանին՝ պատիժն այնտեղ կրելու համար, սակայն հեց նույն օրը ներման արժանացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով, և հետն էլ բնակարան նվիրեցին, մայորի աստիճանի բարձրացրին սպայական կոչումը և բանտում անցկացրած ութ տարիների համար աշխատավարձ վճարեցին։ Այնուհետև Ադրբեջանում սկսվեց մարդասպանի հերոսացման լպիրշ և նողկալի քարոզչությունը։ Ընդ որում, հարկ է նշել, որ այս զզվելի անամոթության ամենաթունդ մասնակիցներից մեկն Ազայ Գուլիևն էր։ Ինչո՞վ էր պայմանավորված այն, որ շվեդ պատգամավորն այդքան կրքոտ ու անզուսպ պաշտպանում էր մարդասպանի քարոզչին։ Գուցե տիկին Լինդեստամը տեղյակ չէ՞ր այդ փաստերի մասին։ Բնավ ոչ։ Արդեն նիստի ընդմիջման ժամանակ, երբ ես նրան I Pad-у-ով ներկայացրի այն լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք վկայում էին ադրբեջանցի պատգամավորի, մեղմ ասած, անպարկեշտ վարքի մասին, ի զարմանս ինձ՝ Ռիկսդագի տիկին պատգամավորն անվրդով հայտարարեց, թե տեղյակ է այդ ամենին։ Ակամա հիշեցի ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հայտնի խոսքը Նիկարագուայի դիկտատոր Անաստասիո Սամոսա-ավագի մասին. «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է»։ Իսկ Ազայ Գուլիևն այդ անվայելուչ դերում հայտնվեց գուցե այն պատճառով, որ իր թեկնածությունը դրել էր ընդդեմ ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Վլադիմիր Նիկոլայի Կուլակովի։ Կուսակցական, զինվորական և պետական գործիչ, որն իր կենսափորձով, երկրագնդի ամենավտանգավոր ու թեժ կետերում խաղաղարար գործողություններին անմիջական մասնակցությամբ օբյեկտիվորեն պահանջված էր ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար և այդ պաշտոնում, վստահ եմ, կբազմապատկեր այդ կոմիտեի քաղաքական կշիռը։
Այստեղ մտահոգում է երկու հանգամանք։ Առաջինն աչք ծակող ձգտումն է՝ ամեն գնով խոչընդոտել ԵԱՀԿ ԽՎ ղեկավար կազմում Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչների առաջխաղացմանը, ընդ որում՝ առանձին պատվիրակությունների ներկայացուցիչները չեն խորշում անարժան ոչ մի միջոցից, ընդհուպ մինչև ԵԱՀԿ ԽՎ Արարողակարգի կանոնների բացահայտ խախտումները։ Իսկ երկրորդ դիտարկումն այն է, որ կարծես լավ վարքագիծ է համարվում ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից այնպիսի արարքների ընդունումը, որոնք վարկաբեկում են ԱՄՆ, Ռուսաստանի, ԵՄ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունները։ ԱՄՆ վարչակազմն, օրինակ, դատապարտել էր ադրբեջանական իշխանություններին և հիասթափություն արտահայել Սաֆարովին ներում շնորհելու առիթով՝ հայտարարելով, որ «այդ գործողությունը հակասում է տարածաշրջանային լարվածության թուլացմանը և հաշտությանն աջակցելուն ուղղված շարունակվող ջանքերին»։ Ավելին, 2012թ. սեպտեմբերի 21-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ցնցված է Սաֆարովի հերոսացումից և բավարարված չէ Հունգարիայի ու Ադրբեջանի բացատրություններով։
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց Հունգարիայի կողմից Սաֆարովին արտահանձնելու առնչությամբ. «Ռուսաստանում, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան կարգավորման գծով համանախագահն է, խոր մտահոգությամբ է ընդունվել Բաքվի կողմից ադրբեջանցի զինվորական Ռ.Սաֆարովին (որին հունգարական դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման Հունգարիայում 2004թ. հայ սպայի առանձնակի դաժանությամբ սպանության համար) ներում շնորհելու, ինչպես նաև նրան Ադրբեջանին արտահանձնելու՝ հունգարական իշխանությունների դրան նախորդած որոշման մասին տեղեկությունը։Կարծում ենք, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հունգարական իշխանությունների այս գործողությունները հակասում են միջազգային, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով համաձայնեցված և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին»։
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոչիյանչիչն այդ նույն օրերին ասել է, որ Եվրամիությունն անհանգստացած է Ադրբեջանի նախագահի՝ սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշմամբ։ Նա նաև կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը խաբել է Հունգարիային, և ադրբեջանական իշխանություններից բացատրություններ է պահանջել Սաֆարովին ազատ արձակելու առնչությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոր մտահոգություն և ափսոսանք են հայտնել այն առիթով, թե ինչ վնաս կարող է հասցնել հանցագործի ներման և հերոսացման փորձը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ու կողմերի միջև վստահությանը։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը հայտարարել է, թե հանցագործություն կատարած Սաֆարովի հերոսացումն անընդունելի է։ Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը դատապարտեցին նաև ԵՄ մշտական նախագահ Հերման վան Ռոմպեյը և Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը։ Սեպտեմբերի 7-ին, ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտահոգություն հայտնեց Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշման առիթով և ասաց, որ հանցագործության գովերգումը խափանում է վստահությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ «ակնհայտորեն հօգուտ կոնյունկտուրային քաղաքական նպատակների արված այս քայլը ոչնչով չի կարող արդարացվել։ Ավելին, հանցագործի հերոսացումն ընդամենը կնպաստի տարածաշրջանային առանց այդ էլ բարձր լարվածության աճին»։
Ամենևին էլ պատահական չէ, որ այսքան մանրամասն ներկայացրի համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների ներկայացուցիչների արձագանքը մարդասպանի ժամկետից շուտ ազատման ու հերոսացման փաստին։ Նրանց արտահայտությունների ֆոնին ԵԱՀԿ ԽՎ քամահրական վերաբերմունքը, պատվիրակների մեծ մասի կողմից մարդասպանի գլխավոր գովազդողներից մեկին երբեմն ուղղակի խրախուսելը պերճախոս կերպով վկայում են բարոյական այն հիմքերի մասին, որոնք գերիշխում են եվրոպացի խորհրդարանականների մի մասի մեջ, երկակի չափանիշների մասին, որոնք արդեն նորմ են դառնում որոշումներ ընդունելիս։
Եվ ահա այս մտորումների խորապատկերում է, որ Երևան եկա և ակամա խորասուզվեցի Հայաստանի եվրոպական կամ եվրասիական ընտրության մասին քաղաքական բանակռիվների ու վեճերի բուռն ջրապտույտում։ Հատկանշական է, որ հարցի շուրջ արտահայտվելն իրենց պարտքն էին համարել ռուսաստանյան բավական հեղինակավոր փորձագետներ՝ Ֆեոդոր Լուկյանովը, Վիգեն Հակոբյանը, Ալեքսանդր Կռիլովը, Կոնստանտին Զատուլինը, Ալեքսանդր Տարասովը և այլք, որոնց, ի տարբերություն Ալեքսանդր Դուգինի (նա, ով հայտնի հայատյաց, իսլամիստ Հեյդար Ջեմալի մերձավոր բարեկամն ու զինակիցն է), դժվար է կասկածել կողմնակալության և հայատյացության մեջ, ավելի շուտ՝ հակառակը։
Առաջինը, որ կուզենայի ասել, երախտագիտություն հայտնելն է հայ-ռուսական հարաբերությունների և Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծվող իրավիճակի մասին նրանց տեսլականի անկեղծ շարադրման համար՝ ս.թ. նոյեմբերին Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցիացիայի համաձայնագրի և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի հնարավոր նախաստորագրման համատեքստում։ Նրանց արտահայտած մտքերը, կարծում եմ, թույլ կտան նոր երանգներ ու նրբություններ որսալ Հայաստանի զարգացման աշխարհաքաղաքական վեկտորի վերջնական ընտրության ժամանակ։ Միևնույն ժամանակ, ափսոսանք է առաջացնում այն, որ հարգարժան փորձագիտական հանրությունը, կարծիք հայտնելով խնդրի էության մասին, հեռուն գնացող իր եզրահանգումներն անում է՝ առանց խորապես վերլուծելու այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանն ահա արդեն ավելի քան 20 տարի։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող դաժանագույն շրջափակման պայմաններում Հայաստանը լուծում է ոչ միայն ազգային անվտանգության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլև տնտեսական գոյատևման հարցեր։ Նշենք, որ Հայաստանը ներմուծումից կախված, դեպի ծով ելք չունեցող երկիր է։ Նշենք նաև, որ հանրապետության կենսապահովման համար անհրաժեշտ ապրանքների 70%-ը Հայաստան է բերվում Վրաստանով, 30%-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունով։ Դրանք ինքնատիպ կյանքի ճանապարհներ են։ Այդ ուղիների բացառիկ կենսական կարևորությունը Հայաստանում մենք զգացինք 2008թ. օգոստոսին՝ վրաց-հարավօսական պատերազմի ընթացքում։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 17-ին, ինչպես տեղեկացրին լրատվական գործակալությունները՝ հղում կատարելով տեղի բնակիչների վկայություններին, օրը ցերեկով Կասպի քաղաքի (Թբիլիսիից 45 և Գորիից 40 կմ հեռավորությամբ) կամրջին ջիպով մոտենում են կամուֆլյաժով մարդիկ, պայթուցիկ դնում կամրջի տակ և պայթեցնում այն։ Պայթյունի հետևանքով կամրջի մի մասը քանդվում է, ընդհատվում է երթևեկը Վրաստանի արևելքն ու արևմուտքն իրար կապող մայրուղով, ընդհատվում է նաև հաղորդակցությունը Վրաստանի և Հայաստանի միջև։ Պայթյունի պահին ճանապարհի վնասված հատվածում Հայաստան եկող բեռնավորված 72 վագոն էր մնացել։ Հիշեցնենք, որ Վրաստանը կամրջի պայթեցման համար մեղադրեց ռուսական զորքերին։ Ռուսական բանակի գլխավոր շտաբը կտրականապես հերքեց զինվորականների մասնակցությունը պայթյունին։ Հիշեցնենք նաև, որ մինչև կամրջի պայթեցումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել էր խաղաղ կարգավորման ծրագիրը վրաց-հարավօսական հակամարտության գոտում։ Հիշում եմ, այդ օրերին մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, թե կենսականորեն կարևոր կամրջի պայթեցումը նպատակ էր հետապնդում հասկացնել Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, որ խառնակ այդ ժամանակներում հանկարծ չաշխուժանան անջատողական տրամադրությունները հայաբնակ Ջավախքում։ Չէ՞ որ պայթյունից 10 օր հետո Հայաստանում առաջին անհրաժեշտության մթերքների պաշարները հասան ծայրահեղ նիշի։ Այստեղ, իհարկե, մենք իրավունք ունենք նշելու թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների գրագետ գործողությունները և չմոռանալ այդ մասին։ Գուցե արժեր, որ հարգարժան փորձագետները հենց այս ուղղությամբ դիտարկեին Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն Հայաստանի Պատվո շքանշանով պարգևատրելու փաստը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հունիսի 24-ի հրամանագրում նշված է, որ Վրաստանի նախագահը պարգևատրվել է բազմադարյա բարեկամության ամրապնդման, ինչպես նաև այն գործունեության համար, որն ուղղված է Հայաստանի և Վրաստանի համագործակցության ամրացմանը։ Հայաստանի նախագահի հրամանագիրն ինքնատիպ ուղերձ էր ինչպես Հայաստանի քաղաքական գործիչներին, ովքեր մտահոգ էին Ջավախքում ապրող մեր հայրենակիցների ծանր սոցիալ-տնտեսական դրությամբ և հումանիտար պայմաններով, այնպես էլ այլազան սադրիչներին։ Այդ հրամանագիրը, մասնավորապես, խլում էր հողն այն քաղաքական ուժերի ոտքի տակից, որոնք, հօգուտ թուրք-ադրբեջանական շահերի առաջմղման, ամեն կերպ ջանում էին սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում։
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, ապա, ի պատիվ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների, հարկ է նշել, որ նրանք ըմբռնում են, որ Հայաստանի համար ստեղծված ծայրահեղ բարդ իրադրությունում, ինչը պայմանավորված է շրջափակումով, բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների հաստատումը Հայաստանի և Իրանի միջև չափազանց հրատապ է։
Այժմ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի, Հայաստանի և Եվրամիության, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների մասին։ Կարելի է առանց չափազանցության ասել, որ արդի Հայաստանում համազգային համոզմունք է տիրում, թե ինքնիշխան Հայաստանի Հանրապետության գոյությունը հնարավոր է միայն անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին։ Այս հարցում անխախտ համազգային կոնսենսուս է հաստատվել։ Ուստի, չտրվելով հօգուտ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության երկրների հետ ամենասերտ հարաբերությունների հաստատման տասնյակ ծանրակշիռ փաստարկներին՝ նշենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վրա է դրված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու առաքելությունը։ Սա երկրի քաղաքական ղեկավարության վրա ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ֆրանսիայի (Եվրամիության) հետ ամենաբարյացակամ հարաբերությունների հաստատման, նրանց հետ տնտեսական, հումանիտար և քաղաքական կապերի ամրապնդման հատուկ պատասխանատվություն է դնում։ Թվում է, թե այս դեպքում մեր ամերիկյան և եվրոպական գործընկերների համար այնքան էլ հեշտ չի լինի բացատրել իրենց ժողովուրդներին, թե ինչու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ նրանք նախապատվությունը տալիս են ոչ թե ինքնիշխան, ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը Հայաստանի Հանրապետության հետ միասին լիովին համապատասխանեցրել է իր օրենսդրական բազան ԵՄ-ի հետ Ասոցիատիվ համաձայնագրի պահանջներին, ավելին, ահա արդեն 20 տարի ապրում է ժողովրդավարական հասարակության, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների պայմաններում, այլ հակվում են դեպի Ադրբեջանի կողմը, որի պետական կարգն աստիճանաբար ձեռք է բերում դասական սուլթանության գծեր։
Հենց այս պայմաններում է հատուկ նշանակություն ձեռք բերում և վճռորոշ դառնում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդումը։ Ընդ որում, կարևոր է մեր պետությունների հարաբերությունները դիտարկել այն գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում, որոնք առաջիկա տասնամյակներին գերիշխելու են աշխարհում։ Հարկ է խուսափել նաև արդեն ձանձրացրած շտամպներից, որոնց նպատակն է ամեն կերպ նվազեցնել ինքնիշխան հայկական պետության՝ զարգացման իր աշխարհաքաղաքական ընտրությունն ինքնուրույն կատարելու հնարավորությունը։ Դա սկզբից ևեթ անարդյունավետ է, թեկուզև հայ-ռուսական հարաբերությունների ապագայի տեսակետից։ Չպետք է մոռանալ նաև, որ Հայաստանն աշխարհում միշտ ապրել է իր հավատով ու քաղաքակրթական ընտրությամբ։ Եվ հավանաբար, ի վերուստ տրված աստվածային նախասահմանում կա՝ փորձություն դարձած մեր ժողովրդի համար, որ 301 թվականին իմ երկիրն աշխարհում առաջինը Քրիստոնեությունն ընդունեց իբրև պետական կրոն։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական ընտրությանը, ապա հայ ժողովուրդն այն արել է դեռ Իսրայել Օրու (թուրքական և պարսկական լծի դեմ հայ ժողովրդի ազատագրական շարժման ականավոր կազմակերպիչներից մեկի) ժամանակներում, որը XVIIդ. վերջին, 20 տարվա ընթացքում շրջելով եվրոպական երկրներում և նրանց արքունիքներին հորդորելով օգնություն ցուցաբերել օտար լծից հայ ժողովրդի ազատագրության պայքարում, համոզվեց այն բանում, որ Հայաստանի իրական դաշնակիցը կարող է լինել միայն հզորություն հավաքող Ռուսաստանը։ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների պատմությունն, ըստ էության, սկսվում է 1701թ. ամռանից, երբ Իսրայել Օրին գնում է Ռուսաստան և Պետրոս I-ին ներկայացնում Հայաստանի ազատագրման նախագիծը՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Պետրոս Մեծը հավաստիացնում է Իսրայել Օրուն, որ Հյուսիսային պատերազմի ավարտից հետո, որը Ռուսաստանը վարում էր Շվեդիայի դեմ, կզբաղվի Հայաստանի ազատագրության հարցով։ Իրանում և Անդրկովկասում տիրող իրավիճակն ուսումնասիրելու համար Պետրոս I-ը որոշում է դեսպանություն ուղարկել Իրան, որի ղեկավար է նշանակվում Ռուսական բանակի գնդապետի աստիճան ստացած Իսրայել Օրին։ Հատկանշական է, որ Իսրայել Օրին, դեսպանության նկատմամբ կասկածներից խուսափելու նպատակով, ուղևորվում է Եվրոպա, որտեղ ստանում է Հռոմի պապի՝ Իրանի շահին հասցեագրված նամակը, որով խնդրվում էր հալածանքների չենթարկել Իրանի քրիստոնյաներին։ 1711թ., Սանկտ Պետերբուրգից կարևոր առաքելությամբ Հայաստան գալու ճանապարհին, նա կանգ է առնում Աստրախանում, որտեղ էլ հանկարծամահ է լինում։ Իսրայել Օրու և նրա զինակիցների սկսած գործը հաջողությամբ է պսակվում 1828թ. փետրվարին, երբ կնքվում է Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը, որով Ռուսաստանին են անցնում Արևելյան Հայաստանի տարածքները՝ Էրիվանի և Նախիջևանի խանությունները։ Անցած 185 տարիներին Ռուսաստանը և Հայաստանը, մեր ժողովուրդները մեկ անգամ չէ, որ ենթարկվել են փորձությունների, բայց միշտ պատվով են դուրս եկել ճակատագրի սահմանած՝ թվում է, թե անելանելի իրավիճակներից. ռուս-թուրքական պատերազմները, Առաջին և Երկրորդ աշխարհամարտերն էլ ավելի ամրացրին Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների եղբայրության կապերը։ Եվ այսօր մեր երկրների առջև կանգնած են ապագայի կերտման ճանապարհի ընտրության բացառիկ բարդ խնդիրները, որակապես նոր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների, ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցների մտավոր բոլոր ուժերի առավելագույն համախմբում։
2013թ. փետրվարին անվտանգության գծով Մյունխենյան քառասունիններորդ կոնֆերանսում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն իր ելույթում առաջարկեց ստեղծել ազատ առևտրի անդրատլանտյան գոտի, որի մեջ կմտնեին ԱՄՆ-ը և Եվրամիությունը։ Այդ գաղափարն անմիջապես որսաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և շտապ բանակցություններ սկսելու հույս հայտնեց։ Հետագայում այս գաղափարը զարգացում ստացավ ս.թ. հունիսի 18-ին՝ Լոհ Էրնում, G-8-ի գագաթաժողովում։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ ասուլիսում տեղեկացրել է, որ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները կսկսվեն հուլիսին։ Այս նախագծի հեղինակները կարծում են, որ այն նոր դարաշրջան կբացի համաշխարհային տնտեսության մեջ։ Դևիդ Քեմերոնը նախագիծն անվանեց «ամենախոշոր երկկողմանի համաձայնությունը պատմության մեջ», որը մասնակից երկրներին (և ոչ միայն) տասնյակ միլիարդավոր ֆունտեր կբերի, ինչպես նաև կօգնի ստեղծել միլիոնավոր նոր աշխատատեղեր և իջեցնել շատ ապրանքների գները։ Դժվար է չհամաձայնել ռուս հեղինակավոր փորձագետների եզրահանգումների հետ, որոնք կարծում են, թե ԽՍՀՄ փլուզումից հետո ի հայտ եկավ Արևմուտքի համախմբման շարժառիթը՝ ոչ թե կոնկրետ սպառնալիքի դեմ, այլ աշխարհում սեփական գերիշխանությւոնը վերականգնելու համար, որը փոքր-ինչ սասանվել էր 2008-2010թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո։ ԵՄ-ի կողմից ազատ առևտրի անդրատլանտյան գոտու ստեղծման գաղափարին հավանություն տալն, ըստ էության, նշանակում է, որ Եվրոպան հրաժարվել է ուժի անկախ կենտրոնի վերածվելու ծրագրերից՝ օբյեկտիվորեն համաձայնելով ԱՄՆ առաջնայնության հետ։ Այս ծրագրի իրականացման դեպքում նշված գոտուն բաժին կընկնի համաշխարհային ՀՆԱ մոտ 50%-ը (ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից բացի, այդ գոտում կլինեն նաև Կանադան ու Մեքսիկան, որոնք այժմ ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու անդամներ են)։ Բնականաբար, այս պայմաններում տեղի կունենա «Ոսկե միլիարդի» առևտրատնտեսական համախմբում, որն անխուսափելիորեն կբարդացնի տնտեսական զարգացման հնարավորություններն առաջին հերթին ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) երկրների համար։ Ընդ որում, հիշեցնենք, որ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ «միասնական տնտեսական տարածք» ստեղծելու Ռուսաստանի առաջարկից եվրոպացի «բարեկամները» քաղաքավարի հրաժարվեցին։ Առաջին հայացքից, ազատ առևտրի անդրատլանտյան գոտու ստեղծումը, ԵՄ զարգացման հեռանկարներ բացելով, կարող է դրական ազդեցություն ունենալ նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների տնտեսությունների վրա, որոնք, նախաստորագրելով ԵՄ-ի հետ Ասոցիատիվ համաձայնագիրը և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, իրենց տնտեսությունների զարգացման հավելյալ ազդակներ և սպառման նոր շուկաներ կստանան։ Սակայն սա՝ միայն առաջին հայացքից։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ քաղաքականությունն արդի փուլում նպատակ ունի վերածնելու սեփական արդյունաբերությունը։ Եվ, ինչպես արդարացիորեն նշում են փորձագետները, արտադրություններն Ասիա տեղափոխելու և նոր աշխատատեղեր ստեղծելու հարցերն ամենահրատապ քաղաքական թեմաներն են ԱՄՆ-ում։ Չարժե կասկածել, որ միասնական եվրատլանտյան առևտրատնտեսական տարածքի ստեղծմամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ներքին մրցակցությունը կսրվի, և վերջնարդյունքում շահող դուրս կգա ԱՄՆ-ը։ ԵՄ-ն իր հերթին չի գնա իր արտադրահզորությունները փակելու ճանապարհով և սպառման նոր շուկաներ կփնտրի։ Իսկ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների կողմից ԵՄ-ի հետ Ասոցիատիվ համաձայնագրի և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի ընդունումը Եվրամիության համար իր արտադրանքի սպառման նոր շուկաներ կբացի ավելի քան 75 մլն բնակչություն ունեցող երկրներում։ Եվ սա չափազանցություն չէ։ Չէ՞ որ, ըստ էության, «Արևելյան գործընկերության» ծրագիրը հիմնված է Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի առաջադրած քաղաքական բանաձևի վրա։ 2003թ. Ռոմանո Պրոդին, երբ Եվրահանձնաժողովի նախագահն էր, ձևակերպեց ընդլայնվող Եվրամիության և այն երկրների միջև հարաբերությունների սկզբունքը, որոնք «թեև գրեթե Եվրոպայում են», բայց չեն դիտարկվում որպես թեկնածու երկրներ։ Ռոմանո Պրոդիի «ամեն ինչի միավորում, բացի ինստիտուտներից» դոկտրինի էությունը նշանակում է հարևան երկրների տնտեսական, քաղաքական և իրավական մերձեցում Եվրամիության հետ, շուկաների փոխադարձ բացում և նրանց կողմից ԵՄ իրավաբանական նորմերի ընդունում։ Բացառությամբ, սակայն, միասնական Եվրոպայի ընդհանուր ինստիտուտներում (Եվրահանձնաժողով, ԵՄ խորհուրդ, Արդարադատության դատարան, Եվրախորհրդարան և աշխատանքային մարմիններ) մասնակցությունից, ինչը հնարավորություն կտար ազդելու այդ նորմերի մշակման գործընթացի և բովանդակության վրա։ 10 տարի է անցել, բայց հարևան երկրներին Եվրամիության մոտեցումների էությունը մնացել է նույնը, և կարծում ենք, որ ոչ ոք չի կասկածում, թե ինչ որոշումներ է ընդունելու Եվրահանձնաժողովը, որը հիանալի տեղեկացված է ԵՄ ներքին հիմնախնդիրների մասին։ Բավական է նշել, որ 2013թ. առաջին եռամսյակի արդյունքներով Եվրամիության 5 երկրների (Հունաստան, Իռլանդիա, Պորտուգալիա, Իտալիա, Բելգիա) արտաքին պարտքը 100%-ով գերազանցել է այդ երկրների ՀՆԱ-ն։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ Եվրոպայի առանձին երկրներում գործազրկությունը գերազանցում է 25%-ը։ Իսկ գործազրկությունն Իտալիայի և Պորտուգալիայի երիտասարդության շրջանում կազմում է ավելի քան 40%, Իսպանիայում՝ 56%, Հունաստանում՝ ավելի քան 60%։
Այս պայմաններում հանդգնություն կլիներ խոսել ԵՄ-ի հետ «Արևելյան գործընկերության» շրջանակներում Ասոցիատիվ համաձայնագիր ստորագրած երկրների տնտեսական զարգացման հեռանկարների մասին։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, որոշակի օրինակ բերեմ։ Հայաստանը և Եվրամիությունը ս.թ. հուլիսի 24-ին հաջողությամբ ավարտեցին բանակցությունները խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ, որը, ինչպես հայտնի է, ԵՄ-ի հետ Ասոցիատիվ համաձայնագրի մի մասն է։ Ինչպես տեղեկացրել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, բանակցությունների յոթերորդ փուլի ընթացքում, որը տեղի ունեցավ Երևանում, կողմերը համաձայնության եկան կարևոր հարցերի շուրջ, ինչը նոր փուլ է բացում Հայաստանի և ԵՄ-ի միջև առևտրային հարաբերություններում։ «Համաձայնագիրը նպաստելու է Եվրամիության հետ տնտեսական ինտեգրմանը՝ էլ ավելի հասանելի շուկա ստեղծելով հայկական և եվրոպական ապրանքների ու ծառայությունների համար։ Դա նաև թույլ կտա Հայաստանին արդիականացնել իր առևտրատնտեսական հարաբերությունները և զարգացնել տնտեսությունն առևտրի տարբեր ոլորտներում օրենքների և նորմերի ներդաշնակեցման հիման վրա։ Երկրի տնտեսության առանցքային ոլորտները կհամապատասխանեցվեն եվրոպական չափորոշիչներին»։ Ես հատուկ առանց կրճատման մեջբերեցի այս քաղվածքը Եվրահանձնաժողովի մամլո ծառայության հայտարարությունից։ Եվ ահա, այս նորամուծությունների արդյունքը, համաձայն մամլո ծառայության, լինելու է այն, որ շնորհիվ նշված համաձայնության, Հայաստանի տնտեսության եկամուտներն աճելու են տարեկան 146 մլն եվրոյով, ինչը կազմում է երկրի ՀՆԱ 2,3%-ը։ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը թույլ կտա 15,2%-ով ավելացնել երկրի արտահանումը, ներմուծումը՝ 8,2%-ով, ինչը հետագայում կբարելավի առևտրային հաշվեկշիռը։ Այստեղ տեղին կլինի ասել, որ լեռը մուկ է ծնել։ Եվ այս ամբողջ տիեզերական աղմուկն Ասոցիատիվ համաձայնագրի շուրջ արտահայտվում է այնպիսի գումարի չափով ՀՆԱ ենթադրվող աճով, որը համադրելի է Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի արժեքի մի մասի սուբսիդավորման համար ռուսաստանյան ենթադրվող դրամաշնորհի գումարին։ Այստեղ բնավ հարկ չկա խոսելու մասնագետների՝ առևտրային հաշվեկշռի ցուցանիշների բարելավման վերաբերյալ ոչ ճիշտ եզրահանգման մասին։ Հաշվի առնելով այն, որ 2012թ. Հայաստանում ներմուծման ծավալը 3,1 անգամ գերազանցել է արտահանման ծավալը, ապա արտահանման ավելացումը 15,2%-ով, իսկ ներմուծմանը՝ 8,2%-ով, ներմուծում/արտահանում հարաբերակցության պահպանման դեպքում, կհանգեցնի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի հետագա աճին, այսինքն՝ դրա վատթարացմանը։
Կարծում եմ, վերը շարադրված անաչառ վերլուծությունը կասկածներ չի թողնում այն հարցում, որ ԶԼՄ-ներում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում իբր աճող լարվածության մասին տեղեկատվության արհեստական թեժացումը միանգամայն որոշակի նպատակներ է հետապնդում։
Չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ռուսական «Роснефть» ընկերության և Հայաստանի կառավարության միջև «Նաիրիտ գործարան» Փակ բաժնետիրական ընկերությունը գնելու և հետագայում այդ ձեռնարկության, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների արդիականացման շուրջ բանակցությունների հաջող ավարտը կարող էր 146 մլն եվրոյով ՀՆԱ-ն ավելացնելու համեմատ շատ ավելի մեծացնել ՀՆԱ աճը։ Միևնույն ժամանակ, կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր։ Դժվար չէ համոզվել, որ Հայաստանում սանձազերծված հակառուսական հիստերիան, որն ուղեկցվում է Հայաստանի ղեկավարության կոշտ քննադատությամբ, որն, իբր, մեղավոր է ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մեջ, ուղղորդվում է մեկ կենտրոնից։ Հատկանշական է, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության նախանձախնդիր կողմնակիցների պատմուճան են հագել հենց այն հայ գրչակները, որոնք տառացիորեն կես տարի առաջ մեկ անգամ չէ, որ հանդես են եկել ռուսատյաց հոդվածներով։ Ընդ որում, նրանք իրենց հրապարակումներում հղում են կատարում ռուսաստանցի քաղաքագետների և փորձագետների այն արտահայտություններին ու գնահատականներին, որոնք միշտ չէ, որ «բարեհաճ» են եղել, որոնք, քննադատելով Հայաստանի իշխանավորներին, նաև այնպիսի արտահայտություններ են արել, որոնք վիրավորել են ազգային արժանապատվության զգացումը։ Ճիզվիտական այս քաղաքականությունը հստակ հաշվարկված է. քաղաքական այս դատարկաբանության անփորձ ընթերցողի գիտակցության մեջ մնում է ամենևին էլ ոչ հայկական իշխանությունների հասցեին արված քննադատությունը, այլ մեր երկրին ու մեր ժողովրդին տրվող անվայելուչ գնահատականները։ Հավանաբար, Սերժ Սարգսյանի վերընտրությունը երկրորդ ժամկետում, նրա առաջին այցելությունը Ռուսաստան, ջերմ ընդունելությունը, որը ցուցաբերվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, խառնեցին անդրօվկիանոսյան ստրատեգների ծրագրերը, որոնք իրենց խնդիրն էին համարում ինչ գնով էլ լինի պոկել Հայաստանը Ռուսաստանից։ Արտասահմանից վարձակալված այս «ընկերախմբի» ամբողջ հույսն այն է, որ խոսքացավի մեջ կարելի է խեղդել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նշանային հայտարարությունները, որոնք ոչ երկիմաստ պատասխաններ են տալիս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իսկական գերակայությունների մասին։ Ս.թ. հունիսի 25-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցերին, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում ինտեգրացիոն գործընթացներին, ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական լավ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտանում ենք այդ պատմությամբ: Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական և խոր տնտեսական հարաբերություններ: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ, և չունենք որևէ բարդույթ, որը մեզ կարող է մղել այդպիսի քայլի: Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք, և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»: Այսպիսին է Հայաստանի նախագահի հստակ դիրքորոշումը, որը պրոֆեսիոնալ դիվանագետներին, առավել ևս՝ պետական այրերին չի կարող կասկածի տեղիք տալ այն հարցում, թե որն է լինելու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գլխավոր գերակայությունը մեր երկրի ղեկավարության կարծիքով։ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, թե՝ «Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ, և չունենք որևէ բարդույթ, որը մեզ կարող է մղել այդպիսի քայլի», համաձայնեք, թանկ արժեն։ Իսկ եթե սրան հավելենք նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության «Արևելյան գործընկերության» առաջնորդների գագաթաժողովում, որը տեղի է ունեցել ս.թ. հուլիսի 10-11-ին Քիշնևում, Սերժ Սարգսյանի ելույթի այս հատվածը. «Մեր պատկերացման մեջ Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը: Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարևորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը: Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ Մաքսային միության հետ (որի անդամ է հանդիսանում նաև Թուրքիան- Ա.Գ.) առևտուրը չի կարող լինել արդյունավետ»։ Կարծում եմ, որ դիվանագիտության և քաղաքականության հարցերում բանիմաց մարդկանց Հայաստանի նախագահի խոսքերը տարընթերցումների հիմք չեն տալիս, մանավանդ հաշվի առնելով ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ կապված իրողությունները։
Հայաստանի կողմից Ասոցիատիվ համաձայնագրի և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի հնարավոր նախաստորագրմամբ պայմանավորված քաղաքական ողջ իրարանցումը միայն մեկ նպատակ է հետապնդում. ամեն գնով սեպ խրել Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների մեջ, մեր ժողովուրդներին պարտադրել փոխադարձ անվստահության զգացում։ Սրան են նպատակաուղղված Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ելույթներն ու հայտարարությունները։ Ս.թ. հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով կառավարության նիստում՝ նվիրված 2013թ. առաջին կեսի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին, ասել է. «Քաղաքական և դիվանագիտական բոլոր ջանքերի կողքին, մեր ռազմական հզորությունն առանցքային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մեջ... Ինչպես գիտեք, այս տեխնիկայի (խոսքն արդիական սպառազինությունների մասին է, որն Ադրբեջանը ձեռք է բերել Իսրայելից և Ռուսաստանից- Ա.Գ.) ձեռքբերման հետ կապված մենք ոչ մի խնդիր չունենք։ Մենք տեխնիկա ենք գնում տարբեր երկրներից և միևնույն ժամանակ այն արտադրում ենք Ադրբեջանում։ Աճում է այն երկրների թիվը, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ ռազմական ոլորտում։ Մամուլում թվեր են բերվում այն մասին, որ Ադրբեջանը որոշ երկրներից 1 մլրդ դոլարի զենք է գնել, որոշ երկրներից էլ՝ 1,6 մլրդ դոլարի։ Կարող եմ ասել, որ այդ թվերն իրականությունը չեն արտացոլում։ Իրականում մեր ռազմատեխնիկական համագործակցությունը չափվում է այնպիսի թվերով, որոնք բազմիցս ավելին են, քան բերված թվերը։ Պարզապես մենք չենք հրապարակում այդ թվերը։ Միայն մեկնաբանում ենք այն տեղեկատվությունը, որը երբեմն-երբեմն հայտնվում է արտասահմանյան մամուլում։ Բայց մենք կարող ենք հրապարակել ողջ տեղեկատվությունը, քանի որ մեր պետական բյուջեն թափանցիկ է, իսկ մեր բոլոր ծախսերը՝ բաց»։ Նախագահ Ալիևի խոսքերը Ռուսաստանից 1 մլրդ դոլարի սպառազինություն գնելու մասին, իհարկե, հասցեագրված են և՛ Հայաստանի քաղաքացիներին, և՛, անշուշտ, մեր երկրում խրամատավորված և արտասահմանից շռայլորեն ֆինանսավորվող ամեն տեսակ ռուսատյացներին։ Բայց Ադրբեջանի նախագահի խոսքերն, ըստ էության, ոչ այլ ինչ են, եթե ոչ Ադրբեջանի բնակչության և միջազգային հանրության հոգեբանական նախապատրաստություն ղարաբաղյան կարգավորման ռազմական լուծման հնարավորությանը։ Մենք նման եզրահանգում անելու իրավունք ունենք՝ վերլուծելով նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը։ 2013թ. հուլիսի 17-ին Բաքվում նա ասել է. «Ադրբեջանը և Թուրքիան սերտորեն համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ 20 տարվա ընթացքում որևէ բան անել, միջազգային հանրությունը պետք է հարց տա իրեն. ինչո՞ւ է ադրբեջանական հողերի 20 տոկոսը դեռևս գտնվում օկուպացիայի մեջ»։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները պետք է ակտիվ մասնակցություն ունենա այդ գործընթացում. «Ինչպես ձեզ հայտնի է, Թուրքիան նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Մինսկյան գործընթացին։ Գլխավորն այն է, որ հակամարտությունը շուտով կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունն այլ կերպ, քան սադրանք, անհնար է ընկալել։ Նրան, իհարկե, հայտնի է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բ.Օբամայի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆ.Օլանդի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 2013թ. հունիսի 18-ի Համատեղ հայտարարության բովանդակությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք հաստատակամորեն բոլոր կողմերի ղեկավարներին կոչ ենք անում ևս մեկ անգամ հաստատել հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին հավատարիմ լինելը: Մենք նաև դիմում ենք նրանց՝ հաստատակամորեն խնդրելով զերծ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում ու հանգեցնել հակամարտության սրման: Ղեկավարները ժողովուրդներին պետք է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստեն»: Ի՞նչ նպատակներ են հետապնդում Ադրբեջանի նախագահն ու նրա թուրք հովանավորները՝ ցուցադրաբար անտեսելով համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների առաջնորդների հորդորները, որոնք հստակ շարադրված են Համատեղ հայտարարությունում։ Նրանց մտքերի ընթացքը միանգամայն կանխատեսելի է. ստեղծել անվստահության մթնոլորտ ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ, նշել նրա անկարողությունը ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում, իսկ հետագայում սադրել մարտական գործողությունների վերսկսումն Ադրբեջանի կողմից։ Ափշերոնյան ճուռակները, տեսնելով համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների ոչ գործուն վերաբերմունքն իրենց ռազմատենչ հայտարարությունների հանդեպ, հույս ունեն օգտագործել Իսրայելից, Ռուսաստանից և Թուրքիայից ձեռք բերած բազմամիլիարդանոց սպառազինությունը՝ բլից-կրիգ, սրընթաց պատերազմ իրականացնելու նպատակով։ Հավանաբար, թուրք-ադրբեջանական ստրատեգների հաշվարկներով՝ ռազմական հաղթանակը ձեռք է բերվելու հաշված օրերում։ Իրադարձությունների նման զարգացման հնարավորության գիտակցումն առաջին պլան է մղում արդի քաղաքական իրողությունների խոր ընկալման անհրաժեշտությունը, որոնց համապատասխան՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միություն Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակյա մուտքի պարագայում՝ Միասնական տնտեսական տարածքին ու Եվրասիական միությանը հետագայում միանալու հեռանկարով։ Եվրասիական միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը վերջնարդյունքում Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումն է՝ մեր երկրների ու ժողովուրդների համար այստեղից բխող բոլոր կործանարար հետևանքներով։ Նման մտահղացման իրագործման համար ադրբեջանա-թուրքական ստրատեգները պետք է ամեն գնով չեզոքացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։ Իսկ այդ ճանապարհին առաջին քայլը պետք է դառնա Բուդվայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ս.թ. հոկտեմբերին կայանալիք նստաշրջանի օրակարգում Մինսկի խմբի համանախագահներին ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանականների ուղղած հերթական կոչի կրկնակի ներառումը. «Շտապ կարգով հրավիրել Մինսկի խմբի խորհրդակցություն լրիվ կազմով ու ամենաբարձր մակարդակով գնահատական տալ Մինսկյան գործընթացում տեղի ունեցող բանակցություններին և շարունակել ճանապարհը՝ շոշափելի արդյունքների հասնելու համար»։ Եվ այդ խորհրդակցությունը գումարելու անհրաժեշտությունն ակտուալացնելու համար կասկածից վեր է, որ Ադրբեջանը կսադրի ռազմական բախումներ ղարաբաղյան հակամարտության գոտում։
Արտաշես Գեղամյան, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)