ԽՆԴԻՐՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ Է
Քան կարող է թվալ առաջին հայացքից
19.06.2013, Հայոց աշխարհ
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱՄԿ նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ համարում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ պտտվող «օֆշորային պատմության» սպառիչ պարզաբանումն ազգային անվտանգության խնդիր է.
«Հարցը շատ ավելի լուրջ է, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Խնդիրը վեր հանելը եւ համակողմանի ուսումնասիրելը, ինչ խոսք, շատ կարեւոր է, բայց այստեղ կա ինձ համար ավելի մտահոգիչ մեկ այլ հանգամանք։
Հայաստանը, ինչպես հայտնի է, «ոչ պատերազմ, ո՛չ խաղաղություն» հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ հարաբերությունները նույնպես շատ հեռու են նորմալ համարվելուց։ Այս պարագայում աչքի առաջ պետք է ունենալ, որ հիշատակածս երկրներն ամեն ինչ անում են հաղթելու քարոզչական, տեղեկատվական պատերազմում։ Իսկ դրա համար նրանց օդ ու ջրի պես անհրաժեշտ է վարկաբեկել Հայաստանը եւ Հայաստանի իշխանություններին, առավել եւս իշխանության գագաթում գտնվող անձանց, տվյալ դեպքում՝ վարչապետին»։
Բավական է աչքի անցկացնել թուրք-ադրբեջանական լրատվական կայքերը՝ համոզվելու համար, որ սրանք ջանք ու եռանդ չեն խնայում՝ ապակողմնորոշելու միջազգային հանրությանը, քողածածկույթ ստեղծելու, թե «Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված այս իշխանությունների հետ հնարավոր չէ հասնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման։ Ուստի օֆշորային այս սկանդալի պարզաբանումը դառնում է արդեն ազգային անվտանգության խնդիր, իսկ ազգային անվտանգության հարցերով զբաղվում է ԱԱԾ-ը»։
Դրանից հետո, ըստ Ա.Գեղամյանի, խնդիր կառաջանա՝ այդ ամենը մատուցելու հասարակությանը. «Այստեղ ես հանգիստ եմ, որովհետեւ, ի դեմս հանրապետության նախագահի, գործ ունենք շատ հեռատես քաղաքական գործչի հետ, որ տարիներ շարունակ ղեկավարել է ազգային անվտանգության ծառայությունը, այն էլ մեր երկրի համար դժվար տարիներին, եւ քաջատեղյակ է, որ հարցը ինչպես մատուցելու պայմաններում ինչպիսի դիվիդենտներ կամ կորուստներ կարձանագրենք ազգային անվտանգության տեսակետից։
Հավատացած եմ՝ այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ տարվում են, եւ ամեն ինչ կընթանա այն ճանապարհով, որը երբեք ու երբեք չի խաթարի մեր երկրի ազգային անվտանգությունը»։