ԵՐԵՎՈՒՅԹԸ ԹՈՂԱԾ՝ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԴԵՄ

18.06.2013, Հայոց աշխարհ

Մեր զրուցակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ է

-Ինչպե՞ս եք գնահատում Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ քննարկումները։

-Ամենայն ուշադրությամբ հետեւելով քննարկումներին՝ խիստ դրական եմ գնահատում, որ զեկուցողներին՝ ՎՊ նախագահին եւ փոխվարչապետին, հարց տալու համար հերթագրվել էր 45 պատգամավոր։ Սա նշանակում է, որ ներկայացված փաստաթուղթն իրոք մտորումների տեղիք է տալիս, եւ Ազգային ժողովը, հատկապես քաղաքական մեծամասնությունը, շահագրգիռ է մանրակրկիտ քննարկելու եւ հասկանալու, թե ինչ է կատարվում այդ բնագավառում։

Դրական պետք է գնահատել նաեւ այն, որ Վերահսկիչ պալատը ճիշտ հետեւություններ է արել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հարցադրումներից եւ ուղիղ հանձնարարականներից, որոնք հնչել էին թե՛ ՀՀԿ վերջին համագումարում, թե՛ ԱԺ ընտրությունների նախաշեմին, թե՛ նախագահական ընտրություններից առաջ՝ առ այն, որ այսուհետ էլ ավելի է խստացվելու պայքարը բոլոր տեսակի կոռուպցիոն դրսեւորումների դեմ։

-Այս օրերին մամուլում եւ քաղաքական շրջանակներում արծարծվող հիմնական հարցերից մեկը հետեւյալն է՝ չարաշահումների հեղինակները, ի վերջո, պատասխանատվության կենթարկվե՞ն, թե՞ այս անգամ էլ կխոսենք, կքննադատենք, կանցնի՝ կգնա։

-Բոլորը, չգիտես ինչու, կենտրոնացել են այդ հարցի վրա՝ ինչո՞ւ այդ ամենին չի տրվում իրավական գնահատական, ինչո՞ւ ՎՊ հաշվետվությունը չի ուղարկվում դատախազություն։ Ընդդիմադիր պատգամավորուհու կողմից անգամ իսկ հարց բարձրացվեց, որ դատախազությունը պետք է դա ընդունի որպես հայտարարություն հանցագործության մասին, այն դեպքում, երբ դատախազությունն իրավասություն չունի բանավոր քննարկումների հիման վրա քրեական գործ հարուցել։

 

Իսկ եթե առանձին պատգամավորներ ներկայացված փաստաթղթում տեսնում են հանցագործության հատկանիշներ, կարող են դիմել դատախազություն եւ հանդես գալ կատարված հանցագործության մասին հաղորդմամբ։ Եթե դա չի արվում, նշանակում է՝ ի սկզբանե կասկածներ կան, որ դրանք քրեորեն պատժելի գործեր չեն։

Այս ֆոնի վրա շատ դեպքերում տպավորություն է ստեղծվում, թե մարդիկ անողոք պայքար են մղում բացասական, այն էլ խիստ բացասական երեւույթի հետեւանքների, ոչ թե երեւույթի դեմ։ Ասես թե տարեկան մեկ անգամ հաշվետվություն լսելով՝ կրքեր ենք բորբոքում, խստագույնս դատափետում, քննադատում, ձաղկում ենք այս կամ այն արատավոր երեւույթի հետեւանքները, ինչը, իհարկե, ճիշտ է, բայց բուն երեւույթը մնում է ստվերում։

-Ի՞նչ եք առաջարկում։ Հասարակությունը, քաղաքական ուժերը եւ ամենակարեւորը՝ կառավարությունը, ի՞նչ հետեւություններ պետք է անեն այս ամենից։

-Նախեւառաջ, պետք է հասկանալ, ինչ է նշանակում՝ գնումների եւ շինարարության ծախսերը 2012թ. կազմել են 706 միլիարդ դրամ, որից առնվազն 70 միլիարդը, այսինքն՝ 10 տոկոսը, ոչ նպատակային է օգտագործվել, անգամ իսկ մսխվել է։ Սա ինձ համար, որպես մակրոէկոնոմիկայից հասկացող մարդու, ահազանգ է, որ բյուջետային ծախսերի պլանավորումն ի սկզբանե անորակ է եղել։ Հակառակ դեպքում հնարավոր չէր բյուջեի հատկացումների 10 տոկոսը մսխելով՝ նախատեսված ծրագրերը լավ թե վատ կատարել։

Ուրեմն պետք է 2014թ. բյուջետային ծախսերի ճշգրիտ գնահատման գործընթաց սկսել։ Իսկ ճշգրիտ գնահատումը պետք է սկսվի նրանից, որ այս կամ այն շահագրգիռ նախարարությունը ներկայացնի խնդիրը, հիմնավորի կատարվելիք ծրագրի անհրաժեշտությունը եւ հատկացվելիք ծախսերի ծավալը, որից հետո փորձագիտական գնահատականներ տրվեն ծրագրի տնտեսագիտական նպատակահարմարությանը, ներկայացվի ֆինանսական ծախսերի հնարավոր սանդղակը, որը, իհարկե, միլիարդների չպետք է հասնի, այլ լինի առավելագույնը 3-5 տոկոսի միջակայքում։

 Այսքանից հետո պետք է գնահատվի՝ ծախսերի մեջ ինչ տեսակարար կշիռ են կազմում պետական գնումները, պետական գնումներն ինչ սանդղակով կարող են իրականացվել, ինչ միջակայքում։ Եթե գնումների ցանկում ներմուծվող ապրանքներ են, գործընթացում անպայմանորեն պետք է ներգրավվի մաքսային ծառայությունը եւ ներկայացնի դրանց ինվոյսները՝ սահմանում ինչ գներ են հայտարարվել։

Եթե հայտարարված գներից 10 անգամ թանկ են վաճառել, այստեղ արդեն հարկային մարմինները պետք է գնան վաճառողի մոտ եւ արձանագրեն, որ նա ստացել է գերշահույթ։ Եթե գերշահույթ է ունեցել, նույն հարկայինը պետք է կառավարության առջեւ հարց բարձրացնի՝ մտնել ԱԺ եւ հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ առաջարկել։ Այսինքն՝ պետք է կիրառվի հարկավորման պրոգրեսիվ սանդղակ, այն էլ այնպիսի տոկոսադրույքներով, որ վաճառողին հետաքրքիր չլինի այս կամ այն ապրանքը տասնապատիկ թանկ վաճառել։

Սա լրջագույն մակրոտնտեսական խնդիր է, որը, ցավոք, անտեսվում է. ավելի շատ խոսվում է, թե ում բռնեցին, քանի հոգու պատժեցին եւ այլն։ Մինչդեռ եթե այս հարցերը լուծվեն, հավատացնում եմ, այդ ռիսկայնություն ասվածը շեշտակի կընկնի։

-Ստացվում է, որ աջ ձեռքը չգիտի՝ ձախ ձեռքն ինչ է անում, այսինքն՝ կառավարության «ինքնավերահսկողական» լծակները լիարժեք չեն գործում։

-Այս ուսումնասիրությունները, վերլուծությունները ցույց են տալիս, որ նախարարությունների, գերատեսչությունների ներսում ֆինանսական վերահսկողություն իրականացնող կառույցներն անարդյունավետ են գործում։ Այլապես չէինք ունենա չարաշահումների այն օրինակները, որոնց մասին հիշատակված է ե՛ւ ՎՊ հաշվետվության մեջ, ե՛ւ փոխվարչապետի ելույթում։ Եթե ծրագիրը չսկսված՝ ուսումնասիրվեն ներկայացված տեխնիկատնտեսական, ֆինանսական հիմնավորումները նույն պետական գնումների գծով, վստահեցնում եմ, պատկերը բոլորովին այլ կլինի։

Երկրորդ դիտարկումը՝ սրա հետ կապված, հետեւյալն է. այս աշխատանքները պետք է ի սկզբանե համակարգվեն ՎՊ-ի եւ նույն կառավարության համապատասխան գերատեսչությունների միջեւ։ Չէ՞ որ մայր խնդիրն այն է, որ հարկատուների գումարները, այսինքն՝ բյուջեի ծախսերը, առավել նպատակային լինեն։ ՎՊ դրական աշխատանքի հիմնական ցուցանիշը դա պիտի լինի։

Նույնը վերաբերում է կառավարությանը։ Եթե իրենք միասնական խնդիր են լուծում, պետք է լինի փոխօգնություն։ Այսինքն՝ եթե այս կամ այն նախարարության վերահսկողական գործառույթ ունեցող ստորաբաժանումը բարձրաձայնում է ռիսկերի մասին, եւ դա հիմնավորում է, անհապաղ պետք է նույն հարկային, մաքսային ծառայություններն իրենց գնահատականը տան, ՎՊ-ը՝ իր գնահատականը, ոչ թե սպասեն՝ տարին ավարտվի կամ ծրագրի իրագործման ընթացքում մսխումներ հայտնաբերվեն, նոր հետին թվով արձանագրվեն չարաշահումների փաստերը։

-Ձեր ընդդիմադիր գործընկերները կարծում են, որ բացահայտված չարաշահումների վերաբերյալ մեծամասնության սուր արձագանքն ընդամենը «էժանագին շոու» է, լավագույն դեպքում՝ ներիշխանական հակասությունների դրսեւորում։

-Այս քննարկումները, նախեւառաջ, ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն առողջ կուսակցություն է եւ կարողանում է իր իսկ ձեւավորած կառավարության թերությունների մասին հրապարակավ խոսել։ Իսկ դա նշանակում է, որ մեծամասնությունն ունի կամք եւ ներուժ՝ վերացնելու այդ թերությունները։ Ուրիշ բան, որ որոշ քաղաքական ուժեր կարող են նման հարցադրումներ անել, որպեսզի շեղեն հանրության ուշադրությունը, կասկածանք, ստվեր նետեն այս իրողության վրա։

Փաստն այն է, որ ե՛ւ այդ քննադատությունը, ե՛ւ ՎՊ հաշվետվությունը, ե՛ւ կառավարության հարակից զեկույցը ամբողջությամբ բխում են ՀՀԿ ղեկավարի՝ հանրապետության նախագահի հարցադրումներից եւ հանձնարարականներից։ Իսկ եթե կան առանձին երանգավորումներ, անհամաձայնություն՝ ինչ-ինչ հարցերի հետ կապված, ապա դա կարող է այլ մարմինների քննարկման առարկա դառնալ։ Մասնավորապես հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության, որտեղ կան գիտակ մասնագետներ, որոնք կարող են արբիտրի դերում հանդես գալ եւ փարատել բոլոր խոսակցությունները, որոնք չեն բխում գործի շահերից։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

Последние видеоматериалы

Новые книги