Հակահեղափոխությունը Հայաստանում այլևս չի անցնի
28.02.2013, Հայոց աշխարհ
27.02.2013, Իրավունք
Սույն թվականի փետրվարի 21-22-ին Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային 12-րդ նստաշրջանը: Այս նստաշրջանի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ դրա ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաև հունիս-հուլիսին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հիմնական զեկուցման հետ առնչվող հարցեր: Ուշադիր լսելով և վերլուծելով Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից հնչեցված հարցադրումները տպավորություն ստեղծվեց, որ ադրբեջանա-թուրքական կողմը նախաձեռնել է քարոզչական լայնածավալ արշավ: Նրանց ելույթների առանցքն էր կազմում այն գաղափարը, որ Հայաստանը իր գործողություններով հրահրում է ապակայունություն մեր տարածաշրջանում: Կարճ անդրադարձ կատարեմ ադրբեջանական պատգամավորների ելույթներում հնչած երկու-երեք հարցադրումներին (իմ արձագանք ելույթները տեղադրված են Ազգային Միաբանություն կուսակցության կայքում՝ http://amiab.am/, ինչպես նաև կրճատումներով հրապարակվել են մամուլում).
- Սիրիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Սախելում ընթացող զարգացումների հնարավոր վտանգավոր հետևանքները կանխելու շուրջ քննարկումների ժամանակ Ադրբեջանի պատգամավորը նշել էր, որ Ստեփանակերտի օդանավակայի շահագործմանը միտված հայկական կողմի գործողությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք Հայաստանի կողմից և Ադրբեջանը չի հանդուրժելու դա և վնասազերծելու է Ստեփանակերտի օդանավակայանից թռչող ցանկացած ինքնաթիռ: Նման հայտարարություն անելով նա ակնկալում էր լսել զեկուցող Վիլիա Ալեկնայտե-Աբրամիկենեի գնահատականը:
- «Հայկական կողմը հանցավոր է ավելի քան 600 խաղաղ Խոջալիցիների սպանության համար, այդ թվում ավելի քան 100 երեխաների և միջազգային հանրությունը պետք է դատապարտի Խոջալուի ցեղասպանությունը», - նման հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան:
- 2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. հունվարը Ստամբուլում ազգությամբ հայ տարեց կանանց նկատմամբ իրականացված և սպանված կանանց վերաբերյալ միջազգային հանրության հանդուրժողականությունը ասես թե թևավորել է թուրք ազգայնականներին շարունակելու իրենց հայատյաց քաղաքականությունը;
- «Սիրիահայ փախստականների 27 ընտանիքներ Հայաստանի իշխանությունների անմիջական օժանդակությամբ բնակություն են հաստատել Ադրբեջանին պատկանող Հայաստանի կողմից օկուպացված Լաչինի տարածքում: Ադրբեջանական կողմը գտնում է, որ այդ մարդիկ հետագայում Հայաստանի կողմից օգտագործվելու են որպես կենդանի վահան (живой щит), երբ այդ տարածքների ազատագրմանն ուղղված գործողություններ ձեռնարկվեն», - իր այդ նույն ելույթում հայտարարել էր Բահար Մուրադովան, Միջին Մեջլիսի փոխխոսնակը:
Այս հարցերի շուրջ արժեր, որ մենք խորհեինք և ոմանք ձեռնպահ մնային փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների մասին ավել-պակաս դուրս տալու գայթակղությունից, փորձելով ստվեր գցել ընտրված նախագահի, մեր երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի ընտրության վրա: Դրանով իսկ հող է ստեղծվում արտաքին ուժերի կողմից ճնշում գործադրել մեր երկրի իշխանությունների վրա: Իսկ թե դա ում է ձեռնտու, կարծում եմ ակնհայտ է. բոլոր այն ուժերին, ովքեր թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը: Նրանք ամեն կերպ փորձում են մեր երկրում ապակայունացնել իրավիճակը, հարկադրել իշխանություններին, անգամ իսկ օրենքի շրջանակում ուժ գործադրել իսկ հետո գործել նարնջագույն հայտնի սցենարով: Գործի կդրվեն՝ «Հայաստանի իշխանությունները բռնություն են իրականացնում ժողովրդավարական խաղաղ ցույցերի մասնակիցների հանդեպ», «Հայաստանում վտանգված ՝է խաղաղ ցույցեր անցկացնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը», «Հայ ժողովուրդը չի հանդուրժի իշխանությունը բռնազավթածներին» և այսպես շարունակ:
Քանիցս փորձարկված նարնջագույն այս սցենարներն այսօր ամբողջ թափով փորձարկվում են մեր երկրում, դա էլ այն պայմաններում, երբ պարզ են այդ նողկալի գործընթացի թե պատվիրատուները, և թե հայրենասերի պատմուճաններ հագած նրանց կամակատարները: Ամենևին խնդիր չունենալով սրել ներքաղաքական իրավիճակը հարկ եմ համարում մեր երկրի համար քայքայիչ օտարների ծրագրերը հայրենասիրական կոչերի ներքո քողարկողներին սթափվել: Սա մեր երկիրն է, այստեղ են մեր պապերի և հայրերի, հարազատների, Արցախի ազատամարտի համար կյանքերը զոհած ֆիդայինների շիրիմները, մեր որդիներն են Հայոց բանակում պաշտպանում երկրի անդորրը: Ուստի հույսներդ կտրեք, որ ի զորու եք լինելու Երևանի, Գյումրու, Վանաձորի և մյուս քաղաքների և գյուղերի հրապարակները քաղաքացիական բախումների հրապարակ դարձնել: Այնպես որ, թարգեք ձեր ճամարտակությունները: Ի հեճուկս ձեզ համակրող աղանդավորների և սեռական փոքրամասնությունների թարգեք հնչեցնել վսեմաշուք Ամանայն Հայոց կաթողիկոս՝ Գարեգին Բ-ի և Կիլիկիո կաթողիկոս՝ Արամ Ա-ի Վեհ անունները:
Հակահեղափոխությունը, որ ծրագրել են օտարերկրյա տիկնիկավարները Հայաստանում այլևս չի անցնի:
Արտաշես Գեղամյան, Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)