ԵԿԵԼ Է ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԱԶԳՈՎԻ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

02.02.2013, Հայոց աշխարհ

Մեր հարցերին ի պատասխան՝ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ նախօրեին տեղի ունեցած մահափորձի վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

-Պարոն Գեղամյան, ինչպե՞ս կբնութագրեք ստեղծված իրավիճակը` պայմանավորված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձով:

-Եզրակացություններ անելուց առաջ վերհիշենք, թե ինչ իրադարձություններ նախորդեցին քարոզարշավին: Դեռ 2012թ. սեպտեմբերից գրեթե բոլոր լրատվամիջոցները միահամուռ արծարծում էին ՀԱԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` նախագահական առաջիկա ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարցը: Որպես նախագահի միասնական թեկնածու շրջանառվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վարդան Օսկանյանի անունները:

Այս կապակցությամբ մեծ ոգեւորություն էր տիրում համաշխարհային քաղաքականության ուժի որոշակի կենտրոններից սնվող գրանտակերների եւ հայտնի կուսակցապետերի շրջանում: Հայաստան ժամանած օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պարտքն էին համարում պարտադիր այցելել կոնգրեսի առաջնորդին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում երկրորդ համարի տակ ԱԺ պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանին:

 

Դեռ այդ օրերին ակնհայտ էր, որ մեր երկրից դուրս կան ուժեր, որոնք խիստ շահագրգռված են, որ ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում ընտրվի ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ գտնվող անձ: Բնականաբար ի սկզբանե բացառվում էր, որ այդ դերը կարող է ստանձնել Սերժ Սարգսյանը, թեկուզեւ այն պատճառով, որ անցած հինգ տարիների ընթացքում գործող նախագահը վարել էր Հայոց պետականության շահերից բխող ինքնուրույն, շրջահայաց եւ ապագային միտված քաղաքականություն:

Եվ նա դա արել էր ոչ մեկ անգամ՝ հրապարակավ, բաց եւ ազնվորեն հայտարարելով, թե որոնք են մեր պետության անվտանգության շահերից բխող արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Հիշենք, թե որո՞նք էին մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչի մասին 2012 թ. դեկտեմբերի 15-ին հստակ հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության 14-րդ համագումարի ամբիոնից՝ ասելով. «Մեր մշտական ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ.

-Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների զորացումը եւ ռազմավարական համագործակցության ամրապնդման ծրագրերի իրականացումը,

-Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացումն ու ընդլայնումը,

-Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության շարունակությունը, եվրոպական երկրների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը,

-մեր արտաքին քաղաքականության մյուս գերակայությունները»:

Թվում է, թե նման հավասարակշռված եւ ազնիվ քաղաքականությունը կարժանանար Հայաստանի բարեկամ երկրների եւ միջազգային կառույցների հավանությանը: Չէ՞ որ, ըստ էության, հայոց պետության ղեկավարը մեր երկրի օրինակով ցույց է տալիս համայն աշխարհին, որ հեռանկար է խոստանում արտաքին այն քաղաքականությունը, որը հիմնված է համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների հետ բարեկամական, գործընկերային հարաբերությունների հաստատումով՝ համադրելով նրանց միջեւ առկա ընդհանուր հետաքրքրություններն ու շահերը:

Ավա՜ղ, շատ կարճ ժամանակ անց սկիզբ դրվեց արհեստածին հարցադրումների եւ պայմանների գործընթացի: Այսպես. չգիտես ինչու Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի կնքումը սկսեցին հակադրել Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հնարավորության հետ:

Ժամանակային առումով դա հաջորդեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որում նա հստակ ասել էր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական առաջիկա ընտրություններին սեփական թեկնածուով չի մասնակցելու եւ չի սատարելու որեւէ թեկնածուի:

Արդեն իսկ ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այդ որոշումը հիմնովին ձախողեց օտարածին բոլոր ուժերի նկրտումները` նախագահական ընտրությունների ընթացքում ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, որը նրանք փորձելու էին իրագործել վերը հիշատակված գործիչների միջոցով: Իսկ նրանց առջեւ դրված խնդիրը, կրկնեմ, մեկն էր` նախագահի ընտրության նախաշեմին ամեն գնով շիկացնել իրավիճակը Հայաստանում, թուլացնել ընտրված նախագահի դիրքերը, դրանով իսկ նրան կառավարելի դարձնել համաշխարհային ուժի համապատասխան կենտրոնների կողմից:

Ճիշտ այս տեսանկյունից պետք է մոտենալ ԵԽ ԽՎ մշտադիտարկման առաքելության ղեկավար տիկին Կարին Ուոլդսետի հունվարի 17-ին` ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկից 3 օր առաջ արած աննախադեպ հայտարարությունը, որում Նորվեգիայի Ստորտինգի (պառլամենտի) պատգամավորն իրեն իրավունք էր վերապահել առաջիկա ընտրությունները բնորոշել ոչ մրցակցային, մտահոգություն հայտնել ընտրացուցակների վերաբերյալ, եւ այլն, եւ այլն:

Ուշագրավ է, որ մի քանի օր անց Կարին Ուոլդսետին ձայնակցեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Այս մասին հանգամանորեն գրվել է նաեւ ձեր թերթում, ուստի չեմ ուզում անդրադառնալ մանրամասներին:

Սակայն փաստենք, որ հարգարժան տիկնանց գնահատականները հօդս ցնդեցին շատ կարճ ժամանակ անց` ամենատարբեր աշխարհայացքներ ունեցող քաղաքական գործիչների, ինչու չէ, նաեւ նախագահի հեղինակավոր թեկնածուների գրավոր ու բանավոր ելույթների արդյունքում: Թվում էր, այլեւս ոչ մի խոչընդոտ չկար, որպեսզի փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները դառնային լավագույնը Հայաստանի երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում:

Մինչեւ երեկ քարոզարշավն աչքի էր ընկնում թե՛ իր բովանդակային հագեցվածությամբ, թե՛ նախագահի հիմնական թեկնածուների կոռեկտ պահվածքով, թե՛ լրատվամիջոցների, հատկապես պետական, բարիդրացիական եւ հավասար պայմանների ապահովմամբ:

Արդեն իսկ ակնհայտ է, որ ձեւավորված այս մթնոլորտը չէր կարող գոհացնել օտարածին այն բոլոր ուժերին, որոնք քնում-արթնանում եւ երազում էին Հայաստանը տեսնել ապակայունացված` դրանով իսկ խոցելի: Ուստի պետք էր գործել արագ` ձեռնարկելով այնպիսի մի գործողություն, որը ֆորսմաժորային իրավիճակ կստեղծեր երկրում:

-Հարց է ծագում. ինչո՞ւ հենց Պարույր Հայրիկյանը հայտնվեց իր տեսակի մեջ եզակի՝ մեր քաղաքական պրակտիկայում, ըստ էության, աննախադեպ այս հանցագործության թիրախում։

-Թիրախը պատահական չէր ընտրված. Պարույր Հայրիկյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, ով համայն աշխարհում ճանաչված է որպես սեփական գաղափարների համար 17 տարի խորհրդային ճամբարներում տառապած այլախոհ, Հայաստանի անկախության ռահվիրա:

Առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթելով Պարույր Հայրիկյանին` համոզված եմ, որ կյանքի մեծ փորձառություն ունեցող Պարույրը շատ լավ էլ գիտակցում է, որ փամփուշտը ուղղված էր գործող նախագահ Սերժ Սարգսյանի, Հայոց պետականության դեմ, որի վառ խորհրդանիշերից մեկը հենց ինքն է` Պարույր Հայրիկյանը:

Հավանաբար ադրբեջանաթուրքական լոբբիստական կազմակերպություններին եւ դրանց տեղական դրածոներին հանգիստ չի տալիս նախագահ Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության եւ նրա դաշնակիցների վճռականությունը` մեր երկրի բոլոր քաղաքացիների, յուրաքանչյուր հայի համար կառուցել ապահով Հայաստան:

Միգուցե նրանք գիտակցում են, թե ի՞նչ էր նշանակում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` Երեւանում օրերս արած հայտարարությունը, կապված Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների սպառնալիքների հետ, այն է` օդում պայթեցնել Ստեփանակերտի օդանավակայանից թռչող ցանկացած ինքնաթիռ, այդ թվում` քաղաքացիական:

Հավանաբար նաեւ նրանց հանգիստ չի տալիս վերջերս պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի` հայաստանյան իր գործընկեր Սեյրան Օհանյանի հետ անցկացրած ասուլիսում հայտնած վճռականությունը` համատեղ ուժերով ապահովելու մեր երկրի անվտանգությունը:

Եվ վերջապես, մեր երկրի «բարեկամները» լավ էլ գիտակցում էին, թե ի՞նչ էր նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականը` համապատասխան փաստաթղթեր մշակել` ուղղված հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը, հանձնարարական, որն արդեն իսկ վավերացվել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի կողմից:

-Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցված, հետաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է։ Այս պարագայում վարկածներ առաջ քաշելը, հեռահար եզրակացություններ անելը փոքր-ինչ վաղաժամ չե՞ք համարում։

-Ես ոչ մեկի դեմ ոչ մի մեղադրանք չեմ ներկայացնում. սա ընդամենը քաղաքական վերլուծության փորձ է: Այդուհանդերձ մի բան պարզ է՝ քաղաքականության մեջ նման «պատահական» զուգադիպություններ չեն լինում: Եվ տա Աստված, որ սխալված լինեմ: Ամենակարճ ժամանակում մենք ձեզ հետ ականատես կդառնանք, թե համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնները եւ նրանց դրածոները ինչպես են մեկնաբանելու կատարվածը:

Ինձ համար հասկանալի է, որ ադրբեջանաթուրքական քաղաքականության լոբբիստները, որոնք բավականին հզոր ուժեր են, դեռ մինչեւ երկու օր առաջ գիտակցում էին, որ իրենց ծրագրերը` ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, դատապարտված են ձախողման: Եվ սպասելի էր, որ, կրկնում եմ, կձեռնարկվեին մեր երկրի համար անչափ վտանգավոր հետեւանքներով հղի գործողություններ:

Այդ առումով, խորհուրդ եմ տալիս եւ խնդրում եմ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի նա անհապաղ դադարեցնի հացադուլը, այլապես չի բացառվում, որ կդառնա հաջորդ սադրանքի թիրախը` առողջության կտրուկ վատթարացմամբ...

Եկել է պահը, որ բոլորս զգոնանանք, ազգովի գիտակցենք, որ նախագահական գալիք ընտրությունները բախտորոշ են լինելու Հայոց պետականության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, համայն հայության ճակատագրի համար: Եվ երկրի գործող նախագահի շուրջ մեր համախմբվածությամբ դիմակայենք սպառնացող մարտահրավերներին:

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги