«ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐ» ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՐՈԽԱՆՈՎՆ ԱԿԱՆ Է ԴՆՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱԿ

12.01.2013, Հայոց աշխարհ

Դեռ խորհրդային ժամանակներում ստեղծված բարի ավանդույթի համաձայն՝ Նոր տարին դիմավորելիս իմաստավորում եւ ամփոփում ենք անցած տարվա արդյունքները, ապագայի ծրագրեր կառուցում։

Միաժամանակ, առանձնակի ջերմությամբ հիշում ենք իրադարձություններ ու նաեւ մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել են իրենց հարազատների ու մերձավորների բարեկեցությանը, իրենց ժողովուրդների համար ստեղծել խաղաղ ու ստեղծարար աշխատանքի պայմաններ բարդ, վտանգներով ու անորոշությամբ լի XXl դարում։

Այդ ավանդույթին հավատարիմ ենք մնացել նաեւ մենք՝ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս։ Հանրապետություն, որն անկախության ձեռքբերման պահից ի վեր չհայտարարված պատերազմի մեջ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որոնք ահա արդեն 20 տարի շրջափակել են Հայաստանը։

Բայց հնագույն հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը խիստ բնորոշ է այն, ինչ նախագահ Սերժ Սարգսյանն ամանորյա եւ սուրբծննդյան ուղերձում մաղթեց իր ժողովրդին. «Ու թող գա 2013-ը: Մտնի մեր հարյուր հազարավոր դռներից ներս: Ուրախ ու վստահ: Թող բերի խինդ ու երջանկություն: Ապահովություն ու խաղաղություն...»։

Իսկ ի՞նչ է մաղթում Ադրբեջանի նախագահը ադրբեջանցի ժողովրդին՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա եւ Ամանորի կապակցությամբ։

 

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք շատ լրջորեն զբաղվում ենք բանակաշինության գործընթացով։ Ադրբեջանական բանակը ամենահզոր ուժն է Հարավային Կովկասում։ Գործադրվում են անհրաժեշտ բոլոր միջոցները բանակի զարգացման համար։ 2012թ. մեծ քանակությամբ ռազմատեխնիկա, զենք եւ զինամթերք է բերվել, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրետանային հակաօդային կայանքներ, միաժամանակ հենց երկրում, ավելի քան 40 արդյունաբերական ձեռնարկություններում հիմք է դրվել ռազմական նշանակության արտադրանքի արտադրությանը։ 2013թ. մենք էլ ավելի կուժեղացնենք մեր բանակը։ Մեր բանակի վրա ծախսվող միջոցները 50 տոկոսով գերազանցում են Հայաստանի բյուջեն։ Այս ոլորտում այսուհետ եւս կիրականացվի նպատակաուղղված, համակողմանի քաղաքականություն, որպեսզի հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտությունը շուտով լուծվի, Ադրբեջանը վերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- ասվում է Ի.Ալիեւի շնորհավորանքում։

Խորհենք Ադրբեջանի նախագահի՝ «որպեսզի հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը շուտով լուծվի» բառերի շուրջ՝ ամանորյա այդ նույն շնորհավորանքի մեկ այլ մաղթանքի համատեքստում. «Այսօրվա Հայաստանն առաջ է եկել պատմական ադրբեջանական հողերի վրա։ Մենք լավ գիտենք պատմությունը։ Իրեւանի խանությունը, Զանգեզուրը, Գեյչինի մահալը, այդ բոլորը մեր պատմական հողերն են»։

Եվ այս պնդումներն անում է մի երկրի նախագահ, որն աշխարհի քաղաքական քարտեզին հայտնվել է ընդամենը 1918 թվականին։ Եթե սկսենք զբաղվել պատմության հետ որեւէ ընդհանրություն չունեցող այս հիմարության հերքմամբ, նշանակում է՝ կուլ ենք տվել էժանագին խայծը, որ ծագել է «ափշերոնյան իմաստունների ուղեղների ֆաբրիկայում»։

Ըստ էության, Ի.Ալիեւն իր մաղթանքով «աշխարհի ադրբեջանցիներին» պատրաստում է պատերազմի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլեւ Հայաստանի Հանրապետության հետ։ Ընդ որում՝ այդքան գռեհկաբար ու բացահայտ արտահայտվելով, թվում է, թե նա ստուգում է համաշխարհային հանրության եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների առաջնորդների զգոնությունը։

Այո, նա ստուգում է Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների զգոնությունը, որոնք վերջին տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղղած իրենց համատեղ ուղերձներում միանշանակորեն նշել են բացառապես խաղաղ միջոցներով Ղարաբաղյան հակամարտության լուծման մասին։ Խորանալով ալիեւյան ամանորյա մաղթանքների տողերի մեջ՝ ակամա սկսեցի ինտերնետում որոնել համապատասխան արձագանք ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այլեւ ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից։

Այո, ես չսխալվեցի՝ ասելով ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից, որովհետեւ հենց այս կազմակերպությանն է իր մաղթանքում վկայակոչում Ադրբեջանի նախագահը։ «ՆԱՏՕ-ի 2012թ. գագաթաժողովում ընդունված բանաձեւում նույնպես դրվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին հարցը տարածքային ամբողջականության հիման վրա։ Չմիավորման շարժման մեջ միավորված երկրները եւ ՆԱՏՕ-ն կազմում են համաշխարհային հանրության բացարձակ մեծամասնությունը, եւ նրանց դիրքորոշումը միանշանակ է. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի։ Հակամարտության կարգավորման այլ ճանապարհ չկա»։

Եվ այս պնդումն արվում է ի հեճուկս այն բանի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քանիցս՝ Լ’Ակվիլայում (2009թ.), Մուսքոքում (2010թ.), Դովիլում (2011թ.), Լոս Կաբոսում (2012թ.), իրենց համատեղ հայտարարություններում հորդորել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին «առաջնորդվել ուժի կամ ուժ կիրառելու սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքներով»։

Ի.Ալիեւի ամանորյա ռազմաշունչ հռետորաբանության արձագանքը երկար սպասել չտվեց։ Բայց, ավաղ, դրան չարձագանքեցին համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները։ Կուզենայինք հավատալ, որ պատճառը անտարբերությունը, առավել եւս՝ պոտենցիալ ագրեսորին հնազանդեցնելու դրսեւորումը չէ։

Կուզենայինք հուսալ, որ այստեղ ակնհայտ է սովորական քամահրանքը Հարավային Կովկասի նոր ռազմատենչ պետության առաջնորդի ռազմաշունչ հռետորաբանության հանդեպ։ Մի երկրի ղեկավարի, որի գիտակցությունը մթագնել են ասես առատության եղջյուրից թափվող նավթադոլարները։

Արձագանքն ստացվեց մի մարդուց, որն իր մտադրություններում, համոզված եմ, իր հայրենիքի՝ մեր բարեկամ Ռուսաստանի հայրենասերն է։ Այս բոցաշունչ հռետորը, եթե պատմությանը ավելի իրազեկված լիներ ու իր եզրահանգումներն ավելի ծանրակշիռ, պատմականորեն ստույգ փաստերի վրա հիմներ, կարող էր լավ ծառայություն մատուցել հետխորհրդային տարածքի անկախ պետությունների նոր միավորման՝ Եվրասիական միության ստեղծման գործին։

Խոսքը Ալեքսանդր Պրոխանովի արտահայտած մտքերի մասին է, որոնք հնչել են Ռուսաստանի պետական հեռուստատեսության (PTP1) հեռարձակած «Կայսրության զինվորը» ֆիլմի հինգերորդ մասում։ Այսպես, հունվարի 10-ին այս հեռուստաալիքի, որը վայելում է Հայաստանի քաղաքացիների վստահությունը, բազմամիլիոնանոց լսարանը «կայսրության զինվորի» շուրթերից լսեց սրբապիղծ սուտ այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 1988-1990թթ. Ադրբեջանում եւ Հայաստանում։

Հղում կատարելով հայ խաղաղ քաղաքացիների հանդեպ ադրբեջանցի վիժվածքների իրականացրած սումգայիթյան ջարդերի պատճառների մասին իր «արտասովոր» իրազեկությանը՝ Ա.Պրոխանովը բարբաջում է. «Վռնդվեցին Կապանի ադրբեջանցիները։ Հայերը նրանց դուրս քշեցին իրենց տարածքից։ Դա ողբերգական տեղահանում էր։ Դա այդպիսի առաջին էթնիկական զտումն էր։ Երբ ադրբեջանցիները՝ երեխաներ, մայրեր՝ իրենց ծծկեր երեխաների հետ, ծերեր, տղամարդիկ, անցնում էին լեռնանցքներով, ձյան միջով, ընկնում, սառչում էին, հեռանում իրենց հայրենի հողերից, իրենց գյուղերից, իրենց այգիներից։

Գնացին Ադրբեջան, այնտեղ հիմնավորվեցին ով ինչպես կարող էր, որտեղ կարող էր, նրանցից ոմանք հաստատվեցին Սումգայիթում։ Իսկ Սումգայիթը լիմիտով աշխատանքի եկածների քաղաք էր, հուսահատ մարդկանց քաղաք, քաղաք, որտեղ սումգայիթյան այդ քիմիայի հողի վրա ծաղկում էր կրիմինալը, եւ այստեղ, մարդկանց այդ խառնարան եկան դժբախտ արտաքսյալները, որոնք էլ ծնեցին ահա այդպիսի ազգային ատելություն հայերի հանդեպ։ Սումգայիթյան այդ հուզումները, այդ կոտորածը, սումգայիթցի հայերի այդ ծեծը, այդ ահավոր բռնությունը, երբ ծվատում էին կանանց, երբ կախում, խողխողում էին, երբ ցցերը խրում էին հղի կանանց որովայնը, այդ ամենը ահա այդ արտաքսման ծնունդն էր, կապանցի ադրբեջանցիների արտաքսման»։

Եվ այսպիսի զազրելի սուտ տարածում է մեկը, որն իրեն ներկայացնում է իբրեւ ուղղափառ ռուս մտավորական։ Չեմ ուզում հավատալ, թե նա ծանոթ չէ սումգայիթյան ողբերգության իրական փաստերին։ Մանավանդ որ այդ մասին բազմիցս գրել են ռուս շատ հիրավի մտավորականներ, որոնք առանց ավելորդ ճղճղանության, լինելով ավելի կիրթ, քան մեր «կայսրության զինվորը», չեն փորձել իրենց ներկայացնել XX դարավերջի - XXl դարասկզբի նորահայտ էնցիկլոպեդիստի դերում, ինչպես անհաջող կերպով փորձում է դա անել Ա.Պրոխանովը։ Իսկ այդ օրերի ճշմարտությունն անմոռանալի է, այն չսպիացող ու արնածոր վերքի նման է նաեւ այսօր՝ 24 տարի անց։

1988թ. փետրվարի 26-29-ը տեղի ունեցած իրադարձությունների բազմաթիվ վավերագրական վկայություններից մեջբերենք ընդամենը մի հատված ռուս հեղինակներ Իգոր Բաբանովի եւ Կոնստանտին Վոեվոդսկու «Ղարաբաղյան ճգնաժամ» գրքից (Սանկտ Պետերբուրգ, 1992թ.).

«Սումգայիթում՝ Բաքվից ոչ հեռու գտնվող արդյունաբերական քաղաքում, հակահայկական հանրահավաքներն սկսվեցին փետրվարի 26-ի առավոտյան. դրանք տեղի էին ունենում քաղաքի կենտրոնական հրապարակում։ Հիմնականում առաջատար դերը պատկանում էր կուսակցության քաղկոմի երկրորդ քարտուղար Բայրամովային, որին հաջորդ օրը փոխարինեց հենց նոր Մոսկվայից վերադարձած Մուսլիմզադեն։

Ոչ հանրահավաքները, ոչ դրանց հաջորդող ջարդերը տարերային չէին. դրանց պատրաստվել էին մի քանի օր՝ կազմելով հայկական բնակարանների ցուցակներն ու ինքնաշեն զենք ձեռք բերելով» (այս մասին վկայում են բազմաթիվ ականատեսների ցուցմունքները, մասնավորապես՝ «Սումգայիթի կոմունիստ» թերթի 13.05.88թ. թիվ 57-ում տպագրված հրապարակումը, որում գրված էր.

«Բարդ իրավիճակի օրերին խողովակագլանման գործարանի արտադրամասերում պատրաստվում էին կացիններ, դանակներ եւ այլ առարկաներ, որոնք կարող էին կիրառվել խուլիգանական տարրերի կողմից»)։ Բացի այդ, մինչեւ հանրահավաքների սկիզբը Սումգայիթ էր եկել Հայաստանից «փախստականների» զգալի քանակություն, որոնք պատմում էին ադրբեջանցիների կոտորածի մասին։ «Կոտորածի վայր սովորաբար նշում էին Հայաստանի հարավում գտնվող Կապան քաղաքը»։ «Փախստականները» Սումգայիթից անհետացան նույնքան հանկարծակի, որքան հանկարծակի էլ հայտնվել էին. նրանցից ոչ ոք հետագայում պատասխանատվության չի ենթարկվել։

Այնինչ Կապանում աշխատում էր հանձնաժողով՝ գեներալ Վ.Ի. Դրեեւի (Անդրկովկասյան զինվորական օկրուգի զորքերի պետի տեղակալ) գլխավորությամբ. այդ հանձնաժողովի հաշվետվությունում վճռականապես մերժվում է էթնիկական հողի վրա կատարված որեւէ միջադեպ Կապանում»։

Այս ողբերգության մասին ռուս սպային բնորոշ ամենայն համոզչությամբ եւ ճշմարտացիությամբ «Խռովահույզ Ղարաբաղ». ԽՍՀՄ ՆԳՆ սպա Վիկտոր Կրիվոպուսկովի օրագրից (երկրորդ լրացված հրատարակություն, Մոսկվա, Գոլոս-Պրեսս, 2007թ.) գրքում հեղինակը գրել է.

«Ջարդարարները բաժանվում էին մի քանի տասնյակ մարդուց բաղկացած խմբերի, ներխուժում նախապես նշված հայերի բնակարաններ։ Մարդկանց սպանում էին իրենց իսկ տներում, բայց ավելի հաճախ փողոց կամ բակ էին քարշ տալիս՝ հրապարակավ անարգելու համար։ Հազվադեպ էր պատահում, որ անմիջապես զոհվեին կացնի կամ դանակի հարվածից։ Մեծամասնությանն սպասում էր տանջալից ծաղրուծանակ, ծեծում էին մինչեւ գիտակցությունը կորցնելու աստիճան, վրաները բենզին էին լցնում եւ այրում։ Հաճախ էին պատահում կանանց եւ աղջիկների խմբակային բռնաբարության դեպքեր, հազվադեպ չէր, որ բռնությունը կատարվում էր հարազատների աչքերի առջեւ, ինչից հետո նրանց սպանում էին։ Չէին խնայում ոչ ծերերին, ոչ երեխաներին»։

Սրանք ռուս սպա Վ.Կրիվոպուսկովի վավերագրական ճշգրտությամբ շարադրված հիշողություններն են, որն այդ դաժան տարիներին աշխատում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում որպես ԽՍՀՄ ՆԳՆ քննչական-օպերատիվ խմբի շտաբի պետ։ Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված կապանցի «փախստականներին», որոնց տառապանքների համար ողբում է «կայսրության զինվորը», ապա պարզություն մտցնենք նաեւ այդ մտավարժանքներում։

Այսպես, 1988թ. փետրվարի 20-ին Ադր. ԽՍՀ Ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի խորհրդի նստաշրջանն ամփոփեց Ղարաբաղի պետական պատկանելության հարցով հանրաքվեի արդյունքները։ Մարզխորհրդի նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեցին դիմումներ՝ ուղղված օրենսդիր երեք մարմինների՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդին եւ Ադրբեջանի ու Հայաստանի գերագույն խորհուրդներին՝ խնդրելով թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղը դուրս գա Ադրբեջանի կազմից եւ վերամիավորվի Հայաստանին։ Մարզխորհրդի որոշումն ընդունվել էր ԽՍՀՄ գործող օրենքներին լիակատար համապատասխանությամբ։

Մինչեւ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի նստաշրջանը Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից Կապանի շրջան ժամանեց մի զորամաս՝ «կանխելու համար ադրբեջանցիների կոտորածը», որը, «Մոսկվա հասած ազդանշանների համաձայն», նշանակված էր փետրվարի 20-ին։ 6 օր անց՝ փետրվարի 26-ին, Կապան է ժամանում «կայսրության զինվորի» հիշատակած գեներալ Ալբերտ Մակաշովը՝ Կապանի շրջանին հարեւան Նախիջեւանի ԻԽՍՀ-ում զորահավաք իրականացնելու լիազորությամբ։

ԽՄԿԿ ԿԿ-ից, ՊԱԿ-ից եւ ԽՍՀՄ ՆԳՆ-ից, Անդրկովկասյան զինվորական օկրուգի շտաբից ստուգումներ իրականացնողները պատրաստվող անկարգությունների ոչ մի նշան չհայտնաբերեցին։ Գրանցվեց ընդամենը երկու իրավախախտում. ադրբեջանական դպրոցը հրդեհելու փորձ հենց դպրոցի ադրբեջանցի տնօրենի կողմից եւ հարձակում Երեւան-Կապան գնացքի վրա։ Գեներալական ժապավենակիր խոհուն փորձագետներն անգամ Կապանի շրջանից ադրբեջանցիների միգրացիայի վերլուծություն անցկացրին, ինչը հատկանշական որեւէ բան չպարզեց, եթե չհաշվենք այն, որ մոտ 200 ադրբեջանցիներ հանկարծակի, մի գնացքով, փետրվարի 27-ին մեկնեցին Բաքու։ Այդ մարդկանց խոսքով՝ նրանց հեռանալու պատճառը Ադրբեջանի իրենց ազգականների հորդորներն էին։

Ուշադրություն դարձրեք, հարգարժան ընթերցող, որ նրանք մեկնել են 1988թ. փետրվարի 27-ին՝ Սումգայիթի ջարդերի օրը, որոնց մասին Հայաստանում դեռ չգիտեին։ Այդ գնացքի ու նրա շուրջ մանեւրները խիստ առեղծվածային են։ Մոտավորապես կես ճանապարհին գնացքը կանգնեցվում է Իմիշլի շրջկենտրոնում, որտեղ ուղեւորների հետ զրուցելու էին եկել Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ա.Ռասիզադեն, Ադրբեջանի Իմիշլիի եւ Զանգելանի շրջանների եւ Կապանի շրջանի՝ հեռախոսագրով կանչված ղեկավարները։

Գնացքի ուղեւորները, Ադրբեջանի տարածքում գտնվելով, հայտարարեցին, որ հայերից պարտք ու պահանջ չունեն, ինչից հետո գնացքը շարունակեց ճանապարհը։

Ահա թե ինչպես է եղել իրականում, ինչի մասին ամենայն համոզչությամբ շարադրված է սանկտպետերբուրգցի լրագրող Կոնստանտին Վոեվոդսկու հոդվածում։ «Վերակառուցումը Ղարաբաղյան հայելում» հոդվածից (1993թ.) կարելի է բերել բազմաթիվ այլ վավերագրական փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի սադրանքի նախօրոք ծրագրված լինելը։ Սակայն սահմանափակվենք՝ վկայակոչելով 1988թ. փետրվարի 29-ի ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի նիստի արձանագրության աշխատանքային գրառումից կատարված մի մեջբերում՝ «Հույժ գաղտնի», Միակ նմուշ, Աշխատանքային գրառում նշումով (Ժամանակակից փաստաթղթերի պահման կենտրոն - ՃղհԺ, գաղտնազերծված փաստաթղթերի ժողովածու, «Ռոդինա» ամսագիր, թիվ 4, 1994թ., էջ 82-90)։

Ներկայացնում ենք մեջբերումը գրառումից.

Գորբաչով. Հիմա Դմիտրի Տիմոֆեեւիչը (Յազով) տեղեկացրեց Սումգայիթից, գեներալներից մեկի զեկույցը։ Զինվորականները նման տեսարանի են հանդիպել. անկարգություններ են անում ջահելները, նրանց ներկալել են, բայց նրանք ոչ մեծ խմբերով շարունակել են անկարգությունները՝ ավտոբուսներ են հրդեհել, սպանություններ կատարել. արդեն 14 մահ կա, շատ մարդիկ հոսպիտալներում են։

Չեբրիկով (ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ). 110 վիրավոր։

Գորբաչով. Այստեղ վայրագություններ են անում արդեն ավազակային տարրերը, նրանց մեջ կան կրկնահանցագործներ, ամբողջ փրփուրը ջրի երես է դուրս եկել, իսկ Սումգայիթի միլիցիան արդեն կանգնած է ու ոչինչ չի անում։ Նշանակում է՝ այդ գործողությունը մտածված է ի պատասխան հայերի, որպեսզի «սուր պատասխան» տան։

Եվ «սուր պատասխանը», ենթադրվում էր, որ հայերին տրվում էր Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի վերոնշյալ որոշման համար, որը, կրկնում եմ, ընդունվել էր ԽՍՀՄ օրենքներին լիակատար համապատասխանությամբ։ Նշեմ, որ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի նշված նիստում շոշափվեց նաեւ փախստականների հարցը։ Ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում համապատասխան մեջբերումը.

Գորբաչով. Բայց կան ադրբեջանական ընտանիքների փախուստի փաստեր, իհարկե թվերը հակասական են. Վլադիմիր Իվանովիչը զեկուցում է, որ հեռացել է 55 մարդ, իսկ Ռազումովսկին (ԽՄԿԿ Կենտկոմի կազմակերպչական-կուսակցական աշխատանքի բաժնի վարիչ) ասում է՝ 200, ինչ վերաբերում է Ադրբեջանի հայերին, ապա 200 ընտանիքի, վախենալով հալածանքներից, տեղավորել են դպրոցում, մոտ 500 էլ դեռ կհավաքվի։

Ինչպես տեսնում եք, հարգելի «կայսրության զինվոր», վերոնշյալ վավերագրական փաստերում Կապանից ադրբեջանցիների «ողբերգական արտաքսման», «նման առաջին էթնիկական զտման» («երբ ադրբեջանցիները, երեխաներ, մայրեր՝ ծծկեր երեխաների հետ, ծերեր, տղամարդիկ հեռանում էին լեռնանցքներով, ձյան միջով, ընկնում, սառչում էին...») մասին ձեր զառանցանքը հաստատող ոչինչ չկա։

Ուստիեւ հարց է ծագում. ո՞ւմ էր պետք Ռուսաստանի, Հայաստանի եւ ողջ ԱՊՀ-ի համար այսքան բախտորոշ ժամանակաշրջանում այդքան բացահայտ սադրիչ, հակահայ ելույթ ունենալ, ինչից չափից ավելի շատ ադրբեջանական նավթադոլարների գարշահոտ է փչում։ Ինչո՞ւ եք դուք, որ ձեզ «կայսրության զինվոր» եք երեւակայում, ական դնում Եվրասիական միության տակ, որի մեջ եմ տեսնում անկախ Հայաստանի ապագայի ուղին։ Սակայն հատկապես վիրավորական է, երբ պրոխանովյան սուտը տարածում է Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը (PTP1)։ Սուտ, որ հիմնվում է «կայսրության զինվորի» Բաքվի քաղցր հուշերի վրա։

«Ես հիշում եմ՝ մենք նրա (Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղարի) հետ մոտեցանք ծովին, իջանք քարե աստիճաններով, նստեցինք ալեծուփ կապտականաչ ծովի ափին, մեր առջեւ դրված էին բյուրեղապակյա մրգամանը, գինի, մենք ճերմակ սավաններով էինք, ասես անկման շրջանի տունիկա հագած երկու հռոմեացի՝ գինի էինք խմում» (լավ է, որ ձեռքներին գավաթ է եղել, այլ ոչ թե մանգաղ- Ա.Գ.)։

Պետք է ենթադրել, որ հենց այսպես՝ գինու գոլորշիների ազդեցության տակ, կապտականաչ ծովի ափին է «կայսրության զինվորը» ճանաչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ խորքային էությունը։ Չէի ուզենա Նոր տարվա առաջին օրերին հոդվածս նման տագնապալի նոտայով ավարտել։ Տագնապալի նրանով, որ լկտի սուտը լուրջ տեսքով հեռարձակվում է նախկին խորհրդային կայսրության ողջ տարածքով՝ գարշանք առաջացնելով այն մարդկանց մեջ, ովքեր «կայսրության զինվորից» քիչ չեն ցավում XX դարի աշխարհաքաղաքական աղետի՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փլուզման համար։

Սակայն, ի տարբերություն «կայսրության զինվորի», քրտնաջան, կոկիկ, առանց ավելորդ պաթոսի ջանում են գտնել այն ճանապարհը, որը թույլ կտա մի նոր կազմավորման՝ Եվրասիական միության մեջ միավորել Խորհրդային Միությունում եղած ողջ դրականը մեր երկրների անկախության տարիներին ձեռք բերած դրականի հետ։

Այս առնչությամբ կուզենայի վերհիշել վերջին տասն օրերի տպավորություններս։ Այսպես, 2012թ. դեկտեմբերի 28-ին ես հրավիրված էի Հայաստանի փառապանծ երկաթուղայինների կոլեկտիվի՝ ՌԵՈՒ դուստր ձեռնարկություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կազմակերպած հանդիսությանը՝ 2012-ի հաջող ավարտի եւ Նոր տարին դիմավորելու առիթով։ Այս փառապանծ կոլեկտիվը, որը ղեկավարում է իր գործի մեծ պրոֆեսիոնալ Վիկտոր Ռեբեցը, հպարտությամբ ամփոփեց անցնող տարվա արդյունքները եւ վստահաբար մուտք գործեց նոր տարի, նշեց ապագայի բնագծերը։

Միանգամայն անսպասելիորեն միջոցառումը վարողը խոսքը տվեց ինձ։ Ծեծված խոսքեր չասացի, մաղթեցի, որ 2013-ին մենք Երեւանում դիմավորենք Մոսկվա-Սուխում-Թբիլիսի-Երեւան ճեպընթացի ուղեւորներին։ Երկրորդ ցանկությունս այն էր, որ սկսվի Երեւան-Թեհրան երկաթուղու շինարարությունը։

Միաժամանակ նշեցի, որ այս մաղթանքների իրականացման ճանապարհը Հայաստանի անդամակցությունն է Եվրասիական միությանը։ Այստեղ եմ տեսնում անկախ Հայաստանի ապագան, իսկ որ հենց այդպես էլ կլինի՝ ինձ դրանում վստահություն են հաղորդում մեր պետությունների ղեկավարները՝ հանձինս Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի։ Չեմ թաքցնում. այս մաղթանքներից հետո դահլիճը պայթեց ծափերից։ Բոլորի աչքերում ոչ թե պրոխանովյան մետաֆիզիկական հայացք տեսա, այլ հույսով լի, կենսախինդ ու փայլատակող նայվածքներ... Եվ այստեղ հերթական անգամ հասկացա մի պարզ ճշմարտություն. բարիք ստեղծող մարդիկ իրենց ողջ էությամբ իրապես զգում են կյանքը, գիտակցում, թե ինչն ավելի բարեկեցիկ կդարձնի այն։

Հիշեցի մի հանդիպում եւս, որը տեղի ունեցավ 2013թ. հունվարի 5-ին, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ժողովուրդների բարեկամության պետական շքանշանակիր Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տաղանդավոր ռեժիսոր, Հայաստանի, ուրեմն եւ՝ Ռուսաստանի հայրենասեր Ալեքսանդր Գրիգորյանի ընտանիքում։ Այս հանդիպմանը ներկա էին Հայաստանում շատ հարգված մարդիկ՝ ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի հայտնի կուսակցական եւ հասարակական գործիչ Արամ Սարգսյանը։

Այս հանդիպման ժամանակ ինձ ապշեցրին Ռուսաստանի դեսպանի խոսքերը։ Ամփոփելով նախորդ եւ անցած վերջին երեք տարիների արդյունքները՝ Վյաչեսլավ Կովալենկոն հատկապես առանձնացրեց Հայաստանում «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը, հուշահամալիր, որն ստեղծվել էր ռուսական բանակի՝ 1859 եւ 1877-78թթ. Կովկասում ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված 156 սպաների թաղման վայրում։

Մեզ զարմացրեց այն, որ Ռուսական տերության դեսպանը, մեծ փորձառություն ունեցող դիվանագետը, որն իր գործընկերների, այդ նույն Վիկտոր Կրիվոպուսկովի հետ միասին Հայաստանում գտնվելու երեքից փոքր-ինչ ավելի տարիների ընթացքում, իր հայ գործընկերների հետ համատեղ, կարողացել է մեր երկրների ղեկավարների կողմից ընդունման համար հիրավի ծանրակշիռ, ավելին՝ Հայաստանի եւ Ռուսաստանի համար բախտորոշ փաստաթղթեր պատրաստել, որոնք, ընդ որում, վերաբերում են հայ-ռուսական համագործակցության բոլոր ոլորտներին, չի խոսում այդ ամենի մասին։

Ավելին՝ մեր աչքը չի մտցնում իր կատարած աշխատանքը։ Վյաչեսլավ Եվգենեւիչը հպարտանում է «Պատվո բլրով»՝ խորհրդանշական այդ հուշահամալիրով, որը վկայում է ռուս-հայկական մարտական եղբայրության մասին՝ շաղախված համատեղ թափված հայ եւ ռուս զինվորների, սպաների արյամբ։ Հուշահամալիրը Գյումրիում է, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը։

Հ.Գ.- Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ամանորյա եւ սուրբծննդյան տոների առիթով ժողովրդին հղած ուղերձից. «2012-ին մեր երկրի շուրջ 33 հազար երիտասարդներ ընտանիքներ կազմեցին. պսակի օրհնությամբ ու սիրով լցրեցին մեր հայրենիքը: Թող 2013 թվականը հայաստանցու օջախին երջանկություն ու ապահովություն պարգեւի»։ Ուրախալի է, որ Գյումրու եւ Շիրակի մարզի շատ նորապսակներ միմյանց ու Հայրենիքին հավատարմության ու սիրո երդում են տալիս Ռուս զինվորի հուշարձանի՝ «Պատվո բլրի» մոտ։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги