ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԻՆ Է

(Ամբողջական տարբերակ)

11.12-12.12.2012, Հայոց աշխարհ

Ուշադիր հետևելով Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) և նրա շուրջ ծավալվող ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին՝ կարելի է համարձակորեն պնդել, որ Հայոց պետականությունը թևակոխում է, թերևս, ամենապատասխանատու եզրագիծ իր անկախության ողջ պատմության ընթացքում։ Չեն դադարում մարտական գործողությունները Սիրիայում, որոնք սպառնում են վերաճել խոշորամասշտաբ պատերազմի տարածաշրջանում։ Դրանք պատճառ են հանդիսացել, որպեսզի ավելի քան 6 հազար սիրիահայեր դառնան փախստական և ապաստան գտնեն իրենց պատմական հայրենիքում։ Չի նվազում լարվածությունն Իրանի շուրջ, որը ցանկացած պահի կարող է վերաճել Իսրայելի և Իրանի միջև թեժ պատերազմի, ինչը կստիպի հայկական ծագմամբ տասնյակ հազարավոր իրանցիների փրկություն որոնել կրկին հայ-իրանական սահմանի մեր կողմում։ Ասվածին հարկ է հավելել նաև ադրբեջանական ղեկավարության չդադարող ագրեսիվ հայտա­րարությունները և Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նրա կողմից առաջ քաշվող՝ իրականությունից կտրված առաջարկությունները։ Պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն, անշուշտ, պայմանավորված է և իրականացվում է Թուրքիայի հովանու ներքո, որն ավելի բացահայտորեն է հանդես գալիս որպես Սուլեյման I Սքանչելու ժամանակների Օսմանյան կայսրության իրավահաջորդ։ Տարբերությունը միայն այն է, որ արդի թուրք կառավարողները պայքարում են ոչ թե XXI դարի Սրբազան Հռոմեական կայսրության դեմ՝ հանձին Եվրամիության (ուժները չի պատի), այլ իրենց ազդեցությունը, գոնե Արևելյան Միջերկրածովում, էլ չեմ ասում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ուժեղացնելու համար։

 

Միևնույն ժամանակ, պաշտոնական Անկարան, փոփոխական հաջողությամբ, խաղեր է տալիս նաև Ռուսաստանի հետ։ Արդի Թուրքիայի կառավարողները հիանալի հասկանում են, որ Ռուսաստանը տարեցտարի էլ ավելի վճռական դեր է խաղալու հետճգնաժամային աշխարհի ձևավորման, նոր, ավելի արդար աշխարհակարգի հաստատման գործում։ Հարկ չկա կասկածելու նաև այն հարցում, որ պաշտոնական Մոսկվան, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Թուրքիա կատարած աշխատանքային այցից հետո, հայտարարել է, թե Ռուսաստանը կողջունի Թուրքիայի մասնակցությունը Մաքսային միությանը (ռուսաստանյան լրատվամիջոցներում նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը), իհարկե, վաղուց դասեր է քաղել ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունից։ Այն պատմությունից, որը գրվել է ռուս-թուրքական 12 պատերազմներում ընկած ռուս զինվորների արյամբ՝ հանուն Ռուսական կայսրության մեծության, հանուն Օսմանյան կայսրության լծի տակ հեծող միլիոնավոր քրիստոնյաների անվտանգության։ Կարելի է նաև վստահաբար պնդել, որ ռուս քաղաքական գործիչների հիշողության մեջ դեռ թարմ են թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարեկամական զեղումները, որ շռայլում էր իր սիրիացի «բարեկամ ու եղբայր» Բաշար Ասադի հասցեին։ Եվ միանգամայն հասկանալի էր, որ ս.թ. դեկտեմբերի 3-ին Թուրքիա կատարած իր աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Թուրքիայի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց. «Ռուսաստանը և Թուրքիան հարևան երկրներ են։ Մենք ընդհանուր շատ բան ունենք, երբեմն՝ պատմության դրամատիկ էջեր։ Եվ շատ կարևոր է, որ մենք շատ հարգալիր ենք վերաբերվում այդ ժառանգությանը։ Հենց նոր ստորագրվել է Համաձայնագիր Թուրքիայում ռուսական գերեզմանատեղիների և Ռուսաստանում թուրքական գերեզմանատեղիների մասին։ Այդ փաստաթուղթը մարդկային, բարոյական մեծ նշանակություն ունի, թույլ է տալիս աշխատանք ծավալել հավուր պատշաճի հուշահամալիրներ ստեղծելու և կառուցելու ուղղությամբ՝ մեր նախնիների հիշատակը հավերժացնելու նպատակով։ Մեր պատմության մեջ ամեն բան եղել է, և այդ ամենն անցյալում է։ Մենք պետք է ապագային նայենք։ Ինձ համար շատ հաճելի է, որ մեր թուրք բարեկամների հետ մենք հենց այդպես էլ անում ենք»։

Չէի ուզենա վատատես լինել, բայց բոլորովին հավատս չի գալիս, թե այդ հուշահամալիրները վեր կխոյանան։ Չէ՞ որ դրանք կհավերժացնեն նաև հայազգի պանծալի սպաների, որոնք՝ ի գին իրենց կյանքի, սրբորեն կատարել են իրենց պարտքը թագավորի և Ռուսական հայրենիքի հանդեպ։ Չէ՞ որ ռուսական բանակում և կամավորական շարժմանը մասնակցել են Ռուսաստանի կազմի մեջ մտնող Արևելյան Հայաստանի բազմահազար բնակիչներ։ Այդ հուշահամալիրներն, ըստ էության, կհավերժացնեն նաև արևմտահայերին, որոնք գործուն աջակցություն են ցուցաբերել առաջ ընթացող ռուսական բանակին 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում, ինչի համար հետագայում անդառնալի մարդկային ու նյութական կորուստներ կրեցին։ Էլ չեմ խոսում Արևելյան և Արևմտյան Հայաստանների 250 հազար հայերի մասին, որոնք իրենց ռուս եղբայրների հետ միասին արիաբար մարտնչում էին օսմանցիների դեմ Առաջին աշխարհամարտի տարիներին և իրենց գլուխները վայր դրեցին Էրզրումում, Սարիղամիշում, Մուշում, Բիթլիսում, Կարսում, Բայազեդում, Մանազկերտում... Այստեղ հարկ է հիշատակել նաև այն մասին, որ ֆրանսիական բանակում, որն Օսմանյան Թուրքիայի դեմ գործում էր պաղեստինյան ճակատում, քաջաբար մարտնչում էր նաև հայկական զորամասը՝ պատմության մեջ հայտնի Արևելյան լեգեոն անվամբ, որի կազմում ավելի քան 4 հազար մարդ կար։ Շատ հայեր էին ծառայում նաև Ռուսաստանի դաշնակից Անգլիայի բանակում... Հայաստանում մեր բարեկամ Ռուսաստանի նախագահի խոսքերը մենք հասկանում ենք հենց այս համատեքստում, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։

Այս բարդ արտաքին քաղաքական իրավիճակում, որն ստեղծվել է հայկական պետության սահմանների մոտ և հենց հանրապետության ներսում, բարձրանում է Հայաստանի համար իր նշանակությամբ բախտորոշ հարցը՝ ինչպիսի՞ն է լինելու անկախ Հայաստանի ապագա տանող ճանապարհը։ Վերլուծելով հրապարակումներն ու Հայաստանի քաղաքական գործիչների ելույթները՝ կարելի է տպավորություն ստանալ, թե Հայաստանի զարգացման եվրոպական ուղին համարյա թե հիմնականն է դառնում օրակարգում, և Հայաստանի հարաբերություններն էլ Եվրամիության հետ գերակա են։ Այսպես, ս.թ. հոկտեմբերի սկզբին գերմանացի խորհրդարանականների պատվիրակությունը Երևանում մասնակցեց Հայաստանի եվրոպական հեռանկարների խնդրին նվիրված կոնֆերանսին, որն անցկացվում էր «Ի՞նչ է նշանակում Եվրամիության ճգնաժամը Հայաստանի եվրոպական հեռանկարների համար» կարգախոսով»։ Հատկանշական է, որ կոնֆերանսի աշխատանքին մասնակցում էր բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն։ Խիստ հատկանշական է, որ կոնֆերանսի արդյունքներով Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազդեցիկ Deutsche Welle մեդիաընկերությունը, ամփոփելով կոնֆերանսը, ինֆորմացիա է հրապարակել՝ «Եթե Ռուսաստանը Երևանին ընտրության առջև կանգնեցնի, Հայաստանն, անշուշտ, կընտրի եվրոպական ճանապարհը. քաղաքագետ» առարկություն չվերցնող վերնագրով։ Աչքի է զարնում այն, որ պոլիտկոռեկտ եվրոպացիները, չգիտես ինչու, իրենց իրավունք են վերապահում և իրենց վրա պատասխանատվություն են վերցնում որոշում կայացնել Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փոխարեն։ Խոսքն ամենևին էլ Deutsche Welle-ի հրապարակման վերնագրի մասին չէ, մանավանդ որ պարբերականը վերնագրել է ոչ անհայտ հիմնադրամներից մեկի կողմից վճարվող հայ քաղաքագետի խոսքերով։ Խոսքը Եվրամիության առանձին երկրների դիվանագիտական առաքելությունների պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունների մասին է, որոնք վերջին ժամանակներս շատ են տարվել Հայաստանի հանրային կարծիքին այս ուղերձը պարտադրելով։ Այստեղ այլ բան է մտահոգում. եվրոպական դիվանագետները, չգիտես ինչու, «Արևելյան գործընկերություն» ծրագրին Հայաստանի մասնակցությունը հակադրում են ԱՊՀ շրջանակում ավելի սերտ ինտեգրմանը՝ հետագայում Մաքսային միություն մտնելու և Եվրասիական միությանն ինտեգրվելու հեռանկարով։ Չէ՞ որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նպատակ ունի Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության և համագործակցության մասին Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի համընդգրկուն և խոր գոտու, վիզային ռեժիմի պարզեցման մասին Համաձայնագիրը։ ԵՄ առանձին երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների նման վերաբերմունքը մի շարք հարցեր է ծնում։ Առավել ևս՝ այնպիսի պայմաններում, երբ Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է մինչև «Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովը, որը տեղի կունենա 2013թ. նոյեմբերին, կնքել Ասոցիատիվ համաձայնությունը։

Հատկանշական է, որ այդ կոնֆերանսից 10 օր հետո՝ հոկտեմբերի 13-ին, Երևանում բացվեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովը։ Համաժողովի կարգախոսն էր՝ «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն-2012»։ Կոնֆերանսի մասնակիցներն իրենց ելույթներում նշում էին, որ ռուս-հայկական տնտեսական կապերի խորացումը եվրասիական ինտեգրացիոն նախագծի բաղադրիչն է, որը կենսագործում են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները։ Միևնույն ժամանակ, ոչ ոք այդ գործընթացը չհակադրեց Հայաստանի մասնակցությանն «Արևելյան գործընկերություն» ծրագրին, ավելին՝ շատ փորձագետներ կարծում են, որ Հայաստանի եվրաինտեգրումը չի հակասում եվրասիական ինտեգրացիոն նախագծի նպատակներին ու խնդիրներին, ինչի մասին հայտարարվեց «Միջտարածաշրջանային երկխոսություն-2012»-ի ընթացքում։ Հայաստանի եվրոպական և եվրասիական ինտեգրման հարցերը մինչ այս էլ գտնվել են հայ քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում։ Այսպես, 2012թ. հունիսի սկզբին, Բելգիայում, ելույթ ունենալով Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CE PS), Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին։ Մեր ընտրությունը պայմանավորված է մեր ժողովրդի քրիստոնեական արմատներով և անցյալում առկա բռնապետական ռեժիմների հետքերից ազատվելու որոշմամբ։ Օսմանյան կայսրության և Խորհրդային Միության բազմադարյա ժառանգությունը հիմնովին աղճատել է մեր սոցիալական պատկերը։ Ժողովրդավարական բարեփոխումներն ունեն վարքագծի փոփոխման ներուժ, և դրանք սկսվում են ընտրական գործընթացի վերափոխմամբ՝ ուժեղացնելով սեփականության իրավունքի պաշտպանությունը, ապահովելով դատական անկախությունը և խթանելով միջին դասի ձևավորումը։ Դաս, որը տնտեսապես և սոցիալապես պատասխանատու է ընտրողների և քաղաքացիների առջև»։ Կարծում եմ, որ մեր հարգարժան վարչապետը չպետք է նույն շարքում դներ Օսմանյան կայսրությունն ու Խորհրդային Միությունը։ Հավանաբար, այս «անցումն» է Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հեռանկարների մասին ոչ պակաս ինքնատիպ դատողությունների մղել Միխայիլ Լեոնտևին, որը հանդես եկավ «Եվրասիական ինտեգրացումը՝ հնարավորություն Հայաստանի տնտեսության զարգացման համար» հոդվածով։ Վերն այս հաշվով որոշ դատողություններ անելով՝ նպատակ չունեմ այժմ վերլուծել Հայաստանի եվրոպական կամ եվրասիական ինտեգրման «կողմ» և «դեմ» փաստարկները։ Ինձ համար այդ հարցի պատասխանը միանգամայն պարզ է, և ես այն երբեք չեմ թաքցրել. Եվրասիական միությունն անկախ Հայաստանի ապագայի ուղին է։ Իմ հիմնավորումներն այս հաշվով բավական մանրամասն ներկայացված են իմ «Եվրասիական միությունը մեր ապագան է» հարցազրույցների և ելույթների ժողովածուում («Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան, 2012թ.)։ Ավելին, մոտ օրերս լույս կտեսնի «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» ժողովածուն, որտեղ զետեղված են 2012թ. իմ հարցազրույցներն ու ելույթները ԶԼՄ-ներում, հեռուստատեսությամբ և միջազգային համաժողովներում։ Նշեմ, որ ս.թ. մայիսին ես ընտրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով և այնուհետև հաստատվել եմ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում՝ շնորհիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղխորհրդի, կուսակցության ղեկավար և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի վստահության։ Այս մասին հենց այնպես չէ, որ հիշատակում եմ, խորհրդարանական իմ գործընկերներին լավ հայտնի է, թե ինչպիսին պետք է լինի, իմ կարծիքով, Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը, բայց միևնույն ժամանակ ինձ վստահվում է ոչ միայն ՀՀ ԱԺ ամբիոնը, այլև հնարավորություն է ընձեռվում ԵԱՀԿ ԽՎ-ում հանդես գալ Հայաստանի խորհրդարանական մեծամասնության անունից... Եվ դա շատ բանով պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և նրա առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորապես գիտակցում են, որ եվրոպական և եվրասիական ինտեգրման հեռանկարը՝ որպես արդիականության գլոբալ մարտահրավերների համատեղ հաղթահարման միակ հնարավոր ճանապարհ, այլընտրանք չունի։ Եվ այս գիտակցումը հիմնված է Ռուսաստան-ԵՄ 15-րդ գագաթաժողովի արդյունքների վրա, որը տեղի է ունեցել 2005թ. մայիսի 10-ին Մոսկվայում, Կրեմլի Մեծ դահլիճում, որտեղ ընդունվել են չորս ընդհանուր հարթությունների վերաբերյալ «ճանապարհային քարտեզներ»։ Այդ փաստաթղթերն ընդհանուր տնտեսական տարածք, ազատության, անվտանգության և արդարադատության, արտաքին անվտանգության և գիտական հետազոտությունների ու կրթության (ներառյալ մշակութային ասպեկտները) ընդհանուր տարածք ստեղծելու գործողությունների համատեղ պլաններ են։ Ուստի, խիստ կարևոր է, վերլուծելով Հայաստանի զարգացման աշխարհաքաղաքական ուղղության հնարավոր հեռանկարները, առաջնորդվել Հիպոկրատի հայտնի սկզբունքով. «Մի՛ վնասիր»։ Դա առավել կարևոր է, երբ քննարկվող հարցերը վերաբերում են հայ ժողովրդի համար այնքան զգայուն թեմայի, ինչպիսին է ազգային հարցը, ինչը միանգամայն բնական է մի ազգի համար, որը, հանուն քրիստոնեական արժեքներին իր անսասան հավատարմության, անդավաճան ու անձնվիրաբար պաշտպանելով այդ արժեքները՝ իր հարյուր հազարավոր ուստրերի ու դուստրերի կյանքն է տվել հանուն թագավորի ու խորհրդային հայրենիքների։ Եվ վախեցնել մեզ՝ աշխարհաքաղաքական ինչ-որ ահուսարսափ տարածելով, թե Հայաստանի համար Եվրասիական ընտրության այլընտրանքը ոչ թե «եվրոպական ընտրությունն» է, այլ «թուրքականը», ի սկզբանե անհեռանկար գործ է։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ արտաքին քաղաքական իրավիճակում, որը երբեմն խորանում է անխոհեմ ելույթներով, պահանջված էր Մեծ Ռուսաստանի պաշտոնական խոսքը։ Եվ այն ասվեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան, իր տերության հայրենասեր Վյաչեսլավ Եվգենիի Կովալենկոյի շուրթերով, որը հնչեցրեց պաշտոնական Մոսկվայի ձայնը։ «Հայ ժողովուրդը տառապանքով է հասել պետականության իր անսասան ձգտմանը, պահպանել պատմության ոլորաններում ճիշտ լուծումներ գտնելու և ճիշտ ընտրություն կատարելու իր բարձր մտավոր կարողությունը։ Դրանում նրան ոչ մեկ անգամ օգնել է պատմական հիշողությունը։ Ես վստահ եմ, որ այդ բոլոր հիանալի հատկանիշները թույլ կտան հայ ժողովրդին ինքնուրույն, առանց որևէ մեկի խրատների որոշել իր ճակատագիրը»,- 2012թ. նոյեմբերի 8-ին REGNUM լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։ Կուզենայի առանձնապես ընդգծել, որ ռուս դեսպանի հարցազրույցը, որին մեծապես հարգում են Հայաստանում, լիովին արտահայտում է Վլադիմիր Պուտինի նախընտրական հոդվածներից յոթերորդի («Ռուսաստանը և փոփոխվող աշխարհը», տպագրվել է ս.թ. փետրվարի 27-ին «Մոսկովսկիե նովոստի»-ում) ոգին։ Վյաչեսլավ Կովալենկոյի հոդվածն, ըստ էության, իմաստավորում է այն հարցերը, որոնք բարձրացրել էր նախագահ Վ.Պուտինը՝ անկախ, ինքնիշխան պետությունների քաղաքականության գործնական ընկալման վերաբերյալ։ Եվրոպայի աշխարհամասի ապագայի հարցը նույնպես շատ հստակ տրված է Վլադիմիր Պուտինի այդ հոդվածում։ «Ռուսաստանը Մեծ Եվրոպայի, ընդարձակ եվրոպական քաղաքականության անբաժանելի, օրգանական մասն է։ Մեր քաղաքացիներն իրենց եվրոպացի են զգում։ Մենք ամենևին էլ անտարբեր չենք, թե ինչպես են ընթանում գործերը միացյալ Եվրոպայում։ Ահա թե ինչու Ռուսաստանն առաջարկում է շարժվել Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական և մարդկային տարածքի՝ մի ընդհանրության ստեղծման ուղղությամբ, որը ռուս փորձագետներն անվանում են «Եվրոպայի միություն», և որը կամրապնդի Ռուսաստանի հնարավորություններն ու դիրքերը դեպի «նոր Ասիա» տնտեսական շրջադարձում»։ Ավելի պարզ ու համոզիչ չես ասի։

Ամենևին էլ պատահական չէ, որ այսքան հանգամանորեն կանգ առա արտաքին քաղաքական հարցերի վրա, որոնք, անկասկած, իրենց մեծ ազդեցությունն են թողնում Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս ցանկացած երկրի ներքաղաքական կյանքի վրա։ Ավելին, դրանք բավական էական ազդեցություն են գործում Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների, առավել ևս՝ Հարավային Կովկասի և, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության վրա։ Ներկա պահին ՀՀ-ն թևակոխում է նախագահական ընտրարշավի փուլ։ Արտաքին քաղաքական մարտահրավերներին գումարվում են նաև բավական բարդ խնդիրներ հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման ոլորտներում, որոնք պետք է լուծել անհապաղ կարգով։ Այդ խնդիրների հաջող լուծումն առանձնապես բարձր պահանջներ է առաջադրում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, որոնք անմիջական մասնակցություն են ունենալու ՀՀ նախագահական ընտրությունների գալիք ընտրարշավում։ Մի բան անվիճելի է. գալիք ընտրությունները պետք է հստակ և միանշանակ պատասխան տան այն բոլոր հարցերին, որոնք արդի պայմաններում կանգնած են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և յոթմիլիոնանոց սփյուռքահայության առջև։ Կարծում եմ՝ ընտրարշավի ընթացքում ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է հայտարարի XXI դարի երկրորդ տասնամյակում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի տեսլականի մասին, հստակ ներկայացնի իր անձնական պատասխանատվությունը համայն հայության ու պատմության դատի առջև։ Չէի ուզենա, որ իմ խոսքերն ընկալվեին որպես ծամծմված ճշմարտություններ կրկնելու փորձ։ Ավաղ, հետևելով ՀՀ նախագահի միակ թեկնածուի (որը կլինի հայկական պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանի այլընտրանքը) «ընտրության» շուրջ ծավալվող չափից ավելի անառողջ քաշքշուկին, ես ստիպված եմ գրել այդ մասին։ Հետևելով թափ հավաքող նախընտրական քարոզարշավին՝ տպավորություն է ստեղծվում, թե խոսքը ոչ թե կայանալիք ընտրությունների բացառիկ կարևորության մասին է, այլ այն բանի շուրջ կրքերի բորբոքման, թե ինչի կվերածվի ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ ռևանշ վերցնելու, կրկին իշխանություն խուժելու անզուսպ ցանկությունը։ Իսկ եթե դա նրանց չհաջողվի, ապա որքանով նրանց կհաջողվի երկիրը ներքաշել անկայունության և քաոսի իրավիճակի մեջ։ Միևնույն ժամանակ, հստակ երևում է այդ գործիչների նվազագույն խնդիրը. երկրում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ՀՀ նախագահի ընտրությունները, որքան էլ դրանք օրինական լինեն, հետագայում հնարավոր լինի վիճարկել։ Իսկ առավելագույն խնդիրը հետևյալն է. հասնել այն բանին, որ նախագահական ընտրությունները համարվեն ոչ լեգիտիմ։ Նման եզրահանգում անել թույլ է տալիս ՀՀ առաջին և երկրորդ նախագահների քաղաքական վարքագծի վերլուծությունը։ Նրանց գործողություններում կարելի էր և ոչ մի դատապարտելի բան չտեսնել, եթե զարգացման նման ընթացքը բխեր հայկական պետության շահերից։ Բայց, ցավոք, քիչ թե շատ բանիմաց վերլուծաբաններից ոչ ոք արդեն չի կասկածում, որ նրանք գործում են կամ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների որոշակի շրջանակների թելադրանքով, կամ առաջնորդվում են ՀՀ գործող նախագահի հանդեպ սովորական նախանձի զգացումով։ Նրանց կողմնակալությունը բացահայտվեց վերջերս ձախողված, «Վարդան Օսկանյանը՝ 2013թ. ՀՀ նախագահ» պայմանական անունը կրող գործողության հետ կապված։ Փոքր-ինչ հանգամանորեն կանգ առնենք շռնդալից կերպով ձախողված այդ գործողության վրա։ Եվ այսպես, դեռ 2008թ. նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հիմնեց «Սիվիլիթաս» հիմնադրամը։ Դեռ չէր հասցրել ինչ-որ կերպ դրսևորվել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության խորացման հարցերի առաջմղման, ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման և մարդու իրավունքների պաշտպանության անդաստանում, երբ «Սիվիլիթաս» հիմնադրամ, ասես առատության եղջյուրից, սկսեցին հոսել հայկական չափանիշներով զգալի ֆինանսական միջոցներ։ Այսպես, հիմնադրման օրվանից սկսած՝ «Սիվիլիթաս» հիմնադրամը ֆինանսավորվել է Նիդեռլանդների և Լեհաստանի կառավարությունների, Նորվեգիայի և Գերմանիայի արտգործնախարարությունների, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի զարգացման գործակալությունների, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և հեղինակավոր այլ կազմակերպությունների, կորպորացիաների ու մասնավոր անձանց կողմից։ Օրինակ, ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մաթերիալս» և «Հանթսման» կորպորացիաները «Սիվիլիթաս» հիմնադրամին բարեգործական նպատակներով տրամադրել են 2 մլն դոլար։ Ենթադրյալ բարեգործությունը լայնորեն լուսաբանելու նպատակով «Սիվիլիթասը» գործի դրեց ինտերնետ-հեռուստատեսություն, էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներ։ Ընդ որում՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիրների պատկերացումներով՝ բարեգործության կատարման առավել պարարտ հող նախապատրաստելու համար նրանք պետք է իրենց ենթակա ԶԼՄ-ներում, չգիտես ինչու, նպատակաուղղված հակառուսական քաղաքականություն վարեին։ Եվ ահա, ս.թ. մայիսի 25-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) քրեական գործ հարուցեց «Սիվիլիթասի» հիմնադրի (կրկնում եմ՝ ոչ թե «Սիվիլիթասի», այլ նրա հիմնադրի) դեմ՝ «ապօրինի ճանապարհով ստացված եկամուտները լեգալացնելու» մասին։

Եվ ահա այստեղ տիեզերական աղմուկ բարձրացավ ի պաշտպանություն հայ դեմոկրատիայի հավատավորի։ «Մեծ դեմոկրատի» տարաշերտ երկրպագուների մի ամբողջ հերթ գոյացավ, որոնք, իհարկե, հիմնականում տարատեսակ գրանտակերներ էին. սրանք սկսեցին անվանարկել ԱԱԾ-ն «այլախոհներին հետապնդելու, խոսքի ազատությունը ճնշելու» և, մի խոսքով, դեմոկրատիայի և մարդու իրավունքների՝ միայն իրենց հայտնի վարքականոնը խախտելու համար։ Քաղաքական անվանարկություններն այս հաշվով դադարեցին այն բանից հետո, երբ, հաշվի առնելով գործի հանդեպ հասարակական հետաքրքրությունը, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետը պարզաբանումներ ստացավ նույն կազմակերպության քննչական վարչության պետի տեղակալ, վերոնշյալ քրեական գործով ստեղծված քննչական խմբի ղեկավար Մ.Համբարձումյանից։ Եվ ահա, ի հավելումն մինչ այդ ներկայացված մեղադրանքի (Վ.Օսկանյանի կողմից 186 հազար դոլարը նպատակին չծառայեցնելու մասին)՝ քննության ընթացքում բացահայտվեցին Վ.Օսկանյանի քրեորեն դատապարտելի նոր արարքներ։ Այսպես, 2001թ. նա իր անձնական հաշվեհամարի վրա ստացել է մոտ 36 հազար եվրո, որը Հայաստանի Հանրապետությանը փոխանցել էր Եվրոպական հանձնաժողովը։ Դրամական փոխանցումը կատարվել էր 28.08.2001թ. Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ արտգործնախարարության միջև կնքված դրամաշնորհի պայմանագրին համապատասխան, «Հարավային Կովկասի էլեկտրոնային զարգացումը» կոնֆերանսն անցկացնելու համար, որը, անհասկանալի պատճառներով և զարմանալի զուգադիպությամբ, կրկնում եմ, նորից փոխանցվել էր Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին։ Այդ գումարի զգալի մասը կանխիկացրել է նրա տիկինը։ Դրանից հետո Եվրոպական հանձնաժողովը պահանջել է հարկ եղած հաշվետվություն ներկայացնել տրամադրված գումարի ծախսերի մասին, բայց Եվրոպական հանձնաժողովին ֆինանսական փաստաթղթեր չեն ներկայացվել, ծախսերը մնացել են չհիմնավորված, ինչի արդյունքում Եվրոպական հանձնաժողովը 15.06.2011թ. 38166,53 եվրո կրճատել է այն 5 մլն եվրոյից, որը տրամադրվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը մեկ այլ ծրագրի շրջանակում։ Մեկ այլ մութ գործարք էլ է եղել, որի քննությամբ պարզվել է, որ Վարդան Օսկանյանի անձնական հաշվին HSBC բանկում արտասահմանից, դեսպանության անունից, 09.06.2003թ. փոխանցվել է 90975 դոլար։ Հետագայում այդ գումարը ևս հիմնականում կանխիկացվել է Վ.Օսկանյանի տիկնոջ կողմից։

Միանգամայն սպասելի էր, որ նման բացահայտումներից հետո «Վարդան Օսկանյանը՝ 2013թ. նախագահ» օպերացիան խարխլվեց։ Բայց դրանից այն խնդիրները, որոնք Հայաստանի միջոցով փորձում էին իրականացնել մեր տարածաշրջանում, ամենևին չհանվեցին օրակարգից։ Իսկ խնդիրները, որոնք առաջադրում են համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների որոշակի շրջանակներ Հարավային Կովկասի տարածաշրջանում, և որոնք ենթադրում են իրականացնել Հայաստանի միջոցով, իրագործելի են միայն երկրում իրավիճակի ապակայունացման պայմանով։ Դրա համար բավական է հիշել այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Երևանում 2008թ. մարտի 1-2-ին, երբ նախագահական ընտրություններից հետո իշխանության և ընդդիմության դիմակայությունը Հայաստանի տասը քաղաքացիների զոհվելու պատճառ դարձավ։ Այդ արյունալի իրադարձություններից հետո ՀՀ ընտրյալ նախագահը և նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը պետական իմաստնություն և հարգանքի արժանի տոկունություն ցուցաբերեցին՝ լիցքաթափելու համար լարվածությունը երկրում՝ նախաձեռնելով երկխոսություն արմատական ընդդիմության հետ։ Երկրում նոր քաղաքական իրավիճակ ստեղծվեց, բայց, ցավոք, դրանից արտասահմանյան տիկնիկավարների պլանները չփոխվեցին, իսկ իրենց առաջադրած նպատակներին հասնելու եղանակը մնաց նախկինը՝ երկրի իրավիճակի ապակայունացումը։ Մինչև 2012թ. մայիս, երբ տեղի ունեցան ՀՀ ԱԺ ընտրությունները, նրանք դեռ հույս էին փայփայում, թե կարելի է և 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ռևանշի հասնել 2008թ. պարտության համար։ Բայց ՀՀ ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ոչ մի կերպ չի ձգում նախագահական մրցավազքի ֆավորիտի դերին։ Հայաստանում հաճախակի դարձած զանազան տիտղոսավոր սոցիոլոգիական կազմակերպությունների կողմից անցկացվող հարցախույզները վկայում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քիչ թե շատ ժողովրդականություն վայելելու մասին, որը, իշխանական լինելով, հմտորեն մանիպուլացնելով հանրային կարծիքը, իրեն էր վերագրում այն ամեն դրականը, ինչ արվել էր երկրում, միևնույն ժամանակ՝ բացասականի համար պատասխանատվությունը գցելով Հայաստանի Հանրապետական կուսակցության վրա։ Հնարքն ստացվեց, Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն ստացած մանդատների թվով երկրորդն է Հայաստանի խորհրդարանում։ Ուստի, արտասահմանյան պոլիտտեխնոլոգներն իրենց պատվիրատուներին խորհուրդ տվեցին ավելի ուշադիր վերաբերվել այդ կուսակցությանը։ Խորհուրդն ընդունվեց, և որտեղից որտեղ ԲՀԿ գործուղվեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը, «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով ապահովելով իր անձնական բարգավաճումը, դարձավ ԲՀԿ-ական, ընդ որում՝ այդ կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարն էր։ Դեռ մինչև քրեական գործի հարուցումը նա չքմեղ հայտարարել էր, որ եթե կուսակցության առաջնորդ Գ.Ծառուկյանը չդնի իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, ինքը կդնի իրենը։ ԱԱԾ տնօրեն Գորիկ Գուրգենի Հակոբյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունն իր պետությանն ու ժողովրդին, նրա ղեկավարած Ազգային անվտանգության ծառայության զգոնությունը չեզոքացրին համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների բավական ազդեցիկ շրջանակների կողմից պատրաստված հետկուլիսային դավադրությունները մեր պետության դեմ։ Հիմա արդեն կարելի է աներկյուղ չսխալվել Հայաստանի առաջին նախագահի քաղաքական փոխակերպման պատճառները բացատրելիս։ Հենց այս դիտանկյունից պետք է նայել Լևոն Տեր-Պետրոսյանի այսպես կոչված քաղաքագիտական վերլուծությանը, որով նա հանդես եկավ 2011թ. նոյեմբերի վերջին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում։ Դրանում, ՀԱԿ ակտիվիստներից շատերի համար անսպասելիորեն և նրանց վրդովմունքն առաջ բերելով, ԲՀԿ-ին առաջարկեց ձեռքը, սիրտն ու ՀԱԿ-ից մնացած քաղաքական եղած-չեղածը։ Լևոն Հակոբովիչը գաղափարաբանական և մարդկային առումներով ինքն էլ էր հասկանում իր առաջարկության անհեթեթությունը։ Չէ՞ որ 2007-2011թթ. ընթացքում նա քանիցս կոչ էր արել ջախջախել իշխանական բուրգը, որը քնքշորեն ավազակապետություն էր անվանել։ Հատկանշական է, որ իշխանական բուրգի հիմքում կոալիցիան էր՝ կազմված Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններից։ Սակայն այլ կերպ վարվել Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարող, այլ ընտրություն չուներ. իզուր չէր, որ վերջին չորս-հինգ տարիներին չէր եղել Արևմուտքից Հայաստան այցելած և ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա (որոնց պաշտոնական և աշխատանքային այցերի ընթացքում ընթացակարգով նախատեսվում էր այցելություն Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան, հին ձեռագրերի պահոց «Մատենադարան»), որը պարտադիր կարգով այցելած չլիներ նաև ԼՏՊ-ին։ Չէ՞ որ հետագայում պետք էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն արդարացներ նրանց բարձր վստահությունը և իրեն հատկացված ուշադրությունը... Միևնույն ժամանակ, դրսից առաջին նախագահի վրա գործադրվող ճնշումը և նրա անառողջ ատելությունը գործող իշխանության հանդեպ այնքան խառնվեցին իրար, որ նա, թվում է, անգամ մոռացավ Հայաստանի վարչապետի պաշտոնին իր առաջադրած թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իր անթաքույց ատելության մասին, որը, բյուզանդական արքունիքի ավանդույթներին համապատասխան, նշանակումից մի քանի ամիս անց երկարուձիգ 10 տարիներ հեռացրեց Լևոնին ոչ միայն իշխանությունից, այլև անկախ Հայաստանի հանրային կյանքին որևէ մասնակցությունից։ Հետո ավելի հետաքրքիր է. առաջին նախագահն ու նախկին արտգործնախարար Վ.Օսկանյանը (ձախողվելուց հետո), գիտենալով, որ չեն վճարել արտասահմանյան իրենց հովանավորների պարտքը, հախուռն ձեռնամուխ եղան «Գ.Ծառուկյանը՝ 2013թ. ՀՀ նախագահ» նախագծի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, Վ.Օսկանյանը, որ խիստ պակասեցրել էր իր հռետորական ավյունը, փոքր-ինչ շփոթվել է։ Այսպես, վերջին ժամանակներս նա իր ֆեյսբուքյան հայտնություններում սկսել է ողջ արդար մարդկությանն ու հետն էլ՝ իր արտասահմանցի տիկնիկավարներին բացահայտ ցույց տալ, որ ԲՀԿ միջազգային օրակարգի հետ կապված բոլոր հարցերը որոշում է ոչ թե որևէ մեկը, այլ հենց ինքը՝ Վարդան Մինասիչը կամ, ինչպես նրան քնքշորեն անվանում է ժողովրդականություն վայելող հայկական «Իրավունք» թերթը, Վարդան Սիվիլիթասիչը։ Օրինակ, ԲՀԿ առաջնորդի բրյուսելյան ճամփորդությունից մեկ-երկու օր առաջ Սիվիլիթասիչը հրապարակել էր այնտեղ քննարկվելիք հարցերի օրակարգը։ Սակայն ԵՄ կենտրոնատեղի ԲՀԿ պատվիրակության այցելության նախնական ծրագիրը, որ նա էր ներկայացրել, ձախողվեց։ Ի դեպ, պետք էր սպասել, որ նա, ով տասը տարի ՀՀ արտգործնախարար լինելով՝ շռնդալից տապալել էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ գործող իշխանություններին ժառանգություն թողնելով մադրիդյան սկզբունքները, ձախողվելու է։ Բայց դա առանձին վերլուծության թեմա է, այստեղ այլ բան է կարևոր. մի՞թե ԲՀԿ առաջնորդին Եվրամիության իշխանական կառույցների հանդերձարան, իսկ հիմա էլ՝ ԱՄՆ իշխանության միջանցք դուրս բերելու այս բոլոր անվարժ փորձերը նպատակ ունեն «քաշելու» Գ. Ծառուկյանին։ Ինչի՞ համար։ Մի՞թե նման գնով է Սիվիլիթասիչը ցանկանում ցույց տալ իր արտասահմանցի կառավարիչներին, որ ինչպես ուզում, այնպես էլ շարժում է ԲՀԿ առաջնորդին, կուսակցության, որը ՀՀ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ստացավ 450 հազար ընտրաձայն, և որ աշխարհիս հզորները պետք է գործ ունենան իր՝ ի՛ր սիրելի անձի, ԲՀԿ առաջնորդի ուսուցչի ու խրատատուի հետ։

Կարդալով այս տողերը՝ ընթերցողը, բնականաբար, կհետաքրքրվի. իսկ ո՞րն է այստեղ վերը հիշատակված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերը, որն անցած չորս տարիների ընթացքում միայն երեք-չորս անգամ է սահմանափակվել ինչ-որ հայտարարություններով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հարցերի, կառավարման խորհրդարանական ձևին անցնելու նպատակահարմարության մասին։ Գուցե ինչ-որ բանի մասին էլ է խոսել, բայց եթե նման բան եղել է, ապա չեմ հիշում, թող ներեն ինձ այդ զանցանքիս համար։ Բայց ասել, թե այս բոլոր տարիներին նա զբաղվել է միայն աֆրիկյան սավաննաներում աֆրիկյան արգելոցների խիստ թանկ ներկայացուցիչներին անխնա ոչնչացնելով՝ մոլորություն կլինի։ Որսից ազատ ժամանակ Ռ.Քոչարյանն իր ձեռնասունների, իսկ հետագայում՝ նաև Սիվիլիթասիչի, ԶԼՄ-ների միջոցով, երբեմն անձամբ, երբեմն էլ միջնորդավորված ղեկավարել է տեղեկատվական պատերազմն ընդդեմ բոլոր այն քաղաքական գործիչների, որոնք սատարել են նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա, իհարկե, գիտեր, որ սատարելով ՀՀ գործող նախագահին՝ մենք քննադատությունից դուրս ենք թողել իրեն՝ Ռ.Քոչարյանին, լռության ենք մատնել հանդուգն կոռուպցիոն գործարքները, որ կատարվել են հանրապետության բարձրշահութաբեր ձեռնարկությունների սեփականաշնորհման ընթացքում, այն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Հայկական էլեկտրացանցերը, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, որը 2001թ. ձեռք բերեց ԲՀԿ առաջնորդին պատկանող «Մուլտի գրուփ» կոնցեռնը և այլն։ Այստեղ տեղին է մի փոքրիկ դիտողություն անել. գուցե Գ.Ծառուկյանի ենթագիտակցության մեջ այդ կոռուպցիոն գործարքներն էին պտտվում, երբ 11 տարի անց, ս.թ. դեկտեմբերի 5-ին պարզապես չդիմացավ աղաղակող գանձագողությանն ու ողջ ճշմարտությունը դուրս տվեց, երբ Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Կվադրաս Ռոկայի հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ մի երկրում, որտեղ այդ պայքարը ղեկավարում են իրենք՝ կոռումպացվածները։ Հանելուկ է մնում, թե ինչու ԲՀԿ առաջնորդը, ՀՀ երկրորդ նախագահի ամենամերձավոր մարդը, ավելին՝ մինչև 2012թ. մայիսը իշխանության մեջ լինելով, կոռուպցիայի մասին հենց հիմա հիշեց, ընդ որում՝ այդ մասին հայտարարեց ոչ թե ՀՀ ԱԺ ամբիոնից, այլ արտահայտվեց Եվրախորհրդարանի փոխնախագահի աշխատասենյակում։ Չէ՞ որ նա իր այդ հայտարարությամբ, ըստ էության, վերջնականապես հանձնեց իր զինակիցներին՝ քաղաքաշինության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին։ Իսկ գուցե հույս ուներ, թե վերջինները կվախենան օրենքի առջև պատասխան տալ այն աղաղակող խայտառակությունների համար, որոնք տեղ էին գտել իրենց ղեկավարած ոլորտներում եւ կդառնան նրա հլու հնազանդ ռոբոտները։ Չէ՞ որ հենց ԲՀԿ-ականների ղեկավարած ոլորտներում, շնորհիվ ՀՀ նախագահի Վերահսկիչ ծառայության և ֆինանսների նախարարության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի, վերջին ամիսներին հայտնաբերվեցին բազմամիլիոնանոց հափշտակումներ, բյուջեի միջոցների փոշիացումներ։ Հավանաբար, ԲՀԿ առաջնորդը հույս ունի, որ դա կստիպի վերջիններին բոլոր միջոցներով ու ամբողջ ուժով աջակցել իրեն այն դեպքում, եթե քվեարկվի նախագահի պաշտոնում։ Որպեսզի այնպես չստացվի, թե այս հոդվածում հավուր պատշաճի ուշադրության չենք արժանացնում ՀՀ նախագահի միակ թեկնածուի «աճեցման» հետ կապված այս անդուր պատմության գլխավոր գործող անձին, ասել է թե՝ Ռ.Քոչարյանին, հղում կատարեմ հայտնի պատմական անեկդոտին։ Եվ այսպես, 1830թ. հուլիս։ Փարիզը ցնցվում է զինանոցի պայթյունից։ Թալեյրանը, լսելով հրաձգության ձայնն ու զանգերի ղողանջը, ասում է. «Կոչնակ են հնչեցնում։ Նշանակում է՝ մերոնք հաղթում են»։ «Մերո՞նք,- հարցնում են նրան,- բայց ովքե՞ր»։ Եվ այստեղ Թալեյրանը բարբառում է. «Այդ մասին ես Ձեզ կասեմ վաղը, երբ իրարանցումն ավարտվի»։ Ռ.Քոչարյանն, իհարկե, նենգությունից բացի ուրիշ ոչնչով Թալեյրանին նման չէ, նա հիանալի հասկանում է, որ գալիք նախագահական ընտրություններում ՀՀ գործող նախագահին այլընտրանք չկա։ Սակայն նա նաև հասկանում է, որ խաղալով Հայաստանի՝ սոցիալական ծանր դրության մեջ հայտնված քաղաքացիների զգացմունքների վրա՝ կարելի կլինի ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, դրդել նրանց արյունահեղության՝ դրանով իսկ հարցականի տակ դնելով նախագահական ընտրությունների լեգիտիմության հարցը։ Եվ ահա այդ ժամանակ Ռ.Քոչարյանը, հավանաբար, հույս ունի, որ կկարողանա ակտուալացնել իր դերն ու նշանակությունը և իրեն ավելի թանկ «մատուցել» ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության և ԱՄՆ ղեկավարությանը։ Բնականաբար, նա կջանա հանդես գալ, իբր, ընդվզող զանգվածներին հնազանդեցնողի դերում, որոնք այդ ժամանակ արդեն բացարձակապես կամազրկված կլինեն։ Հայաստանի դյուրահավատ քաղաքացիները, ահա արդեն քանի տարի լսելով ԲՀԿ քաղցրաձայն սիրենաների երգեցողությունը, որոնք խաղաղություն և բարգավաճում են խոստանում յուրաքանչյուր հայ ընտանիքի, չէ՞ որ արդեն մեկ անգամ խաբվել են՝ հավատալով տարատեսակ ամբոխավարական խոստումներին։ Իսկ այս խայծը կարող են և կուլ տալ։ Եվ բոլորը գոհ կմնան. չէ՞ որ ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը աշխարհաքաղաքական այն բարդ իրավիճակում, որն ստեղծվել է Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ամենևին էլ շահագրգռված չեն իրավիճակի ապակայունացմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Իսկ ահա ՀՀ իշխանության ուղղահայացի թուլացումն այլ բան է։ Չէ՞ որ հենց Հայաստանի իշխանական կառույցների խարխլմանն էր ուղղված ՀՀ նախագահի քաղաքական ընդդիմախոսների քարոզչական գործունեությունը, որոնք հանկարծ միահամուռ սկսեցին երգել այն մասին, որ Հայաստանին հարկավոր է անցնել պետական կառավարման խորհրդարանական ձևի։ Եվ դա՝ ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պայմաններում, որը կարող է ցանկացած պահի թեժ փուլ մտնել։ Եվ փորձանքն այն է, որ Ռ.Քոչարյանն անսահմանափակ ազդեցություն ունի ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի վրա, այլապես Գ.Ծառուկյանը չէր տրվի հայոց պետականության ճակատագրի համար վտանգավոր նման արկածախնդրության և չէր քվեարկվի որպես ՀՀ նախագահի թեկնածու։

Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված բարդ պայմաններում ուզում եմ հավատալ, որ մեր փորձված դաշնակից ու հուսալի բարեկամ Ռուսաստանի Դաշնությունն ու նրա արժանավոր առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը՝ իրեն բնորոշ իմաստնությամբ ու հեռատեսությամբ, հոգածությամբ և ընմբռնումով կվերաբերվեն արդի Հայաստանի քաղաքական իրողություններին։ Հայկական երրորդ հանրապետության պատմության բեկումնային այս պահին պահանջված կլինի ՀՀ նախագահի ջանքերին սատարելը, որոնք ուղղված են արատավոր այն համակարգի էվոլյուցիոն ապամոնտաժմանը, որն ստեղծվել է Հայաստանում ՀՀ առաջին և երկրորդ նախագահների կառավարման տարիներին։ Համակարգ, որն արգելակում է Հայաստանի առաջընթաց զարգացումը։

Վերջաբանի փոխարեն. ես միշտ կլանիչ հետաքրքրությամբ եմ կարդացել Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի ստեղծագործությունները։ Եվ հիմա, քաղաքական իրադարձությունների այս խառնաշփոթում, որ ծավալվում են Հայաստանում, չգիտես ինչու, հիշեցի «Տարաս Բուլբա» վեպը, և ամենևին էլ ոչ այն պատճառով, որ ժամանակակից Հայաստանում քաղաքական գործիչներից ինչ-որ մեկը հիշեցնում է լեհ գեղեցկուհի պանիին, ինչ-որ մեկն էլ վեպի՝ նրան խելահեղ սիրահարված հերոսին, որը հանուն նրա հանդեպ տածած սիրո թշնամու զորքերի կողմն է անցնում։ Հուսամ՝ հոդվածիս առանձին հերոսներ երջանիկ պատահականությամբ կարող են իմանալ, թե ինչով ավարտվեց այդ ամենը։ Իսկ եթե չգիտեն, ապա նրանց չէր խանգարի դաս քաղել Տարաս Բուլբայի թևավոր դարձած խոսքերից. «Ես եմ քեզ ծնել, ես էլ կսպանեմ»։ Եվ ահա, եթե նրանց ծնած համակարգը չապամոնտաժվի, ապա կխժռի ոչ միայն հենց իրենց, այլև Հայոց պետականությանը, որն այլևս ի վիճակի չի լինի դիմանալ կործանարար այն հետևանքներին, որոնք անխուսափելի կլինեն քաղաքական այն սադրանքի պարագայում, որը պատրաստվում է ի կատար ածվել գալիք նախագահական ընտրությունների ընթացքում։ Վերջում կուզենայի հիշեցնել «Տարաս Բուլբա» վեպի ևս մեկ դասի մասին. «Ի՞նչ է, տղաս, օգնեցի՞ն քեզ քո լեհերը։ Անդրեյը լուռ էր... Տարասը կրակեց»։ Չէր խանգարի, որ մեր քաղաքական գործիչները լսեին իրենց ծնողների, մանավանդ՝ իրենց մայրերի ձայնը... Եվ խորհեին, թե ինչու է Հայրենիքը մայր անվանվում...

 

Արտաշես Գեղամյան, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)

Последние видеоматериалы

Новые книги