ՏԻՐԱՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Հինգ ելույթ երեք օրում

11.10.2012, Հայոց աշխարհ

Երեկ Ազգային ժողովում ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ հրավիրել էր լրագրողներին՝ ներկայացնելու հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում անցկացված աշնանային նստաշրջանի անցուդարձը

ԱՄԿ առաջնորդը 3 օրում 5 «ջախջախիչ ելույթ» է ունեցել՝ բարձրաձայնելով Հայաստանի եւ, իհարկե, իր անձնական դիրքորոշումն ինչպես օրակարգային հարցերի, այնպես էլ մեր անհանգիստ տարածաշրջանում ծավալվող տագնապալի իրադարձությունների շուրջ։ Ավելին՝ չի երկնչել հակադրվելու վեհաժողովի բացարձակ մեծամասնության կարծիքին եւ քվեարկել թուրք պատգամավորներից մեկի՝ թուրք-սիրիական սահմանում ընթացող զարգացումների վերաբերյալ բանաձեւի դեմ, որի հիմնական ասելիքն այն էր, որ «մեղավորը միայն Սիրիան է, իսկ թուրքերը սրբեր են»։

Ի վերջո օրինագիծն անցել է գրեթե միաձայն. մեկ դեմ, մեկ ձեռնպահ քվեարկությամբ. ձեռնպահ է քվեարկել Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը՝ ասելով, որ փաստաթուղթը «խակ» է եւ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։

 

«Ես հայկական պատվիրակության բացասական կարծիքը հայտնեցի օրինագծի վերաբերյալ՝ հիմնավորելով, որ այն երբեք ու երբեք չի նպաստի առանց այն էլ շիկացած տարածաշրջանային իրավիճակի մեղմմանը, իսկ հայկական պատվիրակությունը չի կարող անտարբեր մնալ այդ նախագծի նկատմամբ, այն պարզ պատճառով, որ Սիրիայում բնակվում է ավելի քան 85 հազար ազգությամբ հայ քաղաքացի. միայն Հալեպ քաղաքում հայերի թիվը մինչեւ պատերազմական գործողությունների սկսվելը կազմում էր մոտ 60 հազար»,- հայտարարեց պատվիրակության ղեկավարը։

Չնայած Հունաստանի, Ավստրիայի եւ Իտալիայի պատվիրակների հորդորներին՝ ձեռնպահ մնալու վճռական «ոչ»-ից, քանզի նախագիծն իբր «միայն եւ միայն խաղաղարար» առաքելություն ունի՝ Ա.Գեղամյանը չի «կոտրվել». երկրորդ անգամ է մոտեցել ամբիոնին՝ ասելով. «Եթե ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը երաշխավորում է հայերիս անվտանգությունը, թող այդ մոտեցումն ամրագրվի ներկայացված փաստաթղթում, եւ այդ պարագայում հայկական պատվիրակությունը ձեռնպահ կմնա։ Հարցը մնաց անպատասխան՝ իրենք, բնականաբար, ոչ մի երաշխիք տալ չէին կարող, եւ հայկական պատվիրակությունը բնականաբար պետք է դեմ քվեարկեր»։

ԱՄԿ առաջնորդն իր ելույթում եւս մեկ կարեւոր հարցադրում է արել. «Եթե պատերազմական գործողությունները սաստկանան, վեհաժողովը կընդունի իր պատասխանատվությունը այդ հարցում։ Բնականաբար քար լռություն. իրենց պետք էր ամեն գնով անցկացնել այդ բանաձեւը։ Ընդ որում, ես ցավակցություն հայտնեցի ինչպես հոկտեմբերի 3-ին զոհված 5 թուրքերին, այնպես էլ հոկտեմբերի 5-ին զոհված շուրջ 15 սիրիացիներին։ Սա յուրահատուկ հեգնանք էր՝ առ այն, թե ինչո՞ւ Թուրքիայի զոհերի վերաբերյալ բանաձեւ եք ընդունում, մինչդեռ 15 խաղաղ սիրիացիների հարցն ընդհանրապես չլսելու եք տալիս։

Այսինքն՝ դա ելույթ-մեղադրանք էր, բավական լուրջ մեղադրանք, եւ, կարծում եմ, շատ տեղին, այն առումով, որ բավական է սովորեցնեն մեզ ինչպես ապրել, բավական է սովորեցնեն դեմոկրատիա, երբ իրենք ոտնահարում են նույն դեմոկրատիան։ Այս ամենը, իհարկե, ասվեց շատ քաղաքակիրթ ձեւով»։

Նույնքան դիվանագիտորեն Ա.Գեղամյանը հակադարձել է թուրք պատվիրակներից մեկին, որ, պատմական փաստերը խեղաթյուրելով, փորձել է իր երկիրը ներկայացնել որպես առաջադիմության եւ քաղաքակրթության փարոս. «Այդ համատեքստում նշվեց Սուլթան Բայադիի անունը, որը իր արքունիքով օթեւանել էր Արեւմտյան Եվրոպայում, մասնավորապես, Փարիզում եւ այնտեղ ցոփ կյանքով էր ապրում իր հարեմի սիրուհիների եւ երիտասարդ մանչուկների հետ։

Իմ կողմից, բնականաբար, հիշատակվեց այդ մասին, եւ հուշվեց, որ ճիշտ կլինի՝ դրա հետ մեկտեղ հիշել նաեւ արյունարբու սուլթան Համիդ 2-րդին։ Ինչո՞ւ հիշատակեցի արյունարբու սուլթանին. իրենք գիրք էին բաժանել պատգամավորներին՝ 5 լեզուներով տպագրված, որտեղ, մասնավորապես, գրված էր, թե ինչ «լավ գործեր» են արել թուրքերը 1700-ականներին, 34 հայազգի մարդկանց փաշայի տիտղոս են շնորհել եւ այլն։ Մի խոսքով՝ անհեթեթություններ, որ կարդալով՝ կարելի էր մտածել. ի՞նչ են ուզում էս հայերը էդ խեղճ թուրքերից»։

Դե, իսկ Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր ելույթը, Գեղամյանի գնահատմամբ, եվրապատվիրակներին ցնցել է մինչեւ հոգու խորքը. «Շատ ցնցող տպավորություն թողեց այն փաստի հիշատակումը, որ 1966թ. սեպտեմբերի 30-ին ԼՂ Մարտունու շրջանի Կուրապատկինո գյուղում դպրոցի տնօրեն Արշադ Մամեդովը հանել է ութամյա հայ տղայի աչքերը, գլխին էլ՝ մեխեր խփել, եւ ասացի՝ դրանից սկսել են, Սաֆարովով ավարտել. սա՛ է ադրբեջանցին։

Նրանք շոկի մեջ ընկան, որովհետեւ երբ երեխաների հետ կապված փաստերը հիշատակում ես՝ ամսաթիվը, մյուսը, մյուսը՝ եվրոպացիները բառի իսկական իմաստով շոկային վիճակում են հայտնվում։ Ավելի ուժեղ փաստարկ այդ պահին մտքովս չանցավ»։

Ելույթներից բացի, Գեղամյանը հանդես է եկել մեկ «կիսահայտարարությամբ». «Չէի կարող չհեգնել, երբ թարգմանիչը ներկայացնում էր հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունները, եւ նշեց, որ Պորտուգալիայի ներկայացուցիչ պարոն Մարիո Սոարեշը, որը զբաղվում է Հարավային Կովկասի հարցերով, շատ ջերմ եւ գործնական աշխատանքային հարաբերությունների մեջ է պարոն Մամեդովի եւ տիկին Սաֆարյանի հետ։ Ասացի՝ ցավում եմ, բայց Մամեդովան, այնուամենայնիվ, կին է, Սաֆարյանն էլ՝ տղամարդ։ Սա լոկ կսմիթ չէր՝ դրանով ուզեցի ասել, որ այնքան մակերեսային են զբաղվում մեր հարցերով, որ անգամ իսկ չգիտեն՝ վեհաժողովում որ պատվիրակությունն ով է ներկայացնում»։

Հարցերին ի պատասխան անդրադառնալով «Սիվիլիթասի» շուրջ ընթացիկ եւ հնարավոր զարգացումներին՝ Ա.Գեղամյանը նկատեց. «Օսկանյանի դատավարությունը Գեորգի Դիմիտրովի դատավարությանը չի կարող հասնել, բայց պարոն Օսկանյանը ճիշտ կաներ՝ գզրոցներում պահած փաստարկները ներկայացներ, եւ գործը շատ շուտ կվերջանար։ Ինչո՞ւ չի անում՝ չեմ հասկանում։

Ավելին՝ գործընթացին ուշի-ուշով հետեւելու են ե՛ւ պատգամավորները, ե՛ւ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները աշխարհով մեկ։ Ի՞նչն է խանգարում՝ չգիտեմ։ Ստիպված եմ մտածել, որ միգուցե սա նոր ընտրական տեխնոլոգիա է։ Հասկանում եմ՝ դիվանագետ է, գաղտնապահ է, բայց էս դեպքում կարելի է, էլի, փաստարկները դատարանում շրխկացնել մեղադրողի ճակատին։ Էլ չեմ ասում, որ եթե հանկարծ անարդարացի որոշում լինի, Փառք Աստծո, Եվրոպական դատարան կա՝ լրիվ սպիտակ ձիով կարող է Ստրասբուրգից քշելով գալ այստեղ»։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги