ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՎԻՆՈՒՄ Է ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՆԵՐՔԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՆ

23.06.2012, Հայոց աշխարհ

Մեր հարցերին ի պատասխան՝ կառավարության ծրագրի եւ դրա շուրջ խորհրդարանում ծավալված բուռն քննարկումների վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

-Ցանկացած երկրի համար կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը լրջագույն փաստաթուղթ է, որի մասին խոսելիս՝ պարտադիր պետք է հաշվի առնել, թե ինչ պայմաններում է այն կյանքի կոչվելու ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին գործոնների հնարավոր ներազդեցության տեսանկյունից։ Այդ առումով, նախ եւ առաջ պետք է ասել հնարավոր մարտահրավերների, վտանգների մասին։ Ընդ որում՝ խոսքը միայն ռազմական սպառնալիքների մասին չէ, այլեւ համաշխարհային ֆինանսատնտեսական հնարավոր ճգնաժամային դրսեւորումների մասին է, որոնք կարող են խիստ անցանկալի անդրադարձ   ունենալ ցանկացած երկրի, այդ թվում՝ բնականաբար, նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ Այստեղ է, որ տեսնում ենք Կառավարության ծրագրի իրագործման համար լուրջ ռիսկեր։ Չի բացառվում, որ ամիսներ անց աշխարհը բախվի ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքին, եւ յուրաքանչյուր ողջամիտ կառավարություն, իսկ մեր կառավարությունը, կարծում եմ, ողջամիտ է, պետք է ճիշտ հաշվարկի մեր երկրի ներուժը՝ շեշտը դնելով հենց սեփական ռեսուրսների, կարողությունների վրա, որ կարողանա հնարավորինս դիմակայել դրսից պարտադրված մարտահրավերներին, տվյալ դեպքում՝ ֆինանսատնտեսական ճգնաժամային զարգացումների հնարավոր հետեւանքներին։

Այդ տեսակետից՝ սա առաջին դեպքն է անցած 21 տարիների ընթացքում, երբ կառավարության ծրագրում ներառված է առանձին ենթաբաժին, որտեղ բավականաչափ հետաքրքիր դատողություններ կան կառավարության ծրագրի իրականացման ռիսկերի վերաբերյալ։ Ըստ իս՝ այդ դատողություննները եւ ռիսկերը պետք էր դնել ՀՀ Կառավարության Ծրագրի իրագործման արտաքին ռիսկերը ենթաբաժինը, պետք է դրվեր ծրագրի հենց առաջին գլխում,  որից հետո արդեն՝ շարադրել դրանցից բխող օրակարգային դրույթները, որտեղ, հուրախություն իս, քանիցս շեշտվում է, որ հնարավոր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով պարտադրված ռիսկերը մեղմելու համար ՀՀ  Կառավարությունն ապավինելու է նախ եւ առաջ սեփական ուժերին եւ երկրում առկա չօգտագործված ներքին ռեսուրսներին։

 

Դրա հետ մեկտեղ ՀՀ կառավարությունն առաջին անգամ հանդես է գալիս ոչ թե տնտեսության «գիշերային պահակի» դերում՝ ոչ թե շարունակում է նախորդ կառավարությունների որդեգրած ազատական, մոնետարիստական քաղաքականությունը, որի պայմաններում շեշտը դրվում է շրջանառության մեջ փողի զանգվածի առաջարկի, բանկային վարկավորման տոկոսադրույքի հետ կապված գործառույթների վրա, այլ ուղղակիորեն հայտարարում է միջին բիզնեսի հետ համատեղ միասնական արդյունաբերական քաղաքականություն վարելու, այլ կերպ ասած՝ բիզնեսի գործընկերը դառնալու պատրաստակամության մասին։ Սա նշանակում է, որ պետությունը պատրաստ է՝ իր գործնական մասնակցությունը բերելու տնտեսության, մասնավորապես, արդյունաբերության ու գյուղատնտեսության բնագավառում իրականացվող զարգացման ծրագրերին։ Այսինքն՝ այս կառավարությունն, ի տարբերություն նախորդների, որդեգրել է քեյնսիանականության տեսությանը ներհատուկ մոտեցում, այն է` տնտեսության մեջ պետության կարգավորիչ դերակատարման բարձրացման մոտեցում, ինչը, առկա պայմաններում, չափազանց կարեւոր է։

-Մինչդեռ ընդդիմության Ձեր գործընկերների վերապահումներից մեկն էլ այն էր, որ կառավարությունը չի հրաժարվել իր մոնետարիստական  «մտածողությունից»։

-Մեր ընդդիմախոսներին  պետք է հիշեցնեմ, որ մոնետարիստական քաղաքականություն իրականացնողը մոնետար իշխանություններն են։ Մեր դեպքում դա ՀՀ Կենտրոնական բանկն է, իսկ «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն, կենտրոնական բանկը բացարձակ ինքնուրույն օղակ է՝ կառավարությունը նրա վրա ներազդելու ոչ մի լծակ չունի։ Եվ անգամ իսկ սուբսիդավորելով գյուղացիներին տրվող վարկերը՝ կառավարությունը ոչ թե տուրք է տալիս մոնետարիստական մեթոդներին, ինչպես պնդում են մեր գործընկերները, այլ ավելի շատ ընդգծում է, որ, այո, պետությունն իր կարգավորիչ դերակատումն է ունենալու ոլորտի զարգացման գործում եւ, ըստ էության, աջակցելու է գյուղատնտեսությանը. մի բան, որ ուղղակի բացառված է մոնետարիստական մոտեցման կիրառման պարագայում։

-Խորհրդարանական փոքրամասնության գնահատմամբ՝ ՀՀ կառավարության ծրագիրն ընդամենը «բարի ցանկությունների հռչակագիր» է, որը ամրապնդված չէ կոնկրետ ենթածրագրերով եւ դրանց իրականացման հստակ մեխանիզմներով։

-Եթե ՀՀ կառավարությունն  էլ ավելի է կոնկրետացնում իր ծրագիրը, այն դադարում է ծրագիր լինելուց եւ դառնում է, ինչպես սովետական ժամանակներում էր ընդունված, «հնգամյա պլան»-ի, որտեղ դրվում են խնդիրներ, նշվում են պատասխանատուները, ֆինանսավորման աղբյուրները եւ այլն։ Այդ ամենը, անշուշտ, անհրաժեշտ է, բայց ծրագրի իրագործման երկրորդ փուլում։ Երկու օր առաջ Ազգային ժողովը 75 կողմ, 47 դեմ ձայնով, ըստ էության, հավանություն տվեց երկրի տնտեսական զարգացման առանցքային ուղղություններին։ Կոնկրետ նպատակադրումները՝ աղքատության կրճատման, թոշակների, նպաստների բարձրացման, ՀՆԱ-ի աճի հետ կապված ճշգրիտ թվերով ամրագրված, պարտադիր կարգով պետք է ամրապնդվեն առարկայական գործնական ծրագրերով, որտեղ նշված կլինեն կառավարության ծրագրում ներառված յուրաքանչյուր դրույթի կենսագործման համար անհրաժեշտ գործիքակազմը եւ ֆինանսավորման աղբյուրները։

Դրանից հետո արդեն կունենանք այն ամբողջական ծրագիրը, որի վերաբերյալ քանիցս հարցադրումներ եղան, հատկապես ընդդիմության կողմից։ Այդ հարցադրումները տեղին են, պարզապես մեր ընդդիմադիր գործընկերները մի քիչ շտապում են։ Այ, եթե առաջիկա երկու-երեք ամիսներին ՀՀ Կառավարության բոլոր ծրագրային հիմնադրույթների իրականացման գործիքները, ֆինանսավորումը, պատասխանատուները մանրակրկիտ կերպով ամրագրված չլինեն համապատասխան փաստաթղթերում, մենք ձեզ հետ միասին ազնվորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ Կառավարությունը թերացել է սեփական իսկ ծրագրի կենսագործման ճանապարհին։

-Ասել է թե՝ չեք ընդունում ընդդիմության ներկայացուցիչների,  մասնավորապես, Հրանտ Բագրատյանի մեղադրանքները, թե խուսափելով կոնկրետությունից, 40 էջանոց փաստաթղթում ընդամենը 9 թիվ նշելով, ընդգծելով ռիսկերը՝ կառավարությունն էս գլխից ապահովագրում է իրեն ձախողման պատասխանատվությունից։

-Գիտեք, այդ հարցի վերաբերյալ ես երկակի մոտեցում ունեմ։ Մի կողմից, ի դեմս Բագրատյանի, տեսնում եմ բարձր որակավորման մասնագետի։ Մյուս կողմից, քաղաքական բաղադրիչը Բագրատյանին հավանաբար  այլ բան է հուշում՝ նա հանդես է գալիս ոչ միայն որպես բարձր որակավորում ունեցող մակրոտնտեսագետ, այլ նաեւ քաղաքական գործիչ։ Այստեղ արդեն քաղաքական գործչի եւ տնտեսագետի մոտեցումների միջեւ անջրպետ է գոյանում։ Եթե ՀՀ Կառավարությունը խնդիր է դնում  8-10 տոկոսով կրճատել աղքատությունը, դրա համար, նախ, պետք է արձանագրվեն ՀՆԱ-ի աճի առաջանցիկ տեմպեր, որովհետեւ ՀՆԱ-ի յուրաքանչյուր մեկ տոկոսի անկումն իր հետեւից բերում է 1,61 տոկոս աղքատության մակարդակի աճ։ Մյուս կողմից, աղքատության վրա մեծագույն ազդեցություն է թողնում համախառն ազգային արդյունքի (ՀԱԱ) վերաբաշխման անհավասարությունը։ Մեղմել այդ անհավասարությունը՝ նշանակում է հաղթահարել մեծահարուստների, ընդհանրապես հարուստների եւ աղքատների միջեւ վիհը։ Սա իր հերթին նշանակում է, որ ամբողջությամբ պետք է փոխել իրականացվող ֆիսկալ` հարկաբյուջետային քաղաքականությունը՝ սահմանելով եկամտահարկի եւ շահութահարկի պրոգրեսիվ հարկավորման սանդղակ։ Այսինքն՝ ծրագրում ներառված յուրաքանչյուր ցուցանիշ իր հետեւից շղթայական գործողությունների մի ամբողջ շարքի իրականացում է ենթադրում, ինչի մասին համոզված եմ, շատ լավ գիտի Հրանտ Բագրատյանը։

Կամ՝ եթե ասվում է, որ միջին կենսաթոշակը պետք է 25-30 տոկոսով գերազանցի  աղքատության շեմը, եւ չպետք է ունենանք աղքատ կենսաթոշակառու, նշանակում է՝ պետական բյուջեի եկամուտները շեշտակի պետք է ավելանան, որպեսզի հնարավոր լինի ապահովել կենսաթոշակների  բարձրացումը։ Նույնը վերաբերում է կառավարության ծրագրում ամրագրված մյուս ցուցանիշներին։ Այդ ցուցանիշներին հասնելու համար անհրաժեշտ է անպայմանորեն ավելացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը։ Իսկ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճ հնարավոր է արձանագրել՝ կրճատելով ստվերային տնտեսությունը։ Ստվերային տնտեսությունը կկրճատվի, եթե բացի հարկային վարչարարության բարելավումից, պարտադիր կերպով կյանքի կոչվի կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը։ Ասել է թե՝ ամեն թվի ետեւում հսկայական աշխատանք է ենթադրվում, որին կառավարությունը պետք է անմիջապես ձեռնամուխ լինի՝ մանրակրկիտ կերպով ներկայացնելով, թե ինչպես, ինչ գործիքներով են ապահովվելու այդ խնդիրների իրագործումը։

-ՀՀ Կառավարության կողմից ծրագրված հարկեր-ՀՆԱ հարաբերակցության տարեկան 0,3-0,4 տոկոս աճը բավարա՞ր է աղքատության խնդիրը լուծելու համար։

-Այստեղ պետք է հաշվի առնել, թե ինչ է նշանակում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը տարեկան կտրվածքով բարձրացնել 0,3-0,4 տոկոսային կետով, երբ խնդիր է դրված ՀՆԱ-ն ավելացնել տարեկան նվազագույնը 7 տոկոսով։ Այսինքն՝  այդ թիվը, խոսքս հարկերի հավաքագրման մասին է, բացարձակ առումով շատ ավելի մեծ է, որովհետեւ ՀՆԱ-ի 7 տոկոս աճի դեպքում այդ 0,4 տոկոսի տեսակարար կշիռը շատ ավելի բարձր է, քան սառեցված, ստատիկ ՀՆԱ-ի պարագայում։ Ավելին՝ արդյունավետ հարկային քաղաքականություն վարելու դեպքում կարող է բառիս իսկական իմաստով հեղաշրջում տեղի ունենալ աղքատության հաղթահարման գործում։

-Ինչի՞ հաշվին։

-Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2009-2010 թթ. ՀԱԱ բաշխման փոփոխության հետեւանքով աղքատներն է՛լ ավելի են աղքատացել, հարուստները՝ էլ ավելի հարստացել, այսինքն՝ ՀԱԱ վերաբաշխումը եղել է հօգուտ հարուստների, ինչի «շնորհիվ» երկու տարիների կտրվածքով արձանագրվել է մոտ 8,5 տոկոս աղքատության աճ։ Հետեւաբար, հիմնական նպատակակետը պետք է լինի ՀԱԱ վերաբաշխման անհավասարության  մեղմումը։ Դա հնարավոր է մի դեպքում. եթե կարողանանք հարկային վարչարարության ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնել։ Խոշոր սեփականատերերը, որպես կանոն, իրենց սեփականությունը հանձնում են կառավարման, բայց ստանում են դիվիդենտներ. այդ դիվիդենտների հարկումը պետք է  լինի պրոգրեսիվ սանդղակով։ Նույնը վերաբերում է մենաշնորհային եւ օլիգոպոլ դիրքեր ունեցող խոշոր ձեռնարկություններին։ Եթե ՀՀ Կառավարությունը հանդես գա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, այդ ուղղությամբ հնարավոր է շեշտակի, ընդհուպ՝  հեղափոխական դրական փոփոխություններ արձանագրել։

-Դա չի՞ բերի կապիտալի արտահոսքի։

-Բացարձակապե՛ս ոչ, այն պարզ պատճառով, որ թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե՛ Եվրամիությունում գործող տնտեսական մոդելի պայմաններում 2007-2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ծնող գործոնները չեն վերացել, եւ չկա որեւէ երաշխիք, թե համաշխարհային ֆինանսական թվացյալ կայունությունը առաջիկայում լրջորեն չի սասանվի։ Այս պայմաններում, երբ արդեն իսկ 100-ամյակների պատմություն ունեցող, համաշխարհային շուկաներում հաստատված, կայացած միջազգային ընկերությունները չեն պատկերացնում՝ ոնց են դրա տակից դուրս գալու, «դրսից» ոչ մի ձեռներեց, հատկապես մեր ձեռներեցները, ի զորու չեն կարող գնալ եւ տեղում հարցեր լուծել. ստիպված են հաշտվել այն մտքի հետ, որ պետք է մի քիչ սեղմեն իրենց գոտիները եւ մեր պետությանը ավելի շատ հարկեր մուծեն։ Հակառակ դեպքում կվտանգվի աղքատության հաղթահարման ծրագիրը, կընկնի համախառն սպառողական պահանջարկը։ Սպառողական պահանջարկը որ ընկավ՝ , անտարակույս, կհանգեցնի համախառն սպառողական պահանջարկի կրճատմանը, որն էլ իր հերթին կկրճատի արտադրության եւ մատուցվող ծառայությունների ծավալը, այսինքն՝ բիզնեսը, զարկ կտա գործազրկության աճին։

-Վտանգ չե՞ք տեսնում, որ խոշոր բիզնեսի շուրջ օղակը «ձգելու» դեպքում աշխատատեղերի առյուծի բաժինն ապահովող շատ ձեռնարկություններ պարզապես կփակվեն։

-Չեմ կարծում, որովհետեւ խոսքը վերաբերում է դիվիդենտների, շահութահարկի պրոգրեսիվ հարկմանը։ Այսինքն՝ սա ավելի շատ կազդի անհատների, քան արտադրության վրա, որովհետեւ, եթե տվյալ գործարարը որոշակի գումարներ է ներդնում զարգացման ծրագրերի վրա, երաշխավորում  նոր աշխատատեղեր, շահույթի ծավալը պակասում է, եւ բնականաբար, հարկման ծավալն էլ կնվազի։ Հանրապետության նախագահը, իմ խորին համոզմամբ, դեռ 2008թ. էր պատրաստ գնալ այդ քայլին, բայց ավաղ, եղավ 2008թ. մարտի 1-ը, երբ հասարակությունը շիկացած էր՝ մի կողմից, եղավ համաշխարհային  ֆինանսատնտեսական ճգնաժամը՝ մյուս կողմից։ Ավելին, մեր Կառավարությունը դասեր է քաղել անցյալից: Հիմա կառավարությունը, ի տարբերություն 2008 թ., չի հայտարարում, թե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը՝ շատ լավ հասկանում է, որ մեր երկրի տնտեսությունը մխրճված է համաշխարհային տնտեսության մեջ եւ ապագայում հնարավոր  ֆինանսատնտեսական ճգնաժամը, անտարակույս, իր բացասական հետեւանքները կունենա Հայաստանի տնտեսության վրա։

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги