ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏՆ է

05.05.2012, Հայոց աշխարհ

Եվրասիական միության կազմավորման գաղափարի իրագործումը, առանց չափազանցության կարելի է պնդել, ԱՊՀ անդամ երկրների ինքնիշխանության պահպանման կարեւորագույն պայմանն է։ Այս եզրահանգումը հաստատելու համար մտովի վերլուծենք, թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան աշխարհում, հատկապես Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, վերջին մի քանի տարիներին։
Եվ այսպես, 2007թ. փետրվարի 10-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ Մյունխենյան կոնֆերանսում՝ անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ։ Հազվադեպ է պատահում, երբ պետության ղեկավարի հրապարակային ելույթը խոշոր քաղաքական իրադարձություն է դառնում եւ դուրս գալիս մի երկրի շրջանակներից։
Առավել եւս, երբ այն դառնում է տարվա իրադարձություն, ավելին՝ երբ դրա սկզբունքային դրույթները կանխորոշեցին Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական դոկտրինի բովանդակությունն առաջիկա առնվազն տասը տարիների համար։ Նման բնորոշումը լիովին վերաբերում է Ռուսաստանի նախագահի ելույթին։

Հիշենք այդ ելույթի որոշ առանցքային դրույթներ. «Արդի աշխարհի համար միաբեւեռ աշխարհը ոչ միայն ընդունելի չէ, այլեւ առհասարակ անհնար է; մեկ պետության, առաջին հերթին, իհարկե, Միացյալ Նահանգների իրավունքի ամբողջ համակարգը զանց է առել իր ազգային սահմանները բոլոր ոլորտներում՝ ե՛ւ տնտեսությունում, ե՛ւ քաղաքականությունում, ե՛ւ հումանիտար ոլորտում պարտադրվում է մյուս պետություններին, մի ձեռքով «բարեգործական օգնություն» է բաժանվում, մյուսով ոչ միայն կոնսերվացվում է տնտեսական հետամնացությունը, այլեւ դեռ մի բան էլ շահույթ է հավաքվում. մենք մոտեցել ենք սահմանագծային պահի, երբ պետք է լրջորեն մտածենք գլոբալ անվտանգության ամբողջ ճարտարապետության մասին»։

Ռուսաստանի առաջնորդի այս հիմնարար գնահատականներն էլ հենց հրատապ են դարձնում նոր ինտեգրացիոն ձեւաչափի ձեւավորման գաղափարը հետխորհրդային տարածքում։ Բայց, կարծում ենք, իմաստ ունի փոքր-ինչ հանգամանորեն անդրադառնալ համաշխարհային զարգացման համար այն կործանարար հետեւանքներին, որոնցով լի է աշխարհի միաբեւեռ մոդելի պահպանումը։
Միաբեւեռ աշխարհի՝ նշանակալիությամբ առաջին ավերիչ հետեւանքը 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր։ Հատկանշական է, որ դրա մասին կանխատեսում էին ռուսաստանցի տնտեսագետներ Միխայիլ Խազինը եւ Անդրեյ Կոբյակովը դեռ 2003թ.՝ «Դոլարի կայսրության մայրամուտը եւ Pax Americana-ի ավարտը» գրքում, ինչպես նաեւ Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նուրիել Ռուբինին 2006թ.։
Կարծում ենք, կարիք չկա մանրամասն անդրադառնալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառներին, դա այլ վերլուծության թեմա է։ Սակայն անվիճելի է, որ գլխավոր պատճառներից մեկը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) անբաժանելի եւ անվերահսկելի մոնոպոլիան էր ԱՄՆ դոլարի թողարկման հարցում, որը, 1944թ. Բրետոն-Վուդսյան համաձայնագրերի համապատասխան, ոսկու հետ միասին դարձավ համաշխարհային արժույթի տեսակներից մեկը։

 

Դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի արտոնյալ վիճակն էլ ավելի ամրապնդվեց Ճամայկայի արդի միջազգային արժութային համակարգին անցմամբ։ Այսպես, 1970-ական թթ. Բրետոն-Վուդսյան արժութային համակարգը վերակազմակերպվեց։ Եվ աշխարհն անցավ Ճամայկայի միջազգային արժութային համակարգին՝ հիմնված արժույթի ազատ փոխարկելիության մոդելի վրա, որի համար բնորոշ է փոխանակային արժեքների մշտական տատանումը։
Ճամայկայի համակարգի հիմնական մյուս առանձնահատկությունների եւ սկզբունքների թվին կարելի է դասել ոսկու ստանդարտի եւ ոսկով հավասարակշռման պաշտոնական վերացումը (արժույթի՝ ոսկով հավասարակշռման վերացումն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային գործառնություններում), այն, որ ոսկին կորցնում է իրեն ամրագրված դրամական գործառույթը (կենտրոնական բանկերին թույլ է տրվում շուկայական գներով սովորական ապրանքի նման վաճառել եւ գնել ոսկին) եւ այլն։ Դա ԱՄՆ-ին թույլ տվեց վերջին 37 տարիներին (նկատի ունենք մինչեւ 2008-2009թթ. համաշխարհային ճգնաժամի սկսվելը) ապրել ոչ ըստ միջոցների, այլ զգալի չափով ի հաշիվ մնացյալ աշխարհի։ Այսպես, ի հաստատումն այս եզրահանգման, բավական է նշել, որ համաշխարհային առաջատար տնտեսության՝ ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտը, 2011-2012 ֆինանսական տարվա արդյունքներով, կազմելու է 1,28 տրլն դոլար (ՀՆԱ 8,5%-ը) նախորդ ֆինանսական տարվա 1,29 տրլն դոլարի (ՀՆԱ 8,9%) դիմաց։

Այս թվերն են բերված Կոնգրեսի Բյուջետային վարչության կանխատեսման մեջ։ Ընդ որում՝ այս գերատեսչությունում սպասում են, որ առաջիկա 10 տարիների ընթացքում (մինչեւ 2021թ.) բյուջեի դեֆիցիտի հանրագումարային ցուցանիշը կկրճատվի մինչեւ 3,49 տրլն դոլար։
Հիշեցնենք, որ անցած ֆինանսական տարվա արդյունքներով՝ աշխարհի խոշորագույն տնտեսության բյուջեի դեֆիցիտը կազմել է 1,3 տրլն դոլար։ Փորձագետների գնահատականներով՝ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը արտադրում է համաշխարհային ՀՆԱ մոտ 22%-ը, երկրի ներսում, սակայն, սպառվում է համաշխարհային ՀՆԱ 35-40%-ը։ Բայց մեկնումեկը պե՞տք է վճարի դրա համար։ Իսկապես, ակտիվներով չապահովված այդ սպառման դիմաց պետք է վճարի մնացյալ ողջ աշխարհը, որը ԱՄՆ-ին է տալիս իր ապրանքները՝ ապրանքներով ու ծառայություններով չապահովված դոլարի դիմաց։ Բավական է ասել, որ 2011թ. ԱՄՆ-ը ներմուծել է 2 տրլն 314 մլրդ դոլարի ապրանքներ եւ ծառայություններ, այն դեպքում, երբ արտահանումը կազմում է 1 տրլն 511 մլրդ դոլար։ Այսինքն՝ առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 803 մլրդ դոլար եւ, ըստ էության, վճարվել է մնացյալ աշխարհի կողմից։

Ընդ որում, եթե այն բոլոր երկրները, որոնք կամովին իրենց տնտեսությունները «հարմարեցրել» են դոլարի վճարունակությանն աջակցելու եւ այն ապահովելու մեխանիզմին, իրավունք ունենային վերահսկել դոլարի թողարկումը, ապա ոչ մի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ էլ չէր լինի։ Ընդ որում՝ դոլարի իրական զանգվածը կհամապատասխաներ ապրանքների ու ծառայությունների այն իրական ծավալին, որոնք կարտադրվեին ԱՄՆ-ում։
Սակայն միաբեւեռ աշխարհի պայմաններում, երբ «...Միացյալ Նահանգների իրավունքի ողջ համակարգը զանց է առել իր ազգային սահմանները բոլոր ոլորտներում», ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային համակարգը (ԴՊՀ) «իրավունք է ստանում» դոլարներ թողարկել, որոնք ապահովվում են ողջ աշխարհի տնտեսության կողմից։ Հենց դրա համար էլ ստեղծվեց Դաշնային Պահուստային համակարգը, որը գործում է 1913թ. դեկտեմբերի 23-ի ակտի հիման վրա։ Հիշեցնենք, որ ԴՊՀ-ն տնօրինում են 12 մասնավոր փայատեր բանկեր եւ, կրկնում եմ, այն ստեղծվել է մի հիմնական նպատակ իրագործելու համար, այն է՝ ԱՄՆ ներքին եւ արտաքին քաղաքականությունը ծառայեցնել համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ դոլարի՝ որպես համաշխարհային հիմնական պահուստային արժույթի, մոնոպոլ դիրքին հասնելու նպատակին։
Ներկայումս այնպիսի համաշխարհային ֆինանսական համակարգ է ստեղծվել, երբ դոլարի վերաթողարկումը գտնվում է բացառապես ԴՊՀ իրավասության ներքո, եւ դոլարը միայն ու միայն ԱՄՆ-ում արտադրված ապրանք է, ընդ որում՝ ամենալավ ապրանքն է աշխարհում։ Իր իրացման շահութաբերությամբ այն գերազանցում է փող վաստակելու ցանկացած այլ ձեւի։ Այն մասին, թե համաշխարհային տնտեսության համար ինչ տխուր հետեւանքներ է ունեցել դոլարի մոնոպոլ դիրքը համաշխարհային ֆինանսական համակարգում, շատ է ասվել ու գրվել, ուստի սահմանափակվենք վերն ասածով։

Այժմ դիտարկենք, թե որոնք են, վերը նշվածներից բացի, Եվրամիության երկրները 2008-2009թթ. ճարակած ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառները։ Եվրոպական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը, կարծում ենք, այն է, որ եվրոգոտու մի շարք երկրներ կորցրին իրենց տնտեսությունների մրցունակությունը, ինչպես նաեւ խախտվեց արտադրության ու սպառման հավասարակշռությունը, երբ սպառման ծավալը ԵՄ երկրներում սկսեց գերազանցել ապրանքների ու ծառայությունների արտադրությանը։

Ճգնաժամից առաջ երկար տարիներ իրավիճակն այսպիսին էր։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ նման անհավասարակշռությունը պահպանվեց նաեւ այն բանից հետո, երբ միասնական եվրոպական արժույթ մտցվեց եւ ստեղծվեց եվրոգոտին։ Եվրոգոտու երկրներում միասնական եվրոպական արժույթի շրջանառությունը հանգեցրեց այն բանին, որ աշխատուժի վրա կատարվող ծախսերը՝ արտադրանքի միավորի հաշվարկով, օրինակ, Հունաստանում եւ Հարավային Եվրոպայի մի շարք այլ երկրներում, խիստ աճեցին, եւ նրանց աճի տեմպն առաջ անցավ աշխատանքի արտադրողականության աճի տեմպից, ինչն էլ հանգեցրեց անմրցունակ արտադրանքի թողարկմանը։
Դա տեղի էր ունենում վարկավորման տոկոսադրույքի զգալի նվազման պայմաններում։ Ընդ որում՝ փոխառությունների էժանությունը թույլ էր տալիս այդ երկրների կառավարություններին՝ ֆինանսական շուկաներից ներգրավել այնքան փող, որքան անհրաժեշտ էր իրենց երկրների բնակչության սպառողական բարձր պահանջարկի պահպանման համար, որոնք, սակայն, ապահովված չէին համապատասխան ակտիվներով։
Եթե մինչեւ եվրոգոտու ստեղծումը արտադրվող ապրանքների եւ ծառայությունների մրցունակության բարձրացման խնդիրը յուրաքանչյուր պետություն լուծում էր ինքնուրույն, օրինակ, արժույթի փոխարժեքի փոփոխությամբ, վարկավորման բանկային տոկոսադրույքի փոփոխությամբ եւ մոնետար եւ ֆիսկալ քաղաքականության այլ միջոցներով մեկ երկրի ներսում, ապա եվրոգոտու 17 երկրների պայմաններում նման մոտեցման կիրառումն արդեն անհնար էր։ Եվրոպական տնտեսության լոկոմոտիվները՝ Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք միասնական եվրոպական արժույթին անցման նախաձեռնողներն էին, ինչը, նրանց հաշվարկներով, կերաշխավորեր այդ երկրներում արտադրվող արտադրանքի սպառումը, 2008-2009թթ. բախվեցին սպառողական պահանջարկի էական անկման փաստին Եվրամիության երկրների մեծ մասում։
Դա շատ բանով պայմանավորված էր նրանով, որ մինչճգնաժամային տարիներին ԵՄ երկրների, այդ թվում՝ եվրոգոտու երկրների ծախսերի աճի տեմպը մշտապես աճում էր՝ առաջ անցնելով ապրանքների ու ծառայությունների արտադրության աճի տեմպից։

Իրենց քաղաքացիների կենսամակարդակը պահպանելու համար եվրոգոտու երկրների կառավարությունները ստիպված էին մշտապես խոշոր ֆինանսական միջոցներ պարտք վերցնել։ Իսկ երբ հասկանալի դարձավ, որ պարտք վերցնել այն ծավալներով, որոնք անհրաժեշտ էին բյուջեների դեֆիցիտը եւ վճարային հաշվեկշիռները փոխհատուցելու համար՝ արդեն անհնար է, այդ ժամանակ համապատասխան ֆինանսական ինստիտուտները սկսեցին եվրոպական պետական փոխառություններ թողարկել։ Արեւմտաեվրոպական բանկերի մի մասը գնում էր այդ արժեթղթերը, բայց ժամանակի ընթացքում հասկանալի դարձավ, որ ներքին համախառն արտադրանքի աճի տեմպերը եվրոգոտու երկրներում այնքան ցածր են, որ թույլ չեն տալիս նրանց ծածկել այդ ներքին փոխառություններն ու արժեթղթերը։
Տարիներ շարունակ վարվող նման քաղաքականությունը հանգեցրեց Եվրամիության պետական արտաքին պարտքի զգալի աճի, ինչը թողարկած ՀՆԱ-ի նկատմամբ իր տեսակարար կշռով գերազանցեց ԱՄՆ համանման ցուցանիշը։ Այսպես, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տեղեկատուի տվյալներով՝ Եվրամիության պետական արտաքին պարտքը, 2010թ. հունիսի 30-ի տվյալներով, կազմել է 13 տրլն 720 մլրդ դոլար կամ ՀՆԱ 89,1%-ը, ԱՄՆ նույն ցուցանիշը՝ համապատասխանաբար 13 տրլն 980 մլրդ դոլար կամ ՀՆԱ 92,9%։
Պետական արտաքին նման վիթխարի պարտքի, ինչպես նաեւ պետական բյուջեի հսկայական դեֆիցիտի պայմաններում, բնական է, որ ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Եվրամիության երկրները կանեն ամեն բան, որպեսզի այդ բեռը դնեն աշխարհի մյուս երկրների ուսերին։ Դա նրանց կհաջողվի այն երկրներում, որտեղ նրանց արժույթը՝ դոլարը, ավելի մեծ, իսկ եվրոն՝ ավելի փոքր չափով հանդես են գալիս որպես համաշխարհային պահուստային արժույթներ։

Չէ՞ որ գաղտնիք չէ, որ մինչեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եվրոն, ճիշտ է, դանդաղ, բայց, այնուամենայնիվ, նվաճել է երկրորդ դիրքը որպես համաշխարհային պահուստային արժեք։ Հավանաբար այս փաստը եւս պակաս կարեւոր նշանակություն չի ունեցել ԱՄՆ ֆինանսական ինստիտուտների կողմից եվրոպական ֆինանսատնտեսական ճգնաժամը խթանելու համար։ Սակայն սա առանձին վերլուծության թեմա է։
Ընդհանրացնելով համաշխարհային ֆինանսական համակարգում ստեղծված խիստ անմխիթարական այս պատկերը՝ կարելի է որոշ դասեր քաղել։ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի գլխավոր դասը, կարծում ենք, հանգում է նրան, որ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական համակարգը, որը գործառում է այնպիսի պայմաններում, երբ որպես գլխավոր համաշխարհային պահուստային արժույթ հանդես են գալիս ԱՄՆ դոլարը եւ անհամեմատ ավելի փոքր չափով՝ եվրոն, հետագայում եւս կենթարկվի պարբերական ցնցումների, ընդ որում՝ ոչ հեռու ապագայում։
Մենք իրավունք ունենք նման պնդում անելու, քանի որ այսօր էլ ԱՄՆ ֆինանսական իշխանությունների քաղաքականությունն էական փոփոխություններ չի կրել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, եւ այդ տերության նախկին մոնետար քաղաքականությունն էր, մենք դա չենք մոռացել, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի գլխավոր պատճառը։ Գլոբալ համաշխարհային տնտեսության եւ ֆինանսների զարգացման նման հեռանկարը, Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում չդադարող արյունահեղության եւ լարվածության պահպանման համապատկերում, նոր օրակարգ է թելադրում խոշոր զարգացող տնտեսություններ ունեցող պետությունների, ինչպես նաեւ աշխարհի երկրների մեծ մասի համար։

Որպես առավել հրատապ՝ առաջ է մղվում ազգային անվտանգության ապահովման եւ պետություններից յուրաքանչյուրի ինքնիշխանության պահպանման, դինամիկ զարգացման պայմանների ստեղծման խնդիրը։ Կարծում ենք, ստեղծված պայմաններում անվիճարկելի կարեւորություն է ձեռք բերում ԱՊՀ անդամ պետությունների նոր ինտեգրացիոն ձեւաչափի՝ Եվրասիական միության կազմավորման գաղափարը։
Այսինքն՝ պետությունների համադաշնային միություն՝ միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական, մաքսային, հումանիտար, մշակութային տարածքով, որը ենթադրվում է ստեղծել Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի միության եւ ԱՊՀ ինտեգրացիոն համապատասխան ճյուղային կառույցների (Եվրասիական տնտեսական ընկերակցություն, Միասնական տնտեսական տարածք, ՀԱՊԿ, Մաքսային միություն) հիման վրա։
Ձեւավորվող Եվրասիական միությանը ԱՊՀ երկրների մասնակցության գաղափարի այլընտրանքն այն ճանապարհն է, որը տանում է ինքնիշխանության աստիճանական կորստի։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ,
«Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության վարչության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги