ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱԴՐԻՉ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԻՐ ՈՂՋ ՀՄԱՅՔՈՎ


20.03.2012, Հայոց աշխարհ


Կարելի էր չանդրադառնալ «պահպանողական» անունը կրող կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հայտարարությանը, թե «Սպասում ենք այդ քաղաքական ուժի ծնունդին, որն առանց ռեալպոլիտիկի հետեւում թաքնվելով միավորներ հավաքելու կհայտարարի, որ Հայաստանի զարգացման խոչընդոտը ռուսական իմպերիալիզմն է, ՀԱՊԿ-պես փտած կառույցը, ԱՊՀ կոչված անախրոնիզմը, որ մեր պետական անվտանգության հուսալի երաշխիքը մեզ իսկապես հարազատ արեւմտյան քաղաքակրթությունն է իր անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ով»:
Սակայն, կարծում ենք, արհամարհել ի սկզբանե արհամարհված տարրին, որը թերեւս վերջին հինգ տարիների ընթացքում նորովի ներկայացավ հանրությանը` անորսալի կովբոյ Ջոյի կարգավիճակում, չի կարելի:
Հիշո՞ւմ եք քաղաքական այս ծաղրածուի «Նամակները ընդհատակից», երբ 2008թ. մարտյան հայտնի դեպքերից հետո սա խրոխտ նամակներ էր գրում, պնդում, իբր, սատարում էր անազատության մեջ հայտնված Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, դյուրահավատ ընթերցողին հասկացնում, թե ինքը թաքնվում է իշխանություններից եւ իր պայքարը մղում է խոր ընդհատակից: Եվ այսպես` ամիսներ շարունակ:
Երբ այս նորօրյա հեղափոխականն արդեն բոլորին ձանձրացրեց ընդհատակից բուռն գործունեություն ծավալելու իր ակնարկներով, հանրապետության պատկան մարմինները, այնուամենայնիվ որոշեցին անդրադառնալ նրան, այն էլ ոչ թե նրա ընդհատակյա «վտանգավոր» գործունեությունը կանխելու նպատակով, այլ պարզապես, որ դյուրահավատ ընթերցողի մեջ տպավորություն չստեղծվի, թե մեր անվտանգության մարմիններն այն աստիճան անօգնական են, որ չեն կարող իր գտնվելու վայրը ճշտել:
Ուստի նրանք հանդես եկան կարճ հաղորդագրությամբ, որի առանցքը, ավելի ճիշտ` խորհուրդն էր պարոն Միքայելին` մեկ անգամ եւս դիտի անորսալի կովբոյ Ջոյի մասին ֆիլմը: Հիշեցնենք, որ վերջինս նույնպես «թաքնվում» էր, իսկ երբ նրա հետ ամեն օր շփվողները հարց տվեցին, թե բոլորը գիտեն նրա գտնվելու վայրի մասին, ինչո՞ւ չեն ձերբակալում, պատասխանը շատ լակոնիկ էր. իսկ նա ո՞ւմ է պետք:
Հիմա գանք Միքայել-Ջոյի բացահայտ սադրիչ հայտարարությանը: Ինչ խոսք, հայտարարություն անելու վայրն ամենեւին էլ պատահական չէր ընտրված: Մինչ այդ մամուլում քանիցս արծարծվել էր, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ոչ այլ ինչ է, քան ամերիկյան նախագիծ, եւ Միքայելին թվում էր, թե հակառուսաստանյան իր ելույթն այդ կուսակցության համագումարում, անշուշտ, կարժանանա ճիշտ այն նույն ուշադրությանը, որին արժանացան «Ազատ դեմոկրատները» ԱՄՆ-ի դեսպանատան կողմից, երբ դուրս եկան ՀԱԿ-ից:
Բայց նա շտապեց եւ իր հայտարարությամբ, կարծում ենք, բարդ իրավիճակի մեջ գցեց նույն «Ազատ դեմոկրատների» ղեկավարներին, որոնք քանիցս պնդել են, որ քաղաքական ինքնուրույն ուժ են, որն առաջնորդվում է միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային շահերով:

 

Последние видеоматериалы

Новые книги