«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է»
(ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ժողովածուների շնորհանդեսին ընդառաջ)
23.02.2012, Հայոց աշխարհ
Ընթերցող հասարակայնությունը վերջերս լավ նվեր ստացավ. Նրա սեղանին է դրված «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածների, ելույթների, հարցազրույցների նոր, հերթական` իններորդ հատորը` «Եվրասիական միությունը մեր ապագան է» վերնագրով:
Այն ընդգրկում է 2011 թ. փետրվար-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր պարբերականներում եւ Ռուսաստանի Դաշնային Regnum հեղինակավոր տեղեկատվական գործակալության կայքէջում տպագրված ավելի քան վեց տասնյակ հոդված ու հարցազրույց` 444 էջ ծավալով: Այս հատորը փաստորեն նախորդ ժողովածուների տրամաբանական եւ օրգանական շարունակությունն է: Այս աշխատությանն անդրադառնանք փոքր-ինչ ծավալուն:
Ժողովածուում Ա.Գեղամյանն իրեն հատուկ պատասխանատվության մեծ զգացումով եւ մանրազնին քննարկում-վերլուծում-գնահատում է ընդգրկուն, բազմապիսի ու բազմաթիվ հիմնահարցեր: Արդեն իսկ ժողովածուի խորագրերը բացահայտում են հեղինակի լայն մտահորիզոնը: Գրքում զետեղված որ նյութն էլ վերցնենք, կտեսնենք իրողությունների եւ փաստերի առատ ընդգրկում ու դրանց յուրովի մեկնաբանում, բնութագրեր եւ գնահատականներ, որոնց անհնար է չհամաձայնել, քանի որ դրանք անաչառ քաղաքագետի սթափ պատգամներն են` հասցեագրված լայն հասարակայնությանը:
Ժողովածուի նյութերի փաստական, աղբյուրագիտական հարուստ, բովանդակալից պատումը բարձրացել է գիտավերլուծական մակարդակի:
Քաղաքագիտական վերլուծություն կատարող յուրաքանչյուր ոք անկասկած պետք է նկատի ունենա դրա տեսական բոլոր անդրադարձները: Ըստ այդմ` խնդրո առարկա ժողովածուում ընդգրկված նյութերը նվիրված են Հայաստանի Հանրապետության տնտեսության ներկա վիճակին, ազգաբնակչության սոցիալական դրությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում եւ, ընդհանրապես, մեր երկրի միջազգային հեղինակությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Մեծ Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունների վերլուծությանը եւ բազում այլ հարցերի: Հարցեր, որոնք, պայմանավորված ներկա ժամանակաշրջանում տարածաշրջանային նոր զարգացումներով, ձեռք են բերում քաղաքական, գործնական եւ արդիական հնչեղություն:
Չխորանալով հիշյալ հիմնահարցերի քննարկման բովանդակային կողմի մեջ` նշենք, որ հեղինակը հանրագումարում իրավացիորեն համարում է, որ աշխարհաքաղաքական միանգամայն նոր պայմաններում Հայաստանի անկախության ամրապնդումը կենսական անհրաժեշտություն է:
Ուշադիր ընթերցողը կնկատի մեր երկրի ռազմաքաղաքական հիմնախնդիրների, մասնավորապես հայ-ռուսական համակողմանի համագործակցության այսօրվա հրամայականով պայմանավորված ընդհանրական ու կենսական շահերն ամեն ինչից վեր դասելու շեշտադրումները: Ա. Գեղամյանն իրավամբ համոզված է, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացումը մեզ համար պատմական անհրաժեշտություն է եւ հայոց պետականության ամրապնդման երաշխիք:
Նա համարում է, որ արտաքին քաղաքական կողմնորոշումներում հայ ժողովուրդն օբյեկտիվորեն ու գիտակցաբար միտված է դեպի Ռուսաստան, դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտության գաղափար, դեպի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամություն, տնտեսական կապերի ամրապնդում, դեպի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված ռազմավարական գործընկերության դաշնագրի հետեւողական իրագործում: Հենց սա է, որ որոշիչ դեր է խաղում Ա.Գեղամյանի հրապարակախոսության մեջ, ընկալվում որպես Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների բարեկամության անկյունաքար:
Ժողովածուի հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում միջպետական փոխհարաբերություններին, նաեւ քաղաքական ողջամտության որոշակի կոչով բարձրացնում է Եվրասիական միությանն անդամագրվելու ճակատագրական ու բախտորոշ հարցը: Աշխարհաքաղաքական արդի զարգացումների հենքի վրա նա համոզիչ հիմնավորում է Եվրասիական միության ստեղծման անհրաժեշտությունը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ինչպեսեւ խորհրդային նախկին հանրապետությունների հետ այդ միությանը Հայաստանի անդամագրվելը: Նկատենք, այդ մասին քաղաքական գործիչը խոսել է ամիսներ առաջ, նախքան նոյեմբերի 18-ը, երբ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները Կրեմլում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության Հռչակագիրը:
Ա.Գեղամյանն իրավացիորեն փաստարկում է, որ մեր երկրի շատ հիմնախնդիրների լուսաբանումը` իրողությունների քննական վերլուծությամբ, դառնում է գրեթե անհնարին առանց տարածաշրջանի, նաեւ ողջ աշխարհի թեկուզեւ ուրվագծային հարցերի ուսումնասիրության: Այս առումով ընթերցողն ամբողջական պատկերացում է կազմում տարածաշրջանի նկատմամբ աշխարհի հզորների քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ: Ըստ այդմ` ժողովածուն խիստ օգտակար է տարածաշրջանի խնդիրներով զբաղվողների համար:
Ա.Գեղամյանն ընտրել է թեմաների բազմաքանակ ու բազմաբնույթ, հաճախ խճողված հարցերը քննարկելու եւ լուսաբանելու ճիշտ ու արդարացված եղանակ` փաստերի համադրման քննական մեթոդ: Անհրաժեշտ բոլոր սկզբնաղբյուրների եւ նյութի խոր իմացությունն ու տեսական լավ պատրաստվածությունը մեծապես նպաստել են բարձրարժեք ու մնայուն աշխատանք ստեղծելուն: Հաջողության գրավականներից առաջինն այն է, որ նա երկար տարիներ ուսումնասիրել է իրեն զբաղեցնող հիմնահարցերն աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր հետնախորքի վրա, դրանք բացահայտել, բարդ ու հակասական գործընթացները մանրամասն վերլուծել: Այս առումով, Ա.Գեղամյանի նոր գիրքը իրավամբ կարելի է համարել մեր օրերի աշխարհաքաղաքական իրականության օբյեկտիվ արտացոլումը:
Հեղինակի խոր իմացությունը նրան հնարավորություն է տվել չխուսափել քննվող հարցերի շուրջ եղած բանավիճային մեկնաբանությունների համադրումից եւ իր գնահատականներն է տալիս` լինի դա կառավարության ֆինանսատնտեսական բլոկի, քաղաքական զանազան շրջանակների կողմից վարվող քաղաքականության թե համաշխարհային ճանաչում ունեցող գործիչների տեսակետներին վերաբերող հարցերին:
Նկատենք, որ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ Ա.Գեղամյանի առաջ քաշած հարցերը, որոնք, կրկնենք, վերաբերում են մեր իրականության ամենատարբեր կողմերին` միջազգային հարաբերություններին, տնտեսությանն ու ֆինանսներին, ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրներին, շարադրված են կառուցողական ոգով: Դրա նպատակը մեկն է. հանրապետության եւ ժողովրդի համար նվազագույն վտանգով ու ծախսերով հաղթահարել ճգնաժամային իրավիճակները:
Վստահ կարելի է ասել, որ Ա.Գեղամյանի վերլուծական խոհերի ու մտորումների այս ժողովածուն ուսուցողական մի ձեռնարկ է, մանավանդ Հայաստանի մերօրյա որոշ իշխանավորների համար, եթե, իհարկե, նրանք փորձեն խորամուխ լինել իրենց գիտակ գործընկերոջ վերլուծությունների մեջ, դասեր քաղեն նրա քննադատական սթափության կոչերից, խորհուրդ - մտորումներից, քաղաքական կանխատեսումներից:
Ժողովածուի նյութերը ընթերցվում են համակ ուշադրությամբ: Այն ունի կուռ շարադրանք, հաճախ պատկերավոր ներկայացնելու գրելաոճ, ու թեեւ շարադրանքի նյութի բերումով երբեմն հանդիպում են տրամաբանորեն պահանջված կրկնություններ, դա, սակայն, ամենեւին չի խախտում գրքի ամբողջական ընկալումը, որը, ինչպես ասվեց, մեր իրականության շուրջ մեկ տարվա իրադարձությունների ընթացքի խորացված ներկայացումն ու քննարկումն է:
Նկատենք, որ Ա.Գեղամյանի ժողովածուներում ելույթները, հոդվածները, հարցազրույցները բերված են ժամանակագրական կարգով, անաղարտ վիճակով` խմբագրական մասնակի միջամտությամբ: Մեր կարծիքով, դա հնարավորություն է տալիս ընթերցողին հետեւելու, թե ինչպիսի զարգացում է ապրել հասարակական - քաղաքական գործիչ, պարզապես հայ մարդ Արտաշես Գեղամյանը` միշտ հավատարիմ իր սկզբունքայնությանը, Հայրենիքի եւ ազգի շահը վեր դասելով ամեն ինչից:
ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր,
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ